Իսկ առաքինությունը պայմանավորված չէ ֆիզիոլոգիական վիճակով
«Հաճախ աղջկա առաքինությունը մարդիկ պայմանավորում են նրա ֆիզիոլոգիական վիճակով, այսինքն՝ շատերի մեկնաբանմամբ, եթե աղջիկը կույս է, ուրեմն մաքուր է, ազնիվ, առաքինի: Այս տեսակետը սխալ է, համենայնդեպս՝ հիմա, մեր օրերում այլեւս արդիական չէ: Կույս չլինել՝ դեռ չի նշանակում անառակ լինել: Որովհետեւ աղջիկը կարող է պահպանելով իր կուսությունը շատ վատ կյանքով ապրել, ի վերջո սեռական հարաբերություն ունենալու այնպիսի տարբերակ ընտրել, որ չվնասվի կուսությունը: Հիմա ինչ, այսպիսի աղջիկը դասվո՞ւմ է առաքինիների շարքին, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում առաքինության թեման շոշափելիս ասաց հոգեթերապեւտ Ռուզաննա Բաբայանը: Նրա մեկնաբանմամբ, սեքսուալ հեղափոխությունների մի քանի էտապները չկարողացան արմատախիլ անել հասարակության որոշակի մասի առանձնահատուկ վերաբերմունքը կուսության հանդեպ:
«Շատերը պահպանում են կուսությունը, ելնելով բարոյա-էթիկական, կրոնական եւ բազմաթիվ այլ նկատառումներից: Բայց այն չպահպանելը դեռ չի նշանակում, որ աղջիկը սեփական առաքինության նկատմամբ անտարբեր է: Այժմ սեքսի նկատմամբ վերաբերմունքը բավական փոխվել է: Մեծ մասի համար սեռական հարաբերությունները միայն սեռական բավարարման միջոց չեն, այլ հոգեբանական եւ էմոցիոնալ լարվածության, սթրեսի թուլացման, ինչպես նաեւ յուրատեսակ հանգստի ձեւ են հանդիսանում: Ի վերջո, եթե ամեն ինչ լինում է զույգի փոխադարձ համաձայնության եւ սիրո արդյունքում, դա, իմ կարծիքով, նորմալ է: Առաքինությունն այն չէ, որ աղջկան ստիպելով ամուսնացնում են չսիրած տղայի հետ: Հայ ժողովուրդը՝ «նահապետական» կոչված պիտակը սեփականաշնորհած, բազմաթիվ սխալ բաներ է անում եւ սխալ մոտեցումներ ցուցաբերում կյանքի ու ապրելակերպի վերաբերյալ»,- ասաց Ռ. Բաբայանը:
Ըստ բժիշկների՝ միայն 16-18 տարեկանից սկսած աղջիկը կարող է հակառակ սեռի հետ սեռական հարաբերություն ունենալ: Բժիշկները միաժամանակ նշում են, որ «կարելի է», դեռ չի նշանակում՝ «պետք է եւ անհրաժեշտ»: Եվ ամեն անհատ այդ հարցը լուծում է ինքնուրույն՝ կախված իր ֆիզիոլոգիական եւ հոգեբանական վիճակից:
Մեր զրուցակիցը նշում է՝ «պարտադիր չէ սեռական հարաբերություն ունենալ չափահաս դառնալուն պես: Հիմա երիտասարդները առաջադեմ են, կյանքը փոխվել է, երիտասարդներն էլ անպայման ուզում են հնարավորինս շուտ փորձել ամեն ինչ. փաստորեն ստացվում է, որ այժմ նոր սերունդն անբարոյական է: Դե իհարկե՝ ոչ: Լավ է, որ մեր երիտասարդներն առաջադեմ են, արդեն անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե ինչ տեսնում են հեռուստասերիալներում՝ կրկնօրինակում են: 20-30 տարի առաջ 18 տարեկան աղջիկն այնքան քիչ պատկերացում ուներ իր սեփական կյանքի մասին, իսկ հիմա 18 տարեկանները արդեն գիտակից կյանքով են ապրում: Հիմա մեր երիտասարդներն ազատ են, անկաշկանդ ու գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Իսկ լինել ազատ՝ չի նշանակում առաքինությունը կորցրած»:
Ըստ Ռ. Բաբայանի՝ հիմա նոր սերունդը չի շտապում, միանգամից ընտանիք չի կազմում՝ «երկար ժամանակ շփվում են միմյանց հետ, շատերը սեռական հարաբերություններ են ունենում, հետո նոր կողմնորոշվում՝ համապատասխանում են իրար, թե ոչ: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ աղջիկը, որը առաջին անգամ հանդիպել է մի տղայի՝ անպայման ամուսնանա հենց նրա հետ: Սական չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:
Ռ. Բաբայանը կարծում է, որ առաքինի պետք է լինել նախ եւ առաջ հոգով՝ «եթե հոգիդ մաքուր չէ, ապա առաքինի բառը վերածվում է դիմակի, պիտակի: Իսկ դիմակով երկար չես կարող ապրել, որովհետեւ հաստատ կգտնվի մի խելացի մարդ, որը հեշտությամբ այն կպատռի: Եվ հետո անիմաստ է ինքդ քեզ խաբես ու ինչ է թե՝ կույս ես, ուրեմն առաքինի ես. բայց միեւնույն ժամանակ կույս լինելդ քեզ չխանգարի վատ բաներ անել»:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий