четверг, 25 февраля 2010 г.

«ԿՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՍՏՈՎ ԱՊՐԵԼ»



«Ես սիրում եմ ազատությունը եւ չեմ հանդուրժում, երբ այն
կաշկանդվում է»,- մեզ հետ զրույցում ինքն իրեն բնութագրելով՝ ասաց «ազատատենչ» ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:


Ամենալավ բաները դեռ առջեւում են...
Կյանքը սեր է կամ սերն է կյանք: Համենայնդեպս, ես կյանքն առանց սիրո չեմ պատկերացնում: Ընդհանրապես դժվար սիրող եմ, բայց դա չի նշանակում, որ սիրելու եւ սիրվելու գինը չգիտեմ: Ինձ համար շատ կարեւոր է ներդաշնակությունը ամեն ինչում. դժվար է կյանքդ ներդաշնակ, գեղեցիկ ապրել, եթե չկա սեր: Սիրո բացակայությունը աղքատություն է, ես կարեկցում եմ այն մարդկանց, որոնց կյանքում սեր չկա, կամ սպառել են, կամ պարզապես իրենց բախտը չի բերել հանդիպել իրենց սիրուն. կարեկցում եմ նաեւ նրանց, ովքեր սիրել չգիտեն: Սիրելը տաղանդ է, գեղեցիկ ապրելը՝ նույնպես: Պետք է սիրելու տաղանդ ունենալ: Բայց եթե այդ աստվածատուր տաղանդը չունես, դա դեռ չի նշանակում, որ չպիտի չձգտես դրան: Կարծում եմ, երջանիկ են նրանք, ովքեր ունեն սիրելու տաղանդ, եւ որոնց հանդիպել են նրանք, ովքեր այդ տաղանդը հասկացել, գնահատել են... Սիրելու չափանիշն ինձ համար զոհաբերությունն է: Կդժվարանամ ասել, թե իմ կյանքում շատ սերեր եմ ունեցել, բայց հաստատ սիրել եմ, ինձ սիրել են եւ շարունակում եմ սիրել... Ես սիրեցի ու բավական երկար` տասը եւ ավելի տարիներ: Իհարկե, մենք չամուսնացանք: Ես հաճույքով եմ հիշում ու դրա համար երբեք չեմ փոշմանել, որովհետեւ այդ սերն իմ կյանքը հարստացրել է՝ հասունացրել ինձ: Չնայած սերս, ինչպես որ ֆիլմերում է, happy end չի ունեցել, սակայն փոխարենը ես լավ ընկեր եմ ձեռք բերել, ինչ-որ իմաստով նաեւ փորձառություն, բայց ոչ երբեք կյանքի դառնություն: Կյանքում ինձ մի փիլիսոփայություն է ուղեկցում, որ ամենալավ բաները դեռ առջեւում են: Իմ սերն ուղեկցվել է շատ զարմանալի, գեղեցիկ, դրամատիկական, գունեղ պատմություններով, դրվագներով, որոնք երբեք իմ հիշողությունից չեն ջնջվի, եւ երբ հիշում եմ այդ տասը տարիները, հիշում եմ Փարիզից զանգը... եւ լսափողի միջից հնչող այն մեղեդին, որը մեր հանդիպումների երաժշտությունն էր... Ես երբեք չեմ մոռանա մեր շքամուտքում պարբերաբար դրվող վարդերի փունջը, որը ամբողջ մեր շենքի մարդկանց ուշադրությունն էր գրավել, որոնք փորձում էին որսալ, թե դա ով է բերում... Հիմա էլ եմ սիրում...

Ես չեմ կարող հենց այնպես ապրել...
Երազանքները, ցանկություններն ու նպատակները տարբեր կերպ են մեկնաբանվում, բայց առանց դրանցից որեւէ մեկի՝ ապրելը բանական եւ մարդկային չէ: Ես բնավորությամբ մի քիչ ագահ եմ ու մաքսիմալիստ, այդ պատճառով միշտ խնդիրներ եմ ունենում: Չեմ կարող հենց այնպես ապրել: Երբեմն հումորով ասում եմ, թե գիտեմ՝ այս տարվա այսինչ օրն ինչ պիտի անեմ: Եվ դրանք ոչ թե պարզ մեխանիկական օրացուցային ծրագրեր են, այլ կյանքդ ճիշտ ձեւակերպելու միջոց: Ամեն անգամ, երբ երազանք, նպատակ, խնդիր ունեմ ու փորձում կամ ձգտում եմ, որ դրանք իրականանան, այլեւս գոհանում եմ, եւ հերթական դատարկության զգացողություն եմ ունենում ...Ես չեմ բավարարվում: Կյանքը շատ արագ է անցնում, պետք է այնպես ապրել, որ թողած հետագծի համար չամաչել: Առանց երազանքի ապրելը նշանակում է սեւ ու սպիտակ գույներով ապրել: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է ապրել առանց երազելու, մեղք են այն մարդիկ, ովքեր երազանք չունեն: Երազանքը տարիք եւ աշխարհագրություն չի ճանաչում: Ես հաճախ եմ եկեղեցի գնում: Եվ սկզբում աղոթում եմ աշխարհի բոլոր հիվանդների, աղքատների, սովածների, հայրենիքիս խաղաղության համար, հետո ծնողներիս ու հարազատներիս. ես միշտ իմ օրակարգի վերջում եմ: Երբ մտածում եմ, որ այս ամենը կատարելի են, այլեւս հանգիստ եմ եւ երջանիկ, որովհետեւ դա ինձ համար երազանքի պես մի բան է:

Սիրում եմ տղամարդու հայ տեսակը ...
Ես շուտ գայթակղվող չեմ, ինձ դժվար է գայթակղելը: Ես շատ պահանջկոտ եմ, մաքսիմալիստ ու չափազանց գնահատում եմ խելքը: Մարդու մեջ պետք է ամեն ինչ ամբողջական լինի: Սիրում եմ տղամարդու հայ տեսակը, լավ տեսակը, ավաղ, այժմ քչացել է այդ լավ տեսակը: Ինձ դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք ազնիվ են: Ինձ գայթակղելու համար պետք չէ օժտված լինել մեր օրերում զզվանքի հասնող նյութապաշտությամբ, քծնանքով: Մի խոսքով, ովքեր որոշել են կամ փորձելու են ինձ գայթակղել, թող լավ մտածեն, այլապես կհիասթափվեն: Ես ծայրահեղությունների մեջ եմ, կարող եմ չափազանց ռոմանտիկ լինել, երբեմն էլ տաղտկալիորեն պրագմատիկ: Ամեն դեպքում փորձում եմ ծայրահեղությունների մեջ չհայտնվել: Բայց մի բան հստակ է, միշտ բանականությունս զգացմունքիցս մեկ քայլ առաջ է գալիս: Շատ զգացմունքային եմ, հնարավոր է՝ մի լավ բանաստեղծություն կարդալիս էլ աչքերս լցվեն:

Քաղաքականության մեջ բարոյականություն կա՛
Ինձ համար բավական կարեւոր հատկանիշ է արդարությունը: Ցավոք, երբեմն տուժում ես դրա համար, որովհետեւ այսօր արդարությունն ամենաոտնահարված արժեքն է: Ես ատում եմ անազնիվ բաները: Նաեւ նյարդայնանում, երբ ասում են, որ քաղաքականության մեջ բարոյականությունը բացառելի է: Դա այդպես չէ, դա անբարոյականներն են հորինել: Ամենաէֆեկտիվ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:



Չեմ սիրում, երբ խաբում են
Մեր օրերի կյանքը կոպտացնում է մարդուն եւ այն միջավայրը, որտեղ հիմա ես եմ: Հաճախ ինքս ինձ վրա զարմանում եմ, երբ բախվում եմ «անարդարի» կամ «մեղքս առնելու» երեւույթի. ամեն անգամ սիրտս կարծես ճանկռվի, այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես մեկը հոգուս մեջ կոշտ եղունգով խազ է արել: Ես շատ բաց ու անկեղծ մարդ եմ: Տանել չեմ կարողանում, երբ փորձում են իմ անկեղծության մեջ թաքնված ճշմարտություն, այլ մեկնաբանություններ տեսնել: Ճշմարտությունից ճիշտ կյանքում ոչինչ չկա: Չեմ սիրում, երբ ինձ խաբում են, ես դա շուտ եմ զգում եւ ծանր եմ տանում հիասթափությունը:

Ոչ միայն մշակութային, այլեւ սպորտային
Խնջույքներ, պարեր, երաժշտություն շատ եմ սիրում: Սասունցիների միջավայրում եմ մեծացել, մեր բոլոր հարսանիքները ուղեկցվում էին ավանդական քոչարիով, եւ ես հաճույքով պարում եմ: Երբեմն հաճախում եմ կարաոկե: Փոքր ժամանակ, երբ երաժշտական դպրոցում էի սովորում, երազում էի օպերային երգչուհի դառնալ: Դիսկոտեկ էլ եմ գնում, եւ հաճախ եղբորս տղաները, որոնք 16- 17 տարեկան են, ասում են՝ հորաքույր, մի գնա, ամոթ է, քեզ կճանաչեն ... Ես շատ սպորտային եմ, սիրում եմ թենիս խաղալ, լողալ, չմուշկ քշել...

Կյանքում զղջում եմ...
Գուցե չասված բառերի համար եմ զղջում կամ չիրականացրած համբույրերիս... երեւի պարկեշտ չի ասել, բայց ես մեծ սխալներ չեմ արել, որոնց համար այժմ զղջամ: Բայց սխալներն անխուսափելի են եւ մարդկային: Զղջալու պահեր ունենում եմ ու չեմ բացառում, որ սխալներ եւս ունեցել եմ: Կյանքը պետք է արվեստով ապրել, սիրել կյանքը եւ ըմբոշխնել...

Խելոք տղամարդիկ չեն վախենում
Թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց դատում եմ ըստ այն հանգամանքի, թե ում հետ են ամուսնացել կամ ով է իրենց կողքինը, որովհետեւ այդտեղ վերաբերմունք կա, արժեքային համակարգ: Իսկ այն, որ ասում են, պարտադիր չէ կինը ուժեղ լինի, բավական է, որ վերջինի կողքին ուժեղ տղամարդ է՝ համաձայն չեմ: Բայց մի բանում վստահ եմ` ուժեղ տղամարդը կարող է բարձրացնել իր կողքի կնոջը եւ հակառակը: Երջանիկ են այն զույգերը, որոնք կարողանում են կյանքում ներդաշնակություն ապահովել: Խելոք տղամարդիկ խելոք կանանցից չեն վախենում, հակառակը՝ հասկանում են, որ խելոք կինը զարդարում է իրենց:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԽՆԴԻՐ, ՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ

Կառավարության առաջարկած գաղափարը ձեռնտու չէ



Վերջերս ՀՀ կառավարությունը ԱԺ օրակարգում ներկայացրել էր նախագիծ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ խաղեր, խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տարածքներում, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան ազատ տնտեսական գոտու» տարածքներում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ խաղասրահները կամ խաղատները սփռված են քաղաքային համայնքներից դուրս, որոնց մեծ մասը գտնվում է բնակավայրերում, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում խաղասրահների եւ խաղատների հարեւանությամբ գտնվող բնակիչների վրա՝ կապված անձանց կողմից շահումով խաղերին գայթակղվելու եւ հանգիստը խանգարելու հետ: ՀՀ կառավարությունը, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից, սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն խաղային բիզնեսի կլաստերներ՝ աջակցելով տվյալ տարածքների զարգացմանը: Ուշադրություն է դարձվել նաեւ այդ զվարճանքի կենտրոնները տուրիստական վայրերին մոտիկ լինելու հանգամանքին: Ըստ կառավարության՝ այս նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների եւ խաղասրահների համախմբված եւ զարգացած կենտրոններ, ինչը կդյուրինացնի զբոսաշրջիկներին զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաեւ կզարգանա հյուրանոցային բիզնեսը:

Այս օրենքի փոփոխության հետ կապված՝ «Առավոտին» իր մտահոգությունները հայտնեց «Խաղային գործի զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Խոստեղյանը:


Նրա փոխանցմամբ. «Ենթադրվում է, որ ոլորտի գործերը շատ լավ են: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ ու, կարծում եմ, այս օրենքի փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում նույն օրենքի փոփոխությամբ: Վերջերս էլ այնտեղ էր օրենք ընդունվել ու խաղատներն ու խաղասրահները քաղաքի վարչական սահմաններից դուրս հանվել: Իրականում այսօր Հայաստանում խաղային բիզնեսը ուժեղ ճգնաժամ է ապրում, եւ այդ գործով զբաղվողները դժվարությամբ են կարողանում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Օրինակ, այս տարի Արգավանդի խճուղում գտնվող մոտ 20 խաղասրահ է փակվել, որովհետեւ փետրվար ամսին հարկերը բարձրացրել էին. մեկ խաղային սարքի համար մուծվող հարկը 75 հազար դրամ էր՝ դարձրին 125 հազար: Եթե մինչ այդ խաղասրահները շահագործում էին մոտ 20 խաղային սարք, 125 հազարի դեպքում նվազեցրին դրանց քանակը՝ դարձնելով 10-15 հատ»:

Մ. Խոստեղյանի ձեւակերպմամբ՝ խաղատներն ու խաղասրահները միասին ապահովում են պետական բյուջեի 1%-ը, հետեւաբար նախ պետք է այնպես արվի, որ բյուջեն այս ճգնաժամային պայմաններում չվնասվի. «Մեր համաքաղաքացիները զբաղվել են օրենքով նախատեսված գործունեությամբ, ներդրումներ են արել եւ օրենքի փոփոխությունը այս տեսքով բերելու է նրան, որ մարդիկ իրենց ներդրումները ետ չստացած՝ հայտնվելու են շատ վատ իրավիճակում»: Անդրադառնալով այն փաստին, որ 2013թ. խաղատներն ու խաղասրահները պետք է տեղափոխվեն Ջերմուկ, Սեւան եւ Ծաղկաձոր՝ Մ. Խոստեղյանն ասաց, որ դա լավագույն տարբերակը չէ. «Ջերմուկը առողջարանային քաղաք է՝ պիտի այդպես էլ մնա, Սեւանը լողափնյա է, խաղասրահների առկայությունը չի խանգարի, բայց այնքան էլ լավ չի լինի, իսկ Ծաղկաձորը սպորտային քաղաք է, եւ առհասարակ ճիշտ չի լինի այնտեղ խաղասրահ, խաղատուն բացել: Տնտեսավարողների համար ցանկալի տարբերակն այն է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Իսկ մենք կառավարությանն առաջարկում ենք հետեւյալ տարբերակը. քաղաքամերձ տարածքներում տրամադրել մի հողակտոր, որը այսօր որեւէ նպատակի չի ծառայում, ամայի է եւ կառուցել Լաս-Վեգասի պես մի քաղաք: Նշված քաղաքներ տեղափոխվելը կառավարությունը պայմանավորում է նրանով, որ այդ տարածքները տուրիզմի զարգացման համար խթանող կենտրոններ են: Բայց ես կարծում եմ, որ եթե մտադիր են Ջերմուկը զարգացնել՝ պետք է այլ տարբերակներ ընտրել, օրինակ՝ գները մատչելի դարձնել, սպասարկման որակը բարձրացնել...»:


Մեր զրուցակցի խոսքով, իրենք իրենց տեսակետները ներկայացրել են կառավարությանը, այսինքն՝ առաջարկել են գեղեցիկ քաղաք կառուցելու իրենց գաղափարը. «Մենք առաջարկում ենք այն տարբերակը, որը հնարավորություն կտա կառավարությանը լավ պայմաններ ստեղծել այդ բիզնեսի համար քաղաքակիրթ ձեւով աշխատելու, եւ մենք՝ տնտեսավարողներս միանալով դուրս չենք մնա դաշտից: Իսկ եթե այս բիզնեսը կենտրոնացվի 3 քաղաքներում, ապա այսօրվա տնտեսավարողներից շատերը չեն հայտնվի այդ բիզնեսում, եւ վերջինը նույնպես կկենտրոնանա 3 հոգու ձեռքում, որովհետեւ 20 խաղային սարք ունեցողը հաստատ իր ընտանիքը, տունն ու տեղը չի թողնի՝ գնա Ջերմուկ: Ես վստահեցնում եմ, որ որեւէ խաղատան, առավել եւս խաղասրահի տիրոջ ձեռնտու չի տեղափոխվել Ջերմուկ, Ծաղկաձոր. մարդիկ լուրջ ներդրումներ են արել այստեղ, իրենց համար հաճախորդներ ապահովել, ինչպե՞ս այդ ամենը թողնեն ու գնան: Եվ եթե մարդը, որը երբեմն ցանկանում է գնալ խաղասրահ հաճելի ժամանակ անցկացնելու ու 15-20 հազար դրամ է ծախսում, ի՞նչ եք կարծում, այդ մարդը 15-20 հազարով մի քանի ժամ ճանապարհ կկտրի՞ գնա Ջերմուկ խաղալու»:

«Խաղային գործի զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահը նաեւ ասաց, որ առաջարկում են տեղափոխվելու ժամկետը երկարացնել մինչեւ 2015 թիվը ու այդ 5 տարում, որը, ըստ նրա, բավարար ժամանակ է՝ խաղատներն ու խաղասրահները կենտրոնացնել մի տեղ՝ կառուցել մի քաղաք, որտեղ կլինեն նաեւ ռեստորաններ, հյուրանոցներ, կանցկացվեն միջոցառումներ: Նա նաեւ հավելեց, որ ասոցիացիան մշտապես հետեւելու է իրենց վերաբերող օրենքին եւ արձագանքելու՝ ցանկացած փոփոխության դեպքում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ընդդեմ գենդերային բռնության

Ամենուր պարբերաբար անդրադառնում, միջոցառումներ են կազմակերպվում գենդերային բռնության դեմ եւ ամեն տարի աշխարհում ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց դեմ բռնությանը «ՈՉ» ասելու համար: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի եւս նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը հայտարարված է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության», որի նախաձեռնողն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագիրը, ըստ որի՝ 16-օրյա քարոզարշավի արմատները հետ են գնում դեռեւս 20-րդ դար եւ հիմնված են երկու պատմական իրադարձությունների վրա:
Առաջին դեպքը տեղի է ունեցել 1960 թ. նոյեմբերի 25-ին՝ Դոմենիկյան Հանրապետությունում, երբ պետությունը դաժանաբար մահապատժի ենթարկեց Միրաբալ երեք քույրերին, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին եւ դարձել էին Թրուհիլյո ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 6-ին՝ Կանադայում, երբ Մարկ Լեպինը կրակելով սպանել էր Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 իգական սեռի ուսանողների: Մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այս վայրենի գործողությունները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների, որոնցից էր՝ «Ակտիվիզմի 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության»: Իսկ ՄԱԿ-ը 1999 թ. պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր, որով էլ սկսվում է 16-օրյակը եւ տեւում մինչեւ դեկտեմբերի 10-ը: Նշենք, որ քարոզարշավն ընդգրկում է Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրը (նոյեմբերի 25), ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը (դեկտեմբերի 1), Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը (դեկտեմբերի 2), Մոնրեալի կոտորածի օրը (դեկտեմբերի 6) եւ Մարդու իրավունքների միջազգային օրը (դեկտեմբերի 10): Այս 16-օրյակը, որն իրականացվում է աշխարհի 160 երկրներում, կոչ է անում վերացնել բոլոր տեսակի բռնությունները: Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող քարոզարշավին, ապա վերջինս ունի մի շարք նպատակներ. բարձրացնել հասարակության իրազեկությունը բոլոր տեսակի գենդերային բռնությունների մասին՝ ի հայտ բերելով Հայաստանում կանանց իրավունքների խախտման չճանաչված ձեւերը եւ փոխելով կանանց հանդեպ բռնության նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ նվաճել կառավարության պատրաստակամությունը՝ ճանաչելու, որ կանանց հանդեպ բռնությունը, լինի դա պետական կառույցի, թե մասնավոր անձի կողմից, համարվում է մարդու իրավունքների ոտնահարում, եւ որ միջազգային համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը շատ քիչ բան է փոխում, եթե միաժամանակ ազգային իրավական մակարդակում էական փոփոխություններ չեն կատարվում: Քարոզարշավը նաեւ նպատակ ունի հզորացնել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ բռնությունը կանխարգելող ծրագրերի ջատագովության եւ արդյունավետորեն իրականացնելու համար, նպաստել կանանց, մարդու իրավունքների եւ առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաեւ կանանց հանդեպ բռնության հարցերով զբաղվող մասնագետների համագործակցությանը եւ այլն: Քարոզարշավի շրջանակներում կանցկացվեն քննարկումներ, դասընթացներ, իրավաբանական, հոգեբանական եւ բժշկական խորհրդատվություններ ներընտանեկան բռնության զոհերի համար եւ այլն:

Հավելենք նաեւ, որ, ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ծեծի, հարկադրական սեռական հարաբերության կամ ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի: Եվ 15-44 տարեկան կանանց շրջանում գենդերային հիմքեր ունեցող բռնության պատճառով ավելի շատ մահացության ու հաշմանդամության դեպքեր են գրանցվել, քան քաղցկեղից, մալարիայից եւ պատերազմներից:




Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 24 февраля 2010 г.

ՄԱՐԴԸ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Segway-ով հետաքրքրված են նաեւ հայերը

Քայլելով ժամանակին համընթաց, հայերը եւս փորձում են ետ չմնալ աշխարհի նորություններից: Եվ չնայած segway-ն աշխարհում նորույթ չէ, բայց Հայաստան ներմուծվել է վերջերս, որի բացառիկ ներկայացուցիչն էլ հանդիսանում է Տիգրան Գալուստյանը: Թերեւս շատերին անծանոթ այս փոխադրամիջոցը՝ segway-ն, ըստ մեր զրուցակցի, ստեղծվել է ոչ թե որպես ժամանցային միջոց. «Այն լուրջ փոխադրամիջոց է: Առհասարակ մեքենա ձեռք բերելիս քաղաքակիրթ երկրներում հաշվի են առնում, թե մեքենան որքան վառելիք է ծախսում, էկոլոգիապես որքանով է բարենպաստ տվյալ մեքենայի շահագործումը: Իսկ segway-ն շատ արդյունավետ է: Նախ այն վառելիք չի ծախսում, դրվում է լիցքավորման, որից հետո կարող ես 6 ժամ վարել: Segway-ը շատ հեշտ է կառավարվում, ամբողջովին ենթարկվում է մարմնի շարժմանը: Օրինակ, Թուրքիայում մոտ 1 մլն 500 հազար մարդ որպես փոխադրամիջոց օգտագործում է segway»: Տիգրանի ձեւակերպմամբ, իրենց ընկերությունը sagway-ների միջոցով կազմակերպել է մի շարք PR ակցիաներ. «Ես կարծում եմ, segway-ի միջոցով գովազդային ակցիաները յուրաքանչյուր գործող բիզնեսին արդյունավետ գովազդ է ապահովում: Մենք համագործակցել ենք մի շարք ընկերությունների հետ, կազմակերպել ակցիաներ, այսինքն՝ segway-ների միջոցով, որոնց վրա փակցվել են ընկերության գովազդային պաստառները՝ վերջինիս գովազդել, ներկայացրել են հանրությանը: Կարծում եմ, գովազդի այս տարբերակը եւ կենդանի է, եւ բավական արդյունավետ, քանի որ segway-ները շատ մեծ ուշադրություն են գրավում: Իսկ ուշադրությունը գովազդի բնագավառում ամենակարեւորն է»:

Տիգրանի խոսքերով, փոխադրամիջոցը Հայաստան է ներմուծվել 4 տարի առաջ. «Այսինքն՝ այն ժամանակ, երբ Ֆիլիպ Կիրկորովին առաջին անգամ տեսա segway-ի վրա: Հետաքրքրվեցի, նամակներ ուղարկեցի տվյալ ֆիրմային: Իսկ այժմ Հայաստանում հետաքրքրությունը segway-ի հանդեպ շատ մեծ է: Չնայած դրանք հիմա կան միայն մեր հանգստյան տներում՝ Ջերմուկի, Սեւանի, Ծաղկաձորի հյուրանոցներում: Նշեմ, որ մենք դրանք տրամադրում ենք նաեւ վարձավճարով»:

Ինչ վերաբերում է segway-ի գներին, ապա, Տիգրանի փոխանցմամբ, վերջինը կարելի է ձեռք բերել՝ սկսած 10 000 դոլարից: Իսկ թե ովքե՞ր կարող են օգտագործել դրանք ու ինչպե՞ս, որպեսզի ճանապարհային ոստիկանների հետ բախումներ չլինեն, մեր զրուցակիցը նշեց. «Segway-ը գրանցված տրանսպորտային միջոց չէ: Այն աշխարհում ծառայում է հիմնականում ոստիկանությանը, պարեկային աշխատողներին, օդանավակայաններում: Դրանց համար չկան անանցանելի ճանապարհներ: Նշեմ նաեւ, որ դրանց հիմնական գնորդները օլիգարխներն են, բիզնեսով զբաղվողները: Segway գնել են «Դավիդով» ֆիրման, «Մուլտի ռեստ հաուսի» տնօրենը եւ այլք»:

Տիգրանը նաեւ ասաց, որ մինչեւ 180կգ քաշ ունեցողը կարող է օգտվել այդ փոխադրամիջոցից ու հավելեց, որ մոտավորապես 3 տարի հետո segway-ը Հայաստանում լավ ապագա կունենա. «Այսօր, երբ անցորդները տեսնում են անիվների վրա շարժվող մարդկանց, նրանց 99 տոկոսը հետաքրքրություն է ցույց տալիս: Իսկ դա հուսադրող է»:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱ

ԱՄԵՆԱԷՔՍՏՐԵՄԱԼՆ ՈՒ ԱՄԵՆԱԱՐԿԱԾԱՅԻՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սուր զգացողությունների սիրահարները մեկ ամբողջ գիշեր Երեւանի փողոցներում կփնտրեն ծածկագրեր

Արդեն 181 քաղաքներում հայտնի «Dozor» գիշերային էքստրեմալ ու արկածային խաղին կարող են մասնակցել նաեւ հայերը. «Մի ամբողջ գիշեր, երբ Երեւանի մեծ մասը քնած է, դոզորայինները քաղաքով մեկ կսկսեն «Տիգրան Մեծի գանձերի» որսը: 10-15 թիմ, վստահ իրենց ուժերին եւ էրուդիցիային, զինված ամենահին գործիքներով, էլեկտրական լապտերներով եւ նորագույն տեխնոլոգիայով, ինչպիսիք են ինտերնետն ու GPRS-ը, համակարգիչը՝ կլուծեն հանելուկներ ու տարբեր հետաքրքիր վայրերում, ինչպիսիք կարող են լինել լքված կիսակառույց շենքերն ու շինությունները, նկուղները, գետնանցումները, կփնտրեն բաղձալի կոդերը, որպեսզի մուտքագրեն այն խաղի կայք եւ ստանան հաջորդ հանելուկը: «Dozor»-ը դա խառնուրդ է մի քանի խաղերի` «Ford boyard»-ի, «ճՑՏ, չՊպ, ՍՏչՊՈ»-ի եւ այլն: «Dozor»-ը գիշերային էքստրեմալ խաղ է, այն խաղում են գիշերը, թիմերով, որպեսզի եւ հետաքրքիր լինի, եւ զգացողություններն ավելի սուր լինեն»,- «Առավոտի» զրույցում Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Dozor» խաղի մասին պատմեց նրա կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:

«Առաջին խաղը լինելու է օգոստոսի 29-ին: Սա ցուցադրական դեմո խաղ է, որտեղ թեթեւ ու զվարճալի առաջադրանքներ են լինելու, որ արկածային թվա: Քանի որ սա առաջին խաղն է, կարող է մասնակցել մինչեւ 30 թիմ, իսկ յուրաքանչյուր թիմում այնքան մարդ, որքան իրենք կկամենան, այսինքն 5, 8, 10 հոգի եւ այլն: Խաղին կարող են մասնակցել միայն չափահասները, ինչն էլ կապված է ռիսկի էլեմենտների հետ. չափահասն ինքն է պատասխանատու իր համար: Կա եւս մի սահմանափակում՝ ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործած մարդիկ խաղին չեն մասնակցի, եւ եթե տեսնենք, որ մասնակիցներից որեւէ մեկը, օրինակ՝ թիմի կապիտանը, ոչ ադեկվատ վիճակում է, ապա մենք կայքում իրենց թիմը կկոդավորենք, որ չկարողանան առաջադրանքներ ստանալ: Հավելեմ նաեւ, որ խաղի մասնակիցների հետ պայմանագրեր ենք կնքելու այն մասին, որ իրենց հետ կատարվածի, ռիսկի ու իրենց կյանքի համար միայն իրենք են պատասխանատու»,- ասաց Գ. Գրիգորյանը՝ հավելելով, որ խաղին մասնակցելու համար ցանկացողները պետք է անպայման գրանցվեն http://night.dzzzr.ru /erevan/ կայքում:

Ըստ մեր զրուցակցի, խաղի ընթացքում թիմերին տրված 5-10 առաջադրանքներից հիմնականները հանելուկի ձեւով են լինում, ու այդ հանելուկով էլ մասնակիցները պետք է գտնեն այն վայրը, որտեղ գրված է ծածկագիրը, իսկ վերջինս կարող է գրված լինել գետնին, որեւէ նստարանի տակ կամ թաղված լինել հողի տակ եւ այլն: «Այս կերպ խաղն ավելի արկածային ու հետաքրքիր է լինում ու շատ անգամ ունենում է ռիսկի էլեմենտներ: Օրինակ, հնարավոր է, որ ծածկագիրը թաքնված լինի մի բարձրահարկ, կիսակառույց շինության մեջ, որտեղ բարձրանալով՝ մարդը պետք է շատ ուշադիր լինի»,- ասաց Գեւորգը՝ խոստանալով, որ առաջին խաղին շատ էքստրեմալ փորձություններ չեն լինի, քանի որ հայերը դեռ պատրաստ չեն դրան:

Գ. Գրիգորյանը նաեւ շեշտեց, որ խաղի բոլոր մասնակիցներն իրենց կյանքի համար միայն իրենք են պատասխանատու. «Օրինակ, եթե ծածկագիրը թաքցված է բարձր լարում ունեցող սյան վրա, որի վրա բարձրանալիս հատուկ երկաթներ ու պարան է պետք ու եթե մասնակիցն այդ ամենը չունի եւ խնդիր է առաջացել, ապա դրա համար միայն ինքն է պատասխանատու: Մենք խաղի մասնակիցներին նախապես ասում ենք, թե իրենք ինչ պետք է ունենան իրենց հետ: Մասնակիցներին նախապես զգուշացվում է, թե ինչ վերցնեն իրենց հետ ու ինտերնետ կայքում էլ նախապես անոնս ենք տվել, որ մասնակիցները պետք է ունենան ավտոմեքենա, հեռախոս, ինտերնետին միացված համակարգիչ եւ այլն: Երկու հոգի ամբողջ խաղի ընթացքում պետք է նստեն համակարգչի առջեւ ու մշտապես կապի մեջ լինեն թիմի հետ, որպեսզի վերջինիս տեղեկացնեն առաջադրանքի մասին: Իսկ երբ թիմը գտնի ծածկագիրը՝ պետք է շտապ տեղեկացնի համակարգչին հետեւող իր թիմակիցներին, որ վերջիններս ծածկագիրը ներմուծելով կայք՝ կարողանան ստանալ հաջորդ հանելուկ-առաջադրանքն ու կրկին փոխանցեն թիմին: Նշեմ, որ առաջին խաղում շատ վտանգավոր փորձություններ չկան, այդ պատճառով մասնակիցներին ինչ-որ հատուկ պարագաներ պետք չեն գա:

Բացի հանելուկ-առաջադրանքներից, լինելու են նաեւ ֆլեշ-մոբեր, սրանք հետեւյալ առաջադրանքներն են՝ մարդը պետք է դուրս գա իր սոցիալական կաղապարներից, որ կարողանա, օրինակ, 4 անծանոթ գտնել ու համոզել այգում իր հետ ինչ-որ երգ երգել, ինչն էլ լսելով՝ խաղի ագենտը կմոտենա մասնակցին ու ծածկագիրը կտան նրան»:

Խաղի կազմակերպչի խոսքերով, արդեն կան պատրաստի թիմեր. «http://night.dzzzr.ru/erevan/ կայքում արդեն 6 թիմի ակտիվացրել ենք ու դեռ շարունակում ենք հայտեր ստանալ»:

Գեւորգը նաեւ ասաց, որ առաջին խաղը չի նկարահանվելու,«Բայց հետագայում հուսով եմ՝ համաձայնության կգանք որեւէ հեռուստաընկերության հետ, կնկարահանենք ու կլինի նաեւ խաղի հեռուստատարբերակը»: «Dozor»-ը Երեւանում անցկացնելու մատահղացման մասին Գեւորգն ասաց. «Մտածեցի, որ երեւանյան գիշերային կյանքի մեջ կա մարդկանց մի շերտ, որ այս խաղին հաստատ սիմպատիայով կվերաբերվի ու անպայման կմասնակցի: Օրինակ, Ռուսաստանում «Dozor»-ին մասնակցում են հայտնի ֆիրմաների տնօրեններ, մենեջերներ, փաստաբաններ, պատգամավորներ...»:

Իսկ թե ինչ է սպասվում հաղթող թիմին, կազմակերպիչն ասաց. «Խաղի վերջում հաղթելու է մեկ թիմ, իսկ որպես մրցանակ՝ որոշել ենք, որ հաղթող թիմը 3 անգամ անվճար կմասնակցի հաջորդ խաղերին. առաջին խաղն անվճար է, իսկ հետագայում այն լինելու է անդամավճարներով»:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ՝ ՎԱՅԵԼԵԼՈՎ ԿՐՔՈՏ ՄԵՐԿԱՊԱՐԸ

Сводка недоступна. Нажмите эту ссылку, чтобы открыть запись.

ԻՆՉՈՒ ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հարցին պատասխանում է տնտեսագետը


Ազգի վերարտադրության խնդիրը

«Ուսումնասիրելով Հայաստանի ծնելիության ցածր մակարդակի խնդիրները, վերլուծել եմ վիճակագրությունը, որն արված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական խնդիր ասելով՝ առաջին հերթին հասկացվում է առավելապես արտագաղթ եւ ծնելիության անկում: Շատ է խոսվում նաեւ կին-տղամարդ համամասնության եւ ազգի ծերացման խնդիրների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հրանտ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ, 2001թ. կայացած ՀՀ վերջին մարդահամարի արդյունքներով, Հայաստանում մշտական բնակչության 28%-ն ունի 50 եւ ավելի տարիք. «Հաշվի առնելով ծնելիության անբավարար մակարդակը Հայաստանում՝ դժվար չէ նկատել, որ ժամանակի ընթացքում տարեց մարդկանց թվաքանակն անհամեմատ կաճի, քանի որ ներկայումս 50 եւ ավելի տարիքային խումբ են 1950-60-ական թվականներին ծնվածները, երբ Հայաստանն ուներ ծնելիության ընդհանուր գործակցի բարձր ցուցանիշ: Մինչդեռ, դրան զուգահեռ, 1990-ականներից ի վեր զգալիորեն ընկել է ՀՀ ծնելիության մակարդակը: Առաջին հայացքից ծնելիության անբավարար մակարդակի ակնհայտ պատճառների թվին են պատկանում սոցիալ-տնտեսական պայմանները: Վերջինները ունեն իրենց բացասական ազդեցությունը, բայց չպետք է մոռանալ, որ աշխարհի մի շարք զարգացած երկրներում ծնելիությունը ցածր է, մինչդեռ կան մի շարք բարձր ծնելիությամբ երկրներ, որտեղ սոցիալ-տնտեսական պայմանները հեռու են բավարար լինելուց: Հայաստանի համար եւս կարելի է ասել, որ վերջին տարիների տնտեսական «աղմկոտ» զարգացումները, ցավոք, չկարողացան հանգեցնել նորմալ՝ մեր ազգի գոյատեւման համար բավարար ծնելիության մակարդակի»:

Ովքե՞ր են շատ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք ...

Հ. Հարությունյանի հետազոտությունները փաստում են, որ, տնտեսական զարգացումներին զուգընթաց, աճել է առաջին ամուսնությունների միջին տարիքը եւ ամուսնալուծությունների տոկոսը. «Եթե 90-ականների սկզբին տղամարդիկ՝ միջինը 26, իսկ կանայք՝ 23 տարեկանում ունենում էին իրենց կյանքի առաջին ամուսնությունը, ապա 2008թ. այդ ցուցանիշն ինչ-ինչ պատճառներով դարձել է՝ տղաներինը՝ 29, աղջիկներինը՝ 25»: Ըստ մեր զրուցակցի, ցավալի փաստ է նկատվում. մեր հասարակությունում տարածված է, թե կանայք էապես գերազանցում են տղամարդկանց. «Վիճակագրորեն այդպես է: Սակայն եթե վերլուծություն ենք կատարում ըստ տարիքային խմբերի եւ ամուսնական կատեգորիաների, ապա պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ ճիշտ է՝ կանայք գերազանցում են (ոչ այնքան, ինչքան հակված է մեր ժողովուրդն ասել՝ 1 տղամարդուն մինչեւ 12 կին): Իրականում տարբերությունը շատ քիչ է: Ընդհանուր ազգաբնակչության մեջ, եթե վերցնենք վիճակագրորեն, 100 տղամարդուն բաժին է ընկնում 114 կին, այսինքն՝ այս խնդիրն իրականում այնքան էլ սուր չէ: Բացի այդ, եթե դիտարկենք մինչեւ 35 եւ 35-ից բարձր տարիքային խմբերը, ապա կտեսնենք, որ մինչեւ 35 տարեկանների խմբում (զտելով ամուսնացածներին ու չդիտարկելով այս վիճակագրության մեջ) տվյալները ցույց են տալիս, որ տղամարդիկ գերազանցում են կանանց: Մեր հասարակությունում ձեւավորված այն կարծրատիպը, ըստ որի՝ երիտասարդ կանայք ունեն ամուսնության խնդիր՝ կապված տղամարդկանց քիչ քանակի հետ, կարելի է հերքել»:

Առջեւում ուժե՞ղ, թե՞ թույլ սեռն է...

Ըստ Հ. Հարությունյանի, ամուսնության տեսակետից դիտարկելով սեռային անհամապատասխանությունը, պետք է հաշվի առնել, որ մեզանում տղամարդիկ հակված են իրենցից 5-10 տարի փոքր զուգընկերուհի ընտրել. «Եթե այս մոտեցմամբ ենք դիտարկում տարիքային խմբերի սեռային անհամամասնությունը, ապա տղաների ավելցուկի խնդիրն այդքան էլ սուր չի դառնում: Քանի որ ավելի փոքր տարիքի աղջիկներն ավելի շատ են, քան ավելի մեծ տարիքային խմբի տղաների ավելցուկն է. այս համադրությամբ էլ կարելի է ասել, որ տղաները չեն գերազանցում աղջիկներին: Բայց եթե տարեցտարի խմբերը փոքրացնենք ու ավելի ետ գնանք, ապա որեւէ տարիքային խմբում արդեն տղաների ավելցուկը չի բավարարվի»: Տնտեսագետի խոսքերով, հաշվի առնելով այն, որ մեզանում այժմ տղաների ծնունդն ավելին է, քան աղջիկներինը (միջին վիճակագրությունը փաստում է, որ 54 տղային բաժին է ընկնում 46 աղջիկ, այսինքն՝ ծնելիությունը հօգուտ տղաների է, ինչը մեր ազգային մենտալիտետից է գալիս եւ այն հանգամանքից, որ այժմ շատերը կարողանում են ստուգել պտղի սեռը), պարզ է դառնում, որ եթե ոչ հիմա, ապա որոշակի ժամանակ անց տղաների քանակի ավելցուկն էլ չի բավարարվի իրենցից տարիքով փոքր աղջիկների քանակով: «Քանակական վերլուծության առաջնային եզրահանգումն այն է, որ այն խնդիրը, թե կանայք գերազանցում են տղամարդկանց՝ մեզանում ամուսնական տեսակետից կարող ենք համարել՝ որ չկա»,- հավելեց Հ. Հարությունյանը:

Ամուսնություններին խոչընդոտող գործոններ

Խոսելով ամուսնության խնդրից, մեր զրուցակիցն ասաց. «Նշեմ, որ 20-34 տարեկանների տարիքային խմբում, մոտավորապես 20 հազար կին եւ 20 հազար տղամարդ չեն ամուսնանում, կամ բաժանվել-ամուսնացել են երկրորդ անգամ, համենայնդեպս՝ մարդահամարի պահին (2001թ.) ամուսնացած չեն եղել»: Ըստ նրա, ձեռնպահ մնալով միջժամանակային համեմատություններից, կարելի է ասել, որ այդ թիվը բավականին մեծ է ու նշանակում է, որ մեր երկրում ամուսնություններին խոչընդոտող բավականին մեծ գործոններ կան, այլապես նման ցուցանիշ չէինք ունենա. «Այդ ցուցանիշը նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ կին եւ հինգերորդ տղամարդ 30-34 տարեկանների տարիքային խմբում չի ունեցել ընտանիք (կին կամ ամուսին): Կա եւս մեկ խնդիր. աճել է ամուսնությունների միջին տարիքը: Ամուսնության միջին տարիքի՝ կին կամ ամուսին չունեցողների բավական բարձր ցուցանիշի այս հանգամանքներով կարող ենք ամրագրել, որ առկա է ամուսնության խնդիրը: Ժողովրդի մեջ ընդունված կարծրատիպ կա, որ պարզապես սոցիալ-տնտեսական պայմաններն են ծանր. մարդիկ ուշ են կայանում, ուշ ամուսնանում, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան... Միգուցե տնտեսական գործոնն ունի իր ազդեցությունը, սակայն չպետք է մոռանալ վերջին տարիների մեր տնտեսական աճը, որն անտեսելն անհնար է»,-ասաց տնտեսագետը:

Հարված՝ ավանդականին

Տնտեսագետի խոսքերով, ժողովրդագրական այս վիճակը հարված է հասցնում «հայ ընտանիքի» ավանդական մոդելին: Եվ նպաստավոր իրավիճակ է ստեղծվում կին-տղամարդ տարիքային անհամապատասխանությամբ ամուսնությունների համար, քանի որ 20-34 տարիքային խմբի տղամարդկանց ավելցուկին զուգահեռ՝ 35-ից բարձր տարիքում էլ կանայք ունեն հասակակից տղամարդկանց թվաքանակի պակաս. «Այս պարագայում որոշ կանայք խուսափում են տարիքային անհամապատասխանության խնդրից՝ դառնալով միայնակ մայր (պարզապես երեխա ունենում առանց ամուսնանալու), որը եւս հակասում է «հայկական ավանդույթներին»: Հ. Հարությունյանը համոզված է, որ վերջին տասնամյակում փոխվել է մեր կենսաձեւը: Այժմ երիտասարդները կյանքի պայքարի մրցավազքի մեջ են, աշխատում են, կայանում, իսկ դա իր ազդեցությունն է թողնում անձնականի վրա. «Մեր առօրյայում իրականին փոխարինելու են եկել online շփումները, ինչը, իմ համոզմամբ, չի կարող փոխարինել անմիջական մարդկային առողջ շփմանը: Կա եւս մի գործոն, որը բացասական ազդեցություն ունի ամուսնության հարցում. դա մեր քաղաքացիների մտածելակերպն է: Մեզանում մի արտահայտություն կա՝ «ամոթ ա, ի՞նչ կմտածեն»: Այս մտածելակերպն է, որ մեզ ուղղորդում, իշխում է ամբողջ կյանքում: Այդ մտածելակերպով մենք դրսեւորում ենք մեր վարքը ե՛ւ ամուսնության ընթացքում, ե՛ւ նոր տարուն, ե՛ւ հարսանիքներ անելիս... Այսինքն՝ ելնում ենք ոչ թե նպատակահարմարությունից ու ռացիոնալությունից, այլ ընդունված, երբեմն նույնիսկ ոչ հարմարավետ ձեւավորված կարծրատիպերից, որոնք մեզ խանգարում են, բայց մենք ենթարկվում ենք դրանց»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահը քարոզում է չկորցնել հայկականությունը

Պահպանելով հայի դեմքը...

«Նուարդ» միությունը ստեղծվել է 2000թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Միության նպատակն էր համախմբել հայերի ուժերը, որը սկզբում միայն մշակութային ուղղվածություն ուներ: Հետագայում ուղղվածությունը փոքր-ինչ վերափոխվեց, ու միությունը ստանձնեց նաեւ հասարակական-քաղաքական գործառույթներ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Բելգիայում գործող «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Նա ասաց, որ միության ստեղծած պարի խումբը գործում է 2001 թ. եւ կոչվում է «Բարեկամություն» հայկական ժողովրդական պարերի անսամբլ, ինչն էլ անցյալ տարի ճանաչվել է Բելգիայի լավագույն երիտասարդական պարի խումբ: Գ. Մինասյանի ձեւակերպմամբ. «Ունենք նաեւ ամսաթերթ, որը կոչվում է «Լրագիր»: Շուտով լրանալու է ամսաթերթի 7 տարին: Այն 30 էջանոց հայերեն պարբերաթերթ է, բայց ունի նաեւ էջեր նիդերլանդերենով, որտեղ ներկայացվում է հայոց պատմությունը, կան նաեւ թեմաներ՝ նվիրված գենոցիդին: «Լրագրում» տպագրում ենք նաեւ բելգիացի հեղինակների, որոնք մեր աջակցությամբ սկսել են զբաղվել եղեռնի հարցերով: Նրանց նյութերը նախ տպագրվում են բելգիական թերթերում, ապա մենք տպագրում ենք «Լրագրում»: Վերջինս Հոլանդիայի, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի միակ հայկական թերթն է ու դժբախտաբար քիչ ընթերցողներ ունի»:

Ինչպես պրոպագանդել Հայաստանը, եթե...

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ Բելգիայի Անտվերպեն քաղաքում միության կողմից բացված շաբաթօրյա դպրոցի մասին. «Երեխաների թիվը ժամանակ առ ժամանակ քչանում կամ շատանում է, երբեմն ծնողները ծուլանում են նրանց դպրոց բերել: Այս տարվա սեպտեմբերից բացվելու է նաեւ երկրորդ դպրոցը, բայց ոչ թե Անտվերպենում, այլ մեկ այլ հայաշատ քաղաքում, հետագայում կստեղծվի նաեւ երրորդը: Գրքերը, մեթոդական ուղեցույցները, տառադարաններն ամբողջովին անվճար, մեր միության կողմից է հատկացվում: Դրանք մեզ հատկացնում է ԿԳ նախարարության սփյուռքի բաժինը: Ի դեպ, ասեմ, որ վերջիններս հրաշալի համագործակցում են մեզ հետ եւ երբեք չի եղել, որ մեր որեւէ առաջարկ մերժվի: Այլ նախարարությունների հետ այժմ չի ստացվել որեւէ համագործակցություն եւ խոսքից այն կողմ չի անցել ոչ մի բան: Օրինակ, անցյալ տարի նոյեմբերին նախատեսել էինք Անտվերպենի ժամանակակից արվեստների թանգարանում իրենց առաջարկով ցուցադրել Փարաջանովի երկու ֆիլմեր: Ես մեր մշակույթի նախարարին նամակ գրեցի, այնուհետեւ դա գնաց ազգային արխիվ, որտեղ կա ֆիլմային արխիվ, որի տնօրենի հետ էլ խոսեցի, ապա տասնյակ թղթեր, պայմանագրեր պահանջեցին, բոլորն անմիջապես ես ուղարկեցի, բայց վերջում զարմանալի պատճառաբանություններով մերժեցին, ասելով՝ եթե մենք բերենք՝ 2 օրում կհասցնենք, եթե դուք եք ուզում բերել՝ հաստատ չենք նայի ֆիլմերը: Շատ վիրավորական էր, ու մենք վատ կացության մեջ հայտնվեցինք, հետո էլ ասում են՝ պրոպագանդեք հայերին ու Հայաստանը... Լավ համագործակցություն է ստացվել Գրահրատարակչության գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի հետ. Անտվերպենում երկու անգամ հայ գրքի ցուցահանդես է կազմակերպվել, ցուցադրվել են բելգիացի 16 գրողների հայերեն թարգմանված գրքեր: Ցուցահանդեսներին հիմնականում մասնակցել են բելգիացիները, հազիվ 3-4 հայ է ներկա եղել: Հայերը չգիտենք ինչասեր են, բայց հաստատ գրքասեր չեն, ինչը շատ տխուր փաստ է»:

Աղանդավորական խմբերը համալրվում են Բելգիայի հայերով...

«Նուարդ» հայկական մշակութային միության նախագահը նաեւ նշեց, որ միության կողմից Անտվերպենի կենտրոնական եկեղեցիներից մեկի ներսում տեղադրված խաչքարը դարձել է աղոթատեղի. «Եզակի դեպք է, որ խաչքարը տեղադրվում է եկեղեցու ներսում: Վերջինիս համար տեղը հատկացված էր դրսում, բայց քանի որ թուրքերն այնտեղ շատ են՝ պղծումներից խուսափելու համար խաչքարը տեղադրեցինք եկեղեցու ներսում: Այնտեղ հաճախակի պատարագ է կազմակերպվում, Բրյուսելից հոգեւոր հովիվ կա ժամանակավորապես նշանակված: Ես տարիներ առաջ մեր կաթողիկոսին նամակ էի գրել այն մասին, որ Բելգիայում հոգեւոր հովիվ չունենք, եւ հայերի մեծամասնությունն արդեն ընդգրկված է աղանդների մեջ՝ հատկապես Եհովայի վկաների, ինչն էլ շատ կործանարար է: Ինչ-ինչ պատճառներով նամակս կորավ, հետո գտնվեց որոշ պատգամավորների ուժերով, ապա կաթողիկոսից ես պատասխան ստացա, որ լավ կլինի իրենց դիմի պելճիկահայ գաղութային վարչությունը, այսինքն 20-րդ դարի սկզբին հիմնված, մեր լեզվով ասած՝ սփյուռքահայերը, որոնք ընդամենը 700 հոգի են: Այժմ Բելգիայում ոչ պաշտոնական տվյալներով 10-12 000 հայ է ապրում, նույնիսկ շոշափվում է 20 000-ը, այսինքն՝ այս 20 000 հոգին հեչ, կարեւորն այն 700 հոգի՞ն են, որ պիտի դիմեն»:

Տոն՝ ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ավանդաբար կազմակերպվող փառատոնի մասին. «Մենք ավանդաբար անց ենք կացնում Ազգային փոքրամասնությունների փառատոնը: Անտվերպենը Եվրոպայում ազգային փոքրամասնությունների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում. 167 000 ազգային փոքրամասնություն կա: Եվ, բնականաբար, այս 167 000-ից յուրաքանչյուրն իր հետ բերել է իր սովորույթը, ավանդույթը, լեզուն, նիստ ու կացը, թալանչիությունը, փնթիությունը եւ այլն: Փառատոնը տեւում է մեկ ամիս, որի ընթացքում կազմակերպվում են նկարիչների ստեղծագործությունների, ձեռքի աշխատանքների ցուցահանդես, երաժշտական համարներ, պարային անսամբլների համերգներ»:

Հայկական խնդիրներ...

Գ. Մինասյանն անդրադարձավ նաեւ խնդիրներին. «Ունենք մի շարք խնդիրներ, օրինակ՝ հայերի ընդգրկվածության, մասնակցության խնդիրը: Բելգիայում հայերը եռաշերտ են, նրանք, ովքեր հին հայերն են, ունեն իրենց գործը, երկրի քաղաքացի են, խնդիր չունեն, երկրորդ շերտը Հայաստանից 15-20 տարի առաջ գնացածներն են, որոնք ունեն Բելգիայի քաղաքացիություն, իրենց համարում են մաքուր բելգիացի ու իրենց հեռու են պահում հայկական անցուդարձից: Եվ երրորդ շերտը, որը ունի նաեւ իր ենթաշերտը՝ նրանք են, ովքեր ունեն կեցության եւ աշխատանքի իրավունք, փնտրում են իրենց հարմար աշխատանք, բայց լեզվական խնդիրներ են առաջանում, եւ այս ենթաշերտը այն մարդիկ են, որ 10 տարի է՝ ոչ կեցության, ոչ էլ աշխատանքի իրավունք ունեն, բայց ապրում են սեւ, ոչ լեգալ աշխատանքներ կատարելով, որ կարողանան ապրել: Եվ ինչքան էլ տարօրինակ է, հիմնականում հենց այս երրորդ ենթաշերտի ներկայացուցիչներն էլ մասնակցում են մեր միջոցառումներին»:

Դեսպանը մեզ դե՞մ է...

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ իրենք Բելգիայում հայկական գրադարան բացելու փորձեր են արել, բայց տեղի ղեկավարությունն իրենց մերժել է, պատճառաբանելով, եթե ձեզ թույլատրենք, բա ինչ կասեն թուրքերն ու մարոկացիները. «Կարծես թե քաղաքը ղեկավարում են թուրքերն ու մարոկացիները, որոնք ամենաչնչին առիթի դեպքում կարող են ավերածություն անել, ջարդել, փշրել: Այս հարցում մեզ կարող էր օգնել նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը, բայց գուցե հենց նա է այնպես արել, որ այդ գրադարանը չլինի: Մենք չենք տեսել, որ մեր դեսպանությունն այդ երկրում իբրեւ հայկական մի մասնիկ կանգնած լինի մեր թիկունքում: Նույնիսկ ապրիլի 24-ին (2003թ.), երբ նախարար, քաղաքապետ, մշակութաբաններ էին եկել, որոնք խոսում էին հայոց գենոցիդի մասին, ելույթներ ունենում՝ մեր դեսպանը չկար, իսկ երբ հարցրին՝ ձեր դեսպանն ո՞ւր է, ասացինք՝ չի եկել: Նա 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չհանդիպեց Անտվերպենի հայերի հետ, որը Բելգիայի երկրորդ մեծ քաղաքն է ու հայերն ամենից շատ այնտեղ են»:


Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐԻ ՉԳՆԱՑՈՂ ՏԻԿՆՈՋ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Սիրո մասին՝ առանց նախընտրական ճառերի


«Ծնվում ենք սիրո կարոտ,

սիրվում ենք սիրո կարոտ,

ապրում ենք սիրո կարոտ,

մեռնում ենք սիրո կարոտ:

Աստված սեր է, սիրո կարոտ,

կյանքը սեր է, սիրո կարոտ,

Այս աշխարհը՝ տիեզերքը,

սիրուց է սիրո կարոտ...»,-

ի՞նչ է ձեզ համար սերը հարցին իր իսկ բանաստեղծությամբ պատասխանեց ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: «Այսօր սերը շատ է բացակայում, իսկ վերջինիս մասին խոսելիս ես կապույտ սիրո մասին չեմ խոսում, որն աննյութ է ու անմարմին: Ես սերը համարում եմ շատ հետաքրքիր ու հյութեղ մի բան, որի մեջ ամեն ինչ է մտնում՝ նույնիսկ ատելությունը: Սերը կենդանի բան է, եթերային չէ: Բայց կենդանություն ու իմաստ տալու համար պիտի նախ սիրտ ունենաս ու նաեւ ուղեղ, այլ ոչ թե անընդհատ նախընտրական ճառերի պես խոսել... Հիմա ամեն ինչ, այդ թվում եւ սերը, դարձել է նախընտրական ճառ: Ես իհարկե շատ օրինակելի արարած չեմ, հատկապես երիտասարդ հասակում շատ քմայքոտ էի, բայց մի բան ինձ համար շատ պարզ էր՝ սերը անկոմպրոմիս զգացմունք է: Գուցե իմ խառնվածքով ես մի քիչ մաքսիմալիստ եմ, բայց չէր կարող պատահել այնպես, որ ես մի քիչ սիրելով ապրեի... Ես չեմ կարող սերը կիսատ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սիրելուց բացի, ինքը նաեւ ատել գիտի:

Առանց մեղքի զգացումի...

Ալվարդ Պետրոսյանը պատմեց նաեւ իր եւ ամուսնու՝ դերասան Լորենց Առուշանյանի սիրո պատմությունը. «Ես շատ երիտասարդ էի ու մեկ վայրկյանում սիրահարվեցի Լորենցին: Ռադիոյում էի աշխատում ու նրա մասին հաղորդում պետք է պատրաստեի: Արամայիս Սահակյանը, որը մեր գլխավոր խմբագիրն էր՝ ինձ պարտադրեց, որ Լոռենցի հետ հարցազրույց անեմ, իսկ ես, ճիշտն ասած, հավես չունեի... Մինչեւ հիմա Արամայիսն ինձ ասում է՝ հիշում ես ամեն ինչ քեզ հետ կռվով եմ արել: Ես շատ մեծամիտ, ինքնահավան աղջիկ էի... Մի կերպ զանգեցի Լորենցին, նա էլ ասաց, թե՝ լավ կլինի Արծրուն Մանուկյանի մասին հաղորդում պատրաստեք: Դրանից շատ ջղայնացա, որ ես ուզում եմ իր մասին հաղորդում պատրաստել, իսկ նա չի գալիս: Ի վերջո համոզեցի, ժամադրվեցինք «Նաիրի» կինոթատրոնի մոտ... Հետո Լորենցը շատ հետաքրքիր խոստովանություն արեց, ասաց՝ մտածում էի՝ մի՞թե այսպիսի աղջիկներ էլ կան Երեւանում: Ես մի քիչ էքսցենտրիկ տեսք ունեի: Այդ ժամանակ մինիների շրջանն էր, իսկ ես մեր հանդիպման օրը հագել էի մինչեւ կոճերս հասնող կարմիր ժիլետ եւ շատ երկար ու հարթ մազերով էի: Լորենցը ինձ միշտ ասում է, որ հենց այդ ժամանակ ինձ սիրահարվեց, որովհետեւ շատ տարբեր էի: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ մինչ ինձ տեսնելը կարծում էր, թե ես շատ մազոտ պիտի լինեմ ու ակնոցավոր... Դե, ես էլ իր մասին մտածում էի, թե ջրիկ դերասան է, ինքնասիրահարված, որովհետեւ իսկապես շատ սիրուն տղա էր: Հետո հասկացա, որ բոլորովին այլ է: Ի վերջո, երբ մեր հանդիպումից վերադարձա ու ընկերուհուս ասացի, որ սիրահարվել եմ եւ մեկ ամսից պիտի ամուսնանամ, ընկերուհիս ասաց՝ հո դու խենթ չես, նա ընտանիք ունի՝ կին, երեխա... Ուղիղ մեկուկես ամիս անց մենք ամուսնացանք: Ես մեղքի զգացում չունեմ, որ նա բաժանվեց կնոջից, որովհետեւ ես մտածում եմ, որ եթե չպիտի բաժանվեր՝ չէր բաժանվի, այն, ինչը որ չպիտի քանդվի՝ չպիտի քանդվի... Եվ երբեք չեմ էլ մտածել, որ նա իմ սեփականութունն է, նույն ձեւով պատրաստ եմ ընդունելու, որ եթե ինձ պիտի թողնեն, ուրեմն պիտի թողնեն...Ես այն մարդկանցից եմ, որ երբ ինձ հետ վատ բան է կատարվում, անմիջապես մտածում եմ, թե որտեղ եմ սխալվել»:

Զզվանքից՝ ատելություն եւ եթե կռիվ, ապա միայն ուժեղի հետ...

Խոսելով ատելության մասին, տիկին Պետրոսյանն ասաց, որ այն իր մեջ կարող է առաջանալ միայն զզվանքից. «Ես կեղծ բարեպաշտ չեմ ու պարզապես ստերիլ նախադասություններ չեմ ասում: Ես մտածում եմ, որ եթե մեր քրիստոնեական պատվիրաններից գոնե մի քանիսը պաշտպանում ես, ապա հոգիդ դժոխք չի գնա: Բայց բաներ կան, որ չեմ պատկերացնում, օրինակ՝ ինչպես կարելի է որբի փող ուտել, աղքատի ձեռքից հանապազօր հացը գողանալ... Ես կարող եմ թեթեւ նայել միայն այն դեպքում, երբ գողը գողից գողանա, այս օլիգարխն այն օլիգարխի ունեցվածքին տիրանա՝ դա ինձ չի հետաքրքրի...»: Տիկին Պետրոսյանը նաեւ ասաց, որ սիրում է կռվել, բայց. «Ես չեմ կարող ինձնից թույլ մարդուն ստորացնել: Եղբայրս միշտ ասում էր, որ եթե գնում ես կռվելու ու վստահ ես, որ պիտի ծեծես, ապա մի գնա, ինչ հետաքրքրություն կա դրա մեջ: Մտածում եմ, որ եթե խեղճին պիտի հաղթեմ, ապա իմաստ չունի նրա հետ կռվել, իսկ ինձնից ուժեղի հետ կռվել սիրում եմ, եթե կարիք կա»:

Տղամարդկության չափանիշը...

Անդրադառնալով տղամարդկանց, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այժմ տղամարդկության, տղամարդ լինելու նոր մոդել, կարծրատիպ է ստեղծվել: Ըստ նրա՝ շատերը կարծում են, երբ բռի, գռեհիկ են լինում, դա նշանակում է արիական ցեղի ներկայացուցիչ են. «Իսկ ինձ թվում է, որ ուժն ու տղամարդկությունը լուռ պրոցես է: Վերջերս շատ մոդայիկ է դարձել, ով ում չի հավանում, ասում է՝ գալուբոյ է: Այս ամենը հենց այնպես եկած բաներ չեն: Ցավոք, արդեն ստեղծվում է նոր մշակույթ՝ կնոջն ու տղամարդուն բնորոշելու, որը սարսափելի բան է»:

Բամբասանքներին վարժված...

«Առաջ շատ էի նյարդայնանում իմ մասին բամբասանքներ լսելիս: Բայց հետո սովորեցի, որովհետեւ շատ երիտասարդ ու անթույլատրելի ոլորտում էի՝ գրականություն, մշակույթ ու շատ աղմկահարույց էր իմ ու Լորենցի ամուսնությունը: Այդ ժամանակ վարժվեցի բամբասանքներին: Ես սիրով լեցուն էի, աշխարհը սիրում էի ու հանկարծ տեսա, որ աշխարհը բոլորովին ինձնով հիացած չէ ու այնպիսի զարհուրելի բաներ էին խոսում իմ մասին, որ զարմանում էի, ապշում»,- անկեղծացավ Ա. Պետրոսյանն ու հավելեց, որ միայն այդ ժամանակ հասկացավ, որ կա նաեւ չարություն: «Հետո, երբ հասարակական-քաղաքական ոլորտ մտա, շատ զգայուն էի չբամբասվելուն: Իսկ երբ պատգամավոր դարձա՝ սկսեցին ինձ տներ վերագրել: Մի օր լսեցի, իբր Չարենցի փողոցում վարսավիրանոց եմ գնել, Սայաթ-Նովայի վրա՝ բնակարաններ, ասում էին իբր Արաբկիրի շուկան է իմը, «Նաիրի» կինոթատրոնը եւս, այդ ամենը լսելով՝ զարմանում էի, իսկ հետո սկսեցի հումորով վերաբերվել: Հիմա էլ չեն բամբասում, երեւի ավելի հետաքրքիր օբյեկտներ, սուբյեկտներ են հայտնվել»:

Պատեհապաշտներին չի սիրում

Ա. Պետրոսյանի ձեւակերպմամբ, ինքը երբեք չափ ու սահմանը չի կորցնում, թեկուզ իր համար ոչ սիրելի մարդու հանդեպ. «Այնպես չի լինում, որ միչնչեւ վերջ սպանեմ... Այդ ամենը կանեմ թեթեւ, գայթակղիչ հումորով, բայց նրա հոգին փորփրել, մինչեւ վերջ՝ այդպիսի բան երբեք չեմ արել: Նման մեղք չեմ գործել, իսկ եթե ինչ-որ մեկը հակառակն է մտածում՝ թող ինձ ների: Ես այն կարծիքի չեմ, որ միայն կապույտ ու սեւ մարդիկ են... Ամեն մարդ էլ մի լուսավոր բան ունի: Բայց մարդկանց տեսակ կա, որ չեմ կարող տանել, օրինակ՝ պատեհապաշտներին: Չեմ կարող տանել նաեւ լքելը. երբ մարդը թույլ է, խեղճ է՝ լքում են: Զզվում եմ ստրկահաճ քծնողներից: Օրինակ, մարդիկ կան, որոնց չեմ ուզում դիպչել, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են իրենցից բարձր պաշտոնյայի հետեւից սողալով քարշ գալիս...»:

Մոռանալ նախագահին, երազել բարեկեցիկ կյանքի մասին...

Ա. Պետրոսյանն այն կարծիքին է, որ երազանքները, երբ իրականանում են, դադարում են երազանք լինելուց: Եվ խոսելով իր երազանքների մասին, նա ասաց. «Որպես անձ, ես թաքուն երազանքներ ունեմ՝ կապված թոռնիկներիս հետ: Նաեւ շատ եմ ուզում, որ Արցախի հարցը լուծվի, որովհետեւ դա իմ սերնդի երգն է: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավ ապրի ու չհիշի, թե ով է իր նախագահը, նախարարը եւ այլն»: Կորուստների առումով էլ մեր զրուցակիցը նշեց, որ վախենում է անվերջ կորցնելուց, որովհետեւ. «Այն կարծիքին չեմ, որ ես ինչ որ ունեմ՝ անպայման պիտի միայն ես ունենամ: Ես երջանկությունը պատահականություն եմ համարում ու համարում եմ նաեւ, որ այդ պատահականության թռչունը իմ ուսին նստել է. ես ունեմ այդ երջանկությունը եւ միշտ վախենում եմ դրա համար: Իսկ ավելի նատուրալիստական՝ սարսափելի վախենում եմ միջատներից ու միջատանման մարդկանցից»:

Հայաստանից բացի՝ ուրիշ ոչ մի տեղ...

«Ես Հայաստանից բացի՝ ուրիշ ոչ մի տեղ չէի ապրի, բայց ունեմ իմ սիրելի երկրները: Ես հնարավորություն ունեի Հայաստանում չապրելու եւ դեմագոգիա անելու՝ որպես քաղաքական հալածյալ եւ այլն... Ես ինքս ինձ ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչ եմ համարում, որովհետեւ ֆրանսիական մշակույթն ինձ համար շատ թանկ է: Կուզենայի անգլիական երկրորդական քաղաքներից մեկում մեկ տարի ապրել, գրել: Անգլիան ինձ ցնցել է. այնտեղ լինելով ես հասկացա, թե ինչ է կայսրությունը: Մեկ տարի էլ կուզեի ապրել Կանադայում՝ լճերի, լայնարձակությունների երկրում...»:


Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները


Սեր՝ ատամնաբույժի այցելելիս

Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ մերժեց. ըստ էության՝ դեռ խնդիր կար հասկանալու, որ ես համակրանքի պատճառով եմ նրան հրավիրում եւ նաեւ այն, որ նա երբեք ընկեր չէր ունեցել՝ այս կտրվածքով էլ կոմպլեքսներ ուներ: Հետո ամեն ինչ շատ անակնկալ արագ զարգացավ: Կարծում եմ, որ տվյալ պարագայում միշտ չէ, որ երկար ժամանակ է պետք մարդու հետ ծանոթանալու համար: Մինչեւ հիմա կինս՝ Արմինեն, ծիծաղում է, ասելով, որ բոլոր հարցերում բծախնդիր եմ ու դժվար եմ որոշում կայացնում, այդ ոնց եղավ, որ այս մի հարցում շատ արագ որոշեցի ու իրեն առաջարկ արեցի: Մենք մեկուկես ամիս ընկերություն արեցինք. Նոր Նորքի շատրվանների մոտ գտնվող սրճարաններից մեկում նրան ամուսնության առաջարկություն արեցի: Շատ հետաքրքիր զգացողություն էր, չնայած անմիջապես «այո» չասաց: Իմ նշանադրության արարողությունն էլ մի արկած էր հիշեցնում. դա 2006 թ. սեպտեմբերի 29-ին էր, եւ ես նույն օրը պիտի երեկոյան մեկնեի Լոնդոն՝ մասնակցելու տարածաշրջանի կոնֆլիկտների ու անվտանգության վերաբերյալ բավականին մեծ ու հեղինակավոր քննարկման: Ըստ էության՝ Արմինեի հարազատներն ինձ այդքան էլ լավ չէին ճանաչում ու ես պատկերացնում եմ, թե ինչքան տարօրինակ էին նայում, երբ մենք գնացինք նրանց տուն նշանադրության ու ես ասացի, որ խնդրում եմ արագացնել այս արարողությունը, որովհետեւ պետք է գնամ օդանավակայան: Նոյեմբերի 2-ին մենք հարսանիքով ամուսնացանք: Իսկ ընդհանուր առմամբ իմ ուշ ամուսնանալու պատճառը ոչ միայն այն է եղել, որ մեր ընտանիքում ընդունված չէ շուտ ամուսնանալը, այլեւ այն, որ վերջին տարիներին առաջին հերթին խելապատառ կարեւորում էի աշխատանքը, կարիերան, ու եթե այդ ժամանակ չամուսնանայի՝ կսկսվեր քարոզարշավը ու խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդպես էլ չէի ամուսնանա:

Պատգամավորի նախընտրած կանայք

Կանանց հարցում ինձ համար թիվ մեկ չափանիշը խելացի եւ կարդացած լինելն է, իհարկե՝ նաեւ այն, որ ոչ մի տղամարդ դեմ չի լինի, որ իր կինը լինի բարետես, գեղեցիկ: Ես նախընտրում եմ խելոք կանանց: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կնոջը ամենամեծ հմայք տվողը խելքն է, միտքը, որը նրա համար նաեւ արտաքին աուրայի աշխարհ է պայմանավորում: Շատ է պատահում, երբ ոչ այնքան գեղեցիկ կանայք հրապուրիչ ու գայթակղիչ են լինում, որովհետեւ հետաքրքիր աուրայով են լինում ու հետաքրքիր ներքին ու արտաքին աշխարհ են ունենում:

Պոմիդորով ձվածեղը՝ նյարդայնացնող հանգամա՞նք

Իմ սովորություններից ամենադժվարը, որի հետ բավականին բարդ են համակերպվել թե ծնողներս, թե կինս, դա ուտելու խնդիրն է եղել: Այդ առումով շատ քմահաճ եմ: Ինձ համար ճաշացանկում կան արգելված եւ չարգելված ճաշատեսակներ: Հիշում եմ, որ ծնողներս միշտ ասում էին՝ երազում ենք այն օրը, որ դու գնալու ես Երեւան ուսանող դառնաս՝ մենք ամուսիններով կարողանանք նորմալ ճաշ ուտել: Պոմիդորով ձվածեղ շատ եմ սիրում, ամեն օր ուտում էի՝ ինչն էլ նյարդայնացնում էր բոլորին: Հաճախ ծնողներս անհանգստանում էին, մտածելով, որ դրա արդյունքում ես ինչ-որ հիվանդություն ձեռք կբերեմ: Ուտելը համարում եմ ժամանակի անիմաստ վատնում եւ այդ առումով նախանձում եմ այն մարդկանց, ում համար ուտելը արարողություն է:

Նախասիրությունները. «կախվածություն» ինֆորմացիայից

Շատ եմ սիրում սպորտ, հատկապես՝ լող: Ցավոք, ժամանակս շատ սահմանափակ է, որ ինձ թույլ տամ գնալ լողավազան: Երբ գործուղման եմ մեկնում ծովափնյա վայրեր կամ այնպիսի հյուրանոցային համալիրներ, որտեղ կան ֆիթնես սրահներ, լողավազաններ՝ աշխատում եմ առիթը բաց չթողնել: Սիրում եմ նաեւ կարդալ: Իմ կյանքում մի բան եմ հայտնաբերել. ինֆորմացիան ինձ համար դարձել է թմրադեղի պես մի բան, եւ եթե ես գտնվեմ մի վայրում, որտեղ ինֆորմացիայի պակաս կա, սկսում եմ նեղվել ու փորձում եմ հեռանալ այդտեղից եւ ինչքան հնարավոր է՝ մոտենալ ինֆորմացիային: Սիրում եմ լինել այնպիսի քաղաքներում, որտեղ ինֆորմացիան, այսինքն՝ ինձ համար հաճելին, աշխատանքն ու օգտակարը զուգահեռված են. այս առումով շատ եմ սիրում Լոնդոնը:


Գնահատելով հինը...

Կար մի ժամանակ, երբ ուր գնում էի՝ բերում էի գարեջրի գավաթներ, բայց ոչ միայն նրա համար, որ գարեջուր եմ սիրում, այլ պարզապես դա դարձել էր հավաքածուի պես մի բան: Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ ամբողջ տունն այդ գավաթներն են, եւ այլեւս տեղ չկա դնելու: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ ինչ-որ բաներ հավաքելն ինձ համար հոբի է: Օրինակ, շատ սիրում եմ տանն ունենալ անտիկվար, հին իրեր՝ դրանք սերնդեսերունդ փոխանցելով:

Դաստիարակի դերում չի սիրում լինել...

Տնից դուրս եւ տնից ներս իմ վարքագիծը բավականին տարբեր է, որովհետեւ դրսում կարող եմ դիմացինիս սխալները չնշել, շրջանցել: Դրսում հարաբերվում եմ այսպես. եթե ինչ-որ մեկի մոտ կա լավ կողմ, ապա ես հարաբերվելու եմ նրա հետ այդ կողմով ու իմ խնդիրը չէ վերադաստիարակել նրան, փոխել նրա այն հատկանիշները, որոնք ինձ դուր չեն գալիս: Կարող եմ նյարդայնանալ, եթե այդ սխալը թույլ են տալիս իմ ընտանիքի անդամները, դրանք չեմ կարող անտեսել ու այս առումով շատ բռնկուն եմ: Բայց թե դրսում, թե տանը հիշաչար չեմ:

Չի հերքում, բայց չի էլ տարվում...

Ուսանողական տարիներին եթե նայել են իմ սուրճի բաժակը, ապա դա թեկուզ հաճելի, բայց պարապությունից դրդված զբաղմունք է եղել: Հատուկ չեմ գնացել ինչ-որ մեկի մոտ գուշակության: Բայց սուրճի բաժակ նայելու դեպքեր շատ են եղել, երբ ինչ-որ մեկը ներկայացել է, որ կարող է գուշակություն անել: Չեմ ուզում ասել, որ չեմ հավատում նման բաների, բայց սնոտիապաշտությանը տուրք չեմ տալիս: Չնայած մասնագիտության բերումով բավականին ռացիոնալ գիտություն եմ ուսումնասիրել՝ ֆիզիկա, մաթեմատիկա, գեոֆիզիկա, բայց դա չի նշանակում, որ հավատում եմ աշխարհի ռացիոնալ ստեղծման տեսությանն ու չեմ հավատում աստվածաշնչյան կամ կրոնական այլ պատկերացումներին: Համենայնդեպս, չեմ փորձում հերքել դրանք, եթե անգամ հակասության մեջ են ռացիոնալ գիտությունների հետ:

Երազանքներ կամ անկանխատեսելի իրադարձություններ

Մանկուց իմ երազանքները շատ կոնկրետ ու հստակ չեն եղել, սահմանափակվել եմ ընդամենը նրանով, որ կուզենայի լինել հասարակության մեջ հարգված, հեղինակություն ունեցող, պիտանի մարդ: Բայց կոնկրետ մասնագիտությունների առումով նպատակներս ու երազանքներս հաճախ են փոխվել: Անկանխատեսելին իմ կյանքում շատ է եղել, եւ երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ անելու հաջորդ էտապում՝ չգիտեմ, բայց դա չի նշանակում, թե ես պլաններ չեմ կառուցում...

Եթե հնարավոր լիներ ետ պտտել ժամանակի անիվը, ապա...

Ես ժամանակի անիվը ետ կպտտեի՝ մինչեւ իմ մասնագիտության փոփոխության պահը, բայց ոչ թե նրա համար, որ ափսոսում եմ իմ անցած ճանապարհի համար, այլ կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր կլիներ իմ կյանքը, եթե, օրինակ, գնայի արվեստի ուղղությամբ: Փոքր ժամանակ նկարում էի ու շատ լավ, ըստ որում՝ հույսեր էի փայփայում, որ դառնալու եմ լավ նկարիչ... Բայց տարիների ընթացքում այդ գիծն ինձ մոտ այնքան չզարգացավ, եթե հիմա ինչ-որ բան նկարեմ, ապա ամաչելով կպահեմ, որովհետեւ իմ մանկական տարիքի նկարները շատ ավելի հաջողված կլինեին, քան այն, ինչ հիմա նկարեմ: Կուզենայի լինել արվեստի ոլորտում...

Բծախնդիր է նույնիսկ նվերներ ընտրելիս

Մեծ բավականություն եմ ստանում հարազատներիս համար նվեր գնելիս: Եթե երկարաժամկետ բացակայում եմ երկրից, ապա բացառված է, որ կնոջս, քույրերիս, եղբորս ու զարմիկներիս որեւէ նվեր չգնեմ: Կարճաժամկետ ուղեւորությունների ընթացքում փոքր-ինչ դժվարանում եմ նվերների ընտրության հարցում, որովհետեւ բծախնդիր եմ՝ դժվար եմ ընտրություն կատարում: Բայց որպես քեռի, ամուսին ու հորեղբայր, շատ եմ սիրում իմ պարտականությունները կատարել: Կնոջս շատ եմ սիրում ծաղիկներ նվիրել, թեպետ այլ նվերներ էլ եմ անում: Օրինակ, օծանելիքի հարցում մի քանի անգամ ձախողվել եմ. հասկացա, որ կնոջս նախընտրած օծանելիքը միանգամայն այլ է, ու ես երբեք չեմ կարողանում գուշակել, թե նա ինչ բույր է նախընտրում: Հագուստի առումով գիտեմ՝ ինչ է սիրում ու այն, ինչ նվիրում եմ կնոջս՝ նա հաճույքով է հագնում: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն նվերները, որոնք իմ հիշողության մեջ մնացել են՝ դա քրոջս նվիրած գրքերն են, որոնք երազում էի ունենալ:

Ձմեռ պապի գոյությանը հավատացել է, մինչեւ ...

Չեմ հիշում, թե որ տարիքից եմ դադարել հավատալ Ձմեռ պապի գոյությանը: Երեւի ինչ-որ մեկն ասել է, որ նա իրականում չկա, բայց ծնողներս միշտ էլ բարձիս տակ ինչ-որ նվեր պարտադիր դրել են, չնայած Ձմեռ պապին երբեք նամակ չեմ գրել ու նրանից ինչ-որ բան խնդրել: Հիշում եմ, որ յուրաքանչյուր հունվարի 1-ին բարձիս տակից մի բան հանում էի, ի դեպ, բարձի տակ դնելը նոր երեւույթ չէր. հայրս երաժիշտ էր, նա հաճախակի հարսանիքների էր մասնակցում՝ դհոլ նվագում եւ երգում ու յուրաքանչյուր շաբաթ- կիրակիից հետո ես բարձիս տակ պարտադիր 3, կամ 5 ռուբլիանոց էի հայտնաբերում: Ու քանի որ փոքր էի, քույրս, որն ինձնից 5 տարի մեծ էր, միշտ խաբում էր ինձ, ձեռքիցս վերցնում էր փողերը, չնայած մյուս կողմից էլ ես գյուղում էի ու ծախսելու տեղ չունեի...


Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

ՅՈԳԱՆ ՕՏԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ ՉԷ



Փաստում է դիպլոմավոր յոգը



«Դեռ մանկուց իմ մեջ ներքին մղում կար դեպի արեւելյան մշակույթ, արեւելյան գիտություններ: 18 տարեկանում առողջական խնդիրներ ունեցա, ինչի բերումով ծանոթացա մի մարդու հետ, որն էլ հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը. նա Կարեն Ասատրյանն է: Ես սկսեցի յոգա պարապել. 2 ամիս անց իմ առողջական խնդիրները վերացան, իմ մեջ մի բանական հարց առաջացավ, թե ո՞նց այդպես հեշտ ամեն ինչ անցավ: Ես սկսեցի մանրամասն ուսումնասիրել յոգան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վահագն Վարդումյանը: Ըստ նրա, այժմ Հայաստանում շատացել են յոգայի խմբակները: Եվ նախկինի համեմատ՝ հայերի հետաքրքրությունը շատ է մեծացել: Վահագնի փոխանցմամբ. «Յոգայի օգտակարությունը շատ ավելին է, քան յոգա պարապելուն հատկացրած ժամանակը: Յոգա պարապել սկսողների հիմնական նպատակն է՝ իրենց առողջության ու ինքնազգացողության բարելավումը: Յոգա՝ նշանակում է կապ, միություն: Դա մարմնի, մտքի ու հոգու միությունն է, մարդու՝ իր շրջապատող աշխարհի, իր հայրենիքի, բնության ու տիեզերքի հետ միությունը: Յոգան մեծացնում է ճկունությունը: Ճկունության մեծացումն էլ կանխում է մկանների ու հյուսվածքների վնասվելը: Յոգան օգնում է նաեւ հավասարակշռությանը: Յոգայի վարժությունների մեծ մասն այս կամ այն չափով ներառում է հավասարակշռություն հաստատելու տարրեր, եւ հաշվի առնելով այն, որ տարիքի հետ մարդկանց մեծամասնությունը սկսում է հավասարակշռության պահպանման խնդիրներ ունենալ, յոգա պարապելը կարող է կարեւորագույն կանխարգելիչ դեր ունենալ: Վարժությունները օգնում են նվազեցնել ցավերը, եթե մարմնում այդպիսիք արդեն կան, քանի որ մկանները ձգելը փափկեցնող ազդեցություն է ունենում դրանց վրա, իսկ մկանային ցավերի զգալի մասը հենց մկաններում եղած լարվածության արդյունք է: Յոգան զարգացնում է մկանները՝ մարմնում ընդհանուր նյութափոխանակության լավացման եւ պրանայով (մարմնում շրջանառող նրբագույն էներգետիկ հոսքերի) մարմնի հարստացման շնորհիվ»: Յոգայի այն ոճը, որով պարապում է Վահագնը՝ կոչվում է աշտանգա յոգա, ինչն էլ, ըստ մեր զրուցակցի, կազմված է ութ ճյուղից. «Աշտանգա յոգան տարբերվում է յոգայի մյուս ոճերից իր ներքին կառուցվածքով, այստեղ մարմնի կեցվածքները չեն դիտարկվում միայն որպես մարմնի զարգացմանը նպաստող գործոններ, որովհետեւ դրանցում կան մտավոր եւ հեգեւոր էլեմենտներ: Աշտանգա յոգայի 8 աստիճանները պետք է հերթով անցնել ու դա տեւում է բավական երկար: Առաջին 5 փուլը կարող է տեւել 7-ից մինչեւ 25 տարի, վերջին 3-ն էլ կարող է ձգվել մինչեւ 48 տարի»: Վահագնը նաեւ նշեց, որ յոգայով զբաղվելու համար սահմանափակումներ չկան: Այսինքն՝ ցանկացած մարդ կարող է զբաղվել յոգայով, անկախ նրանից, թե ինքն ինչ հավատամքներ ունի, ինչ կրոն է դավանում. «Տվյալ մարդը պետք է պատրաստ լինի աշխարհին ավելի բաց աչքերով նայել: Ես զգացել եմ, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քրիստոնեությունը շատ լավ հիմքեր ունի՝ հաճախ այդ երկրներում յոգան դիտվում է որպես օտար կրոնական ուսմունք»:

Վահագնը նաեւ պատմեց, որ 2006 թվին գնացել է Հնդկական Հիմալայներ ու մոտ կես տարի անցկացրել Հնդկաստանում: Նա Դելիի տարբեր հոգեւոր ու մշակութային կենտրոններ այցելելուց հետո հասկացել է, որ յոգան միջնադարից եկած ավանդույթ է, եւ որ տարբեր մարդիկ բնությունից եւ այլ պատճառներից դրդված՝ այդ հսկայական համակարգից վերցրել են մի քանի ծիսակարգեր, մի երկու վարժություն ու մի քանի մեդիտացիոն տարր եւ դրանից հավաքել կրոնական ճյուղեր: Բայց իրականում. «Յոգան ոչ մի կապ չունի կրոնական որեւէ բանի հետ»: Խոսելով Դելիում անցկացրած ամիսների մասին՝ Վահագնը պատմեց նաեւ իր այնտեղ մեկնելու մանրամասները. «Ուսուցիչս որոշել էր գնալ, ես էլ ցանկացա միանալ նրան: Նրա գնալը չստացվեց, եւ ես գնացի մենակ: Ճիշտ է, մենակ Հնդկաստան գնալը մի քիչ խենթություն էր, բայց... Ես ընդունվեցի Վեդայական յոգայի դպրոց, որտեղից էլ ստացա Հիմալայան յոգայի մասնագետի վկայական: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին ու Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին, իսկ երբ ամեն անգամ սկսում էի պատմել, նրանք աչքները չորս արած լսում էին ինձ: Գիտելիքներս խորացնելու նպատակով Հիմալայներում 62-ամյա ուսուցչիցս հնարավորություն ունեցա լսելու ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները»: Վահագնի ձեւակերպմամբ, իրականում յոգան մի անհատի զբաղվելու բան չէ, եւ շատերը կարծում են, որ երկարատեւ մեդիտացիաները ապասոցիալականացնող երեւույթ են, որոշ մարդիկ էլ ասում են, թե դա հակասում է քրիստոնեական հավատքին. «Յոգան հիմնված է մարդու սոցիալականացման վրա: Այն մարդը, որը խորանում է դրա մեջ ու հասնում կոնկրետ բաների ու եթե չի շարունակում ավելի շատ շփվել, որովհետեւ ավելի շատ բան է իմացել՝ նա համարվում է սխալ ուղղությամբ զարգացած մարդ, որովհետեւ այդ ամենը էգոն զարգացնելու համար չէ: Չնայած ահագին բարդ է նաեւ չմեծամտանալը, որովհետեւ մարդը սկսում է ինչ-որ հատկություններ ձեռք բերել, կարողանում է կառավարել իր երազները, չնայած այդպիսի մտադրություն չուներ: Քանի որ շատ է խոսվում յոգայի՝ քրիստոնեությանը հակասելու մասին, ասեմ, որ քրիստոնեության մեջ մեծ դեր ունեցող հոգի բառը յոգա բառի հետ ուղիղ լեզվաբանական կապ ունի. նույն հնդեվրոպական արմատն է եւ ցանկացած լեզվաբան էլ գիտե, թե ինչ ճանապարհով է յ-ի, հ-ի ձեւափոխություն լինում»: Վահագնը խոսեց նաեւ սխալ յոգայի օրինակների մասին, որոնք առկա են տարածված մի շարք գրքերում եւ DVD-ներում. «Ես ուսումնասիրում եմ շուկա մտնող ցանկացած գիրք ու DVD եւ դեռ չեմ գտել այնպիսի մեկը, որը կարող եմ տալ ցանկացողներին ու հանգիստ խղճով ասել՝ գնացեք սրանով պարապեք: Որովհետեւ այնտեղ կարող է լինել, օրինակ, այսպիսի միտք. եթե փորձել ես մի քանի անգամ մեդիտացիա անել ու չի ստացվել, գուցե պետք չի սոված փորով նստել, չնայած այնտեղ սկզբում ասվում է, որ պետք է սոված լինել, եւ որպեսզի այդ գիրքը լավ վաճառվի՝ գրում են, որ մեդիտացիայից առաջ կարող ես կաթով սուրճ խմել ու անել շնչառական վարժություններ: Բայց եթե մարդը մոտ 10 անգամ այդպես վարվի, կարող է ուղեղի արյան զեղում ստանալ. շնչառական շատ վարժություններ աշխատում են ուղեղի վրա, նաեւ կարող է մարմնի տարբեր մասերում ծակոցներ սկսել, որովհետեւ շնչառական վարժությունները բացում են էներգետիկ հանգույցները, իսկ եթե քո օրգանիզմում թեկուզ հեղուկ վիճակում սնունդ կա՝ նշանակում է քո էներգիայի մեծ մասն աշխատում է մարսողության համակարգում»: Վահագնի ձեւակերպմամբ՝ յոգան օգնում է բարձրացնել կենսաէներգիայի մակարդակը: Ըստ նրա, յոգայի մյուս օգուտներից է՝ մտավոր դաշտի վրա վերջինիս դրական ներգործությունը. «Այն մաքրում է միտքն ու օգնում է ուշադրությունը կենտրոնացնել: Յոգան նվազեցնում եւ վերացնում է սթրեսները: Խորը շնչառության շնորհիվ հեռացվում են այն հորմոնները, որոնք արտադրվել էին գերհոգնածության, ջղայնության կամ որեւէ այլ նմանատիպ ազդակի պատճառով: Յոգան օգնում է նաեւ ձերբազատվել կուտակված էմոցիաներից: Շատ հաճախ կուտակված բացասական էմոցիաները հորդում են դեպի մեր մարմին ու ներսից լրջորեն վնասում: Յոգայի վարժությունների մեծ մասով որոշ ժամանակ հատկացնում են մեդիտացիային, որը կենտրոնացման ավելի խորը ու նպատակաուղղված վարժություն է: Մեդիտացիան օգնում է սովորել ղեկավարել մեր մտքերի հոսքն ու դրանցում կարգուկանոն հաստատել»: Վահագնը նաեւ հավելեց, որ FACEBOOK-ում մեծ խումբ է բացել, որն էլ կոչվում է «Himalayan Yoga in Armenia», որտեղ արդեն 272 մարդ կա գրանցված: FACEBOOK-ի ցանկացած օգտագործող, այդ խմբով հետաքրքրվելու դեպքում, կարող է փնտրել այն՝ նշված անվամբ ու գրանցվել: Ցանկացած անհատ ոչ միայն այդ խմբում, այլեւ http://yogaarmenia.blogspot.com բլոգում կարող է հարցեր գրել ու քննարկումներ անցկացնել:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հպումներից չայլայլվողներն անզգա են, անհոգի

Վերջինիս կարիքը զգում են բոլորը, անկախ տարիքից ու սեռից

Հպումը համարվում է մարդկային բնազդներից լավագույնը: Այն կարող է ուժ հաղորդել, հանգստացնել, լիցքաթափել, կարգավորել մտքերը եւ բարելավել ինքնազգացողությունը: Հպումը ձեռքերի, մարմինների միաձուլման միջոցով կարող է հանդիսանալ նաեւ բուժում: Մարդ արարածը իր բնությամբ մեծ անհրաժեշտություն ունի ֆիզիկական շփման՝ հպումների միջոցով: Դա հատուկ է մարդուն իր ծննդյան առաջին իսկ րոպեներից եւ կյանքի բոլոր պարագաներում: Հայտնի է, որ ֆիզիկական կոնտակտի միջոցով մարդուն կարելի է պատճառել ոչ միայն ցավ կամ հաճույք, այլեւ կարելի է հաղորդել էներգիա, որը կարող է մեծ ազդեցություն թողնել ոչ միայն նրա անատոմիայի, այլեւ հոգեբանության վրա: Բնականաբար, միշտ եւ բոլորի համար էլ հաճելի է, երբ մեղմ հպումներ են զգում հատկապես այն դեպքում, երբ դա կատարվում է սիրելի կամ ցանկալի անձնավորության կողմից: Բնության օրենքների համաձայն՝ մարդը հպումների եւ մերսման միջոցով կարող է անհավանական արդյունքների հասնել՝ շատ հիվանդությունների դեպքում փոխարինելով քիմիական միջամտությանը: Հպումը հաճախ ասոցացվում է մերսման տարբեր մեթոդների հետ: Իսկ իրականում հպումը գրեթե մերսումն է: Սակայն հպվել կարող են բոլորը, բայց պրոֆեսիոնալ ձեւով մերսել՝ միայն մասնագետները: Ամեն դեպքում ամենեւին էլ պարտադիր չէ մասնագետ լինել, որ կարողանալ մեղմորեն հպվել, ասենք, սիրելիին՝ վերջինիս հաճույք ու բավականություն պատճառելու համար: Ասում են՝ մարդու էության գաղտնիքը ամենից առաջ տրված է նրա ծագման խորհրդավորության մեջ, ու մարդու համար ամենագայթակղիչ վարկածը նրա աստվածային արարումն է: Իսկ նա, ով ունակ է իր հպումներով ազդեցություն թողնել մեկ ուրիշի ոչ միայն մարմնին, այլեւ հոգում, ունակ է կառավարելու:



Ինչ վերաբերում է կառավարելու գործընթացին, ապա դա այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ սովորաբար զգացմունքները, մարմինն ու զգացողությունները հակված են չկառավարվելուն: Բացառություն են կազմում միայն ցանկությունները, որովհետեւ դրանք կառավարվում են ուղեղի ու պայծառ մտքի շնորհիվ, եւ առողջ բանականություն ունեցող մարդը ոչ մի դեպքում չի կորցնում ինքնատիրապետումը: Հենց ինքն իրեն տիրապետել կարողացող մարդն էլ ունակ է ընկալելու հպման զգայական կիրքը: Ասում են՝ հպումներից փշաքաղվող մարդիկ կրքոտ են, իսկ նրանք, որոնք հպումներից ոչինչ չեն զգում կամ գոնե մի քիչ չի «այլայլվում» նրանց մարմինը, նրանց հոգիներն անզգա են: Ասում են՝ մեղմ հպումներից զգացածը տվյալ պահին մարդու էության ու հոգեվիճակի թարգմանն է: Հնարավոր չէ, որ հպումները ցանկալի չլինեն ինչ-որ մեկի համար, պարզապես հպվելիս կամ մերսելիս պետք է հաշվի առնել մարդու հոգեվիճակը. եթե վերջինս նյարդայնացած է, չի բացառվում, որ ձեր հպումներն էլ ավելի բարկացնեն, գրգռեն նրան: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ հպումներ լինում են սեռական հարաբերություններ սկսելիս, դրա ժամանակ ու ավարտին: Այսինքն՝ ակնհայտ է, որ հպումները մեզանից անպակաս են: Մասնագետներն ասում են՝ մերսումը թուլացնում է մարդու օրգանիզմն ու հանգստացնում նյարդերը, իսկ ոչ պրոֆեսիոնալ մերսողների դեպքում այն հաստատ հակառակ ազդեցություն է թողնում: Եթե մերսման համար անհրաժեշտ է դիմել մասնագետի, ապա լիցքաթափվելու, հաճելի զգացողություններ ապրելու, մտքերը կարգավորելու համար պարզապես հպվեք սիրելի կամ ցանկալի անձնավորությանն ու թույլ տվեք, որ ձեզ էլ հպվեն: Հպումները, գուրգուրանքները սովորաբար հանգստացնում են նյարդերը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք իրականացվում են «ոչ մասնագետի» կողմից: Այսպիսով, տարբերելով հպումն ու մերսումը, հարկ է նշել, որ մերսում հասկացությունը շրջանառվել է անհիշելի ժամանակներից, անցել է տեխնիկական մշակման բազմաթիվ փուլեր՝ շարունակաբար ենթարկվելով կատարելագործման:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Տուգանք՝ ծխելու, թե՞ չծխելու համար



Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը ծխում է

Երեկ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1987թ.: Նշենք, որ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններից մահանում է 5 մլն մարդ, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ըստ բժիշկների՝ ծխողների մեծամասնությունը ծխելուց առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է միջին տարիքում՝ ծխել սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որեւէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը: Ավելորդ չէ հիշեցնել բոլոր ծխախոտամոլներին, որ ծխախոտը պարունակում է նիկոտին, որն էլ միջազգային առողջապահպան մարմինների կողմից ճանաչված է որպես կախվածություն առաջացնող նյութ: Ծխախոտը պարունակում է նաեւ խեժ, որն ունի քաղցկեղածին բազմաթիվ նյութեր:

ՀՀ առողջապահության նախարարությունը, բնորոշելով իրավիճակը Հայաստանում, փաստում է, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն՝ բարձր:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը կանոնավոր ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունն աշխատունակ տարիքի տղամարդիկ են (20-65 տարեկան), որոնցից 54.7%-ը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են, առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երեւան քաղաքի եւ մարզերում բնակվող կանանց շրջանում: Երեւանում բնակվող կանանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան մարզերում:

Հաշվի չառնելով ծխախոտի առաջացրած հետեւանքները, պարզվում է՝ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան դեմ են գնացել չինացիները: «The «Daily Telegraph»-ը գրում է, որ չինական Հուբեյ նահանգի իշխանությունները տեղի ծխախոտագործական ընկերությանն աջակցելու համար պաշտոնյաներից ու պետծառայողներից պահանջել են ակտիվորեն ծխել:

Ըստ aysor.am-ի՝ «Daily Telegraph» պարբերականում նաեւ ասվում է, որ Չինաստանի տնտեսությանն աջակցելու համար պետծառայողները, նոր օրենքի համաձայն, պետք է, ընդհանուր առմամբ, 230 հազար տուփ տեղական արտադրության ծխախոտ ծխեն: Ըստ օրենքի՝ այն մարդիկ, ովքեր չեն կատարի պահանջը կամ կծխեն ուրիշ երկրի արտադրության ծխախոտ, ստիպված կլինեն տուգանք վճարել:

Հավելենք նաեւ, որ 2008 թվին էլ, օլիմպիական խաղերի նախաշեմին՝ Չինաստանի կառավարությունը օրենք էր ընդունել, որն արգելում էր ծխել Պեկինի հասարակական վայրերում։ Ըստ օրենքի՝ ռեստորաններում պետք է հատուկ տեղեր առանձնացվեին չծխողների համար։ Իսկ բարերի տերերը ստիպված էին հստակ նշել, թե որտեղ կարելի է ծխել, իսկ որտեղ՝ ոչ։ Այս օրենքը խախտած հիմնարկներն էլ ստիպված էին 5000 յուան (մոտ 700 դոլար) տուգանք վճարել։ 200 յուան էլ տուգանք նախատեսվել էր անհատ անձանց համար։

Հուսանք, Չինաստանի օրինակը՝ մարդկանցից պահանջել ակտիվորեն ծխել, վարակիչ չի դառնա ՀՀ կառավարության համար ու վերջինս Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու նպատակով չի դիմի նման կոշտ ու վնասակար մեթոդների:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Ձեր նյարդերը լարվա՞ծ են

Սեքսով զբաղվեք անձրեւի տակ

Բրիտանացի նյարդաբանները բազմիցս հաստատել են, որ սեքսով զբաղվելը ամենաարդյունավետ միջոցն է նյարդերը հանգստացնելու համար: Այն, որ սեքսը օգտակար է առողջությանը, գիտեն հիմնականում բոլորը: Հավանաբար քչերը կիմանան, որ անձրեւի տակ քայլելն ու նստելը եւս հանգստացնում է նյարդերը. ավելին, նա, ով փորձի առանց անձրեւանոցի քայլել կամ նստել հորդառատ անձրեւի տակ՝ վերջինիս սիրահարվածի կամ առնվազն խենթի տեղ կդնեն: Իսկ երբ սեքսն է համատեղվում անձրեւի հետ, ըստ բրիտանացի նյարդաբանների 2006 թ. իրականացրած հետազոտության արդյունքների, նյարդային նոպաները չքանում են: Մասնագետները պարզել են, որ նյարդային խանգարումներ ունեցողները պետք է ձգտեն սեքսով զբաղվել անձրեւի տակ, ու քանի որ ե՛ւ անձրեւը, ե՛ւ սեքսը թուլացնում են օրգանիզմը, մկանները, մարդկանց մոտ զարգանում եւ ակտիվանում են «երջանկության» հորմոնները: Իսկ երբ մարդը երջանիկ է, բավարարված բոլոր առումներով, նա ոչնչից չի լարվի ու չի նյարդայնանա: Բուժման այս մեթոդը փորձարկելու համար բրիտանացիները գտել են տարբեր տարիքի 28 զույգի, որոնցից նյարդերը հանգստացնելու խնդիր են ունեցել մի մասի ամուսինները, մի մասի կանայք ու եղել են նաեւ այնպիսի զույգեր, որոնց մոտ խնդիրը երկկողմանի է եղել: Բուժման կուրսը տեւել է 3 ամիս, շաբաթական 4 թերապիա: Իսկ ինչ վերաբերում է շաբաթական 4 անգամ տեղացող անձրեւին, ապա այս հարցում էլ խնդիրներ չեն եղել, սակայն ոչ թե բնությունն է հիվանդների սրտով գնացել, այլ զույգերին հորդառատ անձրեւով ապահովել է մասնագետների ստեղծած հատուկ լաբորատորիան: Հարկ է նշել, որ բուժման եռամսյակը բավականին լավ է անդրադարձել բոլոր 28 զույգերի վրա: Նրանցից 16-ի մոտ նյարդային խանգարումներն անցել են երկրորդ ամսվա սկզբից, 7-ի մոտ՝ վերջից, իսկ մնացած 5 զույգերը լիարժեք վերականգնել են իրենց նյարդերը մինչեւ բուժման ավարտը:

Նշենք նաեւ, որ 1,5 տարի շարունակ սեքս-թերապիայի արդյունավետության մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել բրիտանական մամուլում: Թերապիայի համար ստեղծվել է հատուկ կենտրոն, որտեղ էլ տեղակայված է արհեստական անձրեւ ապահովող լաբորատորիան, որի չափերը հասնում են մոտ 5000 հեկտարի:



Բրիտանացիներն իրենց հետազոտությունն անվանել են սեքս-թերապիա ու որոշել են ընդլայնել անձրեւի ու սեքսի համադրմամբ հիվանդությունների բուժումը:

Նշենք նաեւ, որ վերջերս բրիտանական մամուլին տված հարցազրույցներից մեկում նյարդաբան Ջոն Էդիսոնը ասել է, որ իրենց մոտ բուժվողների թիվն օրեցօր ավելանում է, սակայն երկրի ղեկավարությունը դրան լուրջ չի վերաբերվում ու ոչնչով իրենց չի աջակցում ավելի մեծ կենտրոն ստեղծելու ու ավելի շատ մարդկանց օգնելու համար:

Ջ. Էդիսոնը նաեւ ասել է, որ իրենք կարող են լուծել նույնիսկ այն հիվանդների խնդիրը, որոնք զուգընկեր չունեն, բայց ցանկանում են այդտեղ բուժվել. «Բոլոր միայնակ կանանց եւ տղամարդկանց ցանկության դեպքում թերապիայի ժամանակ մենք տրամադրում ենք զուգընկեր: Մեր կողմից տրամադրվող զուգընկերը ամբողջ թերապիայի ժամանակ չի փոխվում, այսինքն՝ հիվանդ կինը 3 ամիս, շաբաթական 4 օր սեքսով է զբաղվում միեւնույն մարդու հետ: Դա եւս հենց այնպես չի արվում: Եթե զուգընկերը պարբերաբար փոխվում է, մարդը չի հասցնում ընտելանալ ու չի կենտրոնանում: Իսկ երբ զուգընկերը տվյալ կնոջ ամուսինն է կամ ընկերը, այսինքն՝ նրանք ծանոթ են լինում միմյանց սեքսուալ կարողություններին, հմտություններին՝ ոչ մի խնդիր չի լինում: Այդ պատճառով էլ մեր կողմից տրամադրված զուգընկերները բուժման ընթացքում չեն փոխվում: Միայն վատն այն է, որ հիվանդները երբեմն սիրահարվում են կենտրոնի աշխատակիցներին, այսինքն՝ իրենց զուգընկերներին»:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Քնած ժամանակ ընդունած դիրքը ձեզ կմատնի

Հոգեբաններն ասում են. «Քնած ժամանակ մարդու ընդունած դիրքը խոսում է տվյալ գիշեր զուգընկերոջ հետ ունեցած սեռական հարաբերության հաջողված կամ անհաջող լինելու մասին»:

Քնած ժամանակ մարդն իրեն լիարժեք ազատ է պահում, այսինքն՝ մարդը քնելիս չի կարող հատուկ ձեւ կամ դիրք ընտրել, որպեսզի գեղեցիկ, բավարարված կամ մոդայիկ տեսք ունենա: Օրինակ, կանայք քնից արթնանալիս հաճախ, զուգընկերոջը չնեղացնելու համար, խաբում են, ասելով, որ նրա հետ ունեցած սեքսն անկրկնելի էր, կամ հակառակը՝ տղամարդիկ են իրենց սիրելիներին խաբում՝ նորից չվիրավորելու համար: Սակայն, ըստ մասնագետների, այս առումով թե տղամարդկանց, թե կանանց կարելի է ստուգել սեքսից հետո, քնած ժամանակ նրանց ընդունած դիրքով: Օրինակ, եթե տղամարդը քնում է փորի վրա, նշանակում է, որ այդ գիշեր նա այնքան էլ հաջողված սեքս չի ունեցել կամ, ավելի ճիշտ, զուգընկերը նրան չի բավարարել: Ինչ վերաբերում է կանանց, ապա եթե քնած ժամանակ կնոջ ոտքերը լայն բացված դիրքով են կամ խառնված զուգընկերոջ ոտքերին, կամ էլ բարձն է գրկել, ապա սեռական հարաբերությունը լիարժեք չի եղել: Մասնագետներն ասում են նաեւ, որ եթե զուգընկերները սեքսից հետո իրար գրկած են քնում, ապա այս դեպքում որոշել, թե նրանց սեքսն ինչպիսին է եղել՝ մի փոքր բարդ է, որովհետեւ հետազոտությունները ցույց են տվել, որ եւ՛ բավարարված, ե՛ւ ոչ լիարժեք բավարարված լինելու դեպքում շատերն են քնում գրկախառնված:

Իսկ եթե կինն ու տղամարդը երկուսն էլ քնած են մեջքի վրա կամ կողքի՝ դեմքով դեպի իրար, ապա նշանակում է, որ այդ գիշերը նրանց համար հիասքանչ է եղել: Իսկ երբ տղամարդն ու կինը պառկած են փորի վրա, ապա, ըստ հոգեբանների՝ վերջիններս հոգեվերլուծողի միջամտության կարիք ունեն:

Այն զույգերը, որոնք պարբերաբար արթնանում են փորի վրա պառկած՝ նշանակում է, որ նրանց հարաբերությունները լարված են՝ սեռական կյանքը ոչ լիարժեք լինելու պատճառով: Հոգեբանները խորհուրդ են տալիս հոգալ այն մասին, որ քնած ժամանակ մեկի ընդունած դիրքը չհիասթափեցնի մյուսին: Իսկ որպեսզի այդ ամենը տեղի չունենա, հարկավոր է ապրել լիարժեք սեռական կյանքով, ինչի համար էլ անհրաժեշտ է սեքսից առաջ եւ դրա ընթացքում ուղեղը չծանրաբեռնել ուրիշ մտքերով ու կենտրոնանալ միայն զուգընկերոջ վրա:


Ե. Հ

Հեռուստացույցը վտանգավոր է, սեքսը՝ օգտակար

Ննջարանից հանեք հեռուստացույցը

21-րդ դարում ապրող մարդն այնքան է «կախված» հեռուստացույցից, որ հաճախ չի էլ նկատում այդ սարքի հանդեպ իր կախվածությունն ու վարքի կտրուկ փոփոխությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստաէկրանից ցուցադրվածը, որպես կանոն, մարդուն այն աստիճան է ծանրաբեռնում, որ վերջինս դրանց շնորհիվ լիցքաթափվում է բոլոր առումներով: Այսինքն՝ մարդը, որն իր ողջ ժամանակն անցկացնում է հեռուստացույցի առջեւ՝ սիրահարվում է որեւէ վիրտուալ կերպարի, հիասթափություն ապրում անիրական բաներից, էրոտիկ կադրեր դիտելիս գրգռվում է ու սեքսով զբաղվում էկրանին ցուցադրվող տեսարանի հետ, զայրանում է, օրինակ, քաղաքական գործիչների անիրական խոստումներից եւ այլն: Ըստ հոգեբանների՝ այս կերպ ապրելը սխալ է, որովհետեւ մարդը օրվա մեծ մասը հեռուստացույցի առջեւ անցկացնելիս իր համար ստեղծում է մի անիրական աշխարհ, ինչն էլ նրան զրկում է իրական կյանքի մի շարք վայելքներից: Հոգեբաններն ու սեքսապաթոլոգները խստիվ արգելում են ննջարանում հեռուստացույցի առկայությունը, հատկապես զույգերին: Մասնագետների խոսքերով, մարդը, որը հեռուստացույցի առջեւ երկար ժամանակ է անցկացնում ու նույնիսկ անկողնում է դիտում, անկախ նրա դիտած հաղորդումներից կամ ֆիլմերից՝ դանդաղում եւ քչանում է օրգանիզմում արտադրվող սեռական հորմոնների քանակը: Ինչն էլ իր հերթին արգելափակում է սեռական գրգռվածություն ստանալու զգացողությունը: Սակայն այս առումով բացառություն է կազմում միայն էրոտիկ տեսարանների դիտումը, ինչը յուրաքանչյուր առողջ մարդու մեջ ցանկություններ է արթնացնում: Հոգեբանները խորհուրդ են տալիս, որ ննջարանում հեռուստացույց չլինի, որովհետեւ այն կարող է շեղել տղամարդկանց՝ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում. եթե կա հեռուստացույց, ապա նրանք այդ պահին չեն կենտրոնանում հաճույք ստանալու եւ պարգեւելու վրա: Իսկ ինչ վերաբերում է կանանց, ապա հեռուստացույցի առկայությունը նրանց վրա եւս բացասաբար է ազդում. կանայք սեքսի ժամանակ կոմպլեքսավորվում են՝ մտածելով քիչ առաջ զուգընկերոջ հետ դիտած էրոտիկ ֆիլմի հերոսուու հմտությունների մասին: Այդ պահին նրանց թվում է, թե իրենք վատն են, զուգընկերն էլ հիասթափվելու է:


Այն մարդը, որի ննջարանում պարտադիր հեռուստացույց է միացված, իսկ կողքին հակառակ սեռի ներկայացուցիչ է պառկած, չի կարող կենտրոնանալ սեքսի վրա, նա աստիճանաբար կնահանջի: Իսկ սեռական կյանքով ապրողի համար երկար ժամանակ սեքսով չզբաղվելը, սեքսի համար ժամանակ չունենալն ու այն մեկ այլ բանով՝ հեռուստացույց դիտելով փոխարինելը խթանում է մի շարք հիվանդությունների առաջացումը: Եվ քանի որ սեքսը օգտակար է առողջությանը՝ հարկավոր է ննջարանից հանել հեռուստացույցը:

Մասնագետները մոլի հեռուստացույց դիտողներին խորհուրդ են տալիս սահմանափակել դիտելու ժամերն ու փոխարենը ավելի հետաքրքիր զբազմունք գտնել. գնալ սրճարան, դիսկոտեկ, թատրոն կամ էլ մնալ տանն ու զբաղվել սեքսով:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԵՂՄՆԱԿԱՆԽԻՉՆԵՐԻՑ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՆՈՒՄ

Ինֆորմացիայի պակասը շփոթության մեջ է գցում

Հղիությունը կանխելու համար կանայք դիմում են բազմաթիվ մեթոդների: Եվ դրանցից մեկն էլ բեղմնականխման հորմոնային մեթոդն է: Իսկ թե իրականում ինչ է սա իրենից ներկայացնում, հավանաբար քչերն են ճշգրիտ տեղեկացված:

Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե մարդիկ ինչ-որ խնդիր կամ խորհրդի կարիք են ունենում՝ անպայման դիմում են մասնագետի: Հայաստանում, ցավոք, ոչ բոլորն են այդպես վարվում. օրինակ, երբ ցանկանում են խուսափել անցանկալի հղիությունից, մասնագետին դիմելու փոխարեն, այստեղից-այնտեղից ինչ-որ հակաբեղմնավորիչ հաբերի մասին լսելով, սկսում են ընդունել դրանք՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու եւ վտանգում են առողջությունը:


Որո՞նք են բեղմնականխման հորմոնային մեթոդները, ի՞նչ ազդեցություն են ունենում դրանք, ի՞նչ հետեւանքներ են թողնում, հետագայում վնասակա՞ր է այն առողջությանը, թե՞ ոչ. այս հարցերի պատասխանները հստակ տրված են «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի թողարկած բրոշյուրի մեջ:

Ըստ ասոցիացիայի մասնագետների՝ հորմոնային բեղմնականխումը անցանկալի հղիության կանխման ամենահուսալի ու անվտանգ մեթոդներից մեկն է: Ինչպես հայտնի է, հորմոնային բեղմնականխիչները լինում են հաբերի տեսքով, սրվակների մեջ՝ ներարկման համար, նաեւ ներմաշկային իմպլանտանտների տեսքով, որոնք բոլորն էլ պարունակում են որոշակի քանակությամբ հորմոնային նյութեր, իսկ վերջիններս իրենցից ներկայացնում են կնոջ ձվարանների կողմից արտադրվող բնական սեռական հորմոնների արհեստական նմանակներ: Ըստ բժիշկների, սովորաբար այդ նյութերը կանանց օրգանիզմ ներմուծելու դեպքում խանգարվում է ձվաբջջի հասունացման եւ արտազատման կենսընթացը ձվարանում, ու խտանում է արգանդի վզիկի լորձաթաղանթի կողմից արտազատվող լորձը: Եվ հենց այս փոփոխություններն են, որ ապահովում են հորմոնային բեղմնականխիչ միջոցների հակաբեղմնավորիչ ազդեցությունը:

Գինեկոլոգների խոսքերով՝ կանանց մեծամասնությունը հաճախ խուսափում է բեղմնականխման հորմոնային մեթոդներից, կարծելով, որ հաբերից կարող են մարմնի ու դեմքի վրա մազեր աճել: Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ բեղմնականխիչ հաբերի ընդունումը խոչընդոտում է կնոջ դեմքի ու մարմնի վրա ախտաբանական մազակալման զարգացմանը ու օգտագործվում է նաեւ բուժիչ նպատակով:

Կանայք, որոնք ամբողջ կյանքում վախենում են գիրանալուց, կարծում են, թե բեղմնականխիչ հաբեր օգտագործելու դեպքում կգիրանան, բայց մասնագետները պնդում են, որ սովորաբար հաբերից չեն գիրանում: Հաբեր ընդունելիս պարզապես հնարավոր է, որ որոշ կանանց մոտ բարելավվի ախորժակը, իսկ քաշի ավելացում նկատվի ընդամենը 1-2 կգ-ով:

Ըստ «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի մասնագետների՝ տարածված այն կարծիքը, որ բեղմնականխիչ հաբեր ընդունող կանանց մոտ հետագայում առաջանում է քաղցկեղ, սխալ է: Գիտնականների կողմից հաստատվել է, որ հորմոնային բեղմնականխիչ հաբերի երկարատեւ օգտագործման դեպքում նվազում է էնդոմետրիումի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Բեղմնականխիչ հաբեր օգտագործելու մասին մասնագետներն ասում են նաեւ, որ գոյություն ունի միափուլ եւ եռափուլ հաբերի ընդունման կարգ: Իսկ ինչ վերաբերում է ներարկվող բեղմնականխիչներին, ապա վերջիններիս կազմի մեջ են մտնում կանանց սեռական հորմոնների երկարաձգված ազդեցությամբ արհեստական նմանակները, մասնավորապես՝ պրոգեստագենները: Ներարկվող բեղմնականխիչները ներմուծվում են միջմկանային ճանապարհով, իսկ վերջիններիս օգտագործման կարգը կախված է պատրաստուկի տարատեսակից:

Իմպլանտանտների տեսքով հորմոնային բեղմնականխիչներն էլ իրենցից ներկայացնում են ճկվող պատիճներ, որոնք լցոնված են պրոգեստերոնի սինթետիկ նմանակով՝ լեոնորգեստրելով: Դրանք բեղմնականխիչ նպատակով ներպատվաստվում են կնոջ բազկի մաշկի տակ: Այս բուժմիջամտությունը կատարվում է միայն մասնագիտացված բուժհիմնարկներում, հետեւաբար խորհուրդ չի տրվում դիմել ոչ մասնագետներին: Իմպլանտանտների բեղմնականխիչ ազդեցությունը սկսվում է պատիճի տեղադրումից անմիջապես հետո եւ շարունակվում է մինչեւ դրանց հեռացումը: Իսկ պատիճներն անհրաժեշտ է հեռացնել տեղադրումից ոչ ուշ, քան 5 տարի անց:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Տղամարդիկ վախենում են

Գիտականորեն ապացուցված փաստ է այն, որ տղամարդիկ ավելի շատ են վախենում ծերանալուց, քան կանայք: Չնայած ենթադրվում է, որ պետք է հակառակը լիներ, բայց այդպես չէ: Ամեն դեպքում, եթե կանայք վախենում են նրանից, որ տարեցտարի խամրում է իրենց գեղեցկությունը, ապա տղամարդիկ հայտնվում են դեպրեսային իրավիճակների մեջ՝ նույնիսկ այն մտքից, որ տարիների ընթացքում իրենց մոտ թուլանալու է սեռական բավարարվածություն ստանալն ու պարգեւելը: Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի մեջ ընկած տղամարդկանց այդ վիճակից դուրս բերելն ավելի դժվար է, քան կանանց:
Ըստ հետազոտությունների, տղամարդիկ ավելի խոցելի են, քան կանայք, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին: Օրինակ, եթե կանանց մոտ սեռական կյանքով ապրելն այնքան էլ լավ չի ստացվում, վերջիններս դրան այդքան էլ ցավագին չեն վերաբերվում, իսկ երբ տղամարդիկ են սեքսում անհաջողություններ ունենում՝ նրանց հուզմունքը հոգեկան խանգարման է հասնում: Այս իրավիճակում հայտնված տղամարդկանց թվում է, թե իրենք կնոջ մոտ նվաստացուցիչ վիճակում են, անպիտան են, ու իրենց զուգընկերը կամ օրինական կինը շուտով իրենց կլքեն: Բայց պետք չէ այդպես հիվանդագին վերաբերվել սեռական կյանքում ունեցած անհաջողություններին, որովհետեւ, ըստ սեքսոլոգների, դա հիվանդություն չէ, ու նման բան կարող է պատահել յուրաքանչյուր առողջ մարդու հետ:




Ե. ՀԱԿՈԲՅԱՆ