среда, 16 июня 2010 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՓՐԿՉԻ» ՀԵՏ՝ ՉԿԱՅԱՑԱՎ

Ո՞վ է թյուրիմացության մեջ գցում հասարակությանը

Օրերս Երեւանի փողոցներում, անգամ երթուղայիններում շրջում էին խորհրդավոր արտաքինով մարդիկ. քաղաքակիրթ ձեւով մոտենում էին հասարակության տարբեր զանգվածներին, ցույց տալիս իրենց «երկնքից» ստացված բայջը, որի վրա գրված է՝ «Հանդիպում Հիսուսի հետ», համոզում, թե շուտով փրկվելու ենք... Ոչ հայաստանաբնակ անծանոթները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, հունիսի 12-ին բոլորին հրավիրում էին «Հրազդան» մարզադաշտ, հանդիպելու փրկչի՝ Դեյվիդ Հասավեյի հետ: Կասկածելի փրկչի եւ մարդկանց մոլորությունը կանխելու պատրվակով հունիսի 9-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հորդորեց չգնալ այդ հավաքին, որովհետեւ, իր տեղեկություններով, այն աղանդավորական հավաք է, որը գլխավորելու է Դ. Հասավեյը, իսկ միջոցառման նախաձեռնողն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն է:
Կարծում եմ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի, այս դեպքում՝ տեր Շմավոնի արձագանքը, որ «յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն ընդամենը խառնակչի դեր է տանում՝ լինի «Կյանքի խոսքը», թե ավետարանական որեւիցե այլ կազմակերպություն, նրանց նպատակը միայն մարդկանց հեռու քաշելն է առաքելական եկեղեցուց»՝ նորմալ էր, սակայն վերջինիս խոսքերը «Կյանքի խոսքին» պատասխանելու առիթ էին տվել:
«Առավոտին» ուղարկված նրանց նամակում նշվում է. «Հոգեւորականը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Իրականությանը չի համապատասխանում հոգեւորականի այն պնդումը, որ իբրեւ թե «Կյանքի խոսք» եկեղեցին է հրավիրել Դեյվիդ Հասավեյին եւ նախաձեռնել հավաքույթները Հանրապետական մարզադաշտում: Դեյվիդ Հասավեյը միջազգայնորեն ճանաչված ավետարանիչ է, բայց բնավ «Կյանքի խոսք» եկեղեցուց չէ, ինչպես փորձել է ներկայացնել հոգեւորականը»:
Հավելենք, որ «Առավոտը» փորձեց «Հրազդան» մարզադաշտից ճշտել կայանալիք հավաքի մասին, որը ինչպես նախապես հայտարարած էր, թե կայանալու է հունիսի 12-ին, ըստ մեր տեղեկությունների՝ մեկ օր հետաձգվել էր: Ամեն դեպքում եւ հունիսի 12-ին, եւ 13-ին «Հրազդան» մարզադաշտից հերքեցին, որ իրենց մոտ նման հավաք է լինելու:
Նշենք նաեւ, որ, ըստ տեր Շմավոնի (նա պատասխանել է www.qahana.am կայքի այցելուներից մեկի հարցին)՝ «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդավորական շարժում է, որն ամենուրեք հայտարարում է, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնել է իրենց գործունեությունը եւ այդպիսով բազում մարդկանց մոլորեցնում...»:
Ինչես նշվում է Հայ առաքելական եկեղեցու www.qahana.am կայքում՝ աղանդը մանիպուլյացիոն, մարդու գիտակցությունն ապակայունացնող, առողջությունը եւ հոգեկան աշխարհը քայքայող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է իր հիմնադիրների հաճույքների բավարարմանը: Դրանք հիմնականում կրոնական համայնքներ են՝ քողարկվող Աստվածաշնչով, որը մեկնաբանում են յուրովի, տարբեր մեդիտատիվ հավաքներ եւ «վերականգնողական» կենտրոններ են, որոնք մի կախվածությունը փոխարինում են մեկ ուրիշով: Մարդկանց աղանդ են բերում՝ խաբեության կամ այդ կազմակերպության տեսության եւ գործունեության մասին հավաստի տեղեկությունները թաքցնելու միջոցով, գայթակղելով ու տանելով մարդկանց տարբեր երեկույթների եւ սեմինարների, թմրանյութային եւ ալկոհոլային կախվածությունից ազատման խոստումների միջոցով: Պոտենցիալ «քրոջը» կամ «եղբորը» շրջապատում են բարությամբ եւ ըմբռնմամբ, աղոթում են նրա եւ նրա մտերիմների համար, կարող են անգամ խորհուրդ տալ կամ նույնիսկ նյութապես աջակցել: Աստիճանաբար մարդու մեջ առաջացնում են կախվածություն այդ բարությունից ու ըմբռնումից, աղոթքներից ու խորհուրդներից: Նրանք եթե անգամ ցանկանան, չեն կարողանա իրենց նոր «ընտանիքի» որեւէ խնդրանքը մերժել:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բավարարվել ֆանտազիաներով

Հակառակ դեպքում՝ ձեզ այցի կգան էրոտիկ երազները



Ասում են՝ էրոտիկ ֆանտազիաներ ունենում են բոլորը, եւ սեքսուալ բնույթի երազներ տեսնում են նույնիսկ երեխաները: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր երեւույթներով է պայմանավորված: Էրոտիկ երազներ տեսնելը կարող է կապված լինել անձի այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք հասարակության մեջ համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որ էրոտիկ երազներն են տրամադրում մարդուն, երեւակայությանը մեծ թափ է տալիս: Հոգեբաններն ասում են, քանի որ որոշ ֆանտազիաներ հնարավոր չէ իրականացնել, այդ պատճառով էլ մարդը երազում բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ կարող է անել սրտի ուզածը:
«Ես մի հիվանդ ունեմ, ընդամենը 14 տարեկան աղջնակ է, որը տառապում էր անքնությամբ: Դպրոցում բացարձակ գերազանցիկ այդ աղջնակը 3 ամսվա ընթացքում կորցրել էր ինքնատիրապետումը, ցրված էր, նյարդային, գնահատականները շատ ցածր էին, չէր կարողանում կենտրոնանալ դասերի վրա: Երեխան վախենում էր քնել, ասում էր՝ «զզվում եմ երազներից, ամաչում եմ»: Պարզվեց, որ աղջնակը սիրահարված է իր մաթեմատիկայի երիտասարդ ուսուցչին: 14-ամյա Ալինան սեքսուալ երազներ էր տեսնում: Նա նկարագրում է, թե ոնց է կրքոտ համբուրում ուսուցչին, եւ ինչպես է վերջինը իրեն անկողնում կրքոտ գուրգուրում: Նա ե՛ւ պատմում, ե՛ւ ամաչում է իր տեսած երազների համար, ասում է՝ ախր մտքովս չի էլ անցել ընկեր Ստեփանյանի հետ սեռական հարաբերություն ունենալ...: Հիմա նրա վիճակը համեմատաբար կայուն է: 1 ամիս առաջ նույնիսկ ինձ չէր վստահում, չէր ուզում խոսել: Զոռով էի նրանից ինչ-որ բան կորզում: Պատճառն այն էր, որ ամաչում էր ծնողներից: Մտածում էր՝ եթե ծնողներն իմանան իր անքնության, երազների պատճառը, հաստատ կսկսեն կասկածել, մտածելով, որ իրենց աղջկա ու ուսուցչի միջեւ ինչ-որ բան է տեղի ունեցել, հետո կգնան դպրոց՝ պարզաբանումների ետեւից...: Բայց երազատեսությունը անբուժելի չէ ու կոնկրետ Ալինայի դեպքում՝ անցողիկ»,- «Առավոտի» հետ զրույցում էրոտիկ երազներ տեսնելու թեմայի վերաբերյալ պատմեց հոգեբան Նաիրա Այվազյանը: Նա հավելեց, որ ընդհանրապես հորինվածքը, որն արտահայտվում է հատկապես երազում, մարդուն պատասխանատվությունից ազատում է, ապահովում պաշտպանվածության զգացողություն:
Առհասարակ ֆանտազիաներին հագուրդ տալը բոլորի մոտ էլ ստացվում է: Կան նաեւ այնպիսի մարդիկ, որ հաճախ ֆանտազիաների գիրկն են ընկնում սեքսուալ գրգռվածությունն ուժեղացնելու նպատակով. դե, իսկ ֆանտազիաների համար մարդկանց չեն դատապարտում:
Բրիտանացի սեքսոլոգների հետազոտության օբյեկտ հանդիսացած մի խումբ առողջ տղամարդիկ փաստել են, որ եթե որեւէ անօրինական, անթույլատրելի սեքսուալ երեւույթի նկատմամբ ձգտումը չես կարողանում բավարարել կամ հաղթահարել, ուրեմն պետք է շատ վառ ձեւով երեւակայել եւ ինքնաբավարարվել, հակառակ դեպքում՝ լուրջ հոգեբանական խնդիրներ կառաջանան. էրոտիկ երազները պարբերաբար «այցի կգան», ինչն էլ կազդի նյարդային բջիջների վրա: Այս հետազոտությունը հավանաբար անցկացվել է Հայաստանի նման ավանդապահ երկրների բնակիչների համար: Ու քանի որ հայերը տղա-աղջիկ հարաբերությունում բացառում կամ ցավագին են վերաբերվում մինչամուսնական սեռական հարաբերություններին, ապա մնում է միայն երեւակայել, «յոլա գնալ» էրոտիկ ֆանտազիաներով...
Բրիտանացի մարդաբանները եկել են այն եզրակացության, որ հաճախ երեւակայած էրոտիկան իրականում կայանալիք իրադարձությունների համար փորձ է հանդիսանում: Իսկ ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, որ սեքսուալ ֆանտազիաներին ամենից շատ տղամարդիկ են տուրք տալիս, էրոտիկ երազներում հաճախ նրանք են «ճախրում»՝ այդպես չէ: Բանն այն է, որ կանայք այդ ամենը պատկերացնում, տեսնում են համեմված «ռոմանտիկայով», տղամարդիկ՝ պոռնոգրաֆիայով:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

четверг, 10 июня 2010 г.

Երբ ծանոթանում են հայերը…

Կայք, որտեղ կարելի է «զվարճանալ»



Kuku.am՝ ծանոթությունների կայք՝ նախատեսված ողջ աշխարհի հայերի համար. համենայնդեպս այս կարգախոսով են առաջնորդվել հիմնադիրները՝ ստեղծելով այն: Ինչ պահանջվում է այցելուից, դա կայքում պարզապես անվճար գրանցվելն ու անձնական էջն ունենալն է: Իսկ հետո kuku.am-ում «զբաղեցնելով ձեր տեղը», կարող եք տեղադրել ձեր մասին պատմող ինֆորմացիա, ներբեռնել ցանկացած բովանդակության լուսանկար եւ այլն: Գրանցվելուց հետո կարող եք ընկերության առաջարկ անել կայքի ցանկացած «բնակչի», մի խոսքով՝ շփվել ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Ընդ որում՝ գրանցվելիս պահանջվում է նշել տարիքը, որը պետք է 15-ից բարձր լինի, սակայն որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ, ասենք, 45 տարեկան տղամարդու անվան տակ 12 տարեկան աղջնակ չի հանդես գալիս: odnoklassniki.ru սոցիալական ցանցի անհաջող կրկնօրինակ kuku.am-ի ստեղծողները, համենայնդեպս, մի բան հաստատ հաշվի չեն առել. այն, որ 15 տարեկան ՀՀ քաղաքացին, ըստ օրենքի, անչափահաս է, հետեւաբար նրա մուտքը մի կայք, որը լի է պոռնոգրաֆիկ նկարներով եւ որոնցում արտացոլված է Կամասուտրայի բոլոր դիրքերը՝ պարզապես անթույլատրելի է: Նկարներից բացի, կայքն իր «բնակիչներին» հնարավորություն է տալիս նաեւ ներբեռնել վիդեոներ, վերջինները եւս իրենց «համեստ» բովանդակությամբ հաստատ չեն զիջում լուսանկարներին: Ամենից վատն այն է, որ պոռնոգրաֆիա տարածողների մեջ կան նաեւ անչափահասներ, իսկ ադմինիստրացիան, փոխանակ արգելափակի նմանատիպ ինֆորմացիայի հոսքը եւ արգելի երեխաների մուտքը kuku՝ ոչինչ չի անում այդ ամենը կանխելու համար: Ինչ վերաբերում է շփման ձեւերին, ապա հաստատ անակնկալի կգաք, որովհետեւ 15-16 տարեկաններն այնպիսի այլանդակ ու անպարկեշտ առաջարկներով կսկսեն ձեզ խոսեցնել, իրական կյանքում սեքսառատ գիշեր կամ վարդի թերթիկներով պատված սենյակում էկզոտիկ երեկո առաջարկել, որ ձեզ կթվա ինտերնետային XXX գոտում եք, որը նախատեսված է հիմնականում պոռնո կայքերի համար: Այն, որ կայքի հիմնադիրները մի շարք հարցերում թերացել են, դա ակնհայտ է, պոռնո տարածելուց բացի, այնտեղ տեղադրվում են պետական խորհրդանիշներ պարունակող, օրինակ՝ զինանշանով, լուսանկարներ, ինչն օրենքով արգելված է: Նշեմ, որ «ՀՀ զինանշանի մասին» օրենքով արգելվում են ՀՀ զինանշանի պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշներում: Իսկ օրենքի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն, ինչն անթաքույց անում են kuku.am-ում: Ուշագրավ էր հատկապես մի լուսանկար, որում ՀՀ խորհրդանիշ եռագույն դրոշի ֆոնին աղավաղած էր ոչ միայն պատկերված զինանշանի ձեւը, այլեւ նրա վերեւում մեծ տառերով գրված էր «ՅՈՆՋԼԱՂ». այստեղից բնականաբար պետք է եզրակացնել, որ «կՐՏՒՌսՖ»-ի տերը յոնջլաղցի է: Ավելորդ չէ նշել նաեւ աղավաղված եռագույնների մասին, որոնց վրա էլ կարելի է հանդիպել «3-րդ մաս», «Ծերեթելի» գրությունները, «տերերի» «GOLD» հեռախոսահամարները եւ այլն: Կարծում եմ, կայքի ադմինիստրացիան գոնե պետք է իմանար, որ ՀՀ դրոշը տեղադրվում է ՀՀ նախագահի, ԱԺ-ի, վարչապետի, ՀՀ դատախազների, դատավորների, ՀՀ դիվանագիտական մարմինների ղեկավարների աշխատասենյակներում եւ այլն: Իսկ kuku-ն որեւէ կերպ չի առնչվում «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքի դրույթներին:
Քիչ չեն նաեւ ինքնասպանություն պատկերող տարբեր լուսանկարները, որոնք հավանաբար տեղադրվել են խեղաթյուրված հոգեբանության տեր անձանց կողմից. ինքնասպանության տեսարանները հաստատ շահեկան չեն լինի անչափահասի հոգեբանության վրա, իրենց ներգործությամբ:
Այս անկարգություններից բացի, կայքում հաճախ կհանդիպեք նաեւ ՀՀ երեք նախագահների լուսանկարներին, ծաղրանկարներին եւ նրանց վերաբերող այլ անճաշակ հումորային պատկերների: Հավելեմ, որ կայքում, երեխաներից բացի, գրանցված են նաեւ միջին տարիքի, անգամ լուրջ դիրքեր զբաղեցնող քաղաքացիներ, բնականաբար՝ ուրիշ անվամբ եւ լուսանկարներով: Եվ եթե վերջիններիս հետ շփումը ստացվում է, ապա նրանք անկեղծ խոստովանում են ոչ միայն իրենց կուսակցական պատկանելությունը, զբաղեցրած դիրքը, աշխատանքի վայրը, այլեւ անձնական լուսանկարներն են ցուցադրում, բայց սա միայն այն դեպքում, երբ ներկայանում ես ոչ թե լրագրող, այլ վարսավիր կամ հասարակ վաճառողուհի: Իսկ երբ, օրինակ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բաժիններից մեկի պետի կամ Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի ու վարսավիրի (որն իրականում լրագրող է) շփման ընթացքում նրանց միջեւ փոխադարձ համակրանք է առաջանում, ապա հասունանում է հանդիպման գնալու պահը...
Նկատենք նաեւ, որ կայքում շատ կան մարդիկ, որոնք համայն հայությանն ի ցույց են դրել իրենց անձնական լուսանկարները. այստեղից հարց է առաջանում, նրանք արդյոք գիտակցաբա՞ր են դա արել, որովհետեւ կայքում հեշտությամբ կարելի է հանդիպել նույն լուսանկարներով, բայց տարբեր անվամբ մի քանի հոգու: Այսինքն, հայկական այդ «տարածքում» «профиль»-ի տերն ապահովագրված չէ նույնիսկ այն հարցում, որ իր նկարները մեկ ուրիշը հեշտությամբ «copy paste» կանի մեկ այլ «профиль»-ում:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

понедельник, 7 июня 2010 г.

ԱՆՏԵՂԻ ԿԱՍԿԱԾԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Երեւակայության վրա հիմնվելով՝ կասկածել սեփական երեխայի հայրության հարցում, սխալ է




Ընտանիքը կարեւոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի եւ երեխաների հոգեբանական պահանջմունքների բավարարման համար: Ընտանիքը մարդկանց մի խումբ է, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, բարոյական պատասխանատվությամբ եւ այլն: Ընտանեկան կյանքում կարեւոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ նշանակալիորեն ավելի բարդ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ընտանեկան կյանքում երեւի թե ամենակարեւոր հանգամանքը ամուսինների կողմից միմյանց վստահելն է, սակայն ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են նաեւ կոնֆլիկտները՝ տարբեր դրդապատճառներով՝ տեղին ու անտեղի, եւ խանդը: Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ հանկարծ կարող է զրկվել նրանից: Խանդը գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում: Խանդը պատկանում է այն խնդիրների թվին, որոնք զուգընկերները պետք է քննարկեն բացահայտորեն: Ամուսնական հարաբերություններում երբեմն պատահում է հիվանդության աստիճան հասնող խանդ, ինչի պատճառով էլ առաջանում է նույնիսկ անվստահություն սեփական հայրության հարցում՝ որն էլ անվանվում է «Մոնթուելի կոմպլեքս»:

Նշենք, որ երեւույթն իր անունը ստացել է 10-րդ դարում, ֆրանսիացի կալվածատեր Մոնթուելի անունից: Վերջինս իմանալով, որ կինն իրեն դավաճանել է, կնոջը փակել էր եկեղեցում, իսկ ծնված երեխային հետագայում ուղարկել ձիանոցում աշխատելու, քանի որ նրա ստեղծման հարցում իր մասնակցությանը խիստ կասկածում էր: Բոլորը դատապարտեցին այդ արարքը, քանի որ երեխան արտաքինով շատ նման էր հորը, բայց Մոնթուելին՝ երեխայի իրեն նման լինելու փաստը չհամոզեց: Մինչեւ այժմ էլ հորը շատ նման երեխաներին ֆրանսիացիներն անվանում են «Մոնթուելի որդի»:

«Մոնթուելի կոմպլեքսը» զուգընկերուհու կամ կնոջ նկատմամբ անվստահությամբ եւ վախով է արտահայտվում: Սովորաբար տղամարդը խուճապային ձեւով վախենում է, որ հանկարծ, եթե ինչ-որ մեկն իմանա, որ իր կինը ուրիշից երեխա է ունեցել, կհայտնվի ծիծաղելի վիճակում, կկորցնի իր արժանապատվությունը եւ այլն: Իսկ այդպիսի մարդիկ հիմնականում հայրություն ճանաչելու համար փորձաքննություն են պահանջում կանանցից, նույնիսկ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց հոգեբան Շահեն Կարապետյանը: «Ամենից հաճախ «Մոնթուելի կոմպլեքսը» ալկոհոլիկների մոտ է զարգանում, որովհետեւ հիվանդ երեւակայությունը, հատկապես հարբած վիճակում, նրանց մոտ դավաճանության պատկերներ է նկարագրում: Սեփական խանդի ազդեցության տակ այս կոմպլեքսով տառապող ալկոհոլիկները սկսում են բարկանալ, ագրեսիվ են դառնում կնոջ եւ երեխաների հանդեպ»: Շ. Կարապետյանն ասում է, որ երբեմն էլ «Մոնթուելի կոմպլեքսը» ժառանգաբար է փոխանցվում. օրինակ, եթե երեխայի մայրն իր ապրած կյանքի ընթացքում անբիծ վարքով աչքի չի ընկել, ապա նման կնոջ որդին հետագայում բոլոր կանանց վարքի համար կասկածում է. «Նա իր կասկածները տարածում է սեփական կնոջ վրա ու ինչքան շատ է նրան սիրում՝ այնքան ավելի շատ է նրան դավաճանության մեջ կասկածում: Բազմիցս ապացուցված երեւույթ է, որ այն կոմպլեքսները, այդ թվում եւ Մոնթուելինը, որ գալիս են մանկությունից, շատ դժվար են բուժվում: Հայերի մեջ էլ կան այս կոմպլեքսով տառապող շատ անձինք: Գաղտնիք չէ, որ մենք տաքարյուն, խանդոտ, կասկածամիտ ազգ ենք, հատկապես՝ տղամարդիկ: Այդ պատճառով հիմնականում նրանք, որոնք խմիչքի հետ սեր ունեն եւ իբր թե ավանդական ընտանիքի կողմնակից են, հայկական ավանդույթների կրողն ու պահպանողը, հարբած վիճակում սկսում են անտեղի հայհոյել սեփական կնոջը, պոռնիկ անվանել ու կասկածել երեխաների հայրության հարցում. սա նույնիսկ այն դեպքերում, երբ խեղճ կինը առավոտից երեկո, անհրապույր ու անխնամ վիճակում օրն անցկացնում է միմիայն տնային գործերն անելով»:

Հոգեբանի խոսքերով, այս գրեթե անբուժելի կոմպլեքսը հաճախ զարգանում է նաեւ իմպոտենտների եւ այն տղամարդկանց մոտ, որոնք սեքսուալ կյանքում խնդիրներ ունեն: Շ. Կարապետյանի ձեւակերպմամբ, այս կոմպլեքսի հետ կապված ամերիկացիները մի հետաքրքիր ու լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել. «Ըստ հետազոտության տվյալների, որում ներգրավված է եղել մոտ 12 երկիր՝ առաջադեմ եւ ոչ այնքան՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հնդկաստան եւ այլն, «Մոնթուելի կոմպլեքսով» տառապողների թվով առաջին հորիզոնականում հայտնվել են ամերիկացիները, երկրորդում՝ արաբները, ֆրանսիացիները զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը. հետաքրքիր է, եթե Հայաստանն էլ ներգրավված լիներ հետազոտության մեջ, ո՞ր հորիզոնականում կհայտնվեիք»:




ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 12 мая 2010 г.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԵՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


Հասարակության գիտակցության մեջ նվազել է գիտաշխատողի կարիերայի գրավչությունը

Մայիսի 6-9-ը Ջերմուկ քաղաքում կայացավ «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեն: Քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները, անդրադարձ եղավ գիտության զարգացման ռազմավարության, ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթներին, գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:
Նշենք, որ 2008-2009թթ. կոմիտեի կողմից իրականացվել են գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներից բխող միջոցառումներ:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ գիտության զարգացման ռազմավարությանը, ասաց, որ պետք է գիտական հանրության հետ քննարկել ոլորտի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ լսել գիտնականների առաջարկներն ու դիտողությունները: Ս. Հարությունյանը հավելեց, որ ոլորտի զարգացման ռազմավարությունը առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: Գիտության զարգացման ռազմավարության մասին զեկույցը ներկայացնելով՝ նա ասաց, որ այն ՀՀ գիտության ոլորտի ներկա վիճակի առկա հիմնախնդիրների հեռանկարային զարգացման նպատակների եւ ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է. «Ռազմավարությունը հիմք է գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թթ. ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնք ապահովելու են գիտության ոլորտի նպատակաուղղված զարգացումը եւ իրականացվելու են ՀՀ կառավարության, Սփյուռքի ջանքերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զուգակցմամբ: Չնայած գիտության ոլորտում ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, կան նաեւ լուրջ հարցեր, որոնց բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների: Մասնավորապես՝ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի պետական քաղաքականության մշակումն ու աշխատանքների կազմակերպումը բավարար չափով չեն իրականացվում՝ հաշվի առնելով ոլորտի կայուն զարգացում ապահովող պահանջները: Ինչպես նաեւ խզվել է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, առկա նյութատեխնիկական բազան եւ ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը»: Ս. Հարությունյանը նաեւ շեշտեց, որ բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը, ներառյալ՝ էլեկտրոնային գրադարանների ցանցը: Եվ հավելեց, որ գիտության ոլորտից շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը, շարունակվում է ոլորտի ծերացումը: Կոմիտեի նախագահը կարծում է, որ հասարակության գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը եւ գիտաշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը: Կոմիտեի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել երիտասարդ կադրերի ներհոսքը գիտության ոլորտ, իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն, ինչպես նաեւ խթանել գիտական կազմակերպություններում տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեւավորմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում ընդլայնել միջազգային համագործակցությունը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա, ըստ Ս. Հարությունյանի՝ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացման կարեւորագույն պայմանն է գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ստեղծումը, եւ գիտական ծրագրերի թեմաների, հայտերի եւ իրականացվող ծրագրերի հաշվետվությունների՝ գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգի կիրառումը:
Այս առնչությամբ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանն էլ ասաց, որ գիտական ծրագրերի հայտերի, հաշվետվությունների ներկայումս գործող փորձաքննության կարգի պայմաններում գիտության ոլորտի ֆինանսական հատկացումները փոշիացվում են եւ ամբողջությամբ չեն ծառայում գիտության զարգացման խնդրին՝ «անգամ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական ֆինանսավորման բազմաձեւության առկայության պայմաններում»: Նա վստահ է, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային եւ նպատակային ծրագրային ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը. «Ֆինանսավորումը պետք է իրականացվի բացառապես մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման սկզբունքով»: Կ. Հայրապետյանը, ներկայացնելով կոմիտեի ապագա ծրագրերը, հավելեց. «Գիտության զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի համար համարելով կարեւորագույն ռազմավարական խնդիր ու ելնելով գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ կոմիտեն որդեգրել է գիտական հանրության հետ սերտ համագործակցելու քաղաքականությունը, որը ենթադրում է «հետադարձ կապ» մեխանիզմի ակտիվ աշխատանք»:




ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

понедельник, 19 апреля 2010 г.

Համընկո՞ւմ, պատահականությո՞ւն...




Այսօր Երեւանի որոշ հաստատություններում, այգիներում, օրինակ՝ Անգլիականում, որը հոգեհարազատ է հատկապես միասեռականներին՝ կտիրի տոնական տրամադրություն: Տոնի առիթը ոչ միայն Հայաստանում նշվող ՀՀ ոստիկանության 9-ամյակն է, այլեւ աշխարհի միասեռականների օրը:

Բնականաբար՝ ինչպես հանդիսավորությամբ կնշվի ՀՀ ոստիկանության կազմավորման 9-ամյակը, նույնասեռականներն էլ party-ների միջոցով կնշեն իրենց տոնը: Չգիտենք ինչ կարծիքի են միասեռականները՝ իրենց եւ ոստիկանների տոների համընկման հետ կապված, բայց ակնհայտ է, որ վերջիններս միմյանց, մեղմ ասած, այնքան էլ չեն հանդուրժում:

Օրինակ, օրերս կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ այս երկու տոների նույն օրը լինելու առնչությամբ ասել է, որ դա պարզապես զուգադիպություն է, եւ խոստացել հաջորդ տարի ոստիկանության օրը փոխել, ինչի առիթով էլ առաջարկ է ներկայացրել երկրի ղեկավարին:

Միասեռականները հավանաբար ոստիկաններին հոմոֆոբ են անվանում, կարծելով, որ երկրի կարգ ու կանոնի պաշտպանները՝ ոստիկանները, իրենց հանդեպ լցված են ատելությամբ, որովհետեւ միասեռական-ոստիկան «հակամարտությունը» գալիս է դեռ սովետական ժամանակաշրջանից, քանի որ թույլ չէին տալիս, օրինակ, այգում սիրաբանել:

«Եթե մենք քննության առնենք այն, թե ինչ սարսափելի վնաս է պատճառում նույնասեռականությունը պետությանը եւ թե ինչպիսի լայն տարածում ունի այդ նողկալի ու ծածուկ մեղքը, ապա կհասկանանք, որ նրա համար սահմանված մահապատիժը շատ մեղմ պատժամիջոց է». այս արտահայտությունը պատկանում է XVIII դարի գերմանացի աստվածաբան-բողոքական Ջոան Միխայելսին: Փաստորեն, աստվածաբանը եւս հոմոֆոբ է եղել՝ կասեն միասեռականները: Իսկ Գեորգ Վեյնբերգն իր «Հասարակություն ու առողջ նույնասեռականություն» գրքում հոմոֆոբիան բնորոշում է որպես նույնասեռականության կողքին գտնվելու վախ:

Միասեռականների թիվը մեր երկրում արդեն իսկ բավականին մեծ է: Բայց հասարակության կարծիքի մեջ դեռեւս մեծ տեղ է գրավում բացասականը: Իսկ կարծիքի համար մարդուն դատապարտելը որեւէ օրենքով չի սահմանվում. յուրաքանչյուր ոք՝ ըստ ՀՀ սահմանադրության, ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Եվ չնայած հայ միասեռականները տեղական ԶԼՄ-ներին մեղադրում են հոմոֆոբիա կամ միասեռատյացություն տարածելու մեջ, այնուամենայնիվ, շնորհավորում ենք նրանց՝ տոնի կապակցությամբ:

четверг, 8 апреля 2010 г.

Ո՞ՒՐ ԵՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՅԵՐԸ...



Հին ընկերները չե՞ն դավաճանում




Բարի, մի քիչ ամաչկոտ, ինտելեկտուալ, հայրենասեր, օրինապահ եւ չափազանց առաջադեմ... այսպիսին են www.gayarmenia.com-ի «բնակիչները»: Կայք, որտեղ «ամոթ է», «հարիր չէ», «չի կարելի» արտահայտությունները գոյություն չունեն, իսկ նույն սեռակցին սիրելու համար թույլատրելիության սահմանը մինուս անվերջությունից պլյուս անվերջություն է: Այստեղ չեն ոտնահարվում միասեռականների՝ գեյերի իրավունքները եւ, ամենից կարեւորը՝ ամեն մեկն այստեղ ազատ մուտք չի կարող գործել: www.gayarmenia.com-ում հայտնվելու համար նախ եւ առաջ պետք է «մուտքի արտոնագիր» ձեռք բերել, ինչն էլ հնարավոր է ստանալ «դեսպանատան»՝ ադմինիստրացիայի առաջարկած հարցերին պատասխանելուց եւ «OK»-ը ստանալուց հետո: Կայքը կարծես «ազատ տարածք է» բոլոր այն սկսնակ եւ «ստաժավոր» գեյերի համար, ովքեր ցանկանում են սիրահարվել, գտնել մշտական զուգընկեր, մեկ կամ մի քանի անգամ սեքսով զբաղվել, գտնել հին ընկերներին եւ, վերջապես, պարզապես անկաշկանդ շփվել: Տղաներն այստեղ այնքան ազատ են եւ ապահով ամեն տեսակ քարկոծումներից, որ անկաշկանդ ի ցույց են դնում իրենց անկեղծ լուսանկարները, մարմնի բոլոր «բարեմասնությունները»: Կայքում գեյեր են, այո՛, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք սեռակցի հետ սիրաբանելուց բացի՝ ուրիշ ոչնչով չեն հետաքրքրվում: Այստեղ «երջանիկ զույգերն» իրար գտնում են՝ անպայման հաշվի առնելով միմյանց նախասիրություններն ու հետաքրքրությունները, իսկ դրանք շատ են ու բավականին հետաքրքիր: Կայքի տղաների մեծամասնությունը հետաքրքրված է արվեստով: Ոմանք զբաղվում ու տարված են երաժշտությամբ, գրականությամբ, ոմանք՝ նկարչությամբ ու քանդակագործութամբ, իսկ ոմանք էլ պարզապես սիրում են այդ ամենը ու հաճախ այցելում, օրինակ, Artbridge սրճարան, The Club, Չարենցի, Փարաջանովի, Երեւանի պատմության թանգարաններ, նրանք սիրում են նաեւ զբոսնել Կասկադում, Երեւանի Անգլիական այգում եւ այլուր:



Գերազանց կարելի է գնահատել նաեւ կայքի ադմինիստրացիայի աշխատանքը, վերջիններս շատ հետեւողական են ու պարտաճանաչ անդրադառնում են ցանկացած միջոցառման, տոնի: Ինչպես այլ կայքերի, այնպես էլ www.

gayarmenia.com-ի Discussion Forum-ում տարբեր եւ բավականին հետաքրքրաշարժ թեմաներ են քննարկվում՝ զուգընկերոջ հավատարմությունից՝ մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ:

Օրինակ, Հակոբը, որը, իր խոսքերով, սիրում է արվեստ, գրականություն եւ, իհարկե, սեքս՝ հետեւյալ հարցն էր բարձրացրել. արդյոք, հնարավո՞ր է հավատարմություն գեյ զույգերի միջեւ: «Երբ ընկերներիս հետ զրուցում ենք՝ ես պատմում եմ իմ արկածներից, նրանք զարմանում են, թե ինչպես կարող եմ անհավատարիմ լինել իմ ընկերոջը, չէ՞ որ իրենք շատ հավատարիմ են իրենց «ամուսիններին». ասում եմ՝ նայեք այս մատուցողին, ինչ սիրուն մարմին ունի, առնական մուսկուլներ, չէի՞ք երազի նրան փաղաքշել, հետը պառկել, ասում են՝ հա, ինչու չէ. ասում եմ՝ հիմա բռնվեցիք, բա ասում եք հավատարիմ եք... բայց պոռնո նայում եք, լավ տիպ տեսնելուց ախ եք քաշում, ձեր միջի միակ անհավատարիմն էլ ես եմ, հա՞, պարզապես ես կեղծավորություն չեմ անում, ում հետ պառկել եմ՝ ձեզ պատմում եմ, իսկ դուք միշտ ասում եք, թե հավատարիմ եք... Ես չեմ հավատում գեյ զույգերի հավատարմությանը, այո, սեր կա, բայց սեր, ֆանտազիա, հաճույք՝ դրանք տարբեր բաներ են: Դու կարող ես սիրել քո ընկերոջը հոգով, սրտով, բայց եթե մի գեղեցիկ տղամարդու հետ էլ պառկես՝ դա չի նշանակում, որ դադարում ես ընկերոջդ սիրել...»,- անկեղծանում է հարցը բարձրացրած գեյը:

«Տղամարդու մեջ ամենասկզբից դրված է, որ ինքը պետք է մի քանի կին կամ տվյալ պարագայում տղամարդ ունենա միաժամանակ: Դա բնազդ է, որը հնարավոր չէ փոխել: Վառ օրինակ՝ ես դավաճանում եմ իմ ընկերոջը, սակայն նրան ասում եմ, երբ եւ ում հետ, իսկ նա ասում է, թե չի դավաճանում, բայց ես լավ էլ գիտեմ երբ, որտեղ եւ ում հետ է ինձ դավաճանում»,- ի պատասխան Հակոբի՝ ասում է Սամը:

Discussion Forum-ում տղաներից մեկն էլ հարցնում էր՝ ո՞ւր եք դուք, Սովետական Հայաստանի գեյեր...

Նրա ձեւակերպմամբ՝ «ի տարբերություն եվրոպական երկրների, արեւելյան երկրներում շատ բաներ գոյություն ունեն, որոնց մասին չեն խոսվում, որովհետեւ ընդունված չէ: Օրինակ, գեյ կյանքը բոլոր երկրներում էլ կա, Հայաստանը բացառություն չէ, բայց քիչ է խոսվում: Սովետի ժամանակ հավաքվում էինք Երեւանի Կոմայգում, ասում, խոսում, ծիծաղում, հետո գնում էինք տղամարդ որսալու: Չնայած օրենքով արգելված էր, բայց... Չեմ հիշում որեւէ մեկին մեր գեյերից, որ նստած լիներ. ասում էին՝ եթե մեկը մի բան ասի՝ դիմեք «Հոռոմ մայրիկին», ամբողջ ԿԳԲ-ի տերը կթաղի: Եվ այդպես էլ լինում էր: Ղարաբաղի դեպքերը սկսվեցին, բոլորս հեռացանք տարբեր երկրներ ու կորցրինք միմյանց: Մի տեսակ նոստալգիա ունեմ: Դեռ սովետի տարիներն էին, Կոմայգում ծանոթացա մեկի հետ, հիմա արդեն ծեր կլինի, բայց եթե կարդա՝ կիմանա, որ իր մասին եմ ասում, ես 20 տարեկան էի, նա՝ 40-ն անց: Նոր էր ամերիկյան շրջագայությունից վերադարձել (բնակարանից երեւում էր, որ հասարակ բանվոր չի): Երբ նա պատմում էր այնտեղի գեյ կյանքի մասին, զարմացա, ասացի՝ չհասկացա, հիմա այստե՞ղ է լավ, թե՞ այնտեղ, ասաց՝ այստեղ, հարցրի՝ ինչո՞ւ, էս թաքնված ու վտանգավոր հաճույքները քեզ դո՞ւր են գալիս, ասաց՝ այո, գերադասում եմ այստեղ եւ այսպես, որովհետեւ սա ուրիշ ադրենալին է, զզվել եմ այնտեղի սանձարձակություններից...»:





Կայքում կարելի է ծանոթանալ ամենաթարմ նորություններին եւ լուսանկարներին. օրինակ՝ Սուրբ Զատկի տոնի, Արամեի՝ մոսկովյան գեյ-ակումբներից մեկում կայացած ու հաջողված մենահամերգի մասին պատմող նյութերին, եւ մինչեւ անգամ «02» հաղորդաշարին բնորոշ՝ համակուրսեցիների կողմից ծեծված ուսանողի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերի: Աննկարագրելի հետաքրքիր զրուցակիցներ են ոչ միայն երեւանցի, այլեւ սփյուռքահայ գեյերը: Պարզվում է՝ նրանք նաեւ ահավոր աստվածավախ են եւ, իրենց խոսքերով, ամեն վատ արարք կատարելիս անպայման ներողություն են խնդրում Աստծուց:

Ուշադրության էր արժանի նաեւ Սուրբ Զատկի հետ կապված մի գեյի ասած անկեղծ խոսքերը: Նա շնորհավորում էր հատկապես նախագահի, վարչապետի, բանակի քաջարի մարտիկների, կաթողիկոսի, հավատացյալների ու նույնիսկ անհավատների Սուրբ Զատիկը՝ «Սրտանց մաղթում եմ բոլորիս, Զատիկի խորհրդով զատենք մեր միջի մարդկայինը-կենդանականը եւ աստվածայինը, եւ թող հարություն առնի աստվածայինը, ապրենք իրար հետ, իրար համար, վասն հայության... Աստված սիրում է իր բոլոր զավակներին, լինես դու հոմո, լեսբի, թե հետերո՝ բոլորս էլ Աստծո զավակներն ենք, եւ Աստված սիրում է բոլորիս իր հայրական ներողամիտ սիրով: Աստված ավելի է սիրում իր այն զավակներին, որոնք զոհ են գնում ատելությանը, հոմոֆոբիային, անհանդուրժողականությանը...»:

Ինչպես բոլոր միասեռականները, այնպես էլ այս կայքի Blogs բաժնում «տեղացիներից» մեկը փաստում է, որ համասեռականությունը հիվանդություն չէ: Նա հավելում է, որ 1952 թվին, երբ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան հրատարակեց իր առաջին Մտավոր խանգարումների դիագնոստիկ եւ ստատիստիկ ձեռնարկը (ԴՍՁ), համասեռականությունը ներառված էր որպես խանգարում: Բայց հետազոտությունները եւ հետագա ուսումնասիրությունները ի վիճակի չեղան հիմնավորել համասեռականության՝ գիտականորեն կամ էմպիրիկորեն որպես խանգարում կամ աննորմալություն համարվելը: Երբ նման ուսումնասիրությունների արդյունքները կուտակվեցին, բժշկության, մտավոր առողջության, վարքագծային եւ հասարակական գիտությունների մասնագետները հասան այն եզրակացությանը, որ թյուր էր համասեռականությունը որպես մտավոր խախտում դասակարգելը, եւ որ ԴՍՁ դասակարգումն արտացոլում էր չստուգված ենթադրություններ (http://www.gayarmenia.com /profiles/blogs/2851430:BlogPost:25621):

Շփման ընթացքում մի ֆրանսահայ գեյ, որը Հայաստանից հեռացել էր հարազատների, ընկերների սպառնալիքներից դրդված՝ ասաց, որ ինչպես Բալզակն էր ասում, մեկ է՝ որքան երկարատեւ է դիմադրությունը, այնքան հզոր է սիրո ձայնը. «Մի օր հայերը ստիպված կլինեն հասկանալ, որ գեյ լինել չի նշանակում հիվանդ լինել եւ ինչպես ցանկացած աղջիկ, այնպես էլ ես իրավունք ունեմ ամուսնանալ իմ սիրած տղայի հետ»:




ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

понедельник, 22 марта 2010 г.

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՏՐԱՆՍ Է

Իսկ այդ վիճակում մարդը հայտնվում է իր կամքից անկախ
Սեւեռուն հայացք, ուշադրության նվազեցում, շարժվելու ցանկության բացակայություն, մարմնի ջերմաստիճանի փոփոխություն, թուլություն, ժամանակի ընկալման խախտում, սեփական գործողությունները վերահսկելու անկարողություն եւ այլն: Սրանք այն նախանշաններն են, որոնցով մարդկանց մոտ սովորաբար բնորոշվում է տրանսի վիճակը:

Տրանսը մի վիճակ է, երբ մարդը մտածում է մի բան, սակայն անում մեկ այլ բան՝ այսինքն շեղվում է:

Հոգեբան Արմեն Նազարեթյանի ձեւակերպմամբ՝ տրանսը մարդու համար բնական վիճակ է ու երբեմն նույնիսկ անհրաժեշտ՝ գոյատեւելու համար:

Ըստ հոգեբանի, կա մարդու ղեկավարման երկու եղանակ՝ հիպնոս եւ տրանս: Հիպնոսը այն վիճակն է, երբ մարդու գիտակցությունը քնած է, ենթագիտակցությունը՝ արթուն. «Մարդու գիտակցությունը ղեկավարվում է ենթագիտակցությամբ, իսկ երբ մարդուն հիպնոսի են ենթարկում, խոսում են նրա ենթագիտակցության հետ: Գրեթե ցանկացած հրաման, որը տալիս է ենթագիտակցությունը գիտակցությանը, մարդն ընդունում է որպես սեփական ցանկություն: Իսկ ինչ վերաբերում է մարդուն ղեկավարելու երկրորդ եղանակին՝ տրանսին, ապա դրան հակադրվում է գիտակցության վիճակը, երբ գիտակցական ուշադրությունը կենտրոնանում է ակտուալ գործողությունների եւ իրադարձությունների վրա: Մարդն իր ուշադրությունը ֆիքսելով կոնկրետ մի բանի վրա, ակամա շեղվում է մնացած ամեն ինչից: Այդ իսկ պատճառով տրանսը նաեւ մի վիճակ է, երբ մարդու ուշադրությունը կենտրոնանում է միայն մեկ բանի վրա»:

Հոգեբանի ձեւակերպմամբ, ընդհանրապես կյանքի իրավիճակների մեծ մասը կարող է բնորոշվել որպես տրանսի վիճակ. «Ամեն անգամ, երբ մարդը կենտրոնանում է ոչ թե ինչ-որ կոնկրետ խնդրի, այլ մտքերի վրա՝ լինեն դրանք լավ կամ վատ հիշողություններ, կամ գուցե ֆանտազիաներ՝ ընկնում է տրանսի մեջ: Օրինակ, սիրահարված մարդը մշտապես տարված է լինում, եւ մտածում այն մարդու մասին, ում սիրահարված է: Փաստորեն, մարդը սիրահարվելով՝ ինքնաբերաբար հայտնվում է տրանսի մեջ:

Այստեղ հարկ է նշել մի յուրահատուկ փաստ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:

Բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսը իր «Սիրո հիվանդություն. սերը՝ որպես հոգեկան խանգարում» գրքում ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները, սեւեռուն մտքերը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, կպչուն մտքերի համախտանիշը եւ այլն: Իսկ այդ ախտանիշների մեծամասնությունից դատելով, ակնհայտ է, որ սիրահարվելով՝ մարդը միաժամանակ հայտնվում է տրանսի վիճակում:

Արմեն Նազարեթյանը հավելում է, որ մարդ կարող է տրանսի մեջ ընկնել նույնիսկ գիրք կարդալիս, աշխատելիս, ուտելիս, հեռուստացույց դիտելիս եւ այլն: Օրինակ, հեռուստացույցի էկրանին նայելիս մարդը կլանում է իրեն տրվող ինֆորմացիան ու այդ պահերին դառնում շատ խոցելի, քանի որ գիտակցությունը մասամբ գտնվում է հիպնոսի վիճակում. «Տրանսային իրավիճակներում ուղեղն այլ կերպ է աշխատում: Որոշ մարդկանց մոտ այդ իրավիճակում գտնվելը դրսեւորվում է նրանց շատ ակտիվ վիճակով, իսկ որոշների մոտ՝ պասիվ: Մարդը կարող է տրանսի մեջ ընկնել նույնիսկ աշխատանքի ժամին, ինչը բնական տրանս է համարվում: Բոլորի մոտ էլ պատահում է, երբ աշխատելիս ժամանակ առ ժամանակ դժվարանում են կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց 20-25 րոպե անց այդ վիճակն անցնում է, շատերի մոտ ի հայտ են գալիս նոր գաղափարներ, աշխուժանում են: Պատահում է նաեւ այնպես, երբ մարդիկ ժամանակավորապես տրանսի մեջ են ընկնում՝ հարմարավետության զգացողություն ունենալով: Բայց ամեն անգամ տրանսից «վերադառնալիս»՝ մարդը ավելի հաճելի վիճակում է հայտնվում»:

Հոգեբանը նշում է, որ ինչպես հիպնոսի՝ այնպես էլ տրանսի միջոցով կարելի է ներգործել մարդու վրա: Իսկ ինչ անել, որպեսզի մարդու բնական տրանսի վիճակը չօգտագործվի իր իսկ դեմ՝ «անհրաժեշտ է սովորել տրանսի վիճակին»,- եզրափակեց Ա. Նազարեթյանը:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ