Այս կարծիքին է հոգեբույժը
«Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 350 հազար, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, հոգեբուժական դիսպանսերներում գրանցված է 34 հազար հիվանդ»,- այս տվյալները երեկ «Արմատ» ակումբում հրապարակեց «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը:
Անդրադառնալով հոգեբույժի, հոգեթերապեւտի ու հոգեբանի ծառայություններին դիմելու պատճառներին՝ նա նշեց, որ հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու հետեւաբար կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ. «Հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունի ժառանգական արմատներ ու գալիս է մարդկության ծագման օրից: Իսկ այդ հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում, պարզապես զարգացած երկրներում, վաղ ախտորոշման հետ կապված, դրանց թիվը մեծ է, իսկ հետամնաց երկրներում, որտեղ չեն ճանաչում հոգեկան հիվանդությունները, վաղաժամ չեն ախտորոշում, հոգեկան հիվանդների թիվը, ըստ վիճակագրության, մեծ չէ»,- նշեց հոգեբույժը:
Բժիշկը հավելեց, որ հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում իրենց առողջական խնդիրն ու մասնագետին չեն դիմում, որոնք էլ, ըստ նրա՝ «քայլող հոգեկան հիվանդներ են» եւ այդպիսիք Հայաստանում շատ են:
Հ. Մինասյանը կարծում է, որ շատերը նախընտրում են բուժում ստանալ նեւրոլոգների, հոգեթերապեւտների մոտ, իսկ ոմանք՝ կարծես թե փրկություն են գտնում բախտագուշակների մոտ:
Խոսելով Հայաստանում ամենատարածված հիվանդության մասին, բժիշկը փաստեց, որ դա նիկոտինիզմն է` ծխախոտի մոլուցքը, որը հոգեբուժական միջամտության կարիք ունի. «ծխախոտամոլությամբ տառապողների շատ փոքր մասն է դիմում բժշկի՝ 1 մլն-ից միայն մեկը, այնինչ, այն համարվում է թմրամոլության տարատեսակ»:
Հոգեբույժը, խոսելով ինքնասպանությունների մասին, հայտնեց, որ դրան հակված են հոգեկան խանգարումներ եւ թույլ նյարդեր ունեցողները, ովքեր պահի ազդեցության տակ կարող են վերջ դնել իրենց կյանքին: Իսկ այդպիսիք՝ ըստ նրա, հիմնականում երիտասարդներն են:
Հոգեկան հիվանդությունների եւ ինքնասպանությունների շատացումը, ըստ Հ. Մինասյանի՝ պայմանավորված է մի շարք գործոններով. «Պարզ դատողությամբ մարդը երբեք ինքնասպանություն չի գործի: Բայց ընկնելով կարճատեւ հոգեկան խանգարման մեջ, մարդը կարող է դիմել ինքնասպանության, սակայն եթե այդ պահին վերջինիս ձեռքը բռնող լինի, նա հետ կկանգնի: Ինքնասպանությունների պատճառ հանդիսացող սթրեսների հարցում դեր է խաղում նաեւ «հեռավոր ազդեցություն» կոչված երեւույթը: Իսկ մեր դեպքում դա այն է, որ 22 տարի մեր երկիրը գտնվում է ծանր սթրեսածին գործոնների ազդեցության տակ, այսինքն՝ երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը, համատարած գործազրկությունը եւ այլն: Այդ բոլորը ազգաբնակչության համար չէին կարող անհետեւանք մնալ:
Հոգեբույժին դիմելն էլ Հայաստանում համարվում է ամոթալի, իսկ դա գալիս է նաեւ մեր մտածելակերպից»:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий