среда, 20 октября 2010 г.

Ռեկորդակիր շոկոլադը համտեսեցին








Հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում մեր հայրենակիցները մեծ շուքով եւ տոնախմբությամբ ըմբոշխնեցին աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը, որը հանրությանը ներկայացվել էր սեպտեմբերի 11-ին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Հիշեցնենք, որ ռեկորդակիր շոկոլադի «հեղինակը» «Գրանդ քենդի» ընկերությունն է, իսկ մտահղացման ու պատրաստման առիթը՝ ընկերության 10-ամյակը: Նշենք, որ սալիկի քաշը 4 տոննա 410 կգ էր, լայնությունը` 2750 մմ, երկարությունը` 5600 մմ:
Սալիկի համտեսի արարողությունը ու տոնական միջոցառումը մեկնարկեց ժամը 18.30-ին եւ որպեսզի շոկոլադից բաժին հասնի հնարավորինս շատ մարդկանց ու առանց անհարկի կուտակումների, ընկերությունը նախապես մասնատել էր քաղցրավենիքը եւ այն բաժանվել է ավելի քան 40 հազար կտորի: Հանրապետության հրապարակն այդ օրը լի էր հատկապես մանուկներով:
Նշենք, որ ռեկորդակիր շոկոլադե սալիկը պատրաստվել է Գանայի Հանրապետությունից ներմուծված հատիկավոր կակաոյի հումքից, նույն տեխնոլոգիայով, որով պատրաստվում է 70 տոկոսանոց դառը շոկոլադե սալիկը: Այս շոկոլադե սալիկի ռեկորդակիր դառնալը, ի դեպ, վերջին 20 տարում առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում:
Հավելենք նաեւ, որ մինչ այս, Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է 2007-ին՝ Իտալիայում: Այն կշռել է 3 տոննա 580 կգ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը ռեկորդի սահմանումը հաստատող սերտիֆիկատը հանձնեց «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանին:



Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/84540/view

Комментариев нет:

Отправить комментарий