четверг, 24 февраля 2011 г.

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ


Տարածված կարծիք է, որ ավելի շատ տղամարդիկ են դավաճանում, քան կանայք: Իրականում դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց դավաճանությունը կարողանում են ավելի լավ թաքցնել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրագնդի վրա ամեն վեցերորդ կին դավաճանում է իր ամուսնուն, եւ նրանց մեծամասնությանը հաջողվում է հեշտորեն դա թաքցնել: Հոգեվերլուծողները կարծում են, որ դրա հիմնական պատճառն ընտանիքը պահպանելու ցանկությունն է:
Մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն կարող հմտորեն թաքցնել իրենց դավաճանությունները: Այդ է պատճառը, որ տղամարդկանց դավաճանության մասին ավելի շատ է խոսվում:
Չնայած վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է միջազգային մակարդակով, բարձրակարգ հետազոտողների կողմից, այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ հայ կանայք՝ հենց դավաճանելու առումով, հաստատ տարբերվում են: Եվ ինչքան էլ Հայաստանը եվրոպականացվի, ինչքան էլ, որ մոդայիկ ու ժամանակակից դառնանք, միեւնույն է՝ հայկական ավանդական ընտանիք ասվածը չի կորցնի իր հմայքը, որի հիմքում հայ կնոջ գեղեցիկ կերպարն է, հավատարիմ կին ու հոգատար մայր լինելը: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ գոյություն ունեն մի շարք պատճառներ, ըստ որոնց՝ վերջիններս դավաճանում են: Իսկ կոնկրետ կանանց դավաճանության գնալու պատճառների մասին «Առավոտը» զրուցեց հոգեբան Ստեփան Ավետիսյանի հետ: «Ընդհանրապես երկու սեռն էլ ընդունակ է դավաճանելու, բայց տղամարդիկ դա ավելի հաճախ են անում, սակայն պետք չէ եզրակացնել, որ հավատարիմ տղամարդ չի լինում: Եվ եթե կինը չի դավաճանում, դա դեռ չի նշանակում, որ նա իրավունք, ցանկություն, հնարավորություն չունի: Ի դեպ, ԱՄՆ-ում մի հետաքրքիր հետազոտություն է անցկացվել եւ պարզվել է, որ կանայք ավելի հակված են դավաճանելու, չնայած գեղեցիկ սեռն ավելի քիչ է դիմում այդ քայլին: Կանանց կողմից դավաճանելու հնարավորություններն ավելի շատ են, բայց նրանք միայն ծայրահեղ դեպքերում են դավաճանում: Հիմնական պատճառներից են՝ ամուսնու կողմից չնկատված, անտեսված լինելը, սոցիալական ծանր պայմաններն ու ընտանիքի ողջ հոգսն իրենց վրա վերցնելու հետեւանքը, ծերանալու վախից իրենց միշտ երիտասարդ երեւակայելու փաստը, ամուսնու հետ չստացված սեռական հարաբերությունները, անկողնում անհամատեղելիությունն ու մշտապես սեռական անբավարարության զգացողությամբ ապրելը եւ այլն»,- նշում է Ս. Ավետիսյանը՝ հավելելով, որ դավաճանելու յուրաքանչյուր պատճառ ունի իր բացատրությունը, ինչն էլ պետք է հասկանալ: Մեր զրուցակցի խոսքերով, հայ կնոջ դավաճանությունը միշտ վատ է ընկալվել հասարակության կողմից, սակայն տղամարդու դավաճանության վրա, չգիտես ինչու, միշտ աչք է փակվել, շատ հաճախ համարվելով «նորմալ երեւույթ». «Այսպիսի մի կոպիտ խոսք կա. երբ կինն է դավաճանում, բոլորը նրանց պատուհանից ներս են թքում, իսկ երբ տղամարդն է դավաճանում, ապա իրենք՝ այդ ընտանիքը պատուհանից դուրս է թքում: Կոնկրետ հայերիս դեպքում, կարծում եմ, հենց այսպես է, որովհետեւ հայ կնոջ դավաճանությունը միշտ համարվել է անբարոյականություն: Իսկ ով ասաց, որ տղամարդը բարոյական քայլ է անում կնոջը դավաճանելուց հետո խելոք-խելոք տուն վերադառնալով: Կամ ինչու պիտի հասկացվի տղամարդու դավաճանությունը, իսկ կնոջը՝ ոչ: Չեմ խրախուսում ոչ մեկի դավաճանելու փաստը, դա սխալ արարք է, բայց խնդրի լուծումը գտնելու համար պետք է նախ լուծել այն: Ասում են՝ այսինչի կինը սիրեկան ունի, դավաճանում է եւ այլն: Նախ դա ոչ մեկի քննարկելիքը չէ, այդ հարցը պետք է լուծեն միայն ամուսինները, երկրորդն էլ՝ ամուսինը, առանց կացինը ձեռքը վերցնելու ու կնոջը գլխատելու փորձ անելու՝ պետք է հարցը լուծի: Ինչպես նշեցի՝ պատճառները շատ տարբեր կարող են լինել. գուցե այդ տղամարդը չի կարողանում բավարարել իր կնոջ սեռական ցանկությունները: Ինչը շատ լուրջ հարց է, ու չպետք է անտեսել: Ինչպես տղամարդը չի կարող ամբողջ կյանքում չբավարարված ապրել, այնպես էլ՝ կինը: Եվ պետք չէ զոռով, զոհողությունների գնով պահպանել այն ընտանիքը, որը հիմքից առողջ չէ, քանզի կա խնդիր»: Ս. Ավետիսյանի ձեւակերպմամբ, կան մի շարք լուրջ հանգամանքներ, ըստ որոնց՝ կինը դավաճանում է. «Կանանց տեսակ կա, որը անկախ իր կամքից՝ չի կարող չդավաճանել: Այսինքն՝ նա հոգեբանորեն ի վիճակի չէ հավատարիմ լինել: Կան նաեւ այնպիսիք, որ իրենց ողջ կյանքի ընթացքում փնտրտուքների մեջ են, կարելի է ասել, որ փորձում են բոլոր տղամարդկանց, ու այդպես էլ չեն գտնում իրենց ուզածը, չեն բավարարվում, իսկ սա արդեն հիվանդություն է, եւ մեղադրել նրանց անբարոյականության մեջ՝ սխալ է, որովհետեւ նրանք իրականում հիվանդ են եւ լուրջ օգնության կարիք ունեն»:
 
http://www.aravot.am/am/articles/entertainment/89940/view

понедельник, 21 февраля 2011 г.

«ՂՈՒՄԱՐԸ» «ՔԱՂԱՔԱԿՐԹՎԵԼ» Է



Հիմա «Մաֆիա» են խաղում

Դերային խաղ, որտեղ յուրաքանչյուրը վիճակահանությամբ ստանում է իր «դերն» ու սկսում խաղալ. խոսքը բոլորիս քաջ հայտնի «Մաֆիա» խաղի մասին է, որի ընթացքում խաղացողն իր ինտելեկտի ու դերասանական վարպետության համադրությամբ պետք է կարողանա մանիպուլյացիոն հնարքներով խաղն առաջ տանել՝ «սեւ» լինելով խաղալ որպես «կարմիր», «կարմիր» մնալով՝ գտնել «սեւերին»: Կարիք չկա մանրամասնել խաղի կանոնները, որովհետեւ այսօր դպրոցահասակ երեխաներից սկսած՝ բոլորը «Մաֆիա» են խաղում: Քանի որ այս մոդայիկ խաղում սահմանափակումներ չկան, «մաֆիոզները» մեր երկրում շատ են. «Մաֆիայի» սիրահար են ոչ միայն հասարակ ուսանող-երիտասարդները, այլեւ հասարակության մեջ լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք՝ քաղաքական, պետական գործիչներ, մտավորականներ եւ այլք:
Դրսից ներմուծված այս խաղով տարված հայ «մաֆիոզների» ջանքերով տարիների ընթացքում այն «հայաֆիկացվեց», անգամ մաֆիայի ակումբներ բացվեցին, սակայն քչերին է հայտնի խաղի ծագման պատմությունը: Վարկածներից մեկի համաձայն՝ խաղը նկարագրված է համաշխարհային գրականության դասական Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սեւամորթներ» վեպի մեջ: Երբ տասը մարդ հայտնվում են մեծ տան մեջ, ու ամեն գիշեր նրանցից մեկն առեղծվածային ձեւով անհետանում է, իսկ մնացածները փորձում են հասկանալ, որ եթե իրենք ընդամենը տասն են, ապա ով է «մարդասպանը»: Սակայն վեպի մեջ ամենեւին էլ չի հիշատակվում քյաբաբային սեղանների մասին, ինչն այսօր անում են մեր «մաֆիոզները», հատուկ այս խաղի համար բացված ակումբներում խաղալիս: Մեկ այլ վարկածի համաձայն՝ «Մաֆիան» հորինել են հրեա գործարարները. այն հոգեբանական թեստի պես մի բան է եղել, որի միջոցով իրենց մոտ աշխատանքի ընդունելու համար նրանք կարողանում էին ընտրել լիդերներին:
Առաջին հայացքից հեշտ ու պրիմիտիվ թվացող խաղն իրականում շատ բարդ ու միեւնույն ժամանակ հետաքրքիր է: Խաղը լայն տարածում ունի Եվրոպայում եւ ասիական շատ երկրներում: Պրոֆեսիոնալ «մաֆիոզները», որոնք սիրում են խաղալ այս խաղը, հիմնականում խաղամոլներ են. ի դեպ, «Մաֆիան» կտրուկ բարձրացնում է ադրենալինը: Նման դեպքերում գումարով խաղալն ավելի ու ավելի է թեժացնում դրությունը՝ ոգեւորելով մասնակիցներին: «Մաֆիան» պահանջում է ներկայացում, վեճ, հետախուզություն, խելացիություն, խորամանկություն, լավ հիշողություն, սրամտություն, հանգստություն, կարճ ասած՝ ամեն ինչ:
Խաղի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց հոգեբան Շահեն Կարապետյանի հետ, որի կարծիքով՝ «Մաֆիան» ագրեսիա է սերմանում հատկապես դեռահասների մեջ. «Առաջին հայացքից թվում է, թե սա շատ անշառ խաղ է, անգամ անվնաս, բայց եթե հոգեբանորեն մոտենանք հարցին, ապա ակնհայտ է, որ խաղալիս փոխվում է անձի վարքը: Չէ որ խաղացողը ոչ միայն պետք է խելոք լինի, այլեւ դիմի խորամանկ քայլերի, ստի, իր խոսքով, հայացքով ճնշում գործադրի: Քանի րոպե, ժամ, որ տեւում է խաղը, խաղացողը այդ ընթացքում լարված վիճակում է լինում: Այսինքն՝ խաղը հաճելի, բայց, միեւնույն ժամանակ, վտանգավոր լարվածություն է պահանջում, ինչը չի խրախուսվում հատկապես դեռահասների շրջանում»:
Հոգեբանի ձեւակերպմամբ՝ «Մաֆիան» վտանգավոր խաղ է, ու ամենից վատն այն է, որ հայերը խաղում են նաեւ գումարով. «Սա, կարելի է ասել, «ղումարի» նոր տեսակ է: Նկատենք, որ «ղումար» կոչվածը կործանիչ խաղ է, սնանկացնում է ցանակացածին, անգամ ամենալավ խաղացողին: Բավական չի «ղումարը» հայերի շրջանում շատ տարածված է ու տարիներ շարունակ շատ ընտանիքներ են քայքայվել դրա պատճառով, հիմա էլ «Մաֆիան» է իր գործը անում: Նակինում ասում էին՝ հայերը ղումարբազ են, հիմա էլ ասում են՝ մաֆիոզ են: Այս ինչ է կատարվում նոր ջահելության հետ: Բոլորը մաֆիոզ են դարձել: Ու բացի այն, որ այս խաղը փչացնում է հոգեբանորեն, դրան գումարվում է նաեւ երիտասարդների ալկոհոլիկ դառնալու փաստը: Ջահելները հավաքվում են, արկղերով խմիչք առնում ու գնում «Մաֆիա» խաղալու. ամբողջ գիշեր հարբում են, անջատվում, չգիտես ինչեր ծխում ու անջատված ուղեղներով խաղում: Ինչի՞ նման է սա»,- նեղսրտում է Շ. Կարապետյանը, խորհուրդ տալով երբեք տուրք չտալ զվարճանքներին ու միշտ պահպանել չափի զգացողությունը:

:)


четверг, 17 февраля 2011 г.

ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Գիտնականները բացահայտել են, որ «սիրո» զգացումը ավելի հատուկ է իգական սեռի ներկայացուցիչներին: Որպես կանոն, աղջիկները սիրահարվում են միայն մեկ անգամ, այն ժամանակ, երբ տղամարդիկ կարող են սիրահարվել իգական սեռի 5-8 ներկայացուցիչների:
Գիտնականներն այդ իրավիճակը գնահատում են նրանով, որ տղամարդկանց գենետիկ մակարդակում դրված է ավելի շատ սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Այն ժամանակ, երբ կանանց հիմնական նպատակը կայանում է այդ սերունդը դաստիարակելը: Հենց դրանով է բացատրվում կանանց` ընտանիք կազմելու և պահպանելու ցանկությունը:
Հետազոտողները հայտարարում են, որ նույնիսկ ամենառոմանտիկ և ուժեղ զգացումը տղամարդու մոտ չի կարող տևել 4 տարուց ավելի: Պատճառը հենց գենն է, որը պահանջում առավելագույն բազմացում:

понедельник, 14 февраля 2011 г.

Փետրվարի 14-ը...

Փետրվարի 14-ին աշխարհում նշվում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: 269 թվականին այս օրը գլխատվել է սիրահարներին գաղտնի պսակադրող Վալենտինը: Ամուսնությունների արգելքը, համաձայն որոշ պատմությունների, դրվել էր իմպերատորի կողմից բանակը հզորացնելու նպատակով: Լեգենդի համաձայն` Վալենտինը կյանքի վերջին օրերին սիրահարված է եղել բանտապահի կույր աղջկան եւ իր սիրով ու Աստծու անունով առողջացրել նրան:  Մահից առաջ Վալենտինը աղջկան նամակ է գրել` ավարտելով «քո Վալենտին» բառերով: Փետրվարի 14-ը` Վալենտինի կախաղան բարձրացման օրը, այդուհետ հռչակվել է որպես Սուրբ Վալենտինի օրը, եւ մինչեւ հիմա այսօր բոլոր սիրահարներն իրար սիրային բացիկներ են ուղարկում: Հայ եկեղեցին չի ընդունում Սուրբ Վալենտինը եւ հորդորում է մեր երիտասարդներին որպես սիրո տոն նշել Սուրբ Սարգսի օրը:  Սակայն դեռեւս մեր երիտասարդների համար ավելի ընկալելի է Սուրբ Վալենտինը:

:))