понедельник, 30 августа 2010 г.

«ՄԻՍՍ ՄԱՅՐՑԱՄԱՔ -7»-Ի ՀԻՆԳ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸ

Մրցույթի մասնակից մոդելները տպավորված էին Հայաստանով




Երեւանում ավարտվեց «Միսս մայրցամաք -7» մոդելների մրցույթ-փառատոնը, որը Հայաստանում անցկացվում էր արդեն երկրորդ անգամ: Նշենք, որ այս մրցույթը ներկայացնում է «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Մրցույթ-փառատոնին, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-27-ը, մասնակցում էին աշխարհի 23 երկրների 16-29 տարեկան մոդելներ՝ Իտալիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հարավային Կորեայից եւ այլն: Հավելենք, որ առաջին տարին մրցույթին մասնակցում էին ընդամենը 14 երկրների մոդելներ, իսկ այս տարի նրանց թիվը շատացել է: Նշենք, որ ոչ միայն կայացած մրցույթը, այլեւ այդ օրերին աղջիկների համար կազմակերպված էքսկուրսիաները անցան հաճելի ու բազմաբովանդակ: Փառատոնի շրջանակներում գեղեցկուհիները օգոստոսի 19-ին այցելեցին Արարատի մարզ, որտեղ մարզպետը ջերմորեն ու ծաղիկներով դիմավորեց մրցույթի մասնակիցներին եւ ներկայացրեց հայկական լեռնաշխարհի հնագույն մայրաքաղաքի պատմամշակութային առանձնահատկությունները: Գեղեցկուհիները եղան նաեւ Տափերականի գինու գործարանում, Խոր Վիրապում, որտեղ էլ տեղի քահանան օրհնեց մրցույթի մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ մաղթելով հաջողություն:
Օգոստոսի 20-ին մոդելներն այցելեցին Էջմիածին: Այցի նպատակն էր՝ ավելի մոտիկից ծանոթանալ հայոց հոգեւոր մշակույթի պատմությանն ու արժեքներին: Փառատոնի մասնակիցները Էջմիածնին ծանոթանալուց հետո՝ այցելեցին նաեւ Մայր աթոռ:
Նկատենք, որ մոդելները հիացած էին ոչ միայն Երեւանով, այլեւ մարզերով, նրանք ամենից շատ տպավորված էին հայերի բարությամբ, հյուրընկալությամբ. «Ձեզ մոտ մարդիկ շատ բարի են, այս մի քանի օրերի ընթացքում մենք հասցրինք սիրել Հայաստանը, ու հուսով ենք՝ կրկին այստեղ գտնվելու հնարավորություն կունենանք»,- ասում էին աղջիկները:
«Միսս մայրցամաք- 7» գեղեցկության եւ նորաձեւության մրցույթն օգոստոսի 24-ին իր ներկայությամբ պատվեց Հալեպից Երեւան ժամանած դիզայներ Գեւորգ Շադոյանը: Աղջիկները «Մեցցո» ակումբում ցուցադրեցին սիրիահայ դիզայների նոր հավաքածուն: Գ. Շադոյանի խոսքերով, ինքը Երեւան էր ժամանել Աշոտ Խաչատրյանի հրավերով, որ իր նոր հավաքածուն առաջինը ներկայացնի Երեւանում: Նրա փոխանցմամբ, Երեւանում կայացած ցուցադրությունից հետո այդ հավաքածուն կներկայացվի նաեւ Թուրքիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Ավստրալիայում: Ի դեպ, մոդելավորողի հավաքածուն հստակ անվանում չուներ. ցուցադրվածը ամենօրյա երեկոյան հագուստներ էին, սակայն կային նաեւ երեկոյան լուրջ զգեստներ: Շադոյանն իր աշխատանքներում օգտագործել էր մետաքս, ժանյակներ, «Սվարովսկի» քարեր:
Ի դեպ՝ մոդելները, որոնք ցուցադրում էին Շադոյանի զգեստները, տպավորված էին նրա աշխատանքներով:
«Միսս մայրցամաք-7» մոդելների մրցույթ-փառատոնի ամփոփիչ փուլը կայացավ օգոստոսի 26-ին. ժյուրին կանգնած էր լուրջ ընտրության առաջ: Հրապարակվեցին հաղթողների անունները. առաջին տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհին, 2-րդ տեղը՝ Ուկրաինան, 3-րդ տեղը՝ Ռումինիան, 4-րդ տեղը՝ Բելառուսը եւ, վերջապես, լավագույն հնգյակը եզրափակեց ռուսաստանցի մոդել Նատալիան: Բացի այդ, ժյուրին որոշեց առանց մրցանակի չթողնել նաեւ թուրք գեղեցկուհուն, ով արժանացավ «լավագույն ազգային տարազ» մրցանակին:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

пятница, 27 августа 2010 г.

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայ կանայք սովոր չեն իրենց իրավունքներին տեր կանգնել




«Ընտանեկան բռնությունը այսօր ամենացավալի հարցերից մեկն է: Դա մի խնդիր է, որի լուծումները դեռեւս տրված չեն: Հայաստանում գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս հարցին: Եվ ցավալին այն է, որ անգամ բռնության ենթարկվածը լռում է իր հանդեպ կատարվածի մասին, այդպիսով ազատություն, նույնը կրկնելու հնարավորություն տալով այդ պատժելի արարքը իրականացնողին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Հեղինե Կիրակոսյանը: Ըստ մեր զրուցակցի՝ ճիշտ է, Հայաստանում որոշ հ/կ-ներ ժամանակ առ ժամանակ ծրագրեր են ներկայացնում ընտանեկան բռնության դեմ պայքարի հետ կապված, սակայն «թղթի վրա գրելն ուրիշ է, իսկ գրածն իրականացնելը՝ այլ բան: Ինչ-որ թվեր հրապարակելու փոխարեն՝ ավելի լավ է կոնկրետ օրինակներ բերել, թե քանի հոգու են օգնել ու ինչպես»:
Նշեմ, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, օրինակ, «Կանանց իրավունքների կենտրոնի» կողմից, որի նպատակն է պաշտպանել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաներին, աջակցելով նրանց՝ ազատվելու բռնության օղակից եւ ձեռք բերելու ապահով, անկախ, ինքնաբավ ու խաղաղ կյանքի իրավունք: Կենտրոնի կողմից ստեղծվել է նաեւ «Ազգային թեժ գիծ» ծառայությունը, որը կոչված է բացահայտելու ընտանեկան բռնության դեպքերը, ուսումնասիրելու Հայաստանում ընտանեկան բռնության առանձնահատկություններն ու պատճառները, պայքարի համապատասխան միջոցներ մշակելու եւ ապագայում ընտանեկան բռնության զոհերին համապատասխան աջակցություն ցուցաբերելու: «Թեժ գծի» առկայությունը լավ է, դա ճիշտ ձեւ է, բայց հավատացեք, Հայաստանում 5000 կանանցից միայն մեկը լսափողը կվերցնի ձեռքն ու կզանգի, որ պատմի ամուսնու կողմից իրականացրած ծեծի ու խոշտանգումների մասին: Հայ կանայք սովոր չեն իրենց իրավունքներին տեր կանգնելուն: Ու դա ամենեւին էլ նրանց չկրթված լինելուց, սոցիալական վիճակից չի գալիս: Շատերը կան, որ կրթված, խելացի, անգամ լուրջ ոլորտներում աշխատող են, բայց ընտանեկան բռնության զոհ են: Ու նրանք այդ մասին չեն բարձրաձայնում ոչ թե այն պատճառով, որ իրենց իրավունքները պաշտպանել չգիտեն, այլ ամաչում են: Լավագույն դեպքում կիսվում են ընկերուհիների, հարազատների հետ, բայց երբեք չեն փորձում դրա դեմ պայքարել օրինական ձեւով: Կնոջը մեկ անգամ ծեծող ամուսինը, եթե իմանա, որ իրեն այդ արարքի համար ազատազրկում է սպառնում, հաստատ երկրորդ անգամ այդ զզվելի արարքը չի կրկնի: Դե, իսկ մեկ անգամ ծեծողը՝ երկրորդ, երրորդ անգամ էլ կծեծի»,- ասաց Հ. Կիրակոսյանը, հավելելով, որ հեռախոսազանգով հարցին լուծում չի տրվում: Նրա ձեւակերպմամբ՝ եթե անգամ կինը զանգի ու պատմի իր հետ կատարվածի մասին, հաստատ մի քանի ժամ անց փոշմանելու է դրա համար: «Ինչպես կարող ես ծեծված մարդուն հեռախոսազանգով օգնել: Լավագույն դեպքում հեռախոսով հոգեբանը պետք է նրա հետ խոսի, բայց, միեւնույն է, դա էլ չի օգնի: Ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ հետ պետք է մի ամբողջ թիմ աշխատի: Իմիջիայլոց հավելեմ, որ ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին շատացել են ու հատկապես՝ երիտասարդ ընտանիքներում: Առաջին հայացքից թվում է, թե պետք է հակառակը լիներ, որովհետեւ երիտասարդներն ավելի ժամանակակից են, ու հաստատ ոչ մի երիտասարդ աղջիկ չի հանդուրժի, երբ ամուսինն իրեն ծեծի: Ավելի տարիքով կանանց դեպքում այդ խնդիրը մի քիչ այլ է, որովհետեւ 20-30 տարի առաջ ամուսնացածների երիտասարդության ժամանակաշրջանը այլ էր, հետեւաբար նրանց մտածելակերպն էլ է ուրիշ. նրանք ամաչում էին շատ հարցեր բարձրաձայնել: Մեր օրերի երիտասարդներն այդպիսին չեն, ամեն ինչի մասին ազատ խոսում են, նույնիսկ ամուսնու կողմից չբավարարված լինելն են բարձրաձայնում: Եվ այս ամենով հանդերձ՝ զարմանում եմ, որ ընտանեկան բռնությունների մեծամասնությունը երիտասարդ ընտանիքներում է լինում, ու հենց երիտասարդ կանայք են լռում»,- ասաց հոգեբանը, նշելով, որ կանանց հանդեպ իրականացրած բռնությունների մեծ մասը հոգեբանականն է, ապա ֆիզիկականը, հետո սեռականը:
Ի զարմանս Հ. Կիրակոսյանի՝ այս առումով մարզերում կանայք ավելի համարձակ են, քան Երեւանում է. «Թվում է՝ պետք է հակառակը լիներ: Բայց՝ ոչ: Եթե Երեւանում կինը կլռի, երբ ամուսինն իրեն պարբերաբար ծեծի կամ հոգեբանական բռնության ենթարկի, ապա մարզերում անընդհատ ամուսնու կողմից հոգեբանորեն ճնշումների ենթարկվող կինն անմիջապես կամուսնալուծվի, իսկ ծեծվելու դեպքում էլ մեծ աղմուկ կբարձրացնի...»:
Ըստ մեր զրուցակցի, վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին շատացել է սեռական բռնությունների թիվը. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնու կողմից սեռական բռնության ենթարկվողները եւս երիտասարդ կանայք են, ինչն էլ հոգեբանները բացատրում են հետեւյալ կերպ. կյանքը շատ է փոխվել, երիտասարդները շատ առաջադեմ են դարձել, նրանց գրեթե ամեն ինչ հեշտ է տրվում: Երիտասարդները փորձում են ոչնչից հետ չմնալ, փորձել ամեն ինչ, նույնիսկ անթույլատրելին ու օրենքով պատժելին: Երիտասարդները անտեսում են չափի զգացողության սահմանները: Սեռական հարաբերությունների առումով էլ ձգտում են ամենախելացնորին ու, բնականաբար, ամեն կին չէ, որ պատրաստ է խելացնոր սեռական հարաբերության...»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 25 августа 2010 г.

Մի չարաշահեք արեւի «ուժը»

Շոգի պատճառով դեպրեսիայի մեջ մի ընկեք






«Մարդկային օրգանիզմը բաց էներգետիկ համակարգ է, որի մեջ մտնում ու դուրս են գալիս ինֆորմացիա բերող եւ տանող տարբեր բնույթի էներգիաների հոսքեր: Հայտնի է, որ օրգանիզմ մտնող յուրաքանչյուր էներգիա նախապես ծրագրված է եւ գործում է գիտակցական ուժով: Դրանցից յուրաքանչյուրը գործում է իր ոլորտում, սակայն միմյանց հետ գտնվում են սերտ կապի մեջ: Շոգը, արեւի էներգիան նպաստում ու իր ազդեցությունն է թողնում մարդու օրգանիզմի վրա. արեւից ստացած էներգիան ամեն մեկի վրա մի ձեւով է ազդում: Որոշ մարդկանց համար շոգը ճնշող հանգամանք է դառնում ու հանգեցնում ընկճախտի: Մարդիկ ոչ մի բանի հավես չեն ունենում, ալարկոտ են դառնում, անընդհատ օդի պակաս են զգում եւ այս ամենը բերում է դեպրեսիայի: Կան նաեւ այնպիսիներ, որոնք արեւից լիցքավորվում են, շոգ օրերին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իրենց շատ լավ են զգում»,- «Առավոտի» հետ զրույցում՝ շոգի ունեցած ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա թեմայի վերաբերյալ ասաց հոգեթերապեւտ Էլմիրա Գալստյանը: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, մարդիկ հիմնականում խուսափում են արեւից, բայց չպետք է մոռանալ, որ երբ մարդը ջանք է գործադրում ինչ-որ բան անելու, ապա նա այդ ընթացքում էներգիա է ծախսում, իսկ ծախսած էներգիայի մի մասն էլ մարդը ստացած է լինում հենց արեւից: «Արեւից, շոգից չպետք է նյարդայնանալ, հակառակ դեպքում կհայտնվեք հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Իսկ նման վիճակում հայտնված մարդը միշտ դժգոհ է լինում բոլորից ու ամեն ինչից, վախ է զգում նույնիսկ ամենաչնչին բաներից, իրեն չկայացած, դժբախտ է համարում: Իսկ հոգեպես առողջ լինելը նախ եւ առաջ ինքդ քեզ ընդունելու եւ սիրելու կարողությունն է։ Հոգեպես առողջ մարդը չի վախենում դժվարությունից, հուսահատությունից, նա կարողանում է հասկանալ եւ արտահայտել սեփական հույզերը, նորմալ է ընդունում ցանկացած քննադատություն, ինքնավստահ է լինում, իրեն հաջողակ, սիրված ու երջանիկ համարում: Հոգեպես առողջ մարդն ի վիճակի է ղեկավարել սեփական կյանքը, իսկ ընկճված, ճնշված մարդը միշտ օգնության կարիք է զգում, կապվածություն ունենում հարազատներից, մտերիմներից: Հոգեպես անառողջ մարդուն չի կարելի մենակ թողնել, որովհետեւ այդպես նրա վիճակն ավելի կվատանա: Հոգեպես առողջ մարդիկ հանգիստ են վերաբերվում կյանքում ունեցած հիասթափությանը, կյանքին նայում են լավատեսորեն, գիտակցում են իրենց զգացմունքներն ու մտքերը, խելագարության աստիճան չեն հուսահատվում, եթե չի հաջողվում հասնել նպատակին: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները անգամ եղանակի փոփոխության դեպքում դեպրեսիա են ապրում»,- նշեց Է. Գալստյանը՝ հավելելով, որ շոգը հոգեպես անառողջ մարդու ամենամեծ «թշնամիներից» մեկն է ու, բացի այդ, ամռան շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա ազդեցություն են ունենում ջերմային գործոնը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
«Հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք մի տեսակ չեն հագենում արեւից: Մի հասարակ օրինակ բերեմ. մարդ կա՝ Սեւան գնալիս շատ քիչ արեւի տակ մնալով՝ լավ սեւանում է, իսկ կան մարդիկ, որոնք առավոտից երեկո արեւի լոգանք են ընդունում ու նրանց մաշկի գույնը թեթեւակի է մգանում: Առաջինները դասվում են մարդկանց այն խմբին, որոնք արեւի կարիք շատ քիչ են զգում, նրանց օրգանիզմը արեւի էներգիայի կարիք այնքան էլ չի զգում, իսկ երկրորդները այն մարդիկ են, որոնք միշտ արեւի էներգիայի պակաս ունեն ու ինչքան էլ արեւի լոգանքներ ընդունեն, միեւնույն է, «արեւի քաղցը» չի հագենում: Իսկ արեւից չհագենալու փաստը օրգանիզմի համար կարող է խնդիրներ առաջացնել, որովհետեւ երկար ժամանակ մնալ արեւի տակ՝ խիստ հակացուցված է եւ մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետեւանքներ՝ առաջացնելով արեւահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ, ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ՝ մելանոմաներ»,- ասաց Է. Գալստյանը՝ խորհուրդ տալով շոգի պատճառով դեպրեսիայի մեջ չընկնել, արեւից չխուսափել, իսկ բոլոր նրանց էլ, ովքեր պաշտում են արեւը՝ չչարաշահել նրա «ուժը»:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

воскресенье, 22 августа 2010 г.

ԻՆՏԻՄ ԴԱՋՎԱԾՔՆԵՐ՝ ԱՄԵՆԱԻՆՏԻՄ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ

Հայերն ամաչո՞ւմ են




«Հայերն ամեն հարցում առաջ են գնացել, բայց դաջվածքների առումով դեռ շատ հետ են: Երբ քայլում ես Երեւանի փողոցներով, թվում է, թե ինչ-որ ծովափնյա քաղաքում ես, աղջիկներն այնքան բաց են հագնված, գրեթե կիսամերկ են: Իհարկե, մեր աղջիկները շատ գեղեցիկ են, լավ է նայվում, երբ ժամանակակից ու ճաշակով են հագնվում, բայց միեւնույն ժամանակ շատ հետամնաց են: Մեկ ամիս է՝ ինչ Երեւանում եմ, հասցրել եմ լինել մի շարք ժամանցի վայրերում, բայց մարմնին դաջվածք ունեցող աղջիկ շատ քիչ եմ հանդիպել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մոսկվայից ժամանած Ալեքսը, որն արդեն 15 տարի զբաղվում է դաջվածքներ անելով: Վերջին անգամ Ալեքսը Հայաստանում եղել է 7 տարի առաջ ու ինչպես ինքն ասաց՝ «Երեւանն ու երեւանցիներն աննկարագրելիորեն փոխվել են»: Ալեքսի հայրենիք վերադառնալու պատճառը եղել է սեփական «tattoo սրահ» բացելու գաղափարը, բայց, ըստ նրա՝ «պլաններս փոխվեցին, որովհետեւ հասկացա, որ Երեւանում աշխատելով հաստատ կսնանկանամ: Այստեղ մեկ ամսում չեմ կարողանա վաստակել Մոսկվայի մեկ օրվա վաստակածիս չափ: Այնտեղ օր է լինում՝ ինձ մոտ հերթեր են գոյանում, իսկ այստեղ, համոզված եմ, օրերով դուռս բացող չի լինի»,- ծիծաղելով ասաց Ալեքսը, հավելելով, որ ինքը «շաբլոն» դաջվածքներ չի անում: «Ես հիմնականում բաց տեսարաններ եմ դաջում՝ մարդկանց ամենաինտիմ հատվածներում, անգամ մարմնի այն մասերում, որը հայերի պատկերացումներց դուրս է: Հայաստանցի ընկերներիս երբ պատմեցի, թե ինչպես եմ ռուսների սեռական օրգանների ամենաներքին հատվածներում tattoo անում, սկզբում զարմացան, հետո ծիծաղեցին ու ինձ այլասերված համարեցին: Օրեր առաջ էլ Երեւանի ամենամոդայիկ ակումբներից մեկում ընկերներիս հետ զվարճանում էի, տեսա՝ շատ գեղեցիկ աղջիկներ են պարում, ծանոթացա նրանց հետ, ասացի, թե ինչով եմ զբաղվում, նրանք իմ աշխատանքի բնույթը նորմալ ընդունեցին: Բայց հետո, երբ առաջարկեցի իրենց մարմնին մի անմեղ tattoo անել, օրինակ՝ կրծքին կամ հետույքին, այդ աղջիկներն այնքան սարսափահար արձագանքեցին իմ առաջարկին, որ կողքի սեղանի մարդկանց թվաց, թե նրանց ուզում էի բռնաբարել: Ախր շատ ծիծաղելի է: Իհարկե, նախասիրությունների հարց է, ամեն մեկը չի, որ ցանկանում է իր մարմնի որեւէ հատվածին ինչ-որ բան նկարված լինի, բայց tattoo-ից հուշտ լինել էլ պետք չի: Հայ աղջիկները շատ կոմպլեքսավորված են, երբ ասում ես՝ արի մարմնիդ tattoo անենք, անմիջապես խառնվում են իրար ու սկսում իրենց անհեթեթ պատճառաբանությունները՝ վա՜յ, պապաս չի թողի, վա՜յ, ախպերս կջղայնանա, բա հարեւաններն ինչ կմտածեն իմ մասին… եւ այլն: Այստեղից հարց է առաջանում՝ աղջիկ ջան, բա որ ոտքերդ այդպես բացում ես՝ պապադ չի տեսնո՞ւմ, բա ախպերդ չի՞ ջղայնանում, որ քո շորտը իր գոտիից կարճ ա, կամ հարեւանները չե՞ն բամբասում, երբ լողազգեստով տնից դուրս ես գալիս... Մեր աղջիկները, ճիշտ է, շատ լավն են ու երբեք չպետք է կորցնեն հայուհուն բնորոշ ամոթխածությունը, բայց, ցավոք, երբ կամ որտեղ որ պետք է՝ չեն ամաչում, իսկ ամենահասարակ բաները, որն ընդունված են ողջ աշխարհում՝ հայերի համար խայտառակություն է»,- պատմում է Ալեքսը:
Ի դեպ, չնայած Ալեքսն արդեն 15 տարի է՝ ինչ հազարավոր մարդկանց մարմիններին նկարել է, իր մարմնին՝ աջ թեւին ընդամենը մի փոքրիկ դաջվածք ունի: Ալեքսը նշում է, որ սիրում է մեծ աշխատանքներ անել, նկարը՝ դաջվածքը տեղավորել մարդկանց ամբողջ մարմնի վրա: Նա շատ է սիրում դաջվածքներ անել հատկապես մարդկանց մեջքին, ասում է՝ «մեջքին աշխատանքը եւ լավ է երեւում, եւ ավելի արագ է լինում»: Ալեքսը դաջում է ամեն ինչ՝ գիշատիչ կենդանիներից մինչեւ Կամասուտրա, որն էլ, ըստ նրա, առավել սեքսուալ է երեւում, երբ դաջում է հատկապես մարմնի ինտիմ հատվածներում: «Առաջին հայացքից թվում է, թե Կամասուտրայի դիրքերը դաջելը աբսուրդ է, բայց առաջին հերթին դա արվեստ է: Նշեմ, որ ամեն մեկը չի հասկանում Կամասուտրայի իմաստը: Օրինակ՝ ռուսների համար դա զուտ գլամուրային կերպար ստեղծելն է, իսկ իմ թուրք հաճախորդների համար դա գեղեցկություն է, արվեստի նմուշ: Ի դեպ, մասնագիտությամբ նկարիչ եմ, փոքր ժամանակվանից շատ եմ սիրել նկարել մերկ կանանց, երեւի դա է պատճառը, որ Կամասուտրան ավելի հաճույքով եմ դաջում»,- ժպտալով ասաց Ալեքսը, հավելելով՝ «հայերը ոչ թե tattoo չեն սիրում, այլ ամաչում են»:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

четверг, 19 августа 2010 г.

«ԴՈՒ ՍԱՏԱՆԱ ԵՍ», «ԻՍԿ ԴՈՒ ՀՈԳԵԿԱՆ»

Ծնողները «վնասակար» են երեխայի առողջությանը



«Ես Արշակից վախենում եմ: Չնայած որպես իմ ամուսին շատ եմ սիրում, բայց նաեւ ատում եմ, երբ սկսում է ինձ մեղադրել դավաճանության մեջ: Նա սատանայապաշտ է ու ստիպում է, որ ես էլ իր պես դառնամ: Նա ամբողջ օրը ինչ-որ անհասկանալի գրքեր ձեռքին մեր երեխային «դասեր» է տալիս: Ինչ-որ ուժերի մասին է պատմում ու համոզում: Նա սատանա է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 36-ամյա Կարինեն, որոնց ընտանիքում առաջացած վեճերի պատճառը իր՝ հիսունական, եւ ամուսնու՝ սատանայապաշտ լինելն է: Երիտասարդ ու, իրենց խոսքով, «սիրով ամուսնացած» զույգից ամեն մեկը իր հերթին ուզում է 10-ամյա երեխային իր հետ տանել, իր աղանդում ինտեգրել: Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ տղան՝ Գեւորգը, ուզում է միաժամանակ եւ սատանայապաշտ լինել, եւ հիսունական: «Մամայիս հետ էլ եմ գնում, պապայիս հետ էլ: Պապայի հետ ոնց որ «ուժս» կինո նայեմ, մամայի հետ՝ ոնց որ կոմեդիա...»,- ծիծաղելով պատմում է տղան: «Ես ամեն կերպ փորձում եմ Կարինեին հետ պահել հիսունականներից: Իմ ընտանիքին պատիվ չի բերում, որ նա այդ աղանդից է: Ես նրան ժամանակ եմ տվել, այդ ժամանակն արդեն ավարտվում է, ու եթե հանկարծ նա չփոխվի՝ ստիպված կլինեմ ուրիշ մեթոդների դիմել»,- ասաց Արշակը՝ սպառնալով իրենց ծեսերի ընթացքում զոհաբերել կնոջը: Ինչպես հայտնի է, սատանիստների պաշտամունքի հիմքը զոհաբերությունն է, ու նրանց համար իսկական զոհաբերությունը ոչ թե սպանությունն է՝ որպես այդպիսին, այլ՝ կենդանի մարդու մահացու տառապանքները: Իսկ զոհը սովորաբար լինում է այն մարդը, որը, ըստ սատանիստների, սխալ է վարվել իրենց հետ կամ էլ լրջորեն խանգարել է իրենց հանգիստը: Ըստ Արշակի, կինը՝ Կարինեն, իր հետ սխալ է վարվում, որովհետեւ «նա խախտում է 15 տարի առաջ եկեղեցում տված իր երդումը: Ուղիղ 15 տարի առաջ նա խոստացավ հնազանդվել...»: Հավանաբար Արշակը մի պահ մոռացավ իր սատանայապաշտ լինելու մասին, որովհետեւ հայտնի է սատանիստների պաշտամունքի ակնառու հակադրությունը քրիստոնեությանը, որը դրսեւորվում է ներկայիս դեւապաշտների ծեսերում: Դրանցից կարելի է առանձնացնել սեւ պատարագը, որի ընթացքում քրիստոնեության սիմվոլները (օրինակ՝ խաչը), ենթարկվում են անարգանքի եւ ծաղրի: «Ես Արշակին հնազանդ լինելուց բացի, մի առավել կարեւոր երդում եմ տվել, որը դրժելը մահացու կլինի: Եթե նա ուզում է ես մեռնեմ, ուրեմն կմեռնեմ, բայց երդումս հաստատ չեմ դրժի, ու մի բան էլ՝ ուր էլ լինեմ, ինչ էլ անեմ՝ տղաս պետք է ինձ հետ լինի»,- ամուսնուն ի պատասխան ասաց Կարինեն: Մինչ ամուսինները փոխադարձ սպառնալիքներ էին հնչեցնում, տղան ասաց, որ կուզենար գոնե մեկ անգամ Հայ առաքելական եկեղեցում պատարագ լսել, այնտեղ մոմ վառել, երազանք պահել, որին ծնողները միանշանակ դեմ են: «Ես «Հայր մերը» գիտեմ, դասղեկս ինձ թաքուն սովորեցրել էր, բայց պապան հենց իմացավ՝ ջղայնացավ»,- պատմեց Գեւորգը, նշելով որ արդեն ձանձրացել է ծնողների վեճերից ու հոգնել ամեն օր նրանց տված գրքերը կարդալուց:
Հարկ է նշել, որ այսօր մեծ թիվ են կազմում՝ իրենց ավետարանական հավատի քրիստոնյա համարող հիսունականները: Եվ հասարակության շրջանում նրանց տարածած նկարազարդ գրականությունը հաստատ չի կարող անհետեւանք մնալ ոչ միայն Գեւորգի, այլեւ շատ այլ դեռահասների համար: Հայտնի է, որ հիսունականները ու մնացյալ աղանդավորները իրենց հավաքների ժամանակ տրանսի վիճակում են լինում, տարօրինակ ճիչեր արձակում, աղոթքներ երգում: Դե, իսկ սատանիստները, որոնց սեւ պատարագներն անցկացվում են սատանայական տոներին՝ (Վալպուրգյան գիշերը, Հելոուինի տոնին, ձմեռային եւ ամառային արեւադարձի, աշնանային եւ գարնանային գիշերահավասարի օրերին, Լամեսի՝ բերքի տոնին, Տեառնընդառաջի տոնին, յուրաքանչյուր լիալուսնի օրը...) զոհի փոխարեն երբեմն օգտագործում են նրա կերպարը՝ տիկնիկ, լուսանկար, նրա մասին գրավոր կամ բանավոր նկարագրություն: Իսկ կերպարը ոչնչացվում է, օրինակ՝ մեջն ասեղներ կամ մեխեր խրելով: Սատանիստները կատարում են նաեւ արյունալի զոհաբերություններ եւ կենդանիների, երբեմն էլ մարդկանց ծիսական տանջալի սպանություններ: Սատանիստներին հատուկ է թմրանյութերի եւ հոգեմետ դեղերի օգտագործումը, նրանք հաճախ համագործակցում են նաեւ թմրամաֆիայի հետ: Չեմ կարծում, թե այս պայմաններում Արշակի ու Կարինեի հետ ապրող երեխան հոգեպես առողջ կմեծանա կամ էլ պաշտպանված կլինի: Նշենք, որ Արշակ եւ Կարինե ամուսնական զույգը «Առավոտին» դիմել է իրեն օգնելու խնդրանքով. այսինքն՝ նրանցից մեկը պետք է հրաժարվեր իր աղանդից ու երեխայի հետ միասին անցներ կողակցի շարքերը: Բայց կոնկրետ այս դեպքում հատկապես երեխայի համար ոչ սատանայապաշտ լինելն է ձեռնտու, ոչ էլ հիսունական: Իսկ մեր առաջարկին՝ երեխային հնարավորություն ընձեռել ժամանակ առ ժամանակ զրուցել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորի հետ՝ ծնողները կտրականապես դեմ էին:
Կարինեն մեզ հետ զրույցում նաեւ պատմեց, որ երեխան մեկ տարի առաջ վախեցել է հոր պատճառով. «Նա չգիտեմ ուր էր տարել երեխուս. գիշեր էր, արթնացա ու տեսա, որ ոչ երեխան է տանը, ոչ էլ Արշակը: Մի քանի ժամ անց վերադարձան, Գեւորիկը վախից դողում էր ու անընդհատ կրկնում՝ «պապա, բայց մեղք էր» արտահայտությունը: Ես բնականաբար հասկացա, որ Արշակը նրան իրենց հավաքին է տարել ու երբ հարցրի, ի՞նչ է երեխուն եղել, ոչինչ չպատասխանեց: Հաջորդ օրը, երբ տղայիս հետ տանը մենակ էինք, նա ինձ պատմեց, թե ինչպես են ճագարին ողջակիզել, արյունը խմել ու դրանից բացի, միմյանց արյուններն իրար խառնել, չգիտես ինչեր արել. մենք նման բաներ չենք անում: Հիմա ասեք, ո՞վ է երեխուն վախեցնում»: Ի պատասխան կնոջը՝ Արշակը ասաց՝ «դո՛ւ, միայն դու. քո գոռոցներով ու տարօրինակ բառերով: Դու հոգեկան ես»:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 18 августа 2010 г.

Հիմնական խնդիրը հայապահպանությունն է

Հայաստանը պետք է աշխատի նոր սփյուռքահայերի հետ




«Միայնակ գործելը թեեւ լավ էր, ինչ-որ տեղ արդյունք էր տալիս, բայց միասնաբար գործելու հնարավորությունը առավել արդյունավետ է, դրա համար էլ որոշեցինք 16 հայկական միություններ, կազմակերպություններ, կառույցներ միավորել եւ ստեղծել մի ֆեդերացիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության եւ «Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Գեւորգ Մինասյանը, ում փոխանցմամբ՝ Բելգիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների հայկական կազմակերպությունները ընդգրկվել են ֆեդերացիայի կազմում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆեդերացիան ու ի՞նչ խնդիրներ ունի: Պարոն Մինասյանը մանրամասնեց. «Գուցե ծեծված արտահայտություն է, բայց մեր հիմնական խնդիրը հայապահպանությունն է: Բելգիայում, ոչ պաշտոնական տվյալներով, 10-12 հազար հայ է ապրում, նույնիսկ շրջանառվում է 20 հազար թիվը: Հայերը հիմնականում հաստատվել են մեծ քաղաքներում, որոնց հետ աշխատելու խնդիր կար: Մինչ ֆեդերացիան ստեղծելը նախապատրաստական աշխատանքներ տարանք, որոնց արդյունքում Օոստենդ եւ Հասելտ քաղաքներում ստեղծեցինք մշակութային միություններ, հիմնեցինք հայկական շաբաթօրյա դպրոցներ: Շարլ լը Ղուա քաղաքում, որը նույնպես ֆեդերացիայի կազմում է, ու այստեղ չնայած սակավաթիվ հայեր են ապրում, բայց հայկական դպրոց ենք բացել ու հիմա էլ աշխատում ենք հայկական միություն ստեղծելու ուղղությամբ: Նման ծրագիր կա՝ այլ քաղաքների հետ կապված: Դպրոցաշինության գործում մեզ օգնում է ՀՀ ԿԳ նախարարության սփյուռքի բաժինը, ինչի համար շնորհակալ եմ. ես արդեն ստացել եմ շուրջ 2000 գիրք-տետր եւ դիտողական այլ նյութեր ու շուտով դրանք կհասցնենք Բելգիա, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաներն ունենան նոր դասագրքեր: Մեր ֆեդերացիայի առաջին քայլերից մեկը եղավ Շուշիի ազատագրման տարելիցին նվիրված շախմատի համաբելգիական հայ շախմատիստների մրցույթ անցկացնելը: Եվ ինչքան էլ տարօրինակ լինի՝ այդ մրցույթում հաղթեց մեզ շատ մտերիմ ալբանացի, որը մեր թիմում է ընդգրկված, եւ պրոֆեսիոնալ շախմատիստ է: Երկրորդ քայլն էլ՝ Եվրախորհրդարանում Նախիջեւանի Ջուղայի խաչքարերի հարցը բարձրացնելն էր՝ բելգիացի մի պատգամավորի միջոցով: Պատրաստվում ենք նաեւ Նախիջեւանի խաչքարերի մասին մեծ շրջիկ ցուցահանդես կազմակերպել Բրյուսելում եւ մնացած մեծ քաղաքներում»:
Գ. Մինասյանի ձեւակերպմամբ, ֆեդերացիայի կառույցում գործող միությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Ըստ նրա, կառույցում գործող մի միություն կազմակերպել է Բելգիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հայկական դպրոցներով զբաղվողների, ուսուցիչների, կազմակերպիչների համաժողով, որտեղ օգտակար հարցեր են քննարկվել: Մասնավորապես այն, որ դասագրքերի մեջ տարբերություն կա, դասավանդման մեթոդիկան փոփոխության կարիք ունի. «Հայաստանի դպրոցների «Այբբենարանը» մենք օգտագործում ենք այնտեղ, բայց այստեղ ամեն օր են դաս անում, մեզ մոտ՝ շաբաթական մեկ անգամ: Որոշեցինք Անտվերպենում նոյեմբերին երկրորդ ժողովն անցկացնել ու այս հարցերը քննարկել, լուծումներ գտնել»:
Պարոն Մինասյանը նշում է, որ ֆեդերացիայի հաջորդ քայլերից է լինելու Հայաստանում բելգիական ֆիլմերի փառատոն անցկացնել եւ այլ ձեռնարկներ իրականացնելը. «Քանի որ 2012 թվին Երեւանը գրքի մայրաքաղաք է համարվել, ուզում ենք նաեւ բելգիական գրքի ցուցադրություն կազմակերպել: Ի դեպ, բելգիացի մոտ 16 հեղինակների գրքեր թարգմանված են հայերեն: Բելգիայի մեծ քաղաքներից մեկում եւս ուզում ենք խաչքար տեղադրել: Երբ որպես հայեր բանակցում էինք այդ քաղաքի եկեղեցական խորհրդի ղեկավարների հետ, հարցրին՝ որտե՞ղ է Հայաստանը: Ապշեցուցիչ հարց էր, քանի որ նրանք ի պաշտոնե պետք է իմանային, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն ենք: Կատակով ասացինք, որ Հայաստանը Մեքսիկայի սահմանին մոտ է, ու նրանցից մեկն ասաց՝ հա՜, ես հանդիպել եմ էդ բառին: Հետագայում ավելի բարձր դիրք զբաղեցնող եկեղեցականների հետ հանդիպեցինք, ու եթե խնդիրներ չառաջանան, ապա եկող տարվա ապրիլի 24-ին մեր կողմից տեղադրվող արդեն երկրորդ խաչքարի բացումը կանենք: Մեր ֆեդերացիայի նպատակներից է նաեւ Բելգիայի յուրաքանչյուր քաղաքում նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, համերգ կազմակերպել, նոր ուժեր ի հայտ բերելը: Նշեմ, որ ստեղծել ենք նաեւ Հայ շախմատիստների ակումբ ու կոչել Տիգրան Պետրոսյանի անունով, հաջորդ քայլը կլինի նկարիչների միության ստեղծումը: Առավել շատ աշխատում ենք Արցախի ճանաչման հարցի համար: Մեզանից շատ մեծ աշխատանք կպահանջվի, ջանք չենք խնայի»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, Հայաստանը պետք է գրագետ աշխատի նոր սփյուռքահայերի հետ: Նրա փոխանցմամբ՝ «Անտվերպենում բնակվող 50 տարվա փաստաբանական գործունեություն ունեցող միակ հայ փաստաբանը վերջերս ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ասել է՝ «Խաչ քաշեք հին սփյուռքահայերի վրա, այս մարդկանց հետ գործ արեք: Իրենք նոր մշակույթ բերեցին, շատ են քանակով, եւ որակն է լավ, եւ լավ բաներ են անում ու իրենց հետ պետք է հաշվի նստել», այսինքն՝ հասկացնել տվեց, որ եթե հանրապետության նախագահ, վարչապետ է գալիս, հերիք է միայն հին հայերի հետ կազմակերպել այդ հանդիպումները»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾՓՈՒՄ ՈՒ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ - 2

Սեւանում միայն օդի փող չեն ուզում







Սեւանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթեժ հանգստի գոտին. հանգստացողների թիվը օրեցօր բազմապատկվում է, ափերի «սեփականատերերը» ավելի են հարստանում հանգստացողներից գանձած անօրինական գումարներով, բայց նրանց մատուցած ծառայությունների որակն այդպես էլ չի լավանում: Ասենք ավելին՝ լողափ «աշխատացնողները» մարդկանցից «փող պոկելու համար» անընդհատ մի նոր բան են հնարում. օրինակ, մոտ 20 օր առաջ, երբ որեւէ լողափում մի քանի ժամ անցկացնելու համար 5000 դրամ էին վերցնում՝ տրամադրելով մի ցելոֆանապատ տաղավար, վճարած գումարի մեջ մտնում էր նաեւ տվյալ տարածքի զուգարանից օգտվելու գինը, այժմ այդպես չէ: Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի, եթե նկարագրեմ սեփականաշնորհված լողափերի զուգարանների սարսափելի հակահիգիենիկ վիճակը: Իսկ ընթերցողին դրանց լուսանկարները, անշուշտ, չենք ցուցադրի՝ խիստ հակաէսթետիկական լինելու պատճառով: Պարզապես տեղեկացնենք, որ ափերում, քո վարձակալած տաղավարից բացի, մնացած ամեն ինչի համար պետք է վճարել, օրինակ, զուգարանից օգտվելու համար 50 դրամ. զուգարանները վճարովի դարձնելու հետ կապված էլ Սեւանի «Ցամաքաբերդ» լողափի զուգարանի «պատասխանատուներն» այսպես պատճառաբանեցին՝ «բա որ սեւանցին գալիս ա Երեւան՝ դուք խի՞ չեք թողնում ձրի զուգարան գնա»: Կարեւոր «պաշտոնը»՝ զուգարանի «պատասխանատուի» գործը ստանձնած տիկնոջ «մունաթին» բնականաբար այդ ափում հանգստացողներից ոչ ոք ուշադրություն չդարձրեց, իսկ վերջինս էլ, որպես պատիժ՝ կողպեց զուգարանի դուռը: Բացի այն, որ 5000 դրամ ես վճարում քեզ տրամադրվող տաղավարի համար, հավանաբար պետք է հետդ էլ մի լամպ վերցնես, որովհետեւ մութն ընկնելուն պես այդ տաղավարում ոչինչ չի երեւա. լողափատերը անգամ 100 դրամանոց լամպն է շատ համարում, եւ որպեսզի մթության մեջ չմնաս, առաջարկում է գումարը վճարել, որ լամպ տեղադրեն: Իսկ եթե որոշես լողափերի խանութ կոչված «բուդկաներից» որեւէ բան գնել՝ ըմպելիք, պաղպաղակ, ապա դրանց իրական գնի եռապատիկը կվճարես: Կարճ ասած՝ Սեւանում առայժմ մարդկանցից միայն օդի փող չեն ուզում, բայց այսպես շարունակվելու դեպքում՝ հաստատ դա էլ կլինի:
Ափն աշխատեցնողները ցանկացած նոր հաճախորդի համար իրենց տարածքում անպայման տեղ են բացում եւ եթե հնարավորություն ունենան, ապա մեքենաներն իրար վրա կտեղավորեն: Նրանք ոչ ոքի «չէ» չեն ասում՝ «մեր դռները միշտ բոլորի համար բաց են»:
Քանի որ լողափերն իրարից մի պղնձե լարով, հանգստացողների ավտոմեքենաներն էլ միմյանցից 10 սմ-ով են բաժանվում՝ հետեւաբար միաժամանակ «չվայելել» բոլորի մեքենաներից հնչող երաժշտությունը՝ անհնար է: Ամեն մեկն իր նախընտրած երաժշտությունն է միացնում, դռներն ու պատուհանները բացում ու մրցում կողքինի միացրած երաժշտության բարձրության հետ:
Ի դեպ, «դոմիկների» գները համեմատաբար իջել են, այժմ մեկ օրվա համար դրանց վճարը սկսում է 10 000 դրամից. բայց թե ինչով են պայմանավորված գործող զեղչերը՝ հայտնի չէ:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

среда, 11 августа 2010 г.

Վատիկանն արդեն գործի է դրել վիրտուալ էքսկուրսիան Սբ. Պետրոս եկեղեցում

Վատիկանի հայտնի Սբ. Պետրոս եկեղեցի ներկայումս կարելի է այցելել տնային համակարգչի օգնությամբ` մտնելով www.vatican.va պորտալը: Վիրտուալ էքսկուրսիան ստեղծում է հենց եկեղեցու ներսում, իսկ գիշերը` նրա դիմացի հրապարակում ազատ տեղաշարժվելու տպավորություն:
Նման էքսկուրսիան հնարավոր է դարձել բարձր լուծմամբ եռաչափ պանորամիկ պատկերի գունավոր լուսանկարի շնորհիվ:

четверг, 5 августа 2010 г.

ՋՐԱՇԽԱՐՀԻ» «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ»

Այնտեղ գոնե մեկ անգամ այցելողը «կվայելի» դրանք









Տեսնես, ի՞նչ նկատի ուներ «Ջրաշխարհի» ղեկավարությունը «անվտանգություն» ասելով, երբ այդ մակագրությամբ շապիկներ պատվիրեց ու որոշ երիտասարդների աշխատանքի ընդունեց: Չեմ կարծում, թե տեղի «անվտանգության» աշխատակիցների ֆունկցիաների մեջ է մտնում հեռվում կանգնելն ու «հիանալը» այն տեսարանով, թե ինչպես են պարսիկները 12-13 տարեկան երեխաներին լողավազանում «ձեռք գցում»: Մի՞թե «Ջրաշխարհի» անվտանգությունը նախատեսված է միայն ծեծկռտուքներին միջամտելու համար, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ցանկացած իրեն հարգող հայ տղամարդ աչք չէր փակի նմանատիպ տեսարանների վրա, չէր «զմայլվի» անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարող պարսիկի անթույլատրելի արարքներով: «Անվտանգութան» աշխատակիցը, բնականաբար, պարսիկների «խաթրին չէր կպնի», այլապես ղեկավարության կողմից դիտողություն կստանար, քանի որ մեր հարավային հարեւանները «Ջրաշխարհի» մշտական ու լավագույն հաճախորդներն են դարձել. դրա վառ ապացույցն են տարածքում տեղակայված սննդի վաճառքի կետերը, որոնց վրա սննդի անվանումները միայն հայերեն ու պարսկերեն լեզուներով են գրված:
«Ջրաշխարհի» «անվտանգության» աշխատակցին արված իմ նկատողությանը՝ ինչո՞ւ չեք կարգի հրավիրում լողավազանում իրենց անվայելուչ պահող պարսիկներին, երիտասարդը պատասխանեց. «Ոնց որ դուք, ընենց էլ իրանք: Հա, ի՞նչ են անում որ, մարդիկ իրանց համար խելոք լողանում են: Համ էլ, դու խի՞ ես անհանգստանում որ, էդ երեխեքը մեր ունեն, թող գան՝ տիրություն անեն…»: Հետաքրքիր է, եթե «Ջրաշխարհի» «առաջադեմ» անձնակազմի համար պարսիկ հաճախորդի կողմից հայ անչափահասին «ձեռք գցելը» համարվում է «խելոք լողանալ», ապա բռնաբարությունն ինչպե՞ս կանվանեն՝ «աղջիկ խոսացնե՞լ»: Պարզ է, որ այս զվարճանքի վայրը նախատեսված չէ միայն հայերի համար, բայց ակնհայտ է, որ օրական մոտ 1500-2000 այցելուներից մեծամասնությունը պարսիկներ են ու շատ արտոնյալ վիճակում: «Ջրաշխարհ» մտնելիս, յուրաքանչյուր հաճախորդի հենց մուտքի մոտ զգուշացնում են՝ եթե ֆոտոխցիկ ունեք, ապա միայն ինքներդ ձեզ կնկարեք, «տարածքը չի կարելի նկարել»: Այս դեպքում հարց է առաջանում, ինչի՞ համար են հագուստներով, չլողանալու նպատակով ներս մտնում խումբ-խումբ պարսիկ տղամարդիկ, ի՞նչ կամ ո՞ւմ են ֆիքսում նրանց ֆոտոխցիկները... Տարածված ասեկոսեները, ըստ որոնց՝ պարսիկների գաղտնի նկարահանումները հայտնվում են YouTube-ում, փաստորեն օդից չեն...…
Այս ամենից բացի, «Ջրաշխարհում» առկա են մի շարք այլ թերություններ: Բացի այն, որ տարածք մուտք գործելու համար պետք է վճարես 5000 դրամ, մուտքի մոտից սկսած քեզ մի լավ թալանում են: Օրինակ՝ իրերի, հագուստների համար նախատեսված «զամբյուղները» հաճախորդներին տրվում է միայն 400 դրամ վճարելուց հետո, հակառակ դեպքում ստիպված կլինես իրերդ հետդ «ման տալ», իսկ դրանց կորելու դեպքում էլ «Ջրաշխարհը» պատասխանատվություն չի կրում:
Եթե ուզում ես օգտվել ջրային այն ատրակցիոններից, որոնք միայն փրկօղակի առկայության դեպքում կկարողանաս, ապա երկու տարբերակ ունես. առաջինը՝ ժամերով հերթ կանգնել մեկ անգամ օգտվելու համար, երկրորդը՝ 10 000 դրամ վճարել եւ փրկօղակը ամբողջ օրը վարձակալել: Իսկ որոշ ատրակցիոններից մեկ անգամ օգտվելու համար էլ, որը նույնպես պարտադիր փրկօղակով է՝ պետք է մեկ տեղանոցի համար՝ 500, երկտեղանոցի համար 800 դրամ վճարել: Ջրային ատրակցիոններից օգտվելիս, երեւի, պետք է մեծ կամքի ուժ ունենալ, որովհետեւ փրկօղակները, որոնք անհրաժեշտ են այդ ատրակցիոնների դեպքում, հիմնականում պոկված բռնակներով են, իսկ այդ բռնակներն ավելի քան անհրաժեշտ են, որովհետեւ չբռնվելու դեպքում օդային տարածքով կհայտնվես «Ջրաշխարհից» դուրս:
Իսկ եթե հանկարծ որոշես սնվել, կամ որեւէ բան խմել, ապա այս մասով էլ «տուժող կողմ» կճանաչվես: Վաճառասեղանի հետեւում կանգնած երիտասարդները, աճպարարի նման այնպես քեզ կթալանեն, որ միայն որոշ ժամանակ անց կհասկանաս, որ նրանց վերադարձրած մանրադրամը չի համապատասխանում «սեփական» առեւտրիդ: Ամենացավալին այն է, որ ոչ գումարդ «շորթելու» պահին եւ ոչ էլ որոշ ժամանակ անց չես կարող ապացուցել, քանի որ «Ջրաշխարհում» ծախսած գումարների դիմաց հաճախորդին ՀԴՄ կտրոն չի տրամադրվում:

Հ. Գ. Ես ռասիստ չեմ. եթե պարսիկների փոխարեն լինեին ֆրանսիացիներ, իտալացիներ, հնդիկներ, հայեր... միեւնույն է՝ հոդվածը կգրեի:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ