Ըստ հոգեբանի՝ հայ որբերին պետք է աչքի լույսի պես պահել
«Երեխայի որդեգրումը բարդ գործընթաց է, եւ այն միայն թղթաբանությամբ չի պայմանավորված: Այսինքն՝ երեխա որդեգրելու համար դիմում գրել, անձը հաստատող եւ այլ փաստաթղթեր ներկայացնել, բնութագիր՝ տրված վստահություն վայելող անձանց, կազմակերպությունների կողմից եւ այլն՝ շատ քիչ է: Սա ընդամենը փաստաթղթային հատվածն է, որն իրականում երեխա որդեգրելու գործընթացի կարեւորության միայն 30%-ն է կազմում, մնացած 70%-ը հոգեբանական է: Այսինքն՝ որդեգրողը նախ մի քանի ամիս պետք է հոգեբանորեն պատրաստվի այդ լուրջ գործընթացին, հետո նոր սկսի փաստաթղթերը դասավորել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մանկական հոգեբան Անահիտ Գրիգորյանը, որի մեկնաբանմամբ՝ հայերը որդեգրման մեխանիզմներին լավ չեն տիրապետում:
«Երեխան իր չէ, որ գնես, երեխան ապառիկով տրվող ապրանք չէ, որ փաստաթղթերը դասավորես՝ գնաս տուն բերես: Երեխա որդեգրողների համար 180 աստիճանով փոխվում է կյանքի ամբողջ ընթացքը: Հատկապես այն որդեգրողների, որոնք ի վիճակի չեն եղել երեխա ունենալ: Յուրաքանչյուր ընտանիքի համար երեխան լույս է, իսկ որդեգրված երեխան առավել եւս, որովհետեւ նա հիմնականում ավելի քան սպասված ու ցանկալի է լինում՝ հասկանալի պատճառներով»,- նշում է Ա. Գրիգորյանը:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ ինքը չի կարողանում ընդունել այն հանգամանքը, որ երբեմն հայ երեխաներին որդեգրում են օտարերկրյա քաղաքացիները: Ըստ նրա՝ մեր օրենսդիրներն այս առումով պետք է «Որդեգրման մասին» օրենքում փոփոխություն մտցնեն, արգելեն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու, Հայաստանից տանելու փաստը. «Առանց այդ էլ քիչ ենք: Հայ որբ երեխաներին պետք է աչքի լույսի պես պահենք եւ ոչ թե գլխներիցս ազատելու համար օտարերկրացիներին լավություն անենք: Ես դատապարտում եմ այն մանկատներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց հարկի տակ ապրող մանկիկներին օտարերկրացին որդեգրի: Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենքը դա թույլ է տալիս, թող մանկատան տնօրենը ինչ-ինչ պատճառներ հորինի, որ նման գործընթացները չիրականացվեն: Չէ՞ որ այդ ամենը նաեւ մանկատան տնօրենից է կախված: Գործի բերումով շատ հայաստանցի ամուսինների հետ եմ շփվել, որոնք ամեն ինչ պատրաստել են որդեգրման համար, բայց վերջին պահին հենց մանկատան տնօրենը մի անհեթեթ պատճառով մերժել է նրանց: Եթե կարողանում են այդպես վարվել հայաստանցիների հետ, ապա չեմ կարծում, թե վախենան կամ չկարողանան մերժել օտարերկրացիներին: Օրինակ, իմ տվյալներով, անցյալ տարի օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 14-16 երեխա, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից»: Ա. Գրիգորյանը կողմ է հայաստանցիների կողմից հայ որբերի որդեգրմանը: Նա կարծում է, որ երեխան անպայման պետք է ընտանիքում մեծանա, զգա ծնողական խնամքն ու քնքշանքը: Ըստ նրա՝ «իսկական ծնողը նա է, ով մեծացնում է երեխային, այլ ոչ թե նա, որը ծնում ու փողոցում է թողնում նորածնին»:
Հոգեբանը նշում է, որ որդեգրված երեխաների հետ պետք է շատ ավելի զգույշ լինել, որովհետեւ նրանք ընտանիք տեղափոխվելիս լուրջ հոգեբանական փոփոխություն են ապրում: Որդեգրված երեխայի եւ որդեգրողների հետ ժամանակ առ ժամանակ պետք է հոգեբան շփվի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն էլ նոր իրավիճակին հարմարվելու խնդիր ունի: «Ինչպես նշեցի, նախ որդեգրողները պետք է լավ պատրաստվեն իրենց ընտանիքում նոր անդամի հայտնվելու փաստին, նաեւ երեխային պետք է պատրաստել կյանքի լուրջ փոփոխությանը: Այդ ամենը պետք է շատ նուրբ արվի: Երեխային չպետք է շտապեցնել: Եվ անպայման պետք է հաշվի նստել երեխայի կարծիքի հետ՝ ուզո՞ւմ է, որ տվյալ անձինք իրեն որդեգրեն, թե՞ ոչ: Եթե առաջին հայացքից երեխան հավանում է ապագա ծնողներին, դա գործը ինչ-որ չափով հեշտացնում է, իսկ եթե՝ ոչ, ապա չպետք է կտուկ քայլերի դիմել, այստեղ ժամանակի խնդիր կա, պետք է այնքան սպասել, մինչեւ երեխան համակերպվի այն մտքին, որ նոր ծնողներ է ունենալու: Իսկ որդեգրողներն էլ, եթե բախվում են իրենց հավանած երեխայի կողմից մերժված լինելու խնդրին, բնականաբար՝ սթրես են ապրում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի գործի դնել սկզբունքներն ու հիասթափություն ապրած վիճակով որդեգրումն իրականացնել. այս դեպքում ոչ երեխան, ոչ էլ նոր ծնողները մեկ հարկի տակ ապրելով՝ անկեղծ փոխհարաբերությունների մեջ չեն լինի»,- հավելեց հոգեբանը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий