четверг, 23 декабря 2010 г.

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ ................


Շատերը երջանկությունը բնութագրում են խորը փիլիսոփայական մոտեցումներով` ցուցադրելով հնարավորինս ճկուն ստեղծագործական միտք, ու թվում է` որքան գեղեցիկ ձեւակերպում տրվի երջանկությանը, այնքան դա մոտ կլինի իրականությանը: Գտնվել են մարդիկ, որոնք երջանկությունը բնութագրում են պարզ ու հասկանալի կերպով` գնահատելով այն նույնքան պարզ ու բոլորիս քաջ ծանոթ բնական թվերով: Ավելին` ստեղծվել է մի ամբողջ տեսություն, որն ուսումնասիրում է երջանկությունը ու դրան հասնելու ուղիները: Խոսքը երջանկությա'ն տնտեսագիտության մասին է: Երջանկությունը մտահոգություններից եւ տխրություններից զերծ կյանքը չէ, այլ` հոգեվիճակ: Մարդկային այսպիսի հոգեվիճակի, դրան հասնելու ձեւերի, ուղիների, գործիքների ու դրանց կիրառման մասին է երջանկության տնտեսագիտությունը:
Երջանկության տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու երջանկության տնտեսական հիմքերը: Այն փորձում է համադրել մարդկանց բավարարվածության հասնելու օբյեկտիվ չափանիշներն ու սուբյեկտիվ զգացողությունները: Երջանկության տնտեսագիտության գիտական դրսեւորումներից է բարեկեցության տնտեսագիտությունը: Որոշ տեսաբանների մեկնաբանությամբ` երջանկության տնտեսագիտությունը բարեկեցության տնտեսագիտության հետ մեկտեղ տնտեսագիտության ենթաբաժիններ են:
Երջանկության տնտեսագիտության կողմից` որպես մարդու երջանկության բանալի, առաջադրած սկզբնական տարբերակ է համարվել փողի առկայությունը, կամ ավելի ճիշտ` առատությունը: Սակայն տարբեր համալսարանների, գիտական կենտրոնների կողմից իրականացրած ուսումնասիրությունները հանգեցրել են այն մտքին, որ փողն այն բավարար չափանիշը չէ, որ մարդուն դարձնում է երջանիկ: Բրիտանիայի Լեսթերյան ինստիտուտին կից Հոգեբանության դպրոցը բոլորովին վերջերս հրատարակեց աշխարհի երջանկության ինդեքս: Հետաքրքիր է, որ եկամուտների ստացման մակարդակով առաջատար երկրները, որոնցից են ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ, նույնիսկ չեն մտնում ամենաերջանիկ տասնյակի մեջ: Այսպես` ԱՄՆ-ն զբաղեցնում է 32-րդ տեղը, Ֆրանսիան` 64-րդը: Հատկանշական է, որ այդ ցուցակում ամենաերջանիկների տասնյակի մեջ են մտնում Դանիան, Հոլանդիան, Կամբոջան, այսինքն` ավելի ցածր եկամուտ ուենցող երկրներ: Բերենք մեկ այլ օրինակ. ԱՄՆ-ում կա բավական ցածր տնտեսական ցուցանիշներ ունեցող քաղաք` Հեմփիշը, սակայն պարզվում է` երջանկության մակարդակն այնտեղ ավելի բարձր է, քան առավել զարգացած վայրերում, որտեղ մեծ են բնակիչների եկամուտները: Եթե փորձենք մարդկանց եկամուտների ու երջանկության ինդեքսի մեջ ստեղծել կապ, ապա ստացվող կորը կունենա կիսակլոր տերեւի տեսք: Ընդ որում, մարդն իրեն երջանիկ է զգում ոչ թե կոնկրետ եկամուտի չափից, այլ դրա աճի ընթացքից: Եվս մի եզրակացություն, որն ապացուցել է փողի փոքր ազդեցությունը մարդու երջանկության վրա. երջանկության զգացողության պակաս է նկատվում ոչ միայն անկումային շրջաններում, այլեւ` կտրուկ աճի ժամանակ: Խնդիրն այստեղ հոգեբանական է` կորում են ապագա ձգտումների եւ հնարավորությունների կիրառման եզրերը, ինչը մարդու մոտ առաջացնում է անբավարարվածության զգացողություն: Այնուամենայնիվ, կա տնտեսագետների մի խումբ, որոնց հաշվարկների համաձայն` մարդու մոտ երջանկության զգացողությունն ապահովվում է տարեկան 20 հազար եւ ավել դոլար եկամուտը: Մեկ այլ մոտեցման համաձայն, մարդու երջանկության գրավականը ժամանակի ճիշտ կառավորւմն է, որն արդեն կառավարման բլոկի տիրույթին է վերաբերվում:
Երջանկության տնտեսագիտությունը նաեւ դիտարկվում է որպես բարեկեցության տնտեսագիտություն կամ բավարարվածության տնտեսագիտություն:
Բարեկեցության տնտեսագիտությունը, ի տարբերություն երջանկության տնտեսագիտության, դիտարկում է երջանկության հասնելու ճշգրիտ ցուցանիշներ: Եթե տնտեսագիտության մեջ` որպես երկրի տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ է համարվում ՀՆԱ (համախառն ներքին արդյունք), ապա երջանկության տնտեսագիտության մեջ այդ ցուցանիշին փոխարինում է ՀԲԱ-ն (համախառն բարեկեցության արդյունք):
Կարեւոր է այն հանգամանքը, որ նույնիսկ այս գիտության ակտիվ ջատագովները պնդում են, որ էական է ոչ թե երջանկության հասնելու ուղիների որոնումը, այլ հենց երջանկության կոնցեպտի ընկալումն ու հարկ եղած ժամանակ` դրա փոփոխումը: Ժամանակին հենց այդպես է վարվել Հարավային Աֆրիկայում հայտնի փաստաբան Մոհանդես (Մահաթմա) Գանդին: Մի օր, ի զարմանս բոլորի` հենց մասնագիտական ծաղկման շրջանում նա թողեց ամեն ինչ, եւ ընտանիքի հետ տեղափոխվեց հայրենիք: Նրան երջանկության համար ոչ թե փող ու հաջողություն էին հարկավոր, այլ` սեփական ժողովրդի ազատությունը Մեծ Բրիտանիայից:
Գանդիի օրինակը պատահական չէր ընտրված. ինչքան էլ երկար փորձենք գնահատել երջանկությունը, չենք հանգի միանշանակ արդյունքի, ուստի, կարեւոր է հստակ պատկերացնել, թե ինչ ենք ուզում, ու երջանկությունը հենց քո ձեռքերում է...

Комментариев нет:

Отправить комментарий