четверг, 11 ноября 2010 г.

«Պետք է զարգացնել երիտասարդական շարժումը»



Այս կարծիքին է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը

Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է: Օրվա եւ իր ծննդյան առթիվ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) հանդես կգա հետաքրքիր նախաձեռնությամբ: Հանրապետության հրապարակում վաղ առավոտից ԵԱԴ-ի կամավորներն անցորդներին կխնդրեն իրենց մաղթանքներն ու ցանկությունները գրել կամ նկարել նախապես պատրաստված պաստառին՝ այդ կերպ բոլորին մասնակից դարձնելով Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված ակցիային ու եւս մեկ անգամ կարեւորել երիտասարդության դերը:
Այսօր Երիտասարդական ակումբների դաշնությունը դարձավ 11 տարեկան: Ուղիղ 11 տարի առաջ Երիտասարդության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 10-ին հիմնադրվեց ԵԱԴ-ն, որի նախագահը երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն է: Տասը տարիների ընթացքում դաշնությունն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ՝ մարզերից: Ներկայումս կազմակերպությունը միավորում է ավելի քան 80 երիտասարդական ակումբ, կենտրոն եւ կազմակերպություն՝ Հայաստանի ողջ տարածքում:
ԵԱԴ-ն Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ միջազգային երիտասարդական ծրագրեր՝ հնարավորություն ընձեռելով հարյուրավոր երիտասարդների մասնակցելու ուսուցողական ծրագրերի ու սեմինարների, գիտաժողովների ու ֆորումների:
Այս տարվա ընթացքում ԵԱԴ-ն իրականացրել է շուրջ տասը միջազգային երիտասարդական ծրագիր, այդ թվում՝ TrAm նախաձեռնությունը, որի շրջանակում հայ եւ թուրք երիտասարդները փոխայցելությունների միջոցով փորձեցին գտնել առկա խնդիրների լուծումներ, ինչպես նաեւ առաջին հայ-հրեական երիտասարդական հանդիպումը Բուդապեշտում՝ Եվրախորհրդի աջակցությամբ:
ԵԱԴ-ն հեղինակավոր երիտասարդական միջազգային կազմակերպությունների՝ Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության, Եվրոպական երիտասարդություն եւ շրջակա միջավայր, Երիտասարդական արտահայտման միջազգային ցանց եւ մի շարք այլ կազմակերպությունների ու ցանցերի անդամ է:
Երեկ Ա. Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք ուզում ենք, որ պետական երիտասարդական քաղաքականությունը մոտենա եւ հասնի երիտասարդին, որտեղ նա ապրում է, ոչ թե հակառակը՝ երիտասարդներին հրավիրեն մասնակցելու երիտասարդական քաղաքականությանը: Երկրորդ ուղղությունը, որ մենք պաշտպանելու եւ առաջ ենք տանելու 2011-ին՝ երիտասարդական աշխատողի կարգավիճակի հստակեցումն է կամ Հայաստանում ներդրումը: Այսինքն՝ երիտասարդի հետ պետք է երիտասարդական աշխատող ունենանք»:
Ի դեպ, ԵԱԴ-ն պետությունից պահանջում է՝ նպաստել երիտասարդական ակումբային շարժման զարգացմանը, եւ նախագահ Ա. Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է զարգացնել երիտասարդական շարժումը:


Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/85445/view

Комментариев нет:

Отправить комментарий