пятница, 10 декабря 2010 г.

«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ՛ ՏՐՎԵՔ ՀՈՐՈՍԿՈՊՆԵՐԻՆ»

Մերօրյա «հորոսկոպիստները»՝ սուրճի բաժակ նայողներն են



«Մարդիկ սովորաբար պայքարում են իրենց այն հույզերի ու զգացմունքների դեմ, որոնցից այս կամ այն պատճառով ուզում են ազատվել: Իսկ ազատվում են դրանցից՝ բանականությամբ: Հենց ռացիոնալ մտածողությունն է, որ պիտի օգնի կառավարել հոգեկանի հուզական ռեակցիաները: Իսկ դա պետք է անել ինքնավերլուծման, ինքնաճանաչման եւ ինքնադաստիարակման շնորհիվ: Ամեն ինչ մարդուց է կախված: Այսինքն՝ նրանից, թե ինչքանով կկարողանաս ամեն անգամ վերլուծել տրամադրությանդ փոփոխության հիմքում ընկած պատճառները ու ռացիոնալ եւ տրամաբանական մտածողությանդ շնորհիվ օգնել ինքդ քեզ տեսնելու, որ դրանց հանդեպ չարժե ունենալ նման հոգեկան արձագանք: Ընդհանրապես պլանավորել օրը՝ անհրաժեշտ է, իսկ համապատասխանեցնել այն հորոսկոպների թելադրանքին՝ հիմարություն է: Ինչու պետք է անես այն, ինչ հորոսկոպում է գրված, ով ասաց, որ հորոսկոպը ճիշտ է, դու՝ սխալ: Եվ վերջապես, մի քիչ մտածեք՝ ո՞վ է այդ հորոսկոպի հեղինակը: Ժողովուրդ, մի՛ տրվեք հորոսկոպներին»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտեց հոգեբան Շահեն Կարապետյանը, հավելելով, որ մերօրյա «հորոսկոպիստները», որոնք իբր թե կանխատեսում, տեքստեր են գրում ու տպագրում՝ ընդամենը իրենց թաղի սուրճի բաժակ նայողներն են, որոնք այդ կերպ օրինականացրել են իրենց գործը՝ բաժակ նայելը: «Առաջին հայացքից թվում է, թե հորոսկոպներով տարվում են միայն պարապ-սարապ, անդարդ, թեթեւամիտ մարդիկ, տնային տնտեսուհիները, սերիալային ինտելեկտ ունեցողները, բայց, ցավոք, պատկերը այլ է: Բազմաթիվ լուրջ հիմնարկների աշխատակիցներ իրենց օրը սկսում են հորոսկոպներով: 09:00-ին մտնում են աշխատասենյակ ու անմիջապես բացում ճանապարհին գնած օրաթերթերն ու կարդում դրանցում զետեղված խելառ հորոսկոպները: Կարդալուց հետո էլ, եթե անգամ իրենց համաստեղության նշանին բացասական բան է գրված, սեւեռվում են այդ վատի վրա: Դա կոչվում է ինքնածրագրավորում: Բայց պետք չի ծրագրավորել կյանքը, առաջնորդվելով ինչ-որ բաժակ նայողի խոսքերով: Սա լուրջ խնդիր է, որը առկա է ամբողջ հայ ազգի մոտ, անկախ սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոնից...»,- ասում է Շ. Կարապետյանը՝ նշելով, որ հորոսկոպները պարզապես ժամանակ անցկացնելու համար են, այլ ոչ թե դրանցով առաջնորդվելու:
«Գրում են՝ նապաստակի տարում ձեզ հանգիստ պահեք, ճերմակ հագուստ կրեք, կամ չգիտեմ ինչ արեք, որ հաջողությունը հետապնդի ձեզ ամբողջ տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե դեղին կամ կանաչ զգեստ հագնենք, մեզ կախաղա՞ն են հանելու, թե՞ տարին անհաջող է լինելու: Ու այս ամենով ուղղորդվելով, ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, ինչու հենց ճերմակ զգեստ, մի՞թե միայն այն պատճառով, որ կարմիր կամ կապույտ նապաստակ չի լինում... Ծիծաղելի է: Անհավատալի է, որ հայերը, խելացի ազգ լինելով հանդերձ, հավատում են նման անհեթեթ բաների»,- նեղսրտում է մեր զրուցակիցն ու խորհուրդ տալիս առաջնորդվել միայն ներքին ձայնով:


Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/86597/view

Комментариев нет:

Отправить комментарий