среда, 13 июля 2011 г.

Պատմական հուշարձանը չի աղավաղվել

 





Օրերս «Facebook» սոցիալական ցանցում հայտնված լուսանկարները, որոնք պատկերում էին Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատումը՝ մեծ աղմուկ բարձրացրին: Շինարարական աշխատանքները որակվեցին որպես պատմամշակութային արժեքի ոչնչացում եւ 13-րդ դարի շինության եվրոպականացում: Հայտնի է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացնողը Վանք գյուղի բարերար, ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանն է, իսկ շինարարական աշխատանքներին հետեւում է նրա եղբայր Վլադիմիր Հայրապետյանը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պարիսպը 13-րդ դարի է, սակայն պարզվեց, որ այն մոտավորապես 1980-ականներին է կառուցվել:
Արցախի պետական մարմինները, մասնավորապես՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են նախաձեռնությանը, քանի որ պարսպապատումը կվնասի վանական համալիրի արտաքին տեսքին ու նաեւ չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին. վերանորոգումը կխանգարի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում: Բայց, այնուամենայնիվ, շինարարական աշխատանքները չեն դադարել՝ «իմ եղբայրը եթե մի գործ է սկսում, ապա այն անպայման ավարտում է», -լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Հայրապետյանը:
«Եկեղեցու պարիսպը 13-րդ դարի չէ, այն պարբերաբար քանդվել եւ վերանորոգվել է: Տարբեր ժամանակներից բազմաթիվ նկարներ կան, որոնք ցույց են տալիս կիսաքանդ պարիսպը կամ էլ մասամբ նորոգված: Պարիսպը նորոգման կարիք ունի նաեւ այսօր, եւ երբ Լեւոն Հայրապետյանն առաջարկեց երեսպատել, մենք սիրով համաձայնեցինք: Պարսպի միջից անընդհատ խոտ է աճում, ինչը թուլացնում է այն ու ավելացնում փլման վտանգը: Մեր հոգեւորականներն էլ ստիպված են հաճախ մաքրել խոտը, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող»,- պարզաբանեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Պարիսպների վերականգնումը պատմական հուշարձանի աղավաղում չէ. այս կարծիքին է նաեւ բարերարի եղբայրը, ըստ որի՝ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է մոտավորապես 1,5 մլն դոլար:
Տեղեկացանք նաեւ, որ բարերարը մոտ 10 տարի առաջ էլ նորոգել էր Գանձասարի վանական համալիրը եւ այնտեղ տանող ճանապարհը, իսկ պարսպի նորոգման վերաբերյալ իր ցանկության մասին էլ ամիսներ առաջ էր դիմել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդին, վերջինս էլ նամակը փոխանցել էր զբոսաշրջության վարչությանը, որպեսզի նրանք, որպես իրավասու մարմին, որոշում կայացնեն:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
 http://www.aravot.am/am/articles/entertainment/95615/view

понедельник, 11 июля 2011 г.

ՓՐԿԵՔ ՁԵԶ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ


 
Կազմակերպեք ձեր հանգիստը ու մի մնացեք տանը
«Շոգից ամեն ինչ էլ հնարավոր է, անգամ՝ դեպրեսիա: Տապից պաշտպանվելու շատ միջոցներ կան, բայց ամառային դեպրեսիան անխուսափելի է, հատկապես, եթե ձգձգվում է մարդկանց արձակուրդի մեկնելը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց հոգեթերապեւտ Սարգիս Առուստամյանը:
Դեպրեսիան պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների եւ հակազդումների ախտահարումներից մեկի՝ հիպոթիմիայի արտահայտվող ձեւերից է: Դեպրեսիան տրամադրության անկման այն ձեւն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում՝ հուզական վիճակի եւ իրականության միջեւ։ Դեպրեսիայի ժամանակ, տրամադրության եւ ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Անձը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի եւ մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։ Եվ որպեսզի չլինի այս ամենը, մասնագետը ամռան ամիսներին արձակուրդը պարտադիր է համարում. «Մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ եթե մարդ չի աշխատում, ամբողջ օրը տանն է, ուրեմն հանգստի կարիք չունի, որոշ ժամանակով ինչ-որ տեղ մեկնելն էլ պարտադիր չէ: Կամ շատերը մտածում են, որ արձակուրդային շրջանը կարելի է անցկացնել նաեւ տանը, թեկուզ ոչինչ չանելով, առավոտից երեկո հանգիստ պառկելով ու հեռուստացույց դիտելով: Այս տեսակետները սխալ են: Անկախ նրանից՝ աշխատում եք, թե ոչ, ամռան ամիսներին գոնե մեկ շաբաթով անհրաժեշտ է փոխել ապրելակերպը, բնակության վայրը: Ամառային դեպրեսիա ասվածը դրսեւորվում է անգամ տանը՝ պարապ, հանգիստ վիճակում մնալով»,- բացատրեց Ս. Առուստամյանը: Ըստ նրա, երեւանցիների մեծամասնությունը տառապում է ամառային դեպրեսիայով, քանի որ մինչեւ կողմնորոշվում են, թե ուր մեկնել հանգստանալու կամ ինչպես հարմարեցնել, որպեսզի մեկնել, արդեն ուժասպառ վիճակում են լինում, նյարդային ու դեպրեսիվ:
«Շատերը դեպրեսիան շփոթում են հոգնածության հետ. կարծում են՝ շոգին շատ աշխատելուց հոգնել են, մի քանի օր մնան տանը՝ կանցնի: Բայց դեպրեսիան այլ է ու որպեսզի այն անցնի, անպայման պետք է միջավայրի փոփոխություն լինի»,- ավելացրեց հոգեթերապեւտը՝ հավելելով, որ ի տարբերություն աշնանային դեպրեսիայի, որից մեծամասամբ տառապում են կանայք, ամառայինի ժամանակ հիմնական տուժողները տղամարդիկ են: Առաջարկելով դեպրեսիայի դեմ պայքարի միջոցներ, մեր զրուցակիցն ասաց, որ ամռանը չպետք է կրել մուգ ու մռայլ գույն ունեցող հագուստներ, որովհետեւ, բացի այն, որ դրանցով շատ շոգ է լինում, նաեւ տրամադրության արգելափակում է առաջացնում: Կարելի է փոխել նաեւ սանրվածքը, իմիջը:
«Ամռանը դեպրեսիա առաջանում է նաեւ երեխաների մոտ: Նրանց առավել շատ ուշադրություն է անհրաժեշտ: Եթե մեծահասակների դեպքում ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում կազմակերպել ամառային արձակուրդները, ապա երեխաների դեպքում պարտադիր է նրանց ճամբարներ ուղարկել կամ գոնե ինչ-որ գյուղ: Երեխայի միջավայրի փոփոխությունը պարտադիր է. երբ վերջանում են դպրոցական արձակուրդները, երեխաները սեպտեմբերին հաճախում են դպրոց, այդ ժամանակ նկատելի է լինում նրանց անցկացրած ամռան արդյունքները: Նորմալ արձակուրդ ունեցած երեխան հանգստացած, առույգ տեսք է ունենում, իսկ արձակուրդները տանն անցկացրածը՝ հոգնած, անհավես ու թույլ է լինում, ինչն էլ ազդում է նրանց ուսման վրա»,- ասաց Ս. Առուստամյանը՝ հավելելով, որ ամռանը լիարժեք հանգիստ անցկացրած մարդը տարվա մնացած ամիսներին հաճախ պաշտպանված է սթրեսներից, հյուծվածությունից:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
 http://www.aravot.am/am/articles/entertainment/95561/view

пятница, 8 июля 2011 г.

ՍԱՏԱՆԻՍՏ ՉԷ, ՄԱՍՈՆ Է

Սաքոյի «փախած» մտքի թռիչքը






Դաժան սիրո ու աղջիկներից «վառված» լինելու մասին երգող ռեփերի՝ ամերիկաբնակ Սուպեր Սաքոյի վերջերս համացանցում հայտնված լուսանկարները մեծ իրարանցում առաջացրին հասարակության մեջ:
Հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունված լուսանկարների առիթով շատերի կողմից քննադատության արժանացած երգիչը փոխանակ բացատրի, թե ինչպես են այդ լուսանկարները տարածվել, հատկապես, եթե արվել են 2009-ին ու չեն օգտագործվել, որովհետեւ իր ուզածով չեն ստացվել, դեռ մի բան էլ հոխորտացել է ու Bravo.am-ին տված հարցազրույցում ասել է. «Նկարներից են դժգոհում, երբ ամբողջ Հայաստանը պուտանկա ու գոմիկ է լցվել: Հայ ազգն ա հայ աղջիկներին փչացնում, մեկ էլ պարսիկներն ու հնդիկները: Բերանս բացել մի տվեք...»: Թե ինչ կապ ունեին հնդիկներն ու պարսիկները իր լուսանկարների հետ՝ պարզ չէ:
Բերանը բացել չցանկացող երգիչը լուսանկարներից մեկում Լուռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրը իր «հոգով» ֆոն է «սարքել», մի ձեռքին հրազենն է, մյուսով էլ կիսամերկ աղջկա մազերից բռնած պատրաստվում է պատժել: Ըստ ռեփերի՝ «դրա մեջ վատ բան չկա, մարմնավաճառին զաստավիտով տանում եմ եկեղեցի»:
Հաջորդ լուսանկարում Սաքոն հադես է գալիս «ղասաբի» դերում, աղջկա մարմինը կտրտելիս... Ու այս «հանճարեղ» ֆոտոշարքի հեղինակը Արվին Քոչարյանն է, որը չգիտենք թե ինչու է Սաքոյի նկարներում, Հաղպատի վանական համալիրը որպես ֆոն օգտագործել, բայց որ Սաքոն չի էլ իմացել, թե դա ինչ վանք է, ակնհայտ է, ընդամենը՝ «փախած բաներ էի ուզում անել՝ սարսափ ֆիլմերի նման», նշել է Սաքոն:
Երգիչն իր հասցեին հնչած մեղադրանքները որակել է որպես «աբսուրդ բաներ»: Ըստ նրա՝ ինքը երաժշտության մեջ ու արվեստում արտահայտվելու ազատություն ունի, ու չնայած այդ լուսանկարներն արվել էին իր «Սուրբ Սարգիս» CD-ի համար, բայց իրեն էլ դուր չէին եկել, հենց այդ պատճառով էլ չի օգտագործել:
Սուպեր Սաքոն հերքել է իր մասին տարածված կարծիքը, թե ինքը սատանիստ է: Նա ասել է, որ դավանանքը չի փոխել, ինքը քրիստոնյա հայ է, պարզապես մասոն է: «Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ: Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ: Մասոններն իրար ձեռք են բռնում, օգնում միմյանց: Ամերիկայի շոու-բիզնեսի 80 տոկոսը մասոն է»,- ասել է Սաքոն, հավելելով, թե ռեփ երգիչ է, իսկ այդ ոճում մոտեցումներն այլ են:
 ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ