Դոն Կիխոտի բեմադրություն՝ բնական պայմաններում
Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համամարդկային մյուս մեծություններից: Առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը: Հանուն թույլին, ճնշվածին օգնելու, նրան սատար կանգնելու՝ նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահման բարությամբ օժտված այս ազնվասիրտ հիդալգոն պատկանում է բոլորին՝ չունենալով ոչ մի հակառակորդ, եւ մեծարելով նրան՝ մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունը ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների եւ միջնորդների հասնում է մարդկանց սրտերին՝ անկախ տարիքից, սեռից կամ ազգային պատկանելությունից:
«Մարդիկ, մի՛ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց». այս կոչը Վարդան Վարդանյանն ուղղում է բոլորին եւ պատրաստվում ուխտագնացության մեծն Սերվանտեսի գերեզման:
Վ. Վարդանյանը, որը «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիրն է, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նպատակ ունեն, ուխտագնացությունից բացի, սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ, աշխարհի խոշոր քաղաքներում կառուցել Դոն Կիխոտի արձան եւ այլն: Նրա փոխանցմամբ՝ «Ժամանակակից հասարակության ծայրահեղ նյութականացվածության, բեւեռացվածության պայմաններում միանգամայն ետին պլան են մղվել հոգեւոր արժեքները՝ մարդասիրությունը, գթասրտությունը, մեծահոգությունը: Անհրաժեշտ է սթափեցնող ինչ-որ գործունեություն ծավալել: Ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորությունը մարդկային բարության, ազնվության, անշահախնդրության, կարճ ասած՝ ասպետության մարմնացում հանդիսացող Դոն Կիխոտի կերպարի հմայքը պետք է, որ այս կամ այն չափով սթափեցնող ազդեցություն ունենա մարդկանց հոգեբանության վրա, ստիպի նրանց մի պահ կանգ առնել, փորձել տեսնել սեփական անձը սերվանտեսյան պրիզմայի միջով, խորհրդածել իր կյանքի, հետապնդած նպատակների եւ դրանց իրագործման ձեւերի շուրջ, եւ գուցե թե անել համապատասխան հետեւություններ: Իսկ նախաձեռնելիք ուխտագնացությունը լավագույնս կծառայի այդ նպատակին»:
Վ. Վարդանյանը նաեւ ասաց, որ ծրագիրն ուղղված է լինելու հատկապես միջին տարիքի մարդկանց եւ երիտասարդությանը, որոնք, կամա թե ակամա, հայտնված լինելով հասարակական, քաղաքական, տնտեսական անսանձ մրցակցության հորձանուտում, ժամանակ չեն գտնում անդրադառնալ հոգեւոր արժեքներին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «ծրագիրն անժամկետ է, իսկ առաջին փուլը՝ ուխտագնացությունը կտեւի 5-6 ամիս եւ կընդգրկի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքները»:
Իսկ թե ինչու հենց «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամ եւ ոչ թե Սասունցի Դավիթ կամ Չինգիզ Խան, Հուլիոս Կեսար, Նապոլեոն, Մակեդոնացի, Նավապետ Նեմո, Վ. Վարդանյանը ասաց, որ կարծում է՝ մեր ազգի պատմությունը ունի նմանություն Դոն Կիխոտի պատմությանը. նույնիսկ նրա հավաքական կերպարը: Ու բացի այդ, մինչեւ 30 տարեկան երիտասարդները, որպես կանոն, Դոն Կիխոտ չեն կարդացել, իսկ այս ծրագրին ծանոթանալուց հետո նրանց մի մասը գուցե եւ կարդա: «Դոն Կիխոտը բոլորինն է. մեծարելով նրան՝ մենք ոչ մեկին մեր դեմ չենք հանում, փոխարենր շահում ենք մարդկանց համակրանքը: Կարծում եմ, այս ուխտագնացության շնորհիվ ամբողջ աշխարհը կճանաչի Երեւանը եւ Հայաստանը՝ «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այս նախագիծը կնպաստի նաեւ Իսպանիայի վերաբերմունքի փոփոխության՝ դեպի դրականը, Հայաստանի հանդեպ պետական մակարդակով, ինչպես նաեւ հայ համայնքների նկատմամբ՝ ոչ միայն Իսպանիայում: Մրցանակաբաշխության հետ կապված էլ մարդկանց լրացուցիչ հոսք կլինի դեպի Հայաստան: Իսկ ծրագրի հաջողության դեպքում՝ աշխատանք քանդակագործների համար, այն կլինի նաեւ Սփյուռքի հայության տարբեր քաղաքների համայնքների կապը միմյանց հետ աշխուժացնելու, իրար ճանաչելու միջոց»,- ասաց նա՝ հավելելով, որ ուխտագնացությունը, որը սկսվելու է Երեւանից եւ ավարտվելու է Մադրիդում, նվիրվում է Սերվանտեսի Դոն Կիխոտի պայծառ կերպարի արարման՝ առաջին հրատարակության 400-ամյակին: Ճանապարհորդությունն ընթանալու է Եվրոպայի բոլոր պետությունների մայրաքաղաքներով, բացառությամբ Մոլդովայի եւ Իռլանդիայի՝ այն էլ տեխնիկական պատճառներով: Ամբողջ ուխտագնացությունն ընթանալու է «Դոն Կիխոտի» բնական բեմադրությամբ, իսկ այդ ամենը կյանքի կոչելու համար մեր զրուցակցի հաշվարկներով անհրաժեշտ է ընդամենը 50-60 հազար ԱՄՆ դոլար, ինչն էլ ակնկալում է ստանալ գործարարներից, ժողովրդից, անգամ 100-200-ական դրամով. ցանկացողները կարող են փոխանցել առաջիկայում բացվող հիմնադրամի հաշվեհամարին: Հավելեմ, որ հայաստանցի Դոն Կիխոտն արդեն ընտրված է՝ Վարդանյան Գրիգորն է, իսկ Սանչո Պանսային կմարմնավորի Վարդան Վարդանյանը. առաջիկայում կբացվի նաեւ հիմնադրամի վեբ կայքը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/83996/view
Комментариев нет:
Отправить комментарий