Odnoklassniki-ն՝ հիվանդություն
Բարի լուր հայաստանցի օդնոկլասնիկամոլներին. odnoklassniki.ru սոցիալական կայքն իր հավատարիմ օգտագործողների համար հաճելի նորություն ունի: Այսուհետեւ այս սոցիալական կայքում գրանցվելն անվճար է: Մոտ մեկ ամիս է, ինչ կայքի 100% բաժնետեր է դարձել «Digital Sky Technologies» ընկերությունը, որը նախկինում կայքի միայն 60%-ի բաժնետերն էր. նրան է պատկանում նաեւ ICQ-ն, Facebook-ի 10%-ը, նա մասնաբաժին ունի ВКонтакте սոցիալական կայքում եւ այլն: Odnoklassniki-ի արդեն 100%-անոց տերը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գրանցումը կրկին անվճար դարձնելու որոշումը պայմանավորված է սպամերների դեմ պայքարելու նոր, առավել արդյունավետ միջոցների մշակմամբ: «Digital Sky Technologies»-ը «օդնոկլասնիկամոլների» համար մի բարի լուր էլ ունի. այն «օդնոկլասնիկչիկները», ովքեր երբեւէ օգտվել են վճարովի գրանցումից՝ սոցիալական կայքը փոխհատուցում է: Կայքի այն հաճախորդները, որոնք գրանցվել են 2008 թվականի հոկտեմբերի 25-ից հետո, այսինքն այն ժամանակ, երբ գրանցումն արդեն վճարովի էր, որպես փոխհատուցում կկարողանան մեկ ամիս օգտվել սոցիալական կայքի վճարովի ծառայություններից որեւէ մեկից: Նշեմ, որ սոցիալական կայքը հայտարարել է նաեւ այն մասին, որ անձնական նկարներ տեղադրելն այլեւս չի սահմանափակվի:
«Օդնոկլասնիկյան» նորությունները ուրախալի կլինեն հատկապես կայքի շեղված օգտագործողների համար, այսինքն՝ նրանց, որոնք ոչ միայն չեն ալարում, այլեւ իրենց գումարները չէին խնայում, որ տասնյակ տՐՏՒՌսՖ-ներ բացեն, իրենց երբեմնի վիրավորված ինքնասիրությունը հիշեն, ծանոթների նկարներն օգտագործեն, վատ բաներ գրեն... Կայքում անվճար գրանցումը բնականաբար շատերի համար ցանկալի նորություն է, բայց ավելի լավ կլիներ դրա փոխարեն «Digital Sky Technologies» ընկերությունը կայքի կանոնադրության մեջ մի քիչ շտկումներ աներ, որ օգտագործողների իրավունքներն ավելի լավ պաշտպանվեր: Oրինակ՝ այնպես աներ, որ կայքում տեղադրված նկարները copy անել հնարավոր չլիներ. ինչը համարվում է վիրտուալ անկարգություններից ամենամեծը: Այս առումով այսօր բավական մեծ թիվ են կազմում odnoklassniki-ի պատճառով տուժածները: Աշխարհում մեծ տեղ է զբաղեցնում ինտերնետի միջոցով կատարված հանցագործությունների թիվը: Հատկապես մեծ զանգվածայնություն ունեն Odnoklassniki.ru, Facebook. com, Linkedin.com, Vkontakte. ru, Mamba.ru կայքէջերը: Բազմաթիվ են դեպքերը, երբ վիրտուալ աշխարհում ծավալված «ռազբորկան», որը տեղի է ունեցել ինչ-որ մեկի քրոջ կամ ընկերուհու «խաթրին կպնելու» պատճառով՝ կողմերը կռիվը վիրտուալ տարածքից տեղափոխել են փողոց (հիշենք անցյալ տարի Գյումրիում odnoklassniki-ի պատճառով կատարված 17-ամյա երիտասարդի սպանության դեպքը): Այս կայքի պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ շատ ընտանիքներ են ամուսնալուծության եզրին կանգնել, դպրոցականից մինչ մեծահասակ «ռազբոյներ» իրականացրել:
Սոցիալական կայքերի առաջնորդ odnoklassniki.ru-ն, որը ամերիկյան հայտնի սոցիալական ցանցի՝ Classmates.com-ի կլոնն է, վաղուց դադարել է իր նպատակին ծառայելուց: Մարդիկ առանց որեւէ նեղություն կրելու՝ ընկերներ են ձեռք բերում, գտնում իրենց սիրուն... Եվ չնայած Հայաստանում այս մասով կոնկրետ վիճակագրություն չկա, բայց քիչ չեն նաեւ այն զույգերը, որոնց «քավորը» եղել է այս կայքը: Մեծամասնության համար odnoklassniki-ն վերածվել է իսկական հիվանդության, որովհետեւ անընդհատ կախման մեջ են դրանից, ամեն վայրկյան ուզում են ստուգել՝ ծանոթներից ով է կայքում, ինչ է գրել, ով գնահատել, եւ վերջապես Счастливая ферма--ում (կայքի ամենապահանջարկ վայելող խաղն է) ումից կարելի է գողություն անել: Այս կայքով տարված են անգամ լուրջ հիմնարկներում:
Բրիտանական «Peninsula» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխատանքային օրենսդրության խնդիրներով, հաշվարկել է. ֆիրմաներն օրվա ընթացքում 263 միլիոնից ավելի կորցնում են միայն այն պատճառով, որ աշխատողները ողջ օրն անցկացնում են նման կայքերում: Հետաքրքիր է, քանի միլիոն են կորցնում, օրինակ, մեր բանկերում, որոնց աշխատակիցները ամբողջ աշխատանքային ժամվա ընթացքում odnoklassniki-ում online են լինում: Ի դեպ, Ռուսաստանից սոցիոլոգ-հոգեբան Ալեքսանդր Ուգլովն էլ հիմնվելով իր անցկացրած հետազոտությունների վրա, հայտարարել է, որ «օդնոկլասնիկամանիան» լուրջ հիվանդություն է, որով վարակվողներն օրեցօր ավելանում են, դրա դեմ պետք է պայքարել: Նա նաեւ նշել է, որ եթե նախկինում ռուս երիտասարդները կախվածություն ունեին հիմնականում ալկոհոլից, ծխախոտից ու թմրանյութից, ապա այժմ կախվածությունների թվին ավելացել է նաեւ այս չարաբաստիկ սոցիալական կայքը: Նշեմ, որ 2010 թ. ընթացքում կայքէջում գրանցվածների թիվը հասել է 45 միլիոնի:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий