Մասնագիտություն, որն ունի պարտականությունների մի ամբողջ համակարգ
Գեղեցիկ հարդարված վարսեր, յուրահատուկ հագուստ, տարբերվող շարժուձեւ. նրանք անթերի են, հաշվարկված, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը:
Նրանք կարծես դերասանուհիներ լինեն, որոնք կարողանում են տղամարդուն տեղափոխել այլ աշխարհ, որը լի է վառ գույներով, սիրով, իսկ տղամարդիկ էլ պատրաստ են հանուն նրանց՝ ահռելի գումարներ ծախսել, միայն թե կատարվեն իրենց գրեթե բոլոր քմահաճույքները: Խոսքը գեյշաների՝ ճապոնական ավանդական մշակույթի «համ ու հոտը» կրողների մասին է: Գեյշա՝ ճապոներեն նշանակում է «արվեստի մարդ», այսինքն՝ երաժշտության, պարի եւ զվարճանքի գիտակ։
21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը՝ միայն այն պատճառով, որ այն շատ ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ՝ շահավետ բիզնես է: Շատերը գեյշաներին շփոթում են մարմնավաճառների հետ, բայց իրականում ամեն ինչ այլ է: Գեյշան կարող է սեռական հարաբերություն ունենալ միայն այն հաճախորդի հետ, ում հետ նա ձեւավորել է հատուկ հարաբերություններ, սակայն գեյշայի եւ տղամարդու միջեւ տեղի ունեցած սեքսը չի կարող ավարտվել մեկ անգամով։ Սրանք երկարատեւ հարաբերություններ են դառնում։ Գեյշային մշտական հաճախորդի՝ դաննայի հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, ու եթե գեյշան եւ իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծության» պես մի հատուկ արարողություն։
Ասում են՝ ճապոնուհիներն աշխարհի ամենաառեղծվածային կանայք են, ամենաանկանխատեսելին ու ամենախոցելին, բայց, միեւնույն ժամանակ, տղամարդկանց կողմից ամենապաշտելին ու ամենացանկալին: Եվ բոլոր տղամարդիկ էլ, անկախ ազգությունից, միշտ էլ ներքուստ երազում են գեյշաների մասին, բայց ոչ այնպես, ինչպես պոռնիկների:
Տղամարդիկ հիմնականում գեյշա են վարձում զվարճանալու համար, բայց նրանց միջեւ սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, սիրահետությամբ։ Գեյշան զրուցում է նույնիսկ քաղաքականության մասին: Ժամանակին, երբ ճապոնացի կանանց արգելվում էր մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին տանել ուշադիր եւ հոգատար դեր գործնական հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, նախկինում գեյշաների դերում հանդես են եկել տղամարդիկ. քանի որ Ճապոնիայի սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող մասնակցել հավաքույթներին, այդ պատճառով էլ գեյշաները ուժեղ սեռի ներկայացուցիչներն էին, որոնք ցուցադրում էին ներկայացումներ, շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին, մտավորականներին, նրանց հետ զրույցներ էին վարում եւ այլն:
Իսկ թե որտեղ, ում մոտ եւ ինչպես են դառնում գեյշա՝ պարզվում է, դա այդքան էլ հեշտ գործ չէ: Ավելի հեշտ է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել, քան գեյշա դառնալ: Գոյություն ունի օկիա կոչվող հաստատություն, որը գեյշաների կացարանն է, իսկ այնտեղ «տեղավորվում» են հինգ-վեց տարեկան աղջիկները, որոնք հաջողությունների հասնելուց՝ գեյշա դառնալուց հետո գումարով փոխհատուցում են իրենց ուսուցանված դասընթացների համար, քանի որ իրենց սովորելու ժամանակահատվածում հենց իրենք են վարձատրվում օկիայի տիրուհուց: Ուսանելու, երբեմն նաեւ դրանից հետո ծավալած կարիերայի ընթացքում գեյշան բնակվում է օկիայում, որը կարծես գիշերօթիկ դպրոց լինի: Օկիայի տնտեսությունը վարում են կանայք, հենց նրանք են սովորեցնում աղջիկներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գեյշա դառնալու համար:
Ապագա գեյշաները արվեստ սովորում են կաբուրենջոյում (գեյշաներին կրթելու համար նախատեսված դպրոց), շամիզեն, ինչպես նաեւ այլ ազգային ավանդական գործիքներ նվագել, երգել, պարել ճապոնական ավանդական պարեր, նրանց սովորեցնում են տիրապետել «սադոհ» անվամբ թեյի արարողությանը, իկեբանային՝ ծաղիկների ձեւավորումը, «շոդոհ» կոչվող գեղագրությանը եւ այլն: Նրանք վարժվում են նաեւ նրբագեղության կանոններին: Նրանց սովորեցնում են, թե տղամարդկանց շրջանում ում առաջինը պետք է խոնարհվել, անգամ այն, թե ինչպես շողոքորթել ամաչկոտին, ինքնահավանին եւ անհետաքրքիր մարդուն: Ու այս ամենը սովորեցնում են, երբ աղջիկը դեռ մայկո է՝ սկսնակ գեյշա։ Պարզվում է, միմյանցից հեշտությամբ տարբերվում են գեյշան եւ մայկոն, ինչպես նաեւ դեռահաս ու չափահաս գեյշաները:
Գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը, քանի որ, ըստ ճապոնացիների, այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։ Իսկ կիմանոն շատ թանկ արժի, մինչեւ մի քանի հազար դոլար: Իսկ այդ կիմանոները հագնելու համար գեյշաներն ունեն հատուկ օգնականներ, քանի որ դրանք ինքնուրույն հագնելը շատ բարդ է: Գեյշաները կրում են նաեւ օկոբո կոչվող բարձր, փայտե կոշիկներ։ Քանի որ գեյշաները միայն զվարճացնելու համար են, այդ պատճառով է, որ գեյշան միշտ միայնակ կին է։ Սակայն ցանկության դեպքում նրանք կարող են նաեւ ամուսնանալ, բայց մինչ այդ թողնում են իրենց մասնագիտությունը։