понедельник, 22 марта 2010 г.

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՏՐԱՆՍ Է

Իսկ այդ վիճակում մարդը հայտնվում է իր կամքից անկախ
Սեւեռուն հայացք, ուշադրության նվազեցում, շարժվելու ցանկության բացակայություն, մարմնի ջերմաստիճանի փոփոխություն, թուլություն, ժամանակի ընկալման խախտում, սեփական գործողությունները վերահսկելու անկարողություն եւ այլն: Սրանք այն նախանշաններն են, որոնցով մարդկանց մոտ սովորաբար բնորոշվում է տրանսի վիճակը:

Տրանսը մի վիճակ է, երբ մարդը մտածում է մի բան, սակայն անում մեկ այլ բան՝ այսինքն շեղվում է:

Հոգեբան Արմեն Նազարեթյանի ձեւակերպմամբ՝ տրանսը մարդու համար բնական վիճակ է ու երբեմն նույնիսկ անհրաժեշտ՝ գոյատեւելու համար:

Ըստ հոգեբանի, կա մարդու ղեկավարման երկու եղանակ՝ հիպնոս եւ տրանս: Հիպնոսը այն վիճակն է, երբ մարդու գիտակցությունը քնած է, ենթագիտակցությունը՝ արթուն. «Մարդու գիտակցությունը ղեկավարվում է ենթագիտակցությամբ, իսկ երբ մարդուն հիպնոսի են ենթարկում, խոսում են նրա ենթագիտակցության հետ: Գրեթե ցանկացած հրաման, որը տալիս է ենթագիտակցությունը գիտակցությանը, մարդն ընդունում է որպես սեփական ցանկություն: Իսկ ինչ վերաբերում է մարդուն ղեկավարելու երկրորդ եղանակին՝ տրանսին, ապա դրան հակադրվում է գիտակցության վիճակը, երբ գիտակցական ուշադրությունը կենտրոնանում է ակտուալ գործողությունների եւ իրադարձությունների վրա: Մարդն իր ուշադրությունը ֆիքսելով կոնկրետ մի բանի վրա, ակամա շեղվում է մնացած ամեն ինչից: Այդ իսկ պատճառով տրանսը նաեւ մի վիճակ է, երբ մարդու ուշադրությունը կենտրոնանում է միայն մեկ բանի վրա»:

Հոգեբանի ձեւակերպմամբ, ընդհանրապես կյանքի իրավիճակների մեծ մասը կարող է բնորոշվել որպես տրանսի վիճակ. «Ամեն անգամ, երբ մարդը կենտրոնանում է ոչ թե ինչ-որ կոնկրետ խնդրի, այլ մտքերի վրա՝ լինեն դրանք լավ կամ վատ հիշողություններ, կամ գուցե ֆանտազիաներ՝ ընկնում է տրանսի մեջ: Օրինակ, սիրահարված մարդը մշտապես տարված է լինում, եւ մտածում այն մարդու մասին, ում սիրահարված է: Փաստորեն, մարդը սիրահարվելով՝ ինքնաբերաբար հայտնվում է տրանսի մեջ:

Այստեղ հարկ է նշել մի յուրահատուկ փաստ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:

Բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսը իր «Սիրո հիվանդություն. սերը՝ որպես հոգեկան խանգարում» գրքում ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները, սեւեռուն մտքերը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, կպչուն մտքերի համախտանիշը եւ այլն: Իսկ այդ ախտանիշների մեծամասնությունից դատելով, ակնհայտ է, որ սիրահարվելով՝ մարդը միաժամանակ հայտնվում է տրանսի վիճակում:

Արմեն Նազարեթյանը հավելում է, որ մարդ կարող է տրանսի մեջ ընկնել նույնիսկ գիրք կարդալիս, աշխատելիս, ուտելիս, հեռուստացույց դիտելիս եւ այլն: Օրինակ, հեռուստացույցի էկրանին նայելիս մարդը կլանում է իրեն տրվող ինֆորմացիան ու այդ պահերին դառնում շատ խոցելի, քանի որ գիտակցությունը մասամբ գտնվում է հիպնոսի վիճակում. «Տրանսային իրավիճակներում ուղեղն այլ կերպ է աշխատում: Որոշ մարդկանց մոտ այդ իրավիճակում գտնվելը դրսեւորվում է նրանց շատ ակտիվ վիճակով, իսկ որոշների մոտ՝ պասիվ: Մարդը կարող է տրանսի մեջ ընկնել նույնիսկ աշխատանքի ժամին, ինչը բնական տրանս է համարվում: Բոլորի մոտ էլ պատահում է, երբ աշխատելիս ժամանակ առ ժամանակ դժվարանում են կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց 20-25 րոպե անց այդ վիճակն անցնում է, շատերի մոտ ի հայտ են գալիս նոր գաղափարներ, աշխուժանում են: Պատահում է նաեւ այնպես, երբ մարդիկ ժամանակավորապես տրանսի մեջ են ընկնում՝ հարմարավետության զգացողություն ունենալով: Բայց ամեն անգամ տրանսից «վերադառնալիս»՝ մարդը ավելի հաճելի վիճակում է հայտնվում»:

Հոգեբանը նշում է, որ ինչպես հիպնոսի՝ այնպես էլ տրանսի միջոցով կարելի է ներգործել մարդու վրա: Իսկ ինչ անել, որպեսզի մարդու բնական տրանսի վիճակը չօգտագործվի իր իսկ դեմ՝ «անհրաժեշտ է սովորել տրանսի վիճակին»,- եզրափակեց Ա. Նազարեթյանը:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий