четверг, 30 июня 2011 г.

ԱՐԻ ՔԵԶ ԽԱՅՏԱՌԱԿԵՆՔ

                                                        Թե չէ՝ տանը կմնաս


Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր հայենակիցներին «տանը չմնալու» հնարավորություն է ընձեռվել. լավ տղա կամ լավ աղջիկ գտնելու հարցում մեզ օգնության են հասնում «Հոգու եւ պարի» թատրոնի ղեկավար, վերջերս իրեն որպես սերիալային դերասանուհի  «իրացնող», մի քիչ էլ հաղորդավարուհի Սոֆի Դեւոյանը, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը ու մի հոգեբան: Խնամախոսությունն իրականացվում է  «ATV» հեռուստաընկերության եթերում, «Արի ամուսնանանք կամ խնամախոս» հաղորդման ընթացքում, որը ռուսական «ORT» հեռուստաալիքի «Давай поженимся» հաղորդման հայկականացված, վուլգարացված ու անհաջող ձեւով «copy-paste» արված տարբերակն է: Հաղորդման ընթացքում զույգ ձեւավորելը մոտավորապես այսպես է լինում. գալիս է մի տղա ու հերթով ծանոթանում երեք աղջիկների հետ:  Աղջկա հետ ծանոթանալու «գործընթացն» էլ այսպես է տեղի ունենում. տղան երեք արհեստավարժ, կյանքի մեծ փորձ ունեցող կանանց ներկայությամբ իր համար եկած աղջիկներին հարցաքննում է, իսկ առաջին  հարցը, որ նա տալիս է, այս է՝ «ընգեր ունեցել ես»: Աղջկա «հա» պատասխանին հաջորդում է հետեւյալ հարցը, «բա քանի հատ»: Երբ նույն «ընգեր ունեցել ես» հարցն ուղղելով հաջորդ հարցաքննվող հարսնացուին, տղան լսում է՝  «չէ» պատասխանն ու զարմանքից կլորացնում աչքերը, շփոթված փեսացուհին «օգնության է հասնում» կանանցից մեկն ու մեղադրական տոնով դիմում աղջկան.«աղջի՛կ ջան, դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես...»: «Ծնողներս թույլ չեն տվել ինչ-որ տղայի հետ շփվել, հանդիպել, չեն վստահում ոչ ոքի»,- արդարանալով ասում է երկչոտ աղջիկը ու մեկ էլ կանանց կողմից հնչում է հաջորդ նկատողությունը՝ «դու խի՞ չես արտաքինդ փոխում, մազերիդ ձեւը, էդ շորերդ, ոճդ...»:

Քանի որ հաղորդման կանոնների համաձայն՝ երեք աղջիկների հետ ծանոթանալուց հետո տղան պետք է կողմնորոշվի, թե ում է ընտրում, նրան կրկին օգնության են հասնում մեծարգո տիկնայք: Իրենց բարի խորհուրդներով ուղղորդում են վերջինիս, թե որն առավել հարմար կլինի տղային որպես կին. ամենածիծաղելին այն է, որ տղայի ընտրություն կատարելուց հետո զույգին բարի բախտ են ցանկանում, ասում՝ «ճիշտ ընտրություն է», պահի տակ մոռանալով, որ կոնկրետ այդ աղջկա մասով մի քանի րոպե առաջ այլ բան էին ասում: Նշեմ, որ ամեն ինչ մոտավորապես նույն կերպ է լինում, , երբ իր կեսին ընտրողը աղջիկ է լինում: Այս դեպքում էլ տիկնայք տղաներին են նվաստացնում, խայտառակում, իրենց հարցերով փակուղի տանում: Ս. Դեւոյանի գլամուրային լեքսիկոնով, Ջ. Ստեփանյանի «տնավարի» բառապաշարով ու հոգեբանի սարկազմներով հագեցած հաղորդումը իբրեւ թե փորձ է արել հարմարեցնել հայկական իրականությունն ու մտածելակերպը: Պարզ է, որ հաղորդման կազմակերպիչներն ամեն ինչ պետք է անեն ստացված հաղորդում ունենալու ու նորմալ շուո ապահովելու համար, բայց նրանք իրավունք չունեն եթեր բերել խեղճ ու կրակ մարդկանց ու ծաղրուծանակի ենթարկել: Եթե հաղորդման են կանչում միայնակ սրտերի, ինչպես որ իրենք են ասում, ապա թող թույլ տան մասնակիցները միմյանց հարցեր տան, ոչ թե իրենք միջամտեն. անցնելով չափի բոլոր սահմանները՝ քիչ է մնում հարցնեն, թե վերջին անգամ ե՞րբ  է լողացել մասնակիցը: Հաղորդման մասնակից դառնալ ցանկացողները նախապես հարցաթերթիկ են լրացնում, որում պատասխանում են մի շարք հարցերի՝ սկսած նախասիրություններից մինչեւ այն, թե ինչպիսին  են պատկերացնում ապագա ընտրյալին: Ապա նշված տվյալներին համապատասխան հայտեր լինելու դեպքում «միայնակ սրտերը»  հայտնվում են եթերում՝ ընտրողի կամ ընտրվողի դերում: Կարծում եմ, ավելի գրագետ կլինի, եթե  մինչ եթերում հայտնվելը մասնակիցներին ցույց տան միմյանց լրացրած հարցաթերթիկները, նրանց մի քանի ժամ շուտ կանչեն հեռուստաընկերության տղավար ու թույլ տան, որ իրար հետ շփվեն, միմյանց մասին պատկերացում կազմեն: Հաղորդումը երեւի թե գրանցեն Գինեսի ռեկորդների գրքում, որովհետեւ 30-40 րոպեների ընթացքում տիկնայք «կողմնորոշում» են մարդկանց, վերջիններս էլ ազատվում իրենց տանջող միայնությունից:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий