пятница, 30 июля 2010 г.

ԾՓՈՒՄ ՈՒ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ

Անհարմար պայմաններ՝ թանկ գներով


Ինչքան էլ որ դժգոհում ենք, թե Հայաստանում հանգիստը կազմակերպելն ավելի թանկ է արժենում, քան արտասահմանում, միեւնույն է, դժգոհողների մեծամասնությունը, հավանաբար չդավաճանելով իր հայրենասիրական «սկզբունքներին», բավարարվում է Հայաստանով՝ հանգստանում է, օրինակ, Սեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Հանքավանում եւ այլն:

Բայց ինչքան էլ աչք փակես այն բոլոր թերությունների ու բացթողումների վրա, որ առկա են հայաստանյան հանգստի գոտիներում, հնարավոր չէ անտեսել հանգստյան տները, քոթեջներն ու լողափներն «աշխատացնողների» ստելն ու, մեղմ ասած, «քցելը»: Չեմ կարծում, թե արտասահմանյան որեւէ երկրում հանգստյան տանը նախապես տեղ պատվիրելով, կանխավճար թողնելով, վերջին օրով հանգստի մեկնած մարդուն հուսախաբ կանեն, ասելով՝ «գիտեք ձեր սենյակը սխալմամբ ուրիշի ենք տվել, եկեք ձեզ ուրիշ սենյակում տեղավորենք, հենց լավ սենյակ ազատվի՝ կտեղափոխենք»: Սա այն դեպքում, երբ մեկ հոգու համար նախապես վճարելով 15 000 դրամ, քեզ ուղեկցում են 6000 դրամանոց, խորհրդային տարիներից պահպանված գույքով լի մի խուց, որից հնության հոտ է փչում. այսպես լինում է Հանքավանում:

Այսօր Սեւանա լճի շրջակայքում մոտ 300 լողափ «աշխատացնող» տնտեսավարող սուբյեկտներ կան, որոնք միայն իրենց փողի տերն են ու իրենց տարածքում հանգստացողների անվտանգության հարցերով բացարձակ չեն էլ հետաքրքրվում: Մեքենան դեռ չմոտեցած լողափին, տարածքի աշխատողը, մեքենայիդ տակ «քցվելով», քեզ դիմավորում ու գումարն է գանձում եւ այնքան ջերմ է այդ ամենն անում, որ թույլ չի տալիս նույնիսկ «նեղություն քաշես» ու մեքենայից իջնես: Եթե պարզապես մեքենադ ես կագնեցնելու, ապա առնվազն 3000-5000 դրամ պիտի վճարես. գները պայմանագրային են՝ կախված մեքենայի մակնիշից, համարանիշից ու վարորդի «աղայությունից»: Բացի այդ՝ տաղավար հիշեցնող, ցելոֆանապատ, լողափատիրոջ խոսքով ասած՝ «բեսեդկայի» համար էլ առանձին պետք է վճարել, դարձյալ գինը՝ պայմանագրային համակարգով: Եվ եթե, օրինակ, հաճախորդներն աղջիկներ են՝ լողափ աշխատացնողը իր «լողանալո՞ւ եք, աղջկերք» հարցից հետո նոր որոշում է գինը, այսինքն, եթե լողանալու են, եւ ինքը հնարավորություն է ունենալու տեսնել լողազգեստով աղջիկների, ապա կգործի զեղչերի ճկուն համակարգ:
Ինչ վերաբերում է Սեւանա լճի ափին տեղակայված «դոմիկներին», ապա վերջիններիս գները պայմանավորված են մի շարք գործոններով: Շաբաթ-կիրակի օրերն ավելի թանկ են, որովհետեւ ոչ աշխատանքային օրեր են, եւ, բնականաբար, հանգստացողներն ավելի շատ են: Բացի այդ, «դոմիկը» վարձակալելիս էլ տերերը նայում են հագած-կապածիդ, մեքենայիդ ու դրա համարանիշին: Երբ արդեն վարձում ես, փորձում են հետաքրքրվել՝ ո՞վ ես կամ ինչո՞վ ես զբաղվում: Եթե, օրինակ, ոստիկան ես, ապա «դու մեր ախպերն ես», ասում են նրանք: Իսկ «ախպերներից» «քաշվելով», կամ էլ նրանց հարգելով, գրեթե, ձրի է: «Դոմիկների» գները մեկ օրվա համար սկսվում են 18000- 20000 դրամից, բայց՝ միայն լավ սակարկելուց հետո: Օրինակ «Ոսկե Իշխան» լողափում գինը պարբերաբար տատանվում է 15000-25000-ի միջեւ, «Ծովաստղ» լողափում գները սկսվում են 15000 դրամից: Ի դեպ, «Ծովաստղում» այս տարի զեղչեր են գործում, որովհետեւ լողափը վաճառվում է՝ գինը $250 000 է:
Բոլորն էլ գիտեն, որ «սեւանային» ծառայություններից օգտվելու դիմաց իրենցից գանձված գումարների հիմնական մասը անօրինական է, բայց այս ամենը գիտակցելով հանդերձ՝ շարունակում են նպաստել ապօրինություններին: Լողափ «աշխատացնողներից» յուրաքանչյուրն իր «սեփականաշնորհած» տարածքը «գովերգելու» համար մատնանշում է իր հատվածի բարձր մակարդակը, ինչն էլ, ըստ իրենց, պայմանավորված է հետեւյալով՝ «մեր դոմիկներում գիշերը կարաս հանգիստ քնես, հաստատ ոչ մեկ չի գա դուռդ ծեծի...»: Բայց այն, որ դուռդ էլ կծեծեն, մեքենադ էլ կթալանեն ու էլի շատ բաներ կանեն, հաստատ անխուսափելի չէ, իսկ քո անվտանգությունն էլ, բնականաբար, ապահովված չէ:


Քանի որ լողափերն իրարից մի փշալարով, կամ պղնձե լարով են բաժանվում, հետեւաբար, հնարավորություն ունենք «վայելելու» միաժամանակ հայկական, ռուսական, արտասահմանյան տարբեր ոճերի երաժշտություն: Ամեն մեկն իր մեքենայում իր նախընտրած երաժշտությունն է բարձր միացնում, դռներն ու պատուհանները բացում ու հագուստով ջուրը մտնում: Հավանաբար, միայն հայ կանայք կարող են հարդարված մազերով, մոտավորապես երեկոյան զգեստով ու իրենց ունեցած ամբողջ ոսկեղենով պատված Սեւան գնալ ու հենց այդպես ջուրը մտնել, կամ ափի մոտ բարձրակրունկ կոշիկներով սրբիչով սպասել երեխային չորացնելու:

Սեւանը «սեփականաշնորհածները» ամեն ինչից փորձում են փող աշխատել, անգամ մարդկանց կյանքի գնով: Ավելորդ չէ անդրադառնալ նաեւ լճում երեւացող մետաղի ջարդոններին, որոնք երեւի 20-30 տարի առաջ նավ են եղել: Քայքայված նավակների տերերն այն շահագործում են՝ մեկ հոգուն լճում մեկ անգամ պտտացնելու դիմաց վերցնում 1000 դրամ:

Ինչ վերաբերում է սկուտերատերերին, ապա վերջինները նույնպես լավ բիզնես են անում՝ 1 րոպեի դիմաց գանձելով 1000 դրամ:

Ժողովրդի մեջ շրջանառվող անեկդոտը, թե հարուստները գնում են Սեւան, միջին խավը՝ Անթալիա, աղքատները՝ Քոբուլեթի, հավանաբար, մոտ է իրականությանը, որովհետեւ այն գումարը, որ անտեղի վատնվում է Սեւանում, ավելի շատ է կազմում, քան Հայաստանից դուրս հանգստանալիս:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

понедельник, 5 июля 2010 г.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Իսկ առաքինությունը պայմանավորված չէ ֆիզիոլոգիական վիճակով



«Հաճախ աղջկա առաքինությունը մարդիկ պայմանավորում են նրա ֆիզիոլոգիական վիճակով, այսինքն՝ շատերի մեկնաբանմամբ, եթե աղջիկը կույս է, ուրեմն մաքուր է, ազնիվ, առաքինի: Այս տեսակետը սխալ է, համենայնդեպս՝ հիմա, մեր օրերում այլեւս արդիական չէ: Կույս չլինել՝ դեռ չի նշանակում անառակ լինել: Որովհետեւ աղջիկը կարող է պահպանելով իր կուսությունը շատ վատ կյանքով ապրել, ի վերջո սեռական հարաբերություն ունենալու այնպիսի տարբերակ ընտրել, որ չվնասվի կուսությունը: Հիմա ինչ, այսպիսի աղջիկը դասվո՞ւմ է առաքինիների շարքին, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում առաքինության թեման շոշափելիս ասաց հոգեթերապեւտ Ռուզաննա Բաբայանը: Նրա մեկնաբանմամբ, սեքսուալ հեղափոխությունների մի քանի էտապները չկարողացան արմատախիլ անել հասարակության որոշակի մասի առանձնահատուկ վերաբերմունքը կուսության հանդեպ:

«Շատերը պահպանում են կուսությունը, ելնելով բարոյա-էթիկական, կրոնական եւ բազմաթիվ այլ նկատառումներից: Բայց այն չպահպանելը դեռ չի նշանակում, որ աղջիկը սեփական առաքինության նկատմամբ անտարբեր է: Այժմ սեքսի նկատմամբ վերաբերմունքը բավական փոխվել է: Մեծ մասի համար սեռական հարաբերությունները միայն սեռական բավարարման միջոց չեն, այլ հոգեբանական եւ էմոցիոնալ լարվածության, սթրեսի թուլացման, ինչպես նաեւ յուրատեսակ հանգստի ձեւ են հանդիսանում: Ի վերջո, եթե ամեն ինչ լինում է զույգի փոխադարձ համաձայնության եւ սիրո արդյունքում, դա, իմ կարծիքով, նորմալ է: Առաքինությունն այն չէ, որ աղջկան ստիպելով ամուսնացնում են չսիրած տղայի հետ: Հայ ժողովուրդը՝ «նահապետական» կոչված պիտակը սեփականաշնորհած, բազմաթիվ սխալ բաներ է անում եւ սխալ մոտեցումներ ցուցաբերում կյանքի ու ապրելակերպի վերաբերյալ»,- ասաց Ռ. Բաբայանը:
Ըստ բժիշկների՝ միայն 16-18 տարեկանից սկսած աղջիկը կարող է հակառակ սեռի հետ սեռական հարաբերություն ունենալ: Բժիշկները միաժամանակ նշում են, որ «կարելի է», դեռ չի նշանակում՝ «պետք է եւ անհրաժեշտ»: Եվ ամեն անհատ այդ հարցը լուծում է ինքնուրույն՝ կախված իր ֆիզիոլոգիական եւ հոգեբանական վիճակից:
Մեր զրուցակիցը նշում է՝ «պարտադիր չէ սեռական հարաբերություն ունենալ չափահաս դառնալուն պես: Հիմա երիտասարդները առաջադեմ են, կյանքը փոխվել է, երիտասարդներն էլ անպայման ուզում են հնարավորինս շուտ փորձել ամեն ինչ. փաստորեն ստացվում է, որ այժմ նոր սերունդն անբարոյական է: Դե իհարկե՝ ոչ: Լավ է, որ մեր երիտասարդներն առաջադեմ են, արդեն անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե ինչ տեսնում են հեռուստասերիալներում՝ կրկնօրինակում են: 20-30 տարի առաջ 18 տարեկան աղջիկն այնքան քիչ պատկերացում ուներ իր սեփական կյանքի մասին, իսկ հիմա 18 տարեկանները արդեն գիտակից կյանքով են ապրում: Հիմա մեր երիտասարդներն ազատ են, անկաշկանդ ու գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Իսկ լինել ազատ՝ չի նշանակում առաքինությունը կորցրած»:
Ըստ Ռ. Բաբայանի՝ հիմա նոր սերունդը չի շտապում, միանգամից ընտանիք չի կազմում՝ «երկար ժամանակ շփվում են միմյանց հետ, շատերը սեռական հարաբերություններ են ունենում, հետո նոր կողմնորոշվում՝ համապատասխանում են իրար, թե ոչ: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ աղջիկը, որը առաջին անգամ հանդիպել է մի տղայի՝ անպայման ամուսնանա հենց նրա հետ: Սական չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:
Ռ. Բաբայանը կարծում է, որ առաքինի պետք է լինել նախ եւ առաջ հոգով՝ «եթե հոգիդ մաքուր չէ, ապա առաքինի բառը վերածվում է դիմակի, պիտակի: Իսկ դիմակով երկար չես կարող ապրել, որովհետեւ հաստատ կգտնվի մի խելացի մարդ, որը հեշտությամբ այն կպատռի: Եվ հետո անիմաստ է ինքդ քեզ խաբես ու ինչ է թե՝ կույս ես, ուրեմն առաքինի ես. բայց միեւնույն ժամանակ կույս լինելդ քեզ չխանգարի վատ բաներ անել»:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

воскресенье, 4 июля 2010 г.

ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ

Անվստահության զգացողությունը մի «խեղդեք» սիրով



«Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին, որը թանկ է իր համար, եւ որին նա սիրում է, սկսում է վախենալ, որ կարող է զրկվել իր համար թանկ այդ մարդուց: Կապվածությունը մեկ այլ անձի հանդեպ եւ լավ է, եւ վատ: Լավ է այն առումով, որ ամեն ինչ փորձում են կիսել նրա հետ, որին կապվել ես, այսինքն՝ այստեղ խոսում է փոխադարձ վստահությունը, որը դրական է: Վատ է այն առումով, որ եթե հանկարծ կապվածություն ձեռք բերած անձը ինչ-ինչ պատճառներով կորցնի իր համար թանկ դարձած մարդուն կամ հիասթափվի նրանից, դա շատ ծանր հոգեբանական սթրես կլինի: Այս պատճառով սթրեսի կարող են ենթարկվել բոլորը՝ անկախ տարիքից, սակայն դեռահասների մոտ դա ավելի վատ է անդրադառնում, նրանք նույնիսկ կարող են ինքնասպան լինել»,- կապվածության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց հոգեբան Սվետլանա Գեւորգյանը: Նրա փոխանցմամբ, կապվածության տեսությունը նկարագրում է մեկ ուրիշ մարդու հետ ուժեղ կապվածության երեք տեսակ. հանգիստ կապվածություն, որը ենթադրում է ինքնավստահություն, սեփական արժանապատվության եւ զուգընկերոջ հետ սիրային հարաբերություններից ստացած բավականություն ու բավարարվածություն: Մտահոգված կապվածություն, որը ենթադրում է իր եւ զուգընկերոջ նկատմամբ անհանգիստ եւ անհամարժեք վերաբերմունք: Ավելի հաճախ խոսքը վերաբերում է սեփական անձի բացասական ու զուգընկերոջ՝ դրական ընկալմանը: Այսպիսի մարդիկ սովորաբար լիովին կախված են զուգընկերոջից: Եվ երրորդը՝ այնպիսի զուգընկերները, որոնց համար բնութագրական է խուսափման նրբերանգը, ջանում են ձեռնպահ մնալ չափազանց ուժեղ հուզական կապվածությունից, ինչը մարդուն դարձնում է խոցելի` վիրավորանքների եւ տառապանքների հանդեպ:

Ս. Գեւորգյանը նշում է. «Քանի որ կապվածությունը հաճախ դրսեւորվում է վախով եւ սեփականատիրական զգացմունքներով, յուրաքանչյուրն էլ ցանկանում է, որ սիրելի մարդը, որի հանդեպ կապվածություն է զգում՝ իրեն փոխադարձությամբ պատասխանի եւ սիրի միայն իրեն: Իսկ մի երրորդ անձի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին իմանալիս, կապվածություն զգացողի մոտ ի հայտ է գալիս խանդ, որին կարող են հաջորդել վեճերն ու հիասթափությունը կյանքի եւ տվյալ անձի հանդեպ: Դե, իսկ խանդը գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում: Ամեն ինչ պետք է վերահսկելի լինի, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա կառավարել ինքն իրեն՝ բոլոր տեսակի հարաբերությունների ժամանակ»: Ըստ մեր զրուցակցի՝ անգամ չափազանց կապվածություն զգալու դեպքում անձը, օրինակ՝ աղջիկը, չպետք է իրեն խելագարի պես պահի, եթե, ասենք, նկատի, որ ընկերը փողոցում քայլելիս հայացք գցեց մեկ այլ աղջկա: Ըստ նրա՝ «կայուն ու մշտական հարաբերություններին ոչ մի դեպքում վտանգ չի սպառնում»: Կապվածությունը, ինչպես նաեւ խանդը երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, եւ ի հայտ է գալիս սեփականատիրության զգացումը, բայց հիմնականում, ինչպես նշեց հոգեբանը՝ դա տեղի է ունենում մտահոգված կապվածության դեպքում. «Երբ մարդը մշտապես զբաղված է իր սիրելի մարդու հնարավոր կորստի գաղափարով: Իսկ սեփականատիրության զգացմունքը, որպես կանոն, վկայում է այն մասին, որ մարդը նշանակալի չափով անվստահություն ունի ինքն իր հանդեպ»:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

LIST.AM-Ը ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Հայաստանի հայտարարությունները՝ սեքսուալ բովանդակությամբ




«Տղամարդիկ փնտրում են կանանց», «Կանայք փնտրում են տղամարդկանց», «Սիրախաղ-ռոմանտիկա», «Ընկերություն», «Այլ». list.am հայկական հայտարարությունների կայքի այս բաժիններում բոլորը սեքս են փնտրում: Էկզոտիկ «նիկերով» գրանցված մեր հայրենակիցները իրենց բնութագրելիս պարտադիր նշում են, որ շա՛տ լուրջ նպատակների համար էլ փնտրում են աղջիկ կամ տղա: Օրինակ, «ORGAZM KUYS AXCHIKNERIN» «նիկով» գրանցված երիտասարդը գրում է. «կհանդիպեմ կույս աղջիկների հետ՝ պատճառելով գերագույն հաճույք, առանց վնասելու կուսությունը»...
«txa em, pntrum em)))) »-ը ընդամենը 17 տարեկան է, բայց, չգիտես ինչու, փնտրում է 25-35 տարեկան աղջիկների ու կանանց՝ սեքսի համար. «ով ուզում է ջահել տղու հետ կայֆավատ լինի, թող ինձ գրի»,- առաջարկում է անչափահասը:
Տեսնես ինչ կարծիքի են մարմնավաճառները list.am -ի մասին, չէ՞ որ այստեղ «կլիենտ» գտնելը ավելի հեշտ է, քան փողոցում, որովհետեւ շատերն են նման հայտարարություններ տարածում՝ «փնտրում եմ կանանց մինչեւ 40 տարեկան, լավ ժամանցի համար, համ էլ՝ կվճարեմ»:

Նշեմ նաեւ, որ կայքում սիրուհիների մեծ պահանջարկ կա, բայց տարիքային սահմանափակմամբ՝ ամենաշատը մինչեւ 40 տարեկան: Ի դեպ, սիրուհիներն իրենց «ռեզյումեներն» ուղարկելիս պետք է պարտադիր նշեն, որ ամուսնացած չեն կամ գոնե արդեն բաժանված են:
Պարզվում է, այստեղ սիրուհի փնտրողները շատ պահանջկոտ են, օրինակ՝ «lurj u azniv npatakov» անվամբ ներկայացած երիտասարդը նշում է՝ «կծանոթանամ կիրթ, ցանկալի եւ բուհ ավարտած աղջկա հետ: Իրոք ազնիվ նպատակներով», հետաքրքիր է՝ անազնիվ նպատակներով սիրուհի փնտրողներն ինչ պահանջներ են դնում:
«Հայաստանի հայտարարությունների» կայքն առաջարկում է նաեւ «այլընտրանքային» սեքս: Օրինակ, «sirum es JESTKIY SEX ?» «նիկով» ներկայացածը փնտրում է «աղջկա, ով կուզենա փորձել կամ սիրում է «ժեստոկի սեքս», կամ նույնիսկ եթե հետաքրքրված է այս թեմայով. գրիր ինձ եւ մենք կտեսնեք թե ուր կտանի մեզ երկուսիս համար հետաքրքիր թեման. նշեմ, որ 24 տարեկան եմ, բարետես, կայացած եւ ֆինանսապես ապահովված»:

Հայտարարությունների կայքում փնտրվում են նաեւ մոդելներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս էրոտիկ ամսագրերում լուսանկարվելու, ֆիլմերում նկարահանվելու համար. այս ինֆորմացիան տարածողները հետաքրքրվողներին առաջարկում են իրենց գրել e-mail-ով եւ ուղարկել լուսանկարները: Նաեւ շեշտվում է, որ լավագույններին աշխատանքի կվերցնեն Մոսկվայում: Նկարահանումներ կատարողը նշում է, որ գաղտնիությունն ապահովում է, բնականաբար պարզ է, որ ամեն ինչ անօրինական է: Կարծում եմ, այս եւ նմանօրինակ այլ հայտարարություններ, որոնք լցված են list.am-ում, պետք է որ գրավեն իրավապահների ուշադրությունը:
Այս կայքում ով ինչ ուզում՝ հայտարարում է. «Կույս տղան սեքս է ուզում հասուն կնոջ հետ. ցանկալի է, որ այդ կինը լինի հարուստ. ես ամեն ինչ կանեմ». իսկ կույս տղան ընդամենը 16 տարեկան է:
Մարմնավաճառներն իրենց ծառայությունն են առաջարկում 8000 դրամով՝ «տեղը պատվիրատուից. գրեք ձեր համարը, ես կծնգացնեմ, դուք հետ կզանգեք» տարբերակով:
Զարմանալի է ու փաստ, բայց այս կայքում հայտարարություն տարածողները բոլորը ներկայանում են որպես լուրջ, կայացած, ամեն ինչով ապահովված մարդիկ: Այստեղից հակասություն եւ հարց է առաջանում. ի՞նչ է անում կայացած, ամեն ինչով ապահովված մարդը հայտարարությունների կայքում, մի՞թե աշխատանք է փնտրում: Չնայած աշխատանք փնտրելու դեպքում էլ դժվար թե ամեն ինչով ապահովված մարդուն հետաքրքրի, օրինակ, «աշխատանքի են հրավիրվում ստրուկներ՝ դաշտերում աշխատելու համար, օրական մեկանգամյա սննդով», կամ «Ո՞վ ա գալի եթանք Սեւան, ավտոս լվա» հայտարարությունները:

Պոռնո կայքի վերածված այս կայքի «Ժամանց-հետաքրքրություններ» բաժնում հանգստյան գոտիների վերաբերյալ հայտարարությունների կողքին իրենց «ուրույն» տեղն են գրավում նաեւ մեր հայրենակից «жиголо»-ների հայտարարությունները: «Ընտանիք» բաժնում էլ շատ թեժ քննարկումներ են ծավալվում, բնականաբար, էլի սեքսի մասին: Այցելուները քննարկում են, օրինակ, կյանքում սեփական ամուսնու հետ ունեցած սեքսից չբավարարված լինելը: Ծավալված թեմային հետեւելիս, կարելի է միայն մեկ եզրահանգման գալ՝ այն է, որ հայ կանանց 99 տոկոսը չբավարարվածներ են: Դե, իսկ չբավարարվածներին էլ այստեղ անպայման «մխիթարողներ» կան, որոնք բացահայտ գրում են իրենց կոորդինատները՝ հեռախոսահամարներից մինչեւ աշխատավայրի հասցե:
Պարզվում է, այս կայքում հետաքրքրվում են նաեւ արվեստով, բայց կրկին սեքսի ու պոռնոյի մասով: «Արվեստ» բաժնում սեքսի «գիտակները» քննարկում են ամեն ինչ, մշակութային գրեթե բոլոր միջոցառումները, հայկական նոր ֆիլմերը, հաղորդումները, հայ աստղերին, դերասաններին, «Եվրատեսիլը», «32 ատամ ակումբի» անձնակազմին, ճանաչված մարդկանց «հասարակական պոռնիկ» լինելը եւ այլն:

Մեղմ ասած, դատապարտելով ֆիլմերում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կողմից տեսարաններում մերկ նկարահանվելու փաստը՝ շատերը վարկաբեկում են վերջինին, բայց մի քանիսն էլ, ի պաշտպանություն Նազենիի, ասում են, թե «վատ չէր լինի, եթե, օրինակ, Սոս Սարգսյանն ու Մհեր Մկրտչյանն էլ նկարահանվեին բաց տեսարաններում...»: Հետաքրքիր է, ինչ կասեր ժողովրդական արտիստ Ս. Սարգսյանը իր մասին նման բաներ լսելուց հետո:
list.am-ի «Ընդհանուր» բաժնում էլ այցելուները քննարկում են ամեն ինչ՝ ընդհուպ օրենքով գողերին, գաղութի տղերքին, կնամոլությունը, Հիսուսի հաջորդ գալստյան ակնկալիքները, ինցեստը, ՀՀ նախագահները, օրգազմը, սեքսը ու էլի սեքսը:
Ակնհայտ է, որ կայքում բացակայում է ադմինիստրացիան, հսկողությունը՝ հայհոյախառն արտահայտությունները, այլանդակ թեմաները հեռացնելու ու դրանց տարածողների մուտքը արգելափակելու գործում: Սակայն ադմինիստրացիայի բացակայությունը ոչ մի կերպ չի արդարացնում տարածվող այլանդակությունը: Դե, իսկ նորմալ մարդը, լուրջ հայտարարություն ավելացնելու կամ գտնելու նպատակով այցելելով այս կայքը, դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո հաստատ այլեւս այն չի բացի:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

четверг, 1 июля 2010 г.

ՆՈՒԴԻՍՏՆԵՐԸ ՍԵՔՍՈՒԱԼ ՄԱՆՅԱԿՆԵՐ ՉԵՆ

Ըստ «վաստակաշատ» նուդիստի՝ մերկ շրջելը դեռեւս հնագույն ժամանակներից համարվել է նորմալ երեւույթ
«Մարդու առողջության տեսանկյունից ժամանակ առ ժամանակ առանց հագուստի շրջելը շատ կարեւոր է: Չնայած ասածս շատերի համար անսովոր կլինի, ու հնարավոր է ինձ շեղված համարեն, բայց դա գիտականորեն ապացուցված է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմենը, որը, ինչպես ինքն ասաց, շուրջ 15 տարի է, ինչ նուդիստ է եւ նուդիստական լողափերում հայտնվելու համար լինում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Խորվաթիայում:

Ըստ Արմենի՝ այն տեսակետը, որ նուդիստներն այլասերվածներ են, որովհետեւ եւ կանայք, եւ տղամարդիկ միեւնույն վայրում մերկ շրջում են, հետեւաբար բոլորն իրար հետ ազատ սեռական հարաբերություններ են ունենում՝ սխալ է. «Իսկական նուդիստների մոտ երբեք նման բաներ տեղի չեն ունենում: Նուդիստները նորմալ մարդիկ են, իսկ մերկ շրջելը դեռեւս հնագույն ժամանակներում համարվել է նորմալ երեւույթ: Մարդիկ մերկ շրջելով միմյանցից չէին ամաչում, իսկ նրանք էլ, ովքեր մորթիներով էին ծածկվում՝ դա անում էին ցրտից պաշտպանվելու համար: Հնագույն ժամանակներում մերկությունը միանգամայն բնական էր, իսկ մարդն էլ չէր ամաչում»:

Ըստ մեր զրուցակցի՝ որպես հասարակական շարժում, նուդիզմն առաջացել է Գերմանիայում, 19-րդ դարում: Իսկ առաջին ներկայացուցիչները հայտնվել են Լյուբեկ քաղաքում: 1929 թվին գերմանացի վերաբնակները նուդիզմն Ամերիկա բերեցին: Հասարակության ուշադրությունը գրավեցին շարժման հետեւորդների մի քանի ձերբակալություններ ու դատեր: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում ստեղծվեց նուդիստների առաջին պաշտոնական կազմակերպությունը: Հետագայում Ամերիկայում շուրջ 80 նուդիստական քեմպինգներ (ճամբարներ) կային, որոնք անդամների ընտրության հարցում բավական խիստ էին. մարմնավաճառների, հարբեցողների մուտքը խստիվ արգելված էր:

Արմենը, որն ամբողջ կյանքի ընթացքում ճամփորդությունների մեջ է ու շփվում է տարբեր ազգերի նուդիստների հետ, հաստատեց, որ իրենց շարքերն անցնել այնքան էլ հեշտ չէ: «Ես 13-14 տարեկանից հետաքրքրված էի նուդիզմով, բայց ինձ միայն 28 տարեկանում՝ ԱՄՆ-ում հաջողվեց ընդգրկվել նուդիստական շարժման մեջ: Նշեմ, որ կինս նույնպես նուդիստ է, բայց ես կնոջս՝ Ալիսի հետ ամուսնանալու որոշումը նրան մերկ տեսնելուց հետո չեմ կայացրել. դա շեշտում եմ, որ չմտածեք, թե մերկ աղջիկ եմ տեսել՝ խենթացել եմ... Պատահաբար ծանոթացանք Անգլիայում, փորձելով ընդհանուր հետաքրքրություններ գտնել, պարզեցինք, որ երկուսս էլ սիրում ենք առողջ ապրելակերպը, թեթեւ ապրելը՝ նուդիզմը»:

Նուդիստների միջազգային ֆեդերացիան, որը ստեղծվել է 1953 թվին՝ իր մեջ միավորում է երեսունից ավելի ազգային ֆեդերացիաներ:

60-ականների ազատության ոգին մերկ մարդկանց այդ շարժումին առավել մեծ թափ տվեց: Հիպիների կոչը՝ «Զբաղվեք սիրով, ոչ թե պատերազմով», շեշտը մարդկային մարմնի եւ էրոտիզմի վրա էր դնում: Ու հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «վայրի լողափի շարժումը», որի մասնակիցները փորձում էին մերկանալ բոլոր այն տեղերում, որտեղ կար այդ հնարավորությունը:


Արմենը 12-ամյա որդի ունի ու տղային եւս նուդիստ է դարձրել, բայց ոչ ստիպողաբար. «Մենք հաճախակի ենք նուդիստական երեկոների մասնակցում: Տղայիս եւս մեզ հետ տանում ենք, ու դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Երեխաս մեծանում է առողջ եւ զարգանում ազատ: Չգիտեմ, գուցե մեծանալուց հետո այլեւս չցանկանա նուդիզմով զբաղվել, բայց հիմա նա նորմալ է վերաբերվում իր շուրջը պտտվող տարբեր տարիքի մերկ տղամարդկանց ու կանանց, իսկ հեռուստացույցով մերկ մարմիններ տեսնելիս էլ չի զարմանում, ավելորդ հարցեր չի տալիս. նա իր հարցերի պատասխանները «քաղում» է նուդիստական լողափերում»:

Արմենը չի ամաչում իր ընտանիքի «մերկության» համար, ավելին, նույնիսկ մերկ լուսանկարներ ունեն, չնայած Հայաստան գալիս նա դրանք թաքցնում է տարեց ծնողներից, ասում է, որ իրեն ճիշտ չեն հասկանա:

Մեր զրուցակցի խոսքերով՝ մի չիրականացած երազանք ունի, ինչն էլ հուսով է իրականացնել գոնե որդու շնորհիվ. խոսքը նուդիստական հարսանիքի մասին է. «Ես եւ Ալիսը չկարողացանք մեր հարսանիքը նուդիստական ձեւով անցկացնել, չնայած երկուսս էլ երազում էինք այդ մասին: Պատճառը ծնողներս էին: Դե, որ մի հայրը կհասկանա որդուն, որն ուզում է իր հարսանիքի օրը մերկանալ եւ մերկ տեսնել բոլոր հարազատներին: Պարզ է, որ Հայաստանում նման բան երբեք չի լինի: Տեսնենք, գուցե մեր տղայի հարսանիքը նուդիստական ձեւով անցնի, եթե, իհարկե, նա նույնպես նուդիստ կին ընտրի: Նուդիստական հարսանիքները անչափ հետաքրքիր են լինում, հարսնացուի գլխին միայն քող է լինում, զույգը պարաշյուտով իջնում է ցամաք, հետաքրքիր ու խենթ խաղեր են խաղում եւ այլն...»:
Մեր զրուցակցի խոսքերով, նա երազում է հայկական նուդիստական լողափի մասին ու այս կապակցությամբ օրերս Սեւանում զրուցել է լողափերը «նայող» մի քանի հոգու հետ ու հանդես եկել առաջարկությամբ. «Զրուցելով «սեփականաշնորհված» տարածքների տերերի հետ, ես առաջարկեցի բոլոր գումարային ծախսերը հոգալ, միայն թե իրենք կազմակերպեն կամ, ինչպես ընդունված է` տարածքը փակեն եւ դարձնեն նուդիստական լողափ: Մեկն ինձ ձեռք առավ, մյուսը շեղվածի տեղ դրեց, մի հոգի էլ համաձայնեց, բայց պայմանով, որ այցելուները միայն աղջիկ նուդիստներ լինեն, իսկ ես, բնականաբար, չհամաձայնեցի, որովհետեւ արդեն պարզ էր նրանց նպատակը: Հավատացեք, Հայաստանում շատ նուդիստներ կան, բայց, ցավոք, այստեղ նման լողափ չկա... Ինչեւէ, չեմ հիասթափվում, հուսով եմ՝ մի օր հայաստանցիներն էլ կհասկանան, որ նուդիստները սեքսուալ մանյակներ չեն»:

Հոգեբան Կարինե Խուդոյանը, անդրադառնալով նուդիստներին, ասաց, որ նրանք չնայած հասարակության համար վտանգավոր չեն, սակայն՝ «ինչպես կարող է երեխան նորմալ մեծանալ, երբ աչքի առջեւ մերկ մարդիկ են շրջում: Իսկ մերկ մարդիկ միմյանց տեսնելով, թեկուզ պատահմամբ իրար հպվելով՝ նրանց մեջ ֆիզիոլոգիական պրոցեսներ են տեղի ունենում, ինչն էլ ոչ միշտ է զսպել լինում: Արդjունքում երեխան ականատես է լինում սեռական հարաբերության կամ էրոտիզմի տարբեր դրսեւորումների: Բայց չէ՞ որ անգամ հեռուստատեսությամբ երեխային չի թույլատրվում էրոտիկ կադրեր դիտել կամ ինտերնետում նմանատիպ լուսանկարներ նայել: Յուրաքանչյուր նոր բան երեխայի համար հարցերի տարափ է առաջացնում, իսկ երբ նրան չեն բավարարում ծնողների պատասխանները, փոքրիկն ինքն է սկսում պարզել: Ի՞նչ եք կարծում, երբ, օրինակ, աղջիկ երեխան տեսնի գրգռված մերկ տղամարդուն, ի՞նչ պիտի հարցնի, ու ծնողը ինչպե՞ս պետք է պատասխանի... Ի վերջո, ինչպե՞ս կարող է նորմալ, առողջ տղամարդը չգրգռվել իր շուրջը պտտվող գեղեցիկ ու մերկ մարմինների առկայությունից: Նուդիստական շարժման ղեկավարները սովորաբար ժխտում են առկա էրոտիզմը: Բայց դա կա, ինչքան էլ որ հերքեն»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ