среда, 29 сентября 2010 г.

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերը շարունակ ոտնահարվում են

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներին, ուղղված էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը:
Քննարկման ընթացքում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK) հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը մատնացույց արեց Հայաստանի միասեռականների պարբերաբար ոտնահարվող իրավունքները՝ նշելով կոնկրետ դեպքեր: Նա նաեւ հավելեց, որ ոտնահարված իրավունքներով միասեռականները խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ այդ դեպքում, խնդիրը լուծելու փոխարեն, իրավապահներն այն կրկնապատկում են: Մ. Հովսեփյանը պատմեց անցյալ տարի տեղի ունեցած մի դեպք, երբ մի խումբ ոստիկաններ փողոցում սեռական ինքնությունը վիրավորող բառեր են հնչեցրել երկու տղայի նկատմամբ եւ նրանց տարել ոստիկանական բաժանմունք: Հետո, երբ տեղի ունեցածի հետ կապված այդ տղաները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս ոչ մի կերպ չի անդրադարձել այդ դիմումին ու հավատացել է ՀՀ ոստիկանության ներկայացրած տարբերակին, որում փաստերը խեղաթյուրված են եղել: Իսկ երբ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցիչն այդ հարցով դիմել է օմբուդսմենին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հերքել է փաստը, ասելով, որ երբեւէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչից բողոք չի ստացել: PINK-ի ղեկավարը հավաստիացրեց, որ բողոք եղել է՝ նշելով նույնիսկ համարը՝ «2009 թվի գործ N508-ը», Մ. Հովսեփյանը հարցնում է. «Ինչո՞ւ օմբուդսմենը չի հավատում քաղաքացու նամակին, բայց վստահում է ոստիկանապետին: Այդ պատճառով էլ ԼԳԲՏ համայնքը չի վստահում օմբուդսմենին»: Ի դեպ, քննարկմանը հրավիրված էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, որն էլ եկել, գրանցվել, հետո ծխելու պատրվակով դուրս էր եկել եւ չէր վերադարձել:
Մամիկոնի ձեւակերպմամբ, թեեւ Հայաստանը 2008 թ. ստորագրել է ՄԱԿ-ի Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության խտրականության դեմ ուղղված հռչակագիրը, Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանող եւ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքն արգելող որեւէ օրենք դեռեւս չկա: «Քրեական օրենսգրքում պետք է փոփոխություններ մտցնել, ու ԼԳԲՏ անձանց նկատմամբ տածած ատելությունը օրենքով պատժելի դարձնել»,- նշեց նա:
Ըստ Մ. Հովսեփյանի՝ կրթական ոլորտում եւս նույնասեռականների հանդեպ տրամադրվածությունը խիստ բացասական է. օրինակ, երբ դասախոսը պարզում է, որ ուսանողը նույնասեռական է, սկսում է շատ վատ վերաբերվել նրան: Իսկ նույնասեռականի կողմնորոշումը զինվորական ծառայության ընթացքում բացահայտվելը՝ ըստ Մամիկոնի, խիստ ճակատագրական կարող է լինել: «Նման զինվորը առանձնացվում է բոլորից, պարբերաբար ճնշումների, բռնաբարությունների ենթարկվում ոչ միայն շարքային զինվորների, այլեւ բարձրաստիճան զինվորականների կողմից: Այդ պատճառով էլ միասեռականները հաճախ նախընտրում են հոգեկան հիվանդի ախտորոշմամբ ազատվել զինծառայությունից, քան ենթարկվել նվաստացումների։ Երբ նույնասեռական տղան մինչ զինակոչվելը տեղեկացնի իր սեռական կողմնորոշման մասին, ապա նրան կուղարկեն հոգեբուժարան, բայց 90-ական թվականներից սկսած, նույնասեռականությունը ապացուցվել եւ հանվել է հիվանդությունների շարքից, այն հիվանդություն չէ, այլ սեռական կողմնորոշում է, բայց Հայաստանը, չգիտես ինչու, չի հետեւում Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձանագրություններին եւ դեռեւս համարում է հոգեկան հիվանդություն: Այդպիսով, զինակոչիկներին ուղարկում են հոգեբուժարան, որտեղ մոտ մեկ շաբաթ զննումից հետո տալիս են սեռական շեղում, անձի խանգարվածություն ախտորոշումը»,- ասաց Մ. Հովսեփյանը՝ ցույց տալով մի փաստաթուղթ՝ տրված մի զինակոչիկի, Նուբարաշենի հոգեբուժարանի կողմից, որում ախտորոշումը նշված է սեռական շեղում (հոմոսեքսուալիզմ):
Ըստ բանախոսի, շատ դեպքերում նույնասեռականները թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը, որը, սակայն, ոչ միշտ է հնարավոր լինում. «Ովքեր կարողանում են թաքցնել՝ համակերպվում եւ ապրում են, վարելով երկակի կյանք, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում թաքցնել՝ լուրջ խնդիրների առաջ են կանգնում բարեկամների, հարազատների մոտ, ուսումնական հաստատ.ւթյունում, աշխատավայրում եւ այլուր»:
PINK-ի ղեկավարը նաեւ ներկայացրեց իրենց կազմակերպության անցկացրած հետազոտությունը, ըստ որի՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հետ կապված՝ ոչ միայն օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, այլեւ աշխատանքներ տարվեն մարդկանց մտածելակերպի փոփոխության ուղղությամբ:
Սակայն հաստատ հեշտ չէ փոխել հայկական մտածելակերպը, եւ, ասենք, հայ տղայի համար մեծ փորձություն պիտի լինի տանը հայտարարելը, որ ամուսնանում է ու ծնողին ոչ թե աղջիկ, այլ տղա ուզելու տանել:
Ըստ PINK-ի ուսումնասիրության՝ հարցված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ պետք է հաշվի նստել հասարակության հետ, որում ապրում են, հարգել հասարակության մեջ առկա նորմերը, կանոնները եւ դրսեւորել հարմարվողականություն: Նրանք նաեւ համոզված են՝ «հասարակությունը ու պետությունը պետք է հաշվի առնի իր քաղաքացիների ազատ դրսեւորվելու եւ առանց ուրիշների իրավունքները ոտնահարելու՝ կյանք վարելու անձի իրավունքը: Սակայն որքան ավելի է անձի արտաքինը կամ պահվածքը բացահայտում սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, այնքան ավելի լուրջ մասշտաբների կարող է հասնել խտրականության արտահայտումը»:

Պարզվում է, Հայաստանում կան շատ միասեռականներ, որոնք ցանկանում են փոխել իրենց սեռը եւ այդ մարդկանց անձամբ ճանաչում է Մ. Հովսեփյանը: Նրանք պատրաստ են փոխել իրենց սեռը, սակայն Հայաստանում կան մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան: Քննարկման ընթացքում Լուսինե Վայաչյանը, որն իրեն հռչակեց ԼԳԲՏ համայնքի կամավոր-պաշտպան, նշեց. «Հայ տրանսսեքսուալներն իրենց սեռը փոխելու համար պետք է դիմեն զանազան խորամանկությունների, որովհետեւ մեզ մոտ չկա ո՛չ օրենսդրական, ո՛չ առողջապահական հիմք` այդ կարգի վիրահատություններն օրինական ճանապարհով իրականացնելու համար: Նրանց մնում է գնալ արտասահման` օրինական կամ զարտուղի ճանապարհներով»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

1 комментарий:

  1. Իսկ եթե կանանց իրավունքներից խոսեիք, մերկ կանանց նկար կտեղադրեի՞ք հոդվածի վերջում, թեկուզ եթե Ձեր բլոգում դնեիք: Իսկ հրեաների, աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականությունից, նրանց խնդիրներից խոսելիս հոդվածի վերջում կտեղադրեի՞ք աֆրոամերիկացի և հրեա կանանց մերկ կամ թեկուզ կիսամերկ նկարներ:

    Անհարգալից վերաբերմունք եք դրսևորում Ձեր տեղադրած այս վերջին նկարով: Հոդվածը և հանդիպումը լուրջ թեմաներից են, իսկ Դուք նորից ամեն ինչ փորձում եք տանել դեպի Ձեր ուզածը` խցկելով Ձեր ֆոբիան ու վախը էստեղ... բա լրագրողի անաչառությունն ո՞ւր մնաց:

    ОтветитьУдалить