Հիմա «Մաֆիա» են խաղում

Դերային խաղ, որտեղ յուրաքանչյուրը վիճակահանությամբ ստանում է իր «դերն» ու սկսում խաղալ. խոսքը բոլորիս քաջ հայտնի «Մաֆիա» խաղի մասին է, որի ընթացքում խաղացողն իր ինտելեկտի ու դերասանական վարպետության համադրությամբ պետք է կարողանա մանիպուլյացիոն հնարքներով խաղն առաջ տանել՝ «սեւ» լինելով խաղալ որպես «կարմիր», «կարմիր» մնալով՝ գտնել «սեւերին»: Կարիք չկա մանրամասնել խաղի կանոնները, որովհետեւ այսօր դպրոցահասակ երեխաներից սկսած՝ բոլորը «Մաֆիա» են խաղում: Քանի որ այս մոդայիկ խաղում սահմանափակումներ չկան, «մաֆիոզները» մեր երկրում շատ են. «Մաֆիայի» սիրահար են ոչ միայն հասարակ ուսանող-երիտասարդները, այլեւ հասարակության մեջ լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք՝ քաղաքական, պետական գործիչներ, մտավորականներ եւ այլք:
Դրսից ներմուծված այս խաղով տարված հայ «մաֆիոզների» ջանքերով տարիների ընթացքում այն «հայաֆիկացվեց», անգամ մաֆիայի ակումբներ բացվեցին, սակայն քչերին է հայտնի խաղի ծագման պատմությունը: Վարկածներից մեկի համաձայն՝ խաղը նկարագրված է համաշխարհային գրականության դասական Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սեւամորթներ» վեպի մեջ: Երբ տասը մարդ հայտնվում են մեծ տան մեջ, ու ամեն գիշեր նրանցից մեկն առեղծվածային ձեւով անհետանում է, իսկ մնացածները փորձում են հասկանալ, որ եթե իրենք ընդամենը տասն են, ապա ով է «մարդասպանը»: Սակայն վեպի մեջ ամենեւին էլ չի հիշատակվում քյաբաբային սեղանների մասին, ինչն այսօր անում են մեր «մաֆիոզները», հատուկ այս խաղի համար բացված ակումբներում խաղալիս: Մեկ այլ վարկածի համաձայն՝ «Մաֆիան» հորինել են հրեա գործարարները. այն հոգեբանական թեստի պես մի բան է եղել, որի միջոցով իրենց մոտ աշխատանքի ընդունելու համար նրանք կարողանում էին ընտրել լիդերներին:
Առաջին հայացքից հեշտ ու պրիմիտիվ թվացող խաղն իրականում շատ բարդ ու միեւնույն ժամանակ հետաքրքիր է: Խաղը լայն տարածում ունի Եվրոպայում եւ ասիական շատ երկրներում: Պրոֆեսիոնալ «մաֆիոզները», որոնք սիրում են խաղալ այս խաղը, հիմնականում խաղամոլներ են. ի դեպ, «Մաֆիան» կտրուկ բարձրացնում է ադրենալինը: Նման դեպքերում գումարով խաղալն ավելի ու ավելի է թեժացնում դրությունը՝ ոգեւորելով մասնակիցներին: «Մաֆիան» պահանջում է ներկայացում, վեճ, հետախուզություն, խելացիություն, խորամանկություն, լավ հիշողություն, սրամտություն, հանգստություն, կարճ ասած՝ ամեն ինչ:
Խաղի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց հոգեբան Շահեն Կարապետյանի հետ, որի կարծիքով՝ «Մաֆիան» ագրեսիա է սերմանում հատկապես դեռահասների մեջ. «Առաջին հայացքից թվում է, թե սա շատ անշառ խաղ է, անգամ անվնաս, բայց եթե հոգեբանորեն մոտենանք հարցին, ապա ակնհայտ է, որ խաղալիս փոխվում է անձի վարքը: Չէ որ խաղացողը ոչ միայն պետք է խելոք լինի, այլեւ դիմի խորամանկ քայլերի, ստի, իր խոսքով, հայացքով ճնշում գործադրի: Քանի րոպե, ժամ, որ տեւում է խաղը, խաղացողը այդ ընթացքում լարված վիճակում է լինում: Այսինքն՝ խաղը հաճելի, բայց, միեւնույն ժամանակ, վտանգավոր լարվածություն է պահանջում, ինչը չի խրախուսվում հատկապես դեռահասների շրջանում»:
Հոգեբանի ձեւակերպմամբ՝ «Մաֆիան» վտանգավոր խաղ է, ու ամենից վատն այն է, որ հայերը խաղում են նաեւ գումարով. «Սա, կարելի է ասել, «ղումարի» նոր տեսակ է: Նկատենք, որ «ղումար» կոչվածը կործանիչ խաղ է, սնանկացնում է ցանակացածին, անգամ ամենալավ խաղացողին: Բավական չի «ղումարը» հայերի շրջանում շատ տարածված է ու տարիներ շարունակ շատ ընտանիքներ են քայքայվել դրա պատճառով, հիմա էլ «Մաֆիան» է իր գործը անում: Նակինում ասում էին՝ հայերը ղումարբազ են, հիմա էլ ասում են՝ մաֆիոզ են: Այս ինչ է կատարվում նոր ջահելության հետ: Բոլորը մաֆիոզ են դարձել: Ու բացի այն, որ այս խաղը փչացնում է հոգեբանորեն, դրան գումարվում է նաեւ երիտասարդների ալկոհոլիկ դառնալու փաստը: Ջահելները հավաքվում են, արկղերով խմիչք առնում ու գնում «Մաֆիա» խաղալու. ամբողջ գիշեր հարբում են, անջատվում, չգիտես ինչեր ծխում ու անջատված ուղեղներով խաղում: Ինչի՞ նման է սա»,- նեղսրտում է Շ. Կարապետյանը, խորհուրդ տալով երբեք տուրք չտալ զվարճանքներին ու միշտ պահպանել չափի զգացողությունը: