Սուր զգացողությունների սիրահարները մեկ ամբողջ գիշեր Երեւանի փողոցներում կփնտրեն ծածկագրեր
Արդեն 181 քաղաքներում հայտնի «Dozor» գիշերային էքստրեմալ ու արկածային խաղին կարող են մասնակցել նաեւ հայերը. «Մի ամբողջ գիշեր, երբ Երեւանի մեծ մասը քնած է, դոզորայինները քաղաքով մեկ կսկսեն «Տիգրան Մեծի գանձերի» որսը: 10-15 թիմ, վստահ իրենց ուժերին եւ էրուդիցիային, զինված ամենահին գործիքներով, էլեկտրական լապտերներով եւ նորագույն տեխնոլոգիայով, ինչպիսիք են ինտերնետն ու GPRS-ը, համակարգիչը՝ կլուծեն հանելուկներ ու տարբեր հետաքրքիր վայրերում, ինչպիսիք կարող են լինել լքված կիսակառույց շենքերն ու շինությունները, նկուղները, գետնանցումները, կփնտրեն բաղձալի կոդերը, որպեսզի մուտքագրեն այն խաղի կայք եւ ստանան հաջորդ հանելուկը: «Dozor»-ը դա խառնուրդ է մի քանի խաղերի` «Ford boyard»-ի, «ճՑՏ, չՊպ, ՍՏչՊՈ»-ի եւ այլն: «Dozor»-ը գիշերային էքստրեմալ խաղ է, այն խաղում են գիշերը, թիմերով, որպեսզի եւ հետաքրքիր լինի, եւ զգացողություններն ավելի սուր լինեն»,- «Առավոտի» զրույցում Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Dozor» խաղի մասին պատմեց նրա կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:
«Առաջին խաղը լինելու է օգոստոսի 29-ին: Սա ցուցադրական դեմո խաղ է, որտեղ թեթեւ ու զվարճալի առաջադրանքներ են լինելու, որ արկածային թվա: Քանի որ սա առաջին խաղն է, կարող է մասնակցել մինչեւ 30 թիմ, իսկ յուրաքանչյուր թիմում այնքան մարդ, որքան իրենք կկամենան, այսինքն 5, 8, 10 հոգի եւ այլն: Խաղին կարող են մասնակցել միայն չափահասները, ինչն էլ կապված է ռիսկի էլեմենտների հետ. չափահասն ինքն է պատասխանատու իր համար: Կա եւս մի սահմանափակում՝ ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործած մարդիկ խաղին չեն մասնակցի, եւ եթե տեսնենք, որ մասնակիցներից որեւէ մեկը, օրինակ՝ թիմի կապիտանը, ոչ ադեկվատ վիճակում է, ապա մենք կայքում իրենց թիմը կկոդավորենք, որ չկարողանան առաջադրանքներ ստանալ: Հավելեմ նաեւ, որ խաղի մասնակիցների հետ պայմանագրեր ենք կնքելու այն մասին, որ իրենց հետ կատարվածի, ռիսկի ու իրենց կյանքի համար միայն իրենք են պատասխանատու»,- ասաց Գ. Գրիգորյանը՝ հավելելով, որ խաղին մասնակցելու համար ցանկացողները պետք է անպայման գրանցվեն http://night.dzzzr.ru /erevan/ կայքում:
Ըստ մեր զրուցակցի, խաղի ընթացքում թիմերին տրված 5-10 առաջադրանքներից հիմնականները հանելուկի ձեւով են լինում, ու այդ հանելուկով էլ մասնակիցները պետք է գտնեն այն վայրը, որտեղ գրված է ծածկագիրը, իսկ վերջինս կարող է գրված լինել գետնին, որեւէ նստարանի տակ կամ թաղված լինել հողի տակ եւ այլն: «Այս կերպ խաղն ավելի արկածային ու հետաքրքիր է լինում ու շատ անգամ ունենում է ռիսկի էլեմենտներ: Օրինակ, հնարավոր է, որ ծածկագիրը թաքնված լինի մի բարձրահարկ, կիսակառույց շինության մեջ, որտեղ բարձրանալով՝ մարդը պետք է շատ ուշադիր լինի»,- ասաց Գեւորգը՝ խոստանալով, որ առաջին խաղին շատ էքստրեմալ փորձություններ չեն լինի, քանի որ հայերը դեռ պատրաստ չեն դրան:
Գ. Գրիգորյանը նաեւ շեշտեց, որ խաղի բոլոր մասնակիցներն իրենց կյանքի համար միայն իրենք են պատասխանատու. «Օրինակ, եթե ծածկագիրը թաքցված է բարձր լարում ունեցող սյան վրա, որի վրա բարձրանալիս հատուկ երկաթներ ու պարան է պետք ու եթե մասնակիցն այդ ամենը չունի եւ խնդիր է առաջացել, ապա դրա համար միայն ինքն է պատասխանատու: Մենք խաղի մասնակիցներին նախապես ասում ենք, թե իրենք ինչ պետք է ունենան իրենց հետ: Մասնակիցներին նախապես զգուշացվում է, թե ինչ վերցնեն իրենց հետ ու ինտերնետ կայքում էլ նախապես անոնս ենք տվել, որ մասնակիցները պետք է ունենան ավտոմեքենա, հեռախոս, ինտերնետին միացված համակարգիչ եւ այլն: Երկու հոգի ամբողջ խաղի ընթացքում պետք է նստեն համակարգչի առջեւ ու մշտապես կապի մեջ լինեն թիմի հետ, որպեսզի վերջինիս տեղեկացնեն առաջադրանքի մասին: Իսկ երբ թիմը գտնի ծածկագիրը՝ պետք է շտապ տեղեկացնի համակարգչին հետեւող իր թիմակիցներին, որ վերջիններս ծածկագիրը ներմուծելով կայք՝ կարողանան ստանալ հաջորդ հանելուկ-առաջադրանքն ու կրկին փոխանցեն թիմին: Նշեմ, որ առաջին խաղում շատ վտանգավոր փորձություններ չկան, այդ պատճառով մասնակիցներին ինչ-որ հատուկ պարագաներ պետք չեն գա:
Բացի հանելուկ-առաջադրանքներից, լինելու են նաեւ ֆլեշ-մոբեր, սրանք հետեւյալ առաջադրանքներն են՝ մարդը պետք է դուրս գա իր սոցիալական կաղապարներից, որ կարողանա, օրինակ, 4 անծանոթ գտնել ու համոզել այգում իր հետ ինչ-որ երգ երգել, ինչն էլ լսելով՝ խաղի ագենտը կմոտենա մասնակցին ու ծածկագիրը կտան նրան»:
Խաղի կազմակերպչի խոսքերով, արդեն կան պատրաստի թիմեր. «http://night.dzzzr.ru/erevan/ կայքում արդեն 6 թիմի ակտիվացրել ենք ու դեռ շարունակում ենք հայտեր ստանալ»:
Գեւորգը նաեւ ասաց, որ առաջին խաղը չի նկարահանվելու,«Բայց հետագայում հուսով եմ՝ համաձայնության կգանք որեւէ հեռուստաընկերության հետ, կնկարահանենք ու կլինի նաեւ խաղի հեռուստատարբերակը»: «Dozor»-ը Երեւանում անցկացնելու մատահղացման մասին Գեւորգն ասաց. «Մտածեցի, որ երեւանյան գիշերային կյանքի մեջ կա մարդկանց մի շերտ, որ այս խաղին հաստատ սիմպատիայով կվերաբերվի ու անպայման կմասնակցի: Օրինակ, Ռուսաստանում «Dozor»-ին մասնակցում են հայտնի ֆիրմաների տնօրեններ, մենեջերներ, փաստաբաններ, պատգամավորներ...»:
Իսկ թե ինչ է սպասվում հաղթող թիմին, կազմակերպիչն ասաց. «Խաղի վերջում հաղթելու է մեկ թիմ, իսկ որպես մրցանակ՝ որոշել ենք, որ հաղթող թիմը 3 անգամ անվճար կմասնակցի հաջորդ խաղերին. առաջին խաղն անվճար է, իսկ հետագայում այն լինելու է անդամավճարներով»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий