понедельник, 28 июня 2010 г.

Պահպանակները՝ «հատուկ» դեպքերի համար

Հայերը «տենց բաներ» չեն օգտագործում

Մարդկանց մի մեծ զանգված պահպանակը սխալ է օգտագործում. այս եզրահանգմանն է եկել ամերիկացի գիտնական Ջոն Բրաունը (չնայած նրա ուսումնասիրության արդյունքներն ավելի կսազեին ռուս հումորիստ Միխայիլ Զադորնովի գրչին): Նրա անցկացրած հետազոտության համաձայն՝ գնված 10 պահպանակներից 8-ը օգտագործվում է ոչ անմիջական նշանակությամբ: Պահպանակների իրացվող քանակի 40%-ը օգտագործվում է ոչ ինտիմ նպատակով: Կարծում եմ, շատերը կհամաձայնեն Ջ. Բրաունի հետ, որովհետեւ, հայերից բացի, շատերն այն մասերի կբաժանեն ու առանձին-առանձին կօգտագործեն: Հետազոտողի տվյալներով՝ փորձը ցույց է տվել, որ պահպանակի սկզբի հատվածով մազերն են ամրացնում, վերջավորությունը կտրում եւ զգեստապահարանում են դնում, որպեսզի պահպանակի մրգային հոտը հենց այնպես չկորչի (խոսքը մրգային, հոտավետ պահպանակների մասին է), իսկ մեջտեղի հատվածը անցկացնում են փողի կամ որեւէ այլ փաստաթղթի վրա: Անդրադառնալով ամերիկացու հետազոտությանը, փորձեցինք այն տեղայնացնել ու հայ կանանցից պարզել՝ երբեւէ մազերն ամրացրե՞լ են պահպանակով: Այս հարցին միջին տարիքի մի կին այսպես արձագանքեց՝ «ինչ հիմարություն է... հո ես անբարոյական չեմ՝ պահպանակ պահեմ, հլը մի հատ էլ մազերիս կապեմ: Ես տենց բաներ չեմ օգտագործում»: Զարմանալի է, բայց փաստ, որ երիտասարդ աղջիկների շրջանում եւս պահպանակ բառը իրարանցում առաջացրեց: Չնայած չափազանց մոդայիկ հագնված մեր հայուհիները շատ այլ հարցերում առաջադեմ են ձեւանում, բայց պահպանակի օգտագործման այլընտրանքային եղանակների մասին բավականին վատ արտահայտվեցին: Սակայն գտնվեցին նաեւ համարձակները՝ հազիվ 17-18 տարեկան, ծիծաղելով ասացին, որ «կարելի է փորձել»: Հոտավետ պահպանակները զգեստապահարանում պահելը՝ մերոնք խելագարություն անվանեցին, իսկ մի մասը գաղափար էլ չուներ, որ դրանք կարող են նաեւ հոտավետ լինել:
Առեւտրով զբաղվող ու դրամի փոխանակման կետերում աշխատող տղամարդկանցից հարցրինք՝ փորձե՞լ են պահպանակը մասնատել եւ փողի «կալոդի» վրա անցկացնել. նրանք չնայած զարմացան, բայց հարցին հումորով պատասխանեցին՝ «ափսոս չի՞ կտրատենք, ավելի հարմար դեպքերի համար կօգտագործենք»:
Ըստ Ջ. Բրաունի՝ հատկապես գարնանը մեծ մասսայականություն են վայելում ամենաէժան պահպանակները, որոնք մասերի են բաժանում ու կակաչների գլխիկին հագցնում, որ ժամանակից շուտ չբացվեն: Երբ այս հարցով մոտեցանք հայ ծաղկավաճառներին՝ բառիս բուն իմաստով խայտառակ արեցին...
Նկարիչները պահպանակով ներկով լի տարաների, իսկ տնային պայմաններում օղի թորողներն էլ՝ շշերի բերաններն են փակում. սա եւս ըստ Բրաունի է. չեմ հարցրել, բայց պատկերացնում եմ, թե այս հարցի հետ կապված ինչպես կարձագանքեին հայ օղի թորողները, հատկապես գյուղերում: Պարզվում է՝ հոգատար տանտերերը պահպանակը աթոռների ոտքերին են հագցնում, որ մանրահատակը չվնասվի (մանրահատակը աթոռներից պաշտպանելը հայերին հատուկ սովորույթ է), իսկ ոմանք էլ զուգարանի դռանը գիշերը լուսավորող պահպանակ են հագցնում, որ մթության մեջ չխարխափեն (բրիտանացիների «հայտնագործությունն» է):
Ժամանակակից կանայք իրենց ամուսինների «բարդաչոկում» պահպանակ գտնելով արդեն սկանդալ չեն սարքում, քանի որ գիտեն՝ դրանով կարելի է ծակված անիվը կպցնել: Սա չի վերաբերում հայ կանանց, որովհետեւ մեծամասնությունն ասաց, որ ամուսնու «բարդաչոկից» գտած այդ «զզվելի բանը» հաստատ չեն կարող «չտեսնելու տալ» ու անպայման պարզաբանում կպահանջեն:
Հետազոտողը համոզված է, որ, օրինակ, բանակում պահպանակը ավտոմատի փողին են հագցնում, որ փոշի ու կեղտ չլցվի, իսկ փչած վիճակում պահպանակները՝ զինվորները եւ զբոսաշրջիկները ջրային արգելք անցնելիս դնում են գրպանները. դժվար թե հայոց բանակում նման բան անեն:
Ըստ Բրաունի՝ մի բարմեն պահպանակն օգտագործել է երեւի թե ամենաանսովոր կերպով. ծակված պահպանակի մեջ լցրել է կետչուպ, մանանեխ, մայոնեզ ու կախել բարի «ստոյկայից», որպեսզի ամեն ցանկացող իր հոթ-դոգի մեջ լցնի. այս փաստը հետաքրքրեց հայ բարմեններին:
Ե. Հ.

среда, 23 июня 2010 г.

ՀԵՏԱՄՆԱՑ ՄՏԱԾԵԼԱԿԵ՞ՐՊ, ԹԵ՞ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Նահապետական ընտանիքի հայկական մոդելը փոփոխության կարիք ունի

Հայերը՝ հատկապես գյուղերում, նահապետական ընտանիք հասկացությունը սխալ են ընկալում: Ոմանց պատկերացմամբ՝ նահապետական համարվում է այն ընտանիքը, որտեղ կինը բառի բուն իմաստով օր ու արեւ չի տեսնում, ամբողջ օրը անցկացնում է գազօջախի առջեւ, զբաղվում ծանր գործերով, ժամանակ առ ժամանակ «ճաշակում» իր համար նախատեսված ծեծը, հնազանդվում ոչ միայն ամուսնուն, այլեւ՝ նրա ընտանիքի ամբողջ անդամներին, բարեկամներին: Այսպիսի հայկական «նահապետական» ընտանիքներում կանայք ձայնազուրկ են, զրկված բոլոր տեսակ իրավունքներից, եւ եթե ընտանիքում կա աղջիկ երեխա, ապա նրան էլ մանկուց դաստիարակում են հայկական «նահապետական» սովորույթների համաձայն, որովհետեւ, ի վերջո, նրան, առնվազն 16 տարին լրանալուն պես, ամուսնացնելու են, հետեւաբար աղջիկը պետք է մոր պես «կոփվի»՝ հիմնականում հորական տատի եւ պապի շնորհիվ:
Իրականում նահապետական ընտանիքը, դա պատմականորեն առաջին մոնոգամ (զույգ) ընտանիքն է, որի գլուխը տղամարդն է: Ընտանիքի այս ձեւն առաջ է եկել մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի կեսերին: Նահապետականի դեպքում տնտեսության, հասարակության մեջ եւ ընտանիքում գլխավոր դերը տղամարդուն է պատկանում:
«Շատերի կարծիքով նահապետական ընտանիք կոչվածը՝ կանանց նկատմամբ կիրառվող դաժանություններն են: Հիմնականում այսպես մտածողներին ինչքան էլ փորձես հակառակն ապացուցել, միեւնույն է՝ իրենց կարծիքը չեն փոխի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը: Ըստ նրա՝ հայ տղամարդկանց մեծամասնությունը գտնում է, որ ընտանիքում բոլոր կարեւոր դիրքերը պետք է զբաղեցնեն միայն իրենք, որոշումները եւս պետք է կայացնեն իրենք, ու եթե հանկարծ ընտանիքում տղա զավակ չի ծնվում, կինն ամբողջ կյանքում հալածվում է:
«Հայերի հետամնաց մտածելակերպը, որ ընտանիքում պետք է անպայման արու զավակ լինի՝ ուրիշ երկրներում ծիծաղելու առիթ է տալիս: Միայն հայերը կարող են կնոջը ծննդաբերելուց հետո այցի չգնալ, թողնել ծննդատանը, որովհետեւ աղջիկ է ծնվել: Երեխայի սեռի համար պայքարելու սովորույթը հայերիս մոտ երբեք չի վերանա: Բայց ինչ տարբերություն՝ աղջի՞կ է, թե՞ տղա, չէ՞ որ ամենակարեւորը առողջ եւ պիտանի զավակ լինելն է: Ու հիմնականում արու զավակ ունենալու համար պայքարողները տարիներ անց անիծում են իրենց բախտը, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ որդին խաղամոլ, թմրամոլ է դարձել, տուն ու տեղ ծախել եւ իր համար խելագարվող հորը փողոցներն է գցել...»,- պարտադիր արու զավակ տենչողների մասին ասաց Շ. Կարապետյանը, հավելելով, որ այս տիպի մարդկանց տղա ունենալու ցանկությունը հիմնականում սահմանափակվում է իրենց հոր անունը երեխային տալով:«Նահապետական ընտանիքի սովորույթները պահպանողների որոշ մասի մոտ խորը հիասթափություն է լինում այն ժամանակ, երբ զավակները մեծանում են ու խախտում ներընտանեկան կանոնադրությունը, օրինակ՝ Ռուսաստան գնալով, ռուս կնոջ հետ կապվելով, նրանից երեխա ունենալով եւ այլն: Այսօր մեր երիտասարդները նահապետական ընտանիք ասվածին լուրջ չեն վերաբերվում ու շատ էլ ճիշտ են անում: Այն ծառը, որը սխալ տեղում է աճել, պետք է արմատախիլ անել, ոչ թե ջրել եւ էլ ավելի մեծացնել: Այժմ երիտասարդները գիտակցում են, որ կանայք ստրուկ չեն եւ ունեն հավասար իրավունքներ: Այս ամենը գիտակցելով՝ մեր երիտասարդ ընտանիքներում ավելի առողջ մթնոլորտ է տիրում»,- հավաստիացնում է Շ. Կարապետյանը:
Հիմնվելով կոնկրետ փաստերի վրա՝ նշեմ, որ մինչեւ 18-րդ դարը Ռուսաստանում ընտանիք բառը չէր օգտագործվում: Բարձր խավի մեջ կար տան, իսկ գյուղացիության մեջ՝ բակի գաղափարը: Իր ժամանակին նահապետական ընտանիքը կատարել է դրական դեր՝ հասարակությունը դարձնելով ավելի կազմակերպված. դաստիարակում էր երեխաներին եւ խնամում ծերերին: Պետք է նկատել, որ այդ ժամանակներում բազմակնություն չկար: Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ նահապետական ընտանիքը աստիճանաբար սկսեց քայքայվել: Որպես անցման էտապ՝ առաջ եկավ, այսպես կոչված, չբաժանված ընտանիք երեւույթը: Սա արդեն կազմված էր ոչ թե երեք եւ ավելի, այլ միայն երկու սերունդներից՝ ծնողներ եւ երեխաներ: Իրենց սեփական բջիջը ստեղծելու պարագայում երեխան ձգտում էր առանձնանալ: Ներկայումս, որպես տնտեսական միավոր, ընտանիքը կորցրել է իր նշանակությունը: Ձեռք բերելով նյութական անկախություն, բազմաթիվ կանայք կարող են ինքնուրույն կերակրել եւ դաստիարակել իրենց երեխաներին: Այդ պատճառով էլ օրինական ամուսնանալու մեծ ցանկություն շատերը չունեն:
Օրինակ, Արեւմտյան Եվրոպայում ընտանիքների մեկ քառորդը կազմված է չամուսնացած կնոջից եւ երեխայից: Ավելի հաճախ քաղաքացիական ամուսնությունն է կիրառվում:
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ այս վիճակից տուժում են: Օրինակ, ֆրանսիացիների 20%-ը կուզենար վերադառնալ նահապետական ընտանիքին եւ իր կողքին տեսնել տնտեսապես կախում ունեցող կնոջը: Ռուսաստանում այս միտումն ավելի ուժեղ է: Հայաստանում՝ առավել եւս:
Մեր զրուցակցի կարծիքով՝ «հայերը սովոր են, երբ կինն ամբողջովին կախված է ամուսնուց. նույնիսկ գնումներ կատարելու հարցում: Շատ ընտանիքներում ամուսինը վերահսկում է կնոջ ծախսած ամեն լուման: Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որտեղ բոլոր գնումները հենց տղամարդն է կատարում, այսինքն՝ անգամ այս հարցում կինն իրավունքներ չունի: Պետք է նշեմ եւս մի ավանդական կոչված անհեթեթ սովորույթի մասին. դա ամբողջ կյանքում մեկ հարկի տակ ամուսնու ընտանիքի անդամների հետ ապրելն է: Ու հիմնականում կապ չունի, թե, օրինակ, 2 սենյականոց բնակարանում քանի հոգի է ապրում, միեւնույն է՝ ավանդապահ մարդիկ տղային ամուսնացնելիս պարտադիր պահում են իրենց տանը, թույլ չտալով առանձնանալ: Ծիծաղելի է, բայց փաստ, որոշ ընտանիքներում սկեսրոջ կողմից նույնիսկ վերահսկվում է տղայի ու հարսի սեռական կյանքը: Իմ կարծիքով, սա աբսուրդ է, որի վրա աչք փակելն էլ հանցագործություն է. սա է մեր նահապետական ընտանիք կոչվածը»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

четверг, 17 июня 2010 г.

Քայլող հոգեկան հիվանդները շատ են

Այս կարծիքին է հոգեբույժը

«Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 350 հազար, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, հոգեբուժական դիսպանսերներում գրանցված է 34 հազար հիվանդ»,- այս տվյալները երեկ «Արմատ» ակումբում հրապարակեց «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը:

Անդրադառնալով հոգեբույժի, հոգեթերապեւտի ու հոգեբանի ծառայություններին դիմելու պատճառներին՝ նա նշեց, որ հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու հետեւաբար կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ. «Հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունի ժառանգական արմատներ ու գալիս է մարդկության ծագման օրից: Իսկ այդ հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում, պարզապես զարգացած երկրներում, վաղ ախտորոշման հետ կապված, դրանց թիվը մեծ է, իսկ հետամնաց երկրներում, որտեղ չեն ճանաչում հոգեկան հիվանդությունները, վաղաժամ չեն ախտորոշում, հոգեկան հիվանդների թիվը, ըստ վիճակագրության, մեծ չէ»,- նշեց հոգեբույժը:

Բժիշկը հավելեց, որ հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում իրենց առողջական խնդիրն ու մասնագետին չեն դիմում, որոնք էլ, ըստ նրա՝ «քայլող հոգեկան հիվանդներ են» եւ այդպիսիք Հայաստանում շատ են:
Հ. Մինասյանը կարծում է, որ շատերը նախընտրում են բուժում ստանալ նեւրոլոգների, հոգեթերապեւտների մոտ, իսկ ոմանք՝ կարծես թե փրկություն են գտնում բախտագուշակների մոտ:


Խոսելով Հայաստանում ամենատարածված հիվանդության մասին, բժիշկը փաստեց, որ դա նիկոտինիզմն է` ծխախոտի մոլուցքը, որը հոգեբուժական միջամտության կարիք ունի. «ծխախոտամոլությամբ տառապողների շատ փոքր մասն է դիմում բժշկի՝ 1 մլն-ից միայն մեկը, այնինչ, այն համարվում է թմրամոլության տարատեսակ»:

Հոգեբույժը, խոսելով ինքնասպանությունների մասին, հայտնեց, որ դրան հակված են հոգեկան խանգարումներ եւ թույլ նյարդեր ունեցողները, ովքեր պահի ազդեցության տակ կարող են վերջ դնել իրենց կյանքին: Իսկ այդպիսիք՝ ըստ նրա, հիմնականում երիտասարդներն են:

Հոգեկան հիվանդությունների եւ ինքնասպանությունների շատացումը, ըստ Հ. Մինասյանի՝ պայմանավորված է մի շարք գործոններով. «Պարզ դատողությամբ մարդը երբեք ինքնասպանություն չի գործի: Բայց ընկնելով կարճատեւ հոգեկան խանգարման մեջ, մարդը կարող է դիմել ինքնասպանության, սակայն եթե այդ պահին վերջինիս ձեռքը բռնող լինի, նա հետ կկանգնի: Ինքնասպանությունների պատճառ հանդիսացող սթրեսների հարցում դեր է խաղում նաեւ «հեռավոր ազդեցություն» կոչված երեւույթը: Իսկ մեր դեպքում դա այն է, որ 22 տարի մեր երկիրը գտնվում է ծանր սթրեսածին գործոնների ազդեցության տակ, այսինքն՝ երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը, համատարած գործազրկությունը եւ այլն: Այդ բոլորը ազգաբնակչության համար չէին կարող անհետեւանք մնալ:
Հոգեբույժին դիմելն էլ Հայաստանում համարվում է ամոթալի, իսկ դա գալիս է նաեւ մեր մտածելակերպից»:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

«ՄԵՆՔ ՈԳԵՇՆՉՄԱՄԲ ԵՆՔ ՁԵՌՔ ԱՌՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՊԱՏՎԵՐՈՎ»

Մի քիչ սահմանն անցնում են, մեկ քայլ առաջ գնում, փակագծերը բացում...

«Այս տարի հուլիսին լրանում է Արաբկիր համայնքի բնակիչ Արմեն Արիստակեսյանի 25 տարին, իսկ նա դեռ կույս է: Արմենը անապահով ընտանիքից է եւ չի կարող իրեն թույլ տալ վճարովի սեքս. եթե ունեք ծանոթ դոնոր կին, կամ կարող եք օգնել գումարով, խնդրում ենք գրել armcomedy@ gmail.com հասցեով: Յուրաքանչյուր րոպեն կարեւոր է, քանի որ Արմենին դաժանորեն ձեռք են առնում ընկերները:

Հ. Գ. Արմենը նախընտրում է սովորականից մեծ կրծքով կանանց. նման ծանոթ ունենալու դեպքում խնդրում ենք ՇՏԱՊ կապվել մեզ հետ»,- այս հաղորդագրությունը «Առավոտը» ստացել է www.armcomedy.com-ից, որն ուղարկել էր նաեւ կույս երիտասարդի լուսանկարը՝ «Օգնեք հայ երիտասարդին» մակագրությամբ»:

Չեմ կարող ասել, թե քանի հոգի է լուրջ վերաբերվել կույսին փրկելու առնչությամբ տարածված հաղորդագրությանը, բայց ամեն դեպքում «Առավոտը» գնաց նրա հետքերով: Պարզեցինք, որ Արմենի համար դոնոր փնտրողները Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն են, որոնք armcomedy.com հումորային կայքի հիմնադիրներն են: Մեզ հետ զրույցում տարածած հաղորդագրությունը՝ հումորը, Սերգեյն այսպես մեկնաբանեց. «Այդ հայտարարությունը, որն ուղարկվել էր ԶԼՄ-ներին, մեր կողմից նոր քայլ էր, հայտարարության նոր ֆորմատ, որն ուղղակի ներկայացնում է մեր հասարակության ընդհանուր պատկերը: Դա տեսնելով՝ շատ մարդիկ կտեսնեն իրենց եւ հետո հումորն ինչքան շատ է իրականությունից վերցված՝ այնքան ավելի ծիծաղելի է: Այդ նկարը մեծ արձագանք ստացավ, որովհետեւ իր հետ ազատականություն է բերում: Ընդհանրապես այն, ինչ կոմպլեքսավորվածության արդյունք է Հայաստանում՝ մենք փորձում ենք դրա վրա ծիծաղել, որ կոմպլեքսներն անցնեն. ծիծաղում ենք եւ այդկերպ փորձում Հայաստանը դարձնել ավելի ուրախ երկիր եւ հումորի տարածաշրջանային առաջատար: Նշեմ, որ հայտարարության հետ կապված տարբեր տեղերից արձագանքներ եղան: Նույնիսկ գտնվեցին մարդիկ, որոնք ոգեւորվել եւ առաջարկում էին դոնորներ, գումար տրամադրելու ակնարկներ էլ եղան: Բայց կային նաեւ մարդիկ, ում կարծիքով՝ դա պարզապես մարազմ էր»:

Նարեկի ձեւակերպմամբ էլ, քանի որ վերջերս շատ ակտուալ է դարձել սոցիալական կայքերի միջոցով հարցեր լուծելը, օրինակ՝ այգի պաշտպանելը, ինչ-որ ստորագրահավաք անելը եւ այլն, իրենց մտածածը նոր բան է՝ «մեր արածը սոցիալական կայքերի միջոցով հարցեր լուծելուն ուղղված հեգնանք է, որովհետեւ մարդիկ փորձում են բոլոր կարեւոր հարցերը ինտերնետով լուծել»:

Ըստ մեր զրուցակիցների, armcomedy.com-ը հիմնադրվել է անցյալ տարի, այսինքն՝ այն ժամանակ, երբ, երիտասարդների խոսքերով, իրենք զգացին, որ Հայաստանում հումորի բնագավառում ինչ-որ բան պակասում է:
Նարեկի խոսով՝ կայքը ստեղծելիս որպես առաջին եւ գլխավոր միտք դրված է եղել հետեւյալը. «Հայաստանյան ինտերնետում չկար օրիգինալ հայկական հումորային կայք: Այսինքն՝ կային մի քանիսը, բայց դրանք կամ միայն անեկդոտներ են տեղադրում, կամ էլ ուրիշ կայքերից վերցված վիդեոներ: Իսկ մենք վերցրինք նորությունների կայքի ֆորմատը: Գրում ենք նորություններ, որոնց բովանդակային մասը, իհարկե, ճշմարտության վրա է հիմնված: Կարծում եմ, ինչքան ճշմարտությունը շատ է, այնքան ավելի ծիծաղելի է նյութը դառնում. ավելացնում ենք նաեւ ֆանտազիայի տարր, այսինքն՝ աբսուրդացնում ենք առանց այն էլ աբսուրդ մտքերը, որոնք կան: Մեզ մոտ, բացի հոդվածներից, կա նաեւ ծաղրանկարների բաժին, նաեւ վիդեո նյութեր ունենք: Սոցիալական գովազդների շարք սկսեցինք, որը մարդկանց շատ դուր եկավ: Այսինքն՝ բարձրացնում ենք այն հարցերը, որոնց մասին մարդիկ հաճախ նախընտրում են չխոսել»:

Սերգեյն էլ հավելեց՝ «պարզապես վերլուծում ենք առկա ակտուալ նորությունները, գտնում ամենահրատապները եւ փորձում դրանք մեկնաբանել, մի քայլ առաջ գնալ, ասել այն, ինչ ասված չէ, մենք մի քիչ սահմանը անցնում ենք ու փակագծերը բացում: Նշեմ նաեւ, որ օրական 500-1000 մարդ է այցելում մեր կայք: Կայքը թարմացվում է շաբաթը երեք անգամ»:

Նարեկի փոխանցմամբ էլ, կայքում տեղադրված նյութը կախված է թեմայի ակտուալությունից՝ «միայն հայկական նորությունների վրա չենք կենտրոնանում, աշխարհում ամեն վայրկյան ծիծաղելի բաներ են տեղի ունենում: Ինչպես բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ մենք անդրադառնում ենք բոլոր ոլորտներին. Օրինակ, անդրադարձել էինք այն հարցին, երբ Գոռ Վարդանյանը դարձավ քաղաքապետի մշակույթի եւ սպորտի հարցերով օգնական. կարծում եմ՝ չէր կարելի դրան չանդրադառնալ, որովհետեւ հեգնանքն այստեղ ակնհայտ է: Անդրադառնում ենք նաեւ Ադրբեջանին, Թուրքիային, նրանց վարած քաղաքականությանն ու քայլերին: Քաղաքականությունից բացի, գրել ենք նաեւ կրոնի մասին»:

Հարցին՝ կայքում տեղադրված որեւէ նյութի հետ կապված երբեւէ ճնշումներ եղե՞լ են, որովհետեւ հիմնականում ծաղրում եք, տղաներն ասացին. «Մի անգամ եղավ, բայց ճնշողն ինքն ավելի շատ էր վախեցած եւ երկար չշարունակեց, պարզապես ցանկացավ իրեն ցույց տալ՝ comment-ներ թողնելով»: Ըստ Նարեկի՝ եղել է նաեւ դեպք, երբ անդրադարձել են որեւէ քաղաքական թեմայի, ինչն էլ որոշ մարդկանց հետաքրքրությունն է շարժել. «Փորձել են պարզել՝ արդյո՞ք որեւէ քաղաքական պատվեր ենք կատարում, կամ ինչ-որ կողմ ենք պաշտպանում: Բայց կայք այցելելով՝ կտեսնեք, որ մենք առանց խտրականության անդրադառնում ենք թե ընդդիմությանը, թե իշխանությանը: Կայքի հաջողության գրավականը նրանում է, որ մենք մեզ երբեք չենք դավաճանում, եւ կան ընդհանուր գաղափարներ, որոնցից ամենակարեւորներից մեկը բացարձակ անկողմնակալությունն է. կրկնում եմ, մենք ոչ մի կողմի չենք պաշտպանում ու ինձ թվում է՝ մարդիկ հենց դրա համար են մտնում մեր կայք, որովհետեւ արդեն հոգնել են ԶԼՄ-ների կողմնակալ վիճակից»: Սերգեյն էլ, շարունակելով Նարեկին, ավելացրեց՝ «Քաղաքական պատվերը մեր մանդատից ու հետաքրքրությունից դուրս է: Մենք ոգեշնչմամբ ենք ձեռք առնում, ոչ թե պատվերով»:

Հավելենք, որ կայքում կան նաեւ անգլերեն հոդվածներ, ինչը, ըստ պատասխանատուների, դրական արձագանքների է արժանացել օտարերկրացիների կողմից:

Հայկական հումորային հաղորդումները գնահատելով՝ մեր զրուցակիցներից Նարեկն ասաց. «Հումորի վիճակը մեզ մոտ շատ վատ է, հաղորդումները ահավոր վատն են, մեկ-մեկ ինձ ստիպում եմ, որ նայեմ՝ պարզապես տեղյակ լինելու համար: Այնքան արտասահմանյան որակով բաներ կան նայելու, որ ափսոս է ժամանակդ վատնես հայկականի վրա»:

Սերգեյն էլ նշեց. «Ես դատապարտում եմ այսօրվա հայկական հումորային հաղորդումները: Ուզում եմ ասել, բացի մեր մյուս պրոբլեմներից՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, դրանք խամրում են մեր շոու- բիզնեսի, հումորի բնագավառի կողքին: Ինտենսիվ տաղանդի բացակայությունը ծածկում եւ ստվեր է գցում մեր բոլոր մյուս խնդիրների վրա»:

Նշեմ նաեւ, որ Նարեկն ու Սերգեյը, բացի կայքը վարելուց, «Standup Comedy» ժանրում որոշ ակումբներում ելույթներ են ունենում ու այդ նյութերը նույնպես տեղադրվում են կայքում:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 16 июня 2010 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՓՐԿՉԻ» ՀԵՏ՝ ՉԿԱՅԱՑԱՎ

Ո՞վ է թյուրիմացության մեջ գցում հասարակությանը

Օրերս Երեւանի փողոցներում, անգամ երթուղայիններում շրջում էին խորհրդավոր արտաքինով մարդիկ. քաղաքակիրթ ձեւով մոտենում էին հասարակության տարբեր զանգվածներին, ցույց տալիս իրենց «երկնքից» ստացված բայջը, որի վրա գրված է՝ «Հանդիպում Հիսուսի հետ», համոզում, թե շուտով փրկվելու ենք... Ոչ հայաստանաբնակ անծանոթները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, հունիսի 12-ին բոլորին հրավիրում էին «Հրազդան» մարզադաշտ, հանդիպելու փրկչի՝ Դեյվիդ Հասավեյի հետ: Կասկածելի փրկչի եւ մարդկանց մոլորությունը կանխելու պատրվակով հունիսի 9-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հորդորեց չգնալ այդ հավաքին, որովհետեւ, իր տեղեկություններով, այն աղանդավորական հավաք է, որը գլխավորելու է Դ. Հասավեյը, իսկ միջոցառման նախաձեռնողն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն է:
Կարծում եմ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի, այս դեպքում՝ տեր Շմավոնի արձագանքը, որ «յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն ընդամենը խառնակչի դեր է տանում՝ լինի «Կյանքի խոսքը», թե ավետարանական որեւիցե այլ կազմակերպություն, նրանց նպատակը միայն մարդկանց հեռու քաշելն է առաքելական եկեղեցուց»՝ նորմալ էր, սակայն վերջինիս խոսքերը «Կյանքի խոսքին» պատասխանելու առիթ էին տվել:
«Առավոտին» ուղարկված նրանց նամակում նշվում է. «Հոգեւորականը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Իրականությանը չի համապատասխանում հոգեւորականի այն պնդումը, որ իբրեւ թե «Կյանքի խոսք» եկեղեցին է հրավիրել Դեյվիդ Հասավեյին եւ նախաձեռնել հավաքույթները Հանրապետական մարզադաշտում: Դեյվիդ Հասավեյը միջազգայնորեն ճանաչված ավետարանիչ է, բայց բնավ «Կյանքի խոսք» եկեղեցուց չէ, ինչպես փորձել է ներկայացնել հոգեւորականը»:
Հավելենք, որ «Առավոտը» փորձեց «Հրազդան» մարզադաշտից ճշտել կայանալիք հավաքի մասին, որը ինչպես նախապես հայտարարած էր, թե կայանալու է հունիսի 12-ին, ըստ մեր տեղեկությունների՝ մեկ օր հետաձգվել էր: Ամեն դեպքում եւ հունիսի 12-ին, եւ 13-ին «Հրազդան» մարզադաշտից հերքեցին, որ իրենց մոտ նման հավաք է լինելու:
Նշենք նաեւ, որ, ըստ տեր Շմավոնի (նա պատասխանել է www.qahana.am կայքի այցելուներից մեկի հարցին)՝ «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդավորական շարժում է, որն ամենուրեք հայտարարում է, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնել է իրենց գործունեությունը եւ այդպիսով բազում մարդկանց մոլորեցնում...»:
Ինչես նշվում է Հայ առաքելական եկեղեցու www.qahana.am կայքում՝ աղանդը մանիպուլյացիոն, մարդու գիտակցությունն ապակայունացնող, առողջությունը եւ հոգեկան աշխարհը քայքայող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է իր հիմնադիրների հաճույքների բավարարմանը: Դրանք հիմնականում կրոնական համայնքներ են՝ քողարկվող Աստվածաշնչով, որը մեկնաբանում են յուրովի, տարբեր մեդիտատիվ հավաքներ եւ «վերականգնողական» կենտրոններ են, որոնք մի կախվածությունը փոխարինում են մեկ ուրիշով: Մարդկանց աղանդ են բերում՝ խաբեության կամ այդ կազմակերպության տեսության եւ գործունեության մասին հավաստի տեղեկությունները թաքցնելու միջոցով, գայթակղելով ու տանելով մարդկանց տարբեր երեկույթների եւ սեմինարների, թմրանյութային եւ ալկոհոլային կախվածությունից ազատման խոստումների միջոցով: Պոտենցիալ «քրոջը» կամ «եղբորը» շրջապատում են բարությամբ եւ ըմբռնմամբ, աղոթում են նրա եւ նրա մտերիմների համար, կարող են անգամ խորհուրդ տալ կամ նույնիսկ նյութապես աջակցել: Աստիճանաբար մարդու մեջ առաջացնում են կախվածություն այդ բարությունից ու ըմբռնումից, աղոթքներից ու խորհուրդներից: Նրանք եթե անգամ ցանկանան, չեն կարողանա իրենց նոր «ընտանիքի» որեւէ խնդրանքը մերժել:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բավարարվել ֆանտազիաներով

Հակառակ դեպքում՝ ձեզ այցի կգան էրոտիկ երազները



Ասում են՝ էրոտիկ ֆանտազիաներ ունենում են բոլորը, եւ սեքսուալ բնույթի երազներ տեսնում են նույնիսկ երեխաները: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր երեւույթներով է պայմանավորված: Էրոտիկ երազներ տեսնելը կարող է կապված լինել անձի այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք հասարակության մեջ համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որ էրոտիկ երազներն են տրամադրում մարդուն, երեւակայությանը մեծ թափ է տալիս: Հոգեբաններն ասում են, քանի որ որոշ ֆանտազիաներ հնարավոր չէ իրականացնել, այդ պատճառով էլ մարդը երազում բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ կարող է անել սրտի ուզածը:
«Ես մի հիվանդ ունեմ, ընդամենը 14 տարեկան աղջնակ է, որը տառապում էր անքնությամբ: Դպրոցում բացարձակ գերազանցիկ այդ աղջնակը 3 ամսվա ընթացքում կորցրել էր ինքնատիրապետումը, ցրված էր, նյարդային, գնահատականները շատ ցածր էին, չէր կարողանում կենտրոնանալ դասերի վրա: Երեխան վախենում էր քնել, ասում էր՝ «զզվում եմ երազներից, ամաչում եմ»: Պարզվեց, որ աղջնակը սիրահարված է իր մաթեմատիկայի երիտասարդ ուսուցչին: 14-ամյա Ալինան սեքսուալ երազներ էր տեսնում: Նա նկարագրում է, թե ոնց է կրքոտ համբուրում ուսուցչին, եւ ինչպես է վերջինը իրեն անկողնում կրքոտ գուրգուրում: Նա ե՛ւ պատմում, ե՛ւ ամաչում է իր տեսած երազների համար, ասում է՝ ախր մտքովս չի էլ անցել ընկեր Ստեփանյանի հետ սեռական հարաբերություն ունենալ...: Հիմա նրա վիճակը համեմատաբար կայուն է: 1 ամիս առաջ նույնիսկ ինձ չէր վստահում, չէր ուզում խոսել: Զոռով էի նրանից ինչ-որ բան կորզում: Պատճառն այն էր, որ ամաչում էր ծնողներից: Մտածում էր՝ եթե ծնողներն իմանան իր անքնության, երազների պատճառը, հաստատ կսկսեն կասկածել, մտածելով, որ իրենց աղջկա ու ուսուցչի միջեւ ինչ-որ բան է տեղի ունեցել, հետո կգնան դպրոց՝ պարզաբանումների ետեւից...: Բայց երազատեսությունը անբուժելի չէ ու կոնկրետ Ալինայի դեպքում՝ անցողիկ»,- «Առավոտի» հետ զրույցում էրոտիկ երազներ տեսնելու թեմայի վերաբերյալ պատմեց հոգեբան Նաիրա Այվազյանը: Նա հավելեց, որ ընդհանրապես հորինվածքը, որն արտահայտվում է հատկապես երազում, մարդուն պատասխանատվությունից ազատում է, ապահովում պաշտպանվածության զգացողություն:
Առհասարակ ֆանտազիաներին հագուրդ տալը բոլորի մոտ էլ ստացվում է: Կան նաեւ այնպիսի մարդիկ, որ հաճախ ֆանտազիաների գիրկն են ընկնում սեքսուալ գրգռվածությունն ուժեղացնելու նպատակով. դե, իսկ ֆանտազիաների համար մարդկանց չեն դատապարտում:
Բրիտանացի սեքսոլոգների հետազոտության օբյեկտ հանդիսացած մի խումբ առողջ տղամարդիկ փաստել են, որ եթե որեւէ անօրինական, անթույլատրելի սեքսուալ երեւույթի նկատմամբ ձգտումը չես կարողանում բավարարել կամ հաղթահարել, ուրեմն պետք է շատ վառ ձեւով երեւակայել եւ ինքնաբավարարվել, հակառակ դեպքում՝ լուրջ հոգեբանական խնդիրներ կառաջանան. էրոտիկ երազները պարբերաբար «այցի կգան», ինչն էլ կազդի նյարդային բջիջների վրա: Այս հետազոտությունը հավանաբար անցկացվել է Հայաստանի նման ավանդապահ երկրների բնակիչների համար: Ու քանի որ հայերը տղա-աղջիկ հարաբերությունում բացառում կամ ցավագին են վերաբերվում մինչամուսնական սեռական հարաբերություններին, ապա մնում է միայն երեւակայել, «յոլա գնալ» էրոտիկ ֆանտազիաներով...
Բրիտանացի մարդաբանները եկել են այն եզրակացության, որ հաճախ երեւակայած էրոտիկան իրականում կայանալիք իրադարձությունների համար փորձ է հանդիսանում: Իսկ ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, որ սեքսուալ ֆանտազիաներին ամենից շատ տղամարդիկ են տուրք տալիս, էրոտիկ երազներում հաճախ նրանք են «ճախրում»՝ այդպես չէ: Բանն այն է, որ կանայք այդ ամենը պատկերացնում, տեսնում են համեմված «ռոմանտիկայով», տղամարդիկ՝ պոռնոգրաֆիայով:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

четверг, 10 июня 2010 г.

Երբ ծանոթանում են հայերը…

Կայք, որտեղ կարելի է «զվարճանալ»



Kuku.am՝ ծանոթությունների կայք՝ նախատեսված ողջ աշխարհի հայերի համար. համենայնդեպս այս կարգախոսով են առաջնորդվել հիմնադիրները՝ ստեղծելով այն: Ինչ պահանջվում է այցելուից, դա կայքում պարզապես անվճար գրանցվելն ու անձնական էջն ունենալն է: Իսկ հետո kuku.am-ում «զբաղեցնելով ձեր տեղը», կարող եք տեղադրել ձեր մասին պատմող ինֆորմացիա, ներբեռնել ցանկացած բովանդակության լուսանկար եւ այլն: Գրանցվելուց հետո կարող եք ընկերության առաջարկ անել կայքի ցանկացած «բնակչի», մի խոսքով՝ շփվել ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Ընդ որում՝ գրանցվելիս պահանջվում է նշել տարիքը, որը պետք է 15-ից բարձր լինի, սակայն որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ, ասենք, 45 տարեկան տղամարդու անվան տակ 12 տարեկան աղջնակ չի հանդես գալիս: odnoklassniki.ru սոցիալական ցանցի անհաջող կրկնօրինակ kuku.am-ի ստեղծողները, համենայնդեպս, մի բան հաստատ հաշվի չեն առել. այն, որ 15 տարեկան ՀՀ քաղաքացին, ըստ օրենքի, անչափահաս է, հետեւաբար նրա մուտքը մի կայք, որը լի է պոռնոգրաֆիկ նկարներով եւ որոնցում արտացոլված է Կամասուտրայի բոլոր դիրքերը՝ պարզապես անթույլատրելի է: Նկարներից բացի, կայքն իր «բնակիչներին» հնարավորություն է տալիս նաեւ ներբեռնել վիդեոներ, վերջինները եւս իրենց «համեստ» բովանդակությամբ հաստատ չեն զիջում լուսանկարներին: Ամենից վատն այն է, որ պոռնոգրաֆիա տարածողների մեջ կան նաեւ անչափահասներ, իսկ ադմինիստրացիան, փոխանակ արգելափակի նմանատիպ ինֆորմացիայի հոսքը եւ արգելի երեխաների մուտքը kuku՝ ոչինչ չի անում այդ ամենը կանխելու համար: Ինչ վերաբերում է շփման ձեւերին, ապա հաստատ անակնկալի կգաք, որովհետեւ 15-16 տարեկաններն այնպիսի այլանդակ ու անպարկեշտ առաջարկներով կսկսեն ձեզ խոսեցնել, իրական կյանքում սեքսառատ գիշեր կամ վարդի թերթիկներով պատված սենյակում էկզոտիկ երեկո առաջարկել, որ ձեզ կթվա ինտերնետային XXX գոտում եք, որը նախատեսված է հիմնականում պոռնո կայքերի համար: Այն, որ կայքի հիմնադիրները մի շարք հարցերում թերացել են, դա ակնհայտ է, պոռնո տարածելուց բացի, այնտեղ տեղադրվում են պետական խորհրդանիշներ պարունակող, օրինակ՝ զինանշանով, լուսանկարներ, ինչն օրենքով արգելված է: Նշեմ, որ «ՀՀ զինանշանի մասին» օրենքով արգելվում են ՀՀ զինանշանի պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշներում: Իսկ օրենքի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն, ինչն անթաքույց անում են kuku.am-ում: Ուշագրավ էր հատկապես մի լուսանկար, որում ՀՀ խորհրդանիշ եռագույն դրոշի ֆոնին աղավաղած էր ոչ միայն պատկերված զինանշանի ձեւը, այլեւ նրա վերեւում մեծ տառերով գրված էր «ՅՈՆՋԼԱՂ». այստեղից բնականաբար պետք է եզրակացնել, որ «կՐՏՒՌսՖ»-ի տերը յոնջլաղցի է: Ավելորդ չէ նշել նաեւ աղավաղված եռագույնների մասին, որոնց վրա էլ կարելի է հանդիպել «3-րդ մաս», «Ծերեթելի» գրությունները, «տերերի» «GOLD» հեռախոսահամարները եւ այլն: Կարծում եմ, կայքի ադմինիստրացիան գոնե պետք է իմանար, որ ՀՀ դրոշը տեղադրվում է ՀՀ նախագահի, ԱԺ-ի, վարչապետի, ՀՀ դատախազների, դատավորների, ՀՀ դիվանագիտական մարմինների ղեկավարների աշխատասենյակներում եւ այլն: Իսկ kuku-ն որեւէ կերպ չի առնչվում «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքի դրույթներին:
Քիչ չեն նաեւ ինքնասպանություն պատկերող տարբեր լուսանկարները, որոնք հավանաբար տեղադրվել են խեղաթյուրված հոգեբանության տեր անձանց կողմից. ինքնասպանության տեսարանները հաստատ շահեկան չեն լինի անչափահասի հոգեբանության վրա, իրենց ներգործությամբ:
Այս անկարգություններից բացի, կայքում հաճախ կհանդիպեք նաեւ ՀՀ երեք նախագահների լուսանկարներին, ծաղրանկարներին եւ նրանց վերաբերող այլ անճաշակ հումորային պատկերների: Հավելեմ, որ կայքում, երեխաներից բացի, գրանցված են նաեւ միջին տարիքի, անգամ լուրջ դիրքեր զբաղեցնող քաղաքացիներ, բնականաբար՝ ուրիշ անվամբ եւ լուսանկարներով: Եվ եթե վերջիններիս հետ շփումը ստացվում է, ապա նրանք անկեղծ խոստովանում են ոչ միայն իրենց կուսակցական պատկանելությունը, զբաղեցրած դիրքը, աշխատանքի վայրը, այլեւ անձնական լուսանկարներն են ցուցադրում, բայց սա միայն այն դեպքում, երբ ներկայանում ես ոչ թե լրագրող, այլ վարսավիր կամ հասարակ վաճառողուհի: Իսկ երբ, օրինակ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բաժիններից մեկի պետի կամ Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի ու վարսավիրի (որն իրականում լրագրող է) շփման ընթացքում նրանց միջեւ փոխադարձ համակրանք է առաջանում, ապա հասունանում է հանդիպման գնալու պահը...
Նկատենք նաեւ, որ կայքում շատ կան մարդիկ, որոնք համայն հայությանն ի ցույց են դրել իրենց անձնական լուսանկարները. այստեղից հարց է առաջանում, նրանք արդյոք գիտակցաբա՞ր են դա արել, որովհետեւ կայքում հեշտությամբ կարելի է հանդիպել նույն լուսանկարներով, բայց տարբեր անվամբ մի քանի հոգու: Այսինքն, հայկական այդ «տարածքում» «профиль»-ի տերն ապահովագրված չէ նույնիսկ այն հարցում, որ իր նկարները մեկ ուրիշը հեշտությամբ «copy paste» կանի մեկ այլ «профиль»-ում:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

понедельник, 7 июня 2010 г.

ԱՆՏԵՂԻ ԿԱՍԿԱԾԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Երեւակայության վրա հիմնվելով՝ կասկածել սեփական երեխայի հայրության հարցում, սխալ է




Ընտանիքը կարեւոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի եւ երեխաների հոգեբանական պահանջմունքների բավարարման համար: Ընտանիքը մարդկանց մի խումբ է, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, բարոյական պատասխանատվությամբ եւ այլն: Ընտանեկան կյանքում կարեւոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ նշանակալիորեն ավելի բարդ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ընտանեկան կյանքում երեւի թե ամենակարեւոր հանգամանքը ամուսինների կողմից միմյանց վստահելն է, սակայն ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են նաեւ կոնֆլիկտները՝ տարբեր դրդապատճառներով՝ տեղին ու անտեղի, եւ խանդը: Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ հանկարծ կարող է զրկվել նրանից: Խանդը գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում: Խանդը պատկանում է այն խնդիրների թվին, որոնք զուգընկերները պետք է քննարկեն բացահայտորեն: Ամուսնական հարաբերություններում երբեմն պատահում է հիվանդության աստիճան հասնող խանդ, ինչի պատճառով էլ առաջանում է նույնիսկ անվստահություն սեփական հայրության հարցում՝ որն էլ անվանվում է «Մոնթուելի կոմպլեքս»:

Նշենք, որ երեւույթն իր անունը ստացել է 10-րդ դարում, ֆրանսիացի կալվածատեր Մոնթուելի անունից: Վերջինս իմանալով, որ կինն իրեն դավաճանել է, կնոջը փակել էր եկեղեցում, իսկ ծնված երեխային հետագայում ուղարկել ձիանոցում աշխատելու, քանի որ նրա ստեղծման հարցում իր մասնակցությանը խիստ կասկածում էր: Բոլորը դատապարտեցին այդ արարքը, քանի որ երեխան արտաքինով շատ նման էր հորը, բայց Մոնթուելին՝ երեխայի իրեն նման լինելու փաստը չհամոզեց: Մինչեւ այժմ էլ հորը շատ նման երեխաներին ֆրանսիացիներն անվանում են «Մոնթուելի որդի»:

«Մոնթուելի կոմպլեքսը» զուգընկերուհու կամ կնոջ նկատմամբ անվստահությամբ եւ վախով է արտահայտվում: Սովորաբար տղամարդը խուճապային ձեւով վախենում է, որ հանկարծ, եթե ինչ-որ մեկն իմանա, որ իր կինը ուրիշից երեխա է ունեցել, կհայտնվի ծիծաղելի վիճակում, կկորցնի իր արժանապատվությունը եւ այլն: Իսկ այդպիսի մարդիկ հիմնականում հայրություն ճանաչելու համար փորձաքննություն են պահանջում կանանցից, նույնիսկ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց հոգեբան Շահեն Կարապետյանը: «Ամենից հաճախ «Մոնթուելի կոմպլեքսը» ալկոհոլիկների մոտ է զարգանում, որովհետեւ հիվանդ երեւակայությունը, հատկապես հարբած վիճակում, նրանց մոտ դավաճանության պատկերներ է նկարագրում: Սեփական խանդի ազդեցության տակ այս կոմպլեքսով տառապող ալկոհոլիկները սկսում են բարկանալ, ագրեսիվ են դառնում կնոջ եւ երեխաների հանդեպ»: Շ. Կարապետյանն ասում է, որ երբեմն էլ «Մոնթուելի կոմպլեքսը» ժառանգաբար է փոխանցվում. օրինակ, եթե երեխայի մայրն իր ապրած կյանքի ընթացքում անբիծ վարքով աչքի չի ընկել, ապա նման կնոջ որդին հետագայում բոլոր կանանց վարքի համար կասկածում է. «Նա իր կասկածները տարածում է սեփական կնոջ վրա ու ինչքան շատ է նրան սիրում՝ այնքան ավելի շատ է նրան դավաճանության մեջ կասկածում: Բազմիցս ապացուցված երեւույթ է, որ այն կոմպլեքսները, այդ թվում եւ Մոնթուելինը, որ գալիս են մանկությունից, շատ դժվար են բուժվում: Հայերի մեջ էլ կան այս կոմպլեքսով տառապող շատ անձինք: Գաղտնիք չէ, որ մենք տաքարյուն, խանդոտ, կասկածամիտ ազգ ենք, հատկապես՝ տղամարդիկ: Այդ պատճառով հիմնականում նրանք, որոնք խմիչքի հետ սեր ունեն եւ իբր թե ավանդական ընտանիքի կողմնակից են, հայկական ավանդույթների կրողն ու պահպանողը, հարբած վիճակում սկսում են անտեղի հայհոյել սեփական կնոջը, պոռնիկ անվանել ու կասկածել երեխաների հայրության հարցում. սա նույնիսկ այն դեպքերում, երբ խեղճ կինը առավոտից երեկո, անհրապույր ու անխնամ վիճակում օրն անցկացնում է միմիայն տնային գործերն անելով»:

Հոգեբանի խոսքերով, այս գրեթե անբուժելի կոմպլեքսը հաճախ զարգանում է նաեւ իմպոտենտների եւ այն տղամարդկանց մոտ, որոնք սեքսուալ կյանքում խնդիրներ ունեն: Շ. Կարապետյանի ձեւակերպմամբ, այս կոմպլեքսի հետ կապված ամերիկացիները մի հետաքրքիր ու լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել. «Ըստ հետազոտության տվյալների, որում ներգրավված է եղել մոտ 12 երկիր՝ առաջադեմ եւ ոչ այնքան՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հնդկաստան եւ այլն, «Մոնթուելի կոմպլեքսով» տառապողների թվով առաջին հորիզոնականում հայտնվել են ամերիկացիները, երկրորդում՝ արաբները, ֆրանսիացիները զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը. հետաքրքիր է, եթե Հայաստանն էլ ներգրավված լիներ հետազոտության մեջ, ո՞ր հորիզոնականում կհայտնվեիք»:




ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ