среда, 4 мая 2011 г.

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Գրագողություն երեւույթը միշտ էլ եղել է, բայց այժմ այն ավելի է շատացել, քանի որ 21-րդ դարի մարդու համար ինֆորմացիա ստանալը, փնտրելը, ձեւափոխելը, օգտագործելն ավելի հեշտ է. ինտերնետը, համակարգիչը «copy-paste» գործողության միջոցով մի քանի վայրկյանում հնարավորություն է տալիս «տիրանալ» ուրիշի «սեփականությանը», խախտել հեղինակային իրավունքներն ու անպատիժ մնալ:
Որքան շատանում են հայկական ինտերնետային կայքերն ու բլոգները, այնքան անհետաքրքիր է դառնում դրանց հետեւելը: Թվում է՝ ինչքան շատ լինեն ինտերնետային էջերը, այնքան ավելի շատ ինֆորմացիա կկարողանանք ստանալ, բայց իրականում հիմնականում նույն նյութը տեղադրվում է բոլորի կայքերում ու բլոգներում, իսկ թե ով է հրապարակման հեղինակը՝ հազվադեպ է նշվում կամ էլ պարզ չի լինում: Խնդիրն այսօր անլուծելի է թվում, բլոգերները բողոքում են, գրագողությունները չեն դադարում:
Հուրախություն շատերի՝ գոյություն ունի www.copyscape.com՝ կայք, որը կօգնի պարզել՝ խախտվե՞լ են արդյոք ձեր հեղինակային իրավունքները, ձեր կայքում, բլոգում տեղադրած նյութը ենթարկվե՞լ է «copy-paste»-ի, թե՝ ոչ: Այս համակարգը շատ պարզ է աշխատում, այցելելով www.copyscape.com կայք, որոնման տողում տեղադրեք ձեր հոդվածի «link»-ը, սեղմեք «Go» ու սպասեք, մինչեւ «copyscape»-ը համացանցում կհայտնաբերի այլ կայքեր, որտեղ բովանդակության համընկնում է նկատել:
Գրագողությունը ուրիշի աշխատանքը պատճենելը, տնօրինելն է, առանց աղբյուրին հղում կատարելու:
Հաճախ մարդիկ կարծում են, որ այն ինֆորմացիան, որը հրապարակվել է՝ արդեն հանրության սեփականությունն է, եւ իրենք կարող են տնօրինել, օգտագործել այն՝ ինչպես ցանկանան: Բայց դա այդպես չէ: Միայն հեղինակը կարող է որոշել թույլատրել եւ արգելել իր նյութի վերարտադրությունը տարբեր ձեւերով (տպագիր հրատարակություն, օրինակների տարածում, թարգմանություն այլ լեզուներով, եւ այլն):
Եվ քանի որ հեղինակային իրավունքի գործողության ժամկետը սկսվում է ստեղծագործության ստեղծման պահից, ապա ինտերնետում հայտնված ինֆորմացիան եւս դրա հեղինակի իրավունքների ազդեցության ոլորտում է:
Հայաստանում ամենից շատ օգտվում են 3 բլոգային ծառայություններից՝ LiveJournal, Blogger.
com (Blogspot.com) եւ Word
Press.com համակարգերից, սակայն բլոգինգը մեզ մոտ այդքան էլ զարգացած ու տարածված չէ. հայկական բլոգոսֆերան ակտիվ է հիմնականում սփյուռքահայերի շրջանում:
«Առավոտի» հետ զրույցում LiveJournal.com-ի բլոգեր Ստեփանը նշում է, որ բազմիցս խախտվել են իր հեղինակային իրավունքները. «Ես տեղադրել եմ բացառիկ լուսանկարներ ու նյութեր, որոնք, օրինակ, վերաբերել են Արեւմտյան Հայաստանին, Ղարաբաղին, սակայն մի քանի ժամ անց դրանք հայտնվել են ուրիշ կայքերում: Ես ոչինչ անել չէի կարող, առավելագույնը՝ նրանց նամակ գրելն էր: Գրագողությունը վերահսկելը շատ բարդ է, copy արված ինֆորմացիայի հեղինակին բացահայտելը երկարատեւ, բավական դժվար պրոցես է, իսկ գտնելու դեպքում էլ, համոզված եմ, տվյալ անձը առանձնապես վնասներ չի կրի»:
WordPress.com-ի օգտագործող Արշակն էլ գտնում է, որ ինֆորմացիոն այս դարաշրջանում Հայաստանում հեղինակային իրավունք հասկացությունը հնացել է՝ խորհրդային ժամանակաշրջանի համեմատությամբ, ավելին, հեղինակային իրավունքների համար պայքարելը վաղուց անիմաստ է դարձել. «Նշեք մի դեպք, որ որեւէ կայքի, բլոգի կամ նյութի հեղինակ դատական կարգով պաշտպանել է իր իրավունքները կամ փոխհատուցում ստացել: Հիմա դա ոչ միայն անհնար է, այլեւ դժվար ապացուցելի փաստ: Եթե մի քանի տարի առաջ ֆայլի ստեղծման ամսաթվով կարելի էր ապացուցել, որ ստեղծագործության հեղինակը դուք եք, ապա այժմ ինտերնետում կա օնլայն ծառայություն, որին ուղարկելով տեքստը, որոշակի գումարի դիմաց կարելի է փոխել նաեւ ամսաթիվը: Ես եկա այն եզրահանգման, որ պայքարել գրագողության դեմ՝ կնշանակի իզուր ժամանակ կորցնել»:
Մեր զրուցակիցների կարծիքով, ամեն դեպքում պետք չէ անհանգստանալ, եթե ձեր կայքից կամ բլոգից կատարվել է գրագողությում, որովհետեւ «լուրջ» կայքը կամ բլոգերն իրենց երբեք նման բան թույլ չեն տա:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/92720/view

воскресенье, 1 мая 2011 г.

ԱՍՏՂԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՃԻՇՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

 Ծայրահեղությունից դրդված չպետք է ամուսնանալ

Բոլորը, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարիների ընթացքում մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն, մեր իրականության մեջ դեռեւս տարածում չունեն:
Աստղագուշակ Կարինե Նուրիջանյանը կարծում է, որ հարսանիքն ու պաշտոնական փաստաթղթերը ձեւական բնույթ են կրում այն երկու հոգու կյանքում, որոնք պատրաստվում են մի ամբողջ կյանք միասին լինել: «Մինչ զագսի դուռը թակելը, ամուսնացողները նախ պիտի իմանան, թե իրենց ինչ է սպասվում ապագայում: Հարկավոր է ճշտել, արժե՞ կյանքներն իրար կապել, թե՞ ոչ: Գոյություն ունի անհամապատասխան զույգ արտահայտությունը, որը հաճախ ասում են զույգի արտաքին տվյալներին նայելով: Սակայն այդ արտահայտության իմաստը լավ չենք հասկանում: Եթե ամուսնացողները, մինչ ընտանիք կազմելը, պարզեն իրենց համապատասխանության փաստը, ապա կխուսափեն բոլոր խնդիրներից: Աստղերը թույլ են տալիս հաշվարկների միջոցով պարզել՝ ամուսնանալ պատրաստվողները համապատասխանո՞ւմ են իրար, թե՝ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Կարինեն, ըստ որի՝ զույգերի միմյանց համապատասխանության հաշվարկներն արվում են նրանց անձնական տվյալների հիման վրա:
«Այդ հաշվարկներն անելը հեշտ չէ, ամեն զույգի տվյալների վրա ես աշխատում եմ 3-4 օր: Դա կարծես երկրաչափական խնդիր լինի, բարդ գործընթաց է: Ասեմ նաեւ, որ այս գործին տիրապետելու համար ինձնից 13 տարի է պահանջվել, իսկ հաշվարկներն անում եմ արդեն 10 տարի, եւ կարող եմ ասել, որ մոտավորապես 99 տոկոսի դեպքում ես ճիշտ եմ եղել: Աստղերը չեն կարող սխալվել, իսկ այն մեկ տոկոսն էլ, որոնց դեպքում գուցե իմ կանխատեսածով չի եղել, դա էլ, կարծում եմ, ճակատագրի հարց է, ինչի դեմ ես անզոր եմ»,- նշեց մեր զրուցակիցը:
Լինում են դեպքեր, երբ կինը միայն ամուսնության միջոցով կարող է իր կողքին պահել սիրած տղամարդուն եւ երկարացնել փոխհարաբերությունները, սակայն տիկին Կարինեն գտնում է, որ ընտրված այս տարբերակը ամենասխալն է, որովհետեւ այդ ամուսնությունը կարող է ժամանակավոր լինել:
«Որոշ զույգեր էլ երկար տարիներ միասին լինելուց հետո են գալիս այն եզրահանգման, որ պետք է ամուսնանան, բայց դա ոչ թե նրանց զգացմունքների թելադրանքն է լինում, այլ ծայրահեղ անհրաժեշտություն: Սա եւս սխալ է, ամուսնությունը չի կարող ծայրահեղ անհրաժեշտություն համարվել: Հատկապես հայերիս դեպքում մարդիկ մտածում են, որ այդ լուրջ քայլը կյանքում մեկ անգամ պետք է լինի ու քանի որ այդպես ենք մտածում, առավել եւս չպետք է ծայրահեղությունից դրդված ամուսնանալ: Հաճախ լսում ենք, որ ինչ-որ մեկն ամուսնացել է, որովհետեւ նրա բոլոր ընկերներն արդեն ամուսնացել են: Սա հիմարություն է: Այսպես մտածողներն ու ամուսնացողներն իրենց ուժերի նկատմամբ անվստահներն են, որոնք պարզապես չեն ուզում ետ մնալ ուրիշներից: Ու սովորաբար ինքնուրույն ու ճիշտ կողակից ընտրելու հարցն այս մարդկանց համար ետին պլանում է լինում: Ահա այսպիսի դեպքերում է, որ թեկուզ մեկ շաբաթվա ամուսնացած զույգին նայելիս ակնհայտորեն զգացվում է նրանց անհամապատասխանությունը: Ու հենց այս կարգի ամուսնությունների դեպքում է, որ ամիսներ անց զույգն արդեն իսկ սկսում է քննարկել ամուսնալուծությունը»,- ասում է տիկին Կարինեն, խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել տարիքին, եւ երբեք չմտածել, որ 18 տարեկանից հետո պետք է անպայման, անհապաղ ամուսնանալ, կամ 30 տարեկանից հետո արդեն տանն են մնացել: Ըստ նրա՝ «տարիքը բացարձակապես կապ չունի, անձը պետք է զգա՝ ինքը հոգեբանորեն պատրա՞ստ է այդ քայլին, թե՝ ոչ: Նշեմ, որ աստղերը խրախուսում են կանխամտածված ամուսնությունները: Հաշվարկը թույլ է տալիս ինչ-որ չափով լուծել կամ խույս տալ ապագայում սպասվող բոլոր խնդիրներից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման տարբերակով կնքված ամուսնությունները ամենակայունն են»:
Աստղագուշակի համոզմամբ, քանի որ բոլոր ժամանակներում էլ ամուսնությունն առավել կարեւորել են կանայք, դրա պատճառով էլ իր հաշվարկներին դիմողների մեծամասնությունը հենց կանայք են. «Ամուսնանալով՝ կինը հասարակության մեջ ձեռք է բերում ավելի բարձր դիրք, մինչդեռ տղամարդու սոցիալական դիրքը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Իսկ «տանը մնալու» վախը թեկուզ անթաքույց ապրում է կանանց մեծամասնությունը՝ ի տարբերություն տղամարդկանց: Ամուսնության տարբերակը միշտ էլ եղել է ավելի ցանկալի, քան քաղաքացիական ապրելակերպը: Վերջինս կարող է ձգվել երկար տարիներ, իսկ հետեւանքները անկանխատեսելի են: Արժե՞ արդյոք վտանգել սերը, մտերիմ հարաբերությունները եւ գրեթե կայացած ընտանիքը՝ ապրելով անկայուն ու վտանգներով լի քաղաքացիական ամուսնությամբ: Հայ կանանց մեծամասնությունը հաստատ չի դիմի այդ տարբերակին, եթե ունենա այլընտրանք: Բայց քանի դեռ մենք այնքան էլ չենք զարգացել, որքան ցույց ենք տալիս, ապա ստիպված ենք ենթարկվել, հարմարվել ավանդույթներին, բայց ոչ մի դեպքում հարմարվելով չամուսնանալ. հարկավոր է գոնե իմանալ, թե ինչ կլինի քեզ հետ կյանքիդ մնացած տարիներին»:
 Ե. Հ.

пятница, 15 апреля 2011 г.

Գրական մրցանակ աղանդավորի՞ն


 
Օրերս Երեւանի գրողների միությունը «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանին պարգեւատրեց «Լավագույն հեղինակ» մրցանակով:
Ա. Սիմոնյանն իր բլոգում գրում է. «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում է. «Լավագույն հեղինակ» մրցանակը տրվում է գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյանին՝ 2010 թվականին «Գրական կյանք»  պարբերաթերթում տպագրված «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համար»: Կարծում եմ, գրողների պարագայում արդեն ոչինչ զարմանալի չէ. Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրագրողների համար «Կեղանք» մրցանակ է սահմանում, Երեւանի գրողների նախագահ Ա. Ափինյանն էլ՝ աղանդավորին է մրցանակ շնորհում ու հոգեւոր գործիչ հայտարարում:
Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/91979/view
 

среда, 6 апреля 2011 г.

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՉԿԱ


 
Ցանկացած տեսակի դաժանություն տարածվում է առանց վերահսկողության

«Այսօր հայկական ԶԼՄ-ները, հատկապես  էլեկտրոնային կայքերը սենսացիա ապահովելու համար տարածում են ամեն ինչ: Հասկանալի է, որ խմբագիրները ռեյտինգի համար են իրենց կայքը զարդարում ամեն տեսակ սարսափազդու ինֆորմացիայով, բայց նրանք իրավունք չունեն  տեղադրել այնպիսի լուսանկարներ ու վիդեոներ, որոնք կարող են վատ անդրադառնալ կայքի այցելուի վրա: Հայերը լրատվական կայքն ու սոցիալականը կարծես թե խառնել են իրար: Առավոտյան բացում ես, որ ինֆորմացիա ստանաս, այնինչ ականատես  ես լինում առնվազն շամշյանական կադրերի: Ինչպես կարելի է, օրինակ, սպանվածի լուսանկարները տարբեր պոզաներով ու ամենայն մանրամասնությամբ ցուցադրել հանրությանը: Ցուցադրում են, թե մարմնի որ մասում է դանակը մտել, քանի անգամ, նաեւ այն, թե մեռածի դեմքը ինչպես է այլայլվել, երբ մահը վրա է հասել, ու թե ինչպես է արյունը թափվել, հեղեղվել եւ այլն: Եվ ամենից վատն այն է, որ այս լուսանկարները տեղադրելիս կայքերը գոնե զգուշացում չեն տեղադրում. օրինակ՝ ռուսականները, որոնք անհամեմատ գրագետ են աշխատում նման նյութեր հրապարակելիս, անպայման նշում են՝  «Զգուշացում. սարսափազդու կադր.  երեխաներին եւ տպավորվող անձանց խորհուրդ չի տրվում դիտել»: Մեզ մոտ ամեն ինչ հայավարի է արվում. ոչ զգուշացում կա, ոչ էլ վերահսկողություն»,- «Առավոտի» հետ զրույցում հայկական լրատվական կայքերի ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալիզմի մասին մտահոգված կիսվեց հոգեբան Վահագն Տերտերյանը: Նրա ձեւակերպմամբ, բացի այն, որ նախ իրավապահները չպետք է թույլատրեն, որ, օրինակ, սպանությունից հետո դեպքի վայրում գտնվեն օտար անձինք՝  ֆոտոլրագրողների տեսքով, առավել եւս պետք է արգելվի այդ լուսանկարների հրապարակայնացումը ԶԼՄ-ներում:  Վ. Տերտերյանը նշում է, նախեւառաջ այդ լուսանկարները հրապարակելիս, եթե նույնիսկ օրենքով չի էլ արգելվում, բայց էթիկայի կանոնները ենթադրում են, որ պետք է  թույլտվություն ստանալ մեռածի հարազատներից: «Ինչ են մտածում կայքերը, երբ տեղադրում են այդպիսի լուսանկարներ: Տեսնես այդ կայքատերերի երեխաները երբեւէ բացե՞լ են այդ լուսանկարները. շատ հետաքրքիր է՝ հարցեր չե՞ն առաջացել իրենց երեխաների մեջ: Իսկ ինչպես պատասխանեն երեխաների հարցերին այն մարդիկ, որոնց  մանկահասակ փոքրիկները պատահաբար են տեսել այդ սարսափազդու կադրերը: Նույնիսկ մեկ անգամ դիտելիս երեխաների վրա դա բացասաբար կանդրադառնա: Հատկապես մանկահասակները կսկսեն վախենալ, երազներ տեսնել: Վերջերս ռուսական լրատվամիջոցները ցուցադրեցին, թե ինչպես էր Նովոռոսիյսկում վեցամյա տղան դանակահարել երեք ամսական քրոջը ու գիտե՞ք ինչու, որովհետեւ նա հեռուստացույցով տեսել էր, թե ինչպես են «բոմժերը» սպանել մի նորածնի...… Սա էլ սենսացիա տարածող, ռեյտինգային լրատվամիջոցի տված պտուղներից է»,- հավելեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաեւ ինքնասպանության դեպքերն ու փորձերը տարածող լրատվամիջոցներին, համոզմունք հայտնելով, որ այս փաստը տարածելով՝ ԶԼՄ-ները նպաստում են դրանց շատացմանը:
Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս տեղեկատվությունը մոտ երկու ամիս առաջ հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետի կողմից:  Ըստ տվյալների՝ օրինակ, 2010 թվին Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009-ին էր: Դրանցից 225-ը ինքնասպանություն է, 367-ը՝ ինքնասպանության փորձ: Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք: Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում: Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: Վ. Տերտերյանի ձեւակերպմամբ, պետք չէ շահարկել ինքնասպանության դեպքը. «Մեր լրագրողները սովոր են մի բանի մասին 100 նյութ սարքել: Երիտասարդն ինքնասպան է լինում, լրագրողն այդ մասին գրում-գրում ու չի հանգստանում: Մեկը թաղման օրն է գնում- գրում, մեկն էլ մեկ շաբաթ հետո, ապա գնում է նրա դպրոց կամ համալսարան, հետո  գտնում է ընկերներին, նախկին ընկերուհուն, առաջին դասարանի ուսուցչուհուն... Սա սխալ է, չի կարելի: Պետք չէ հրապարակայնացնել ուրիշի անձնական կյանքը, հատկապես մահվանից հետո, անկախ այն բանից, թե ինչ մահով է նա մահացել: Ինքնասպան եղածի մասին պարբերաբար ինֆորմացիա ներկայացնելով, ինչ-որ տեղ  շահագրգռություն է առաջանում այդ պահին տվյալ ինֆորմացիան ստացող հոգեկան քիչ թե շատ անհավասարակշիռ վիճակում գտնվող անհատի մեջ: Սիրահարված, սերը կորցրած երիտասարդը մտածում է, գուցե ինքն էլ այդպես անի...…Գուցե այդպես կապացուցի, որ սիրում է կամ էլ գուցե այդպես անի, որովհետեւ այլ ելք չունի: Ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի ավելացման պատճառն ու մեղավորը նաեւ  ԶԼՄ-ներն են»,- ավելացրեց Վ. Տերտերյանը՝ շեշտելով, որ ԶԼՄ-ները հերիք չէ, որ տարածում են սպանության անմարդկային կադրերը, դեռ «Youtube»-ում էլ են տեղադրում ու հպարտորեն վերնագրում, թե ինչպես է հայ ծնողը զավակին սպանել եւ այլն. «Մի մոռացեք, այդ կայքը ամբողջ աշխարհն է նայում: «Youtube»-ը լցված է հայկական դաժանություններով: Այդ պատճառով էլ օտար ազգի աչքին հայերը արնախում են ու ոչ թե ցեղասպանվել են 1915 թվին, այլ հենց իրենք են կոտորել թուրքերին: Այնպես որ, պետք չէ նեղսրտել, թե աշխարհը չի ճանաչում մեր ցեղասպանությունը: Մենք ինքներս ենք աշխատում եւ աշխատել մեր «բարձր» հեղինակության վրա»: 
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/91543/view