Կազմակերպեք ձեր հանգիստը ու մի մնացեք տանը
«Շոգից ամեն ինչ էլ հնարավոր է, անգամ՝ դեպրեսիա: Տապից պաշտպանվելու շատ միջոցներ կան, բայց ամառային դեպրեսիան անխուսափելի է, հատկապես, եթե ձգձգվում է մարդկանց արձակուրդի մեկնելը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց հոգեթերապեւտ Սարգիս Առուստամյանը:
Դեպրեսիան պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների եւ հակազդումների ախտահարումներից մեկի՝ հիպոթիմիայի արտահայտվող ձեւերից է: Դեպրեսիան տրամադրության անկման այն ձեւն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում՝ հուզական վիճակի եւ իրականության միջեւ։ Դեպրեսիայի ժամանակ, տրամադրության եւ ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Անձը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի եւ մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։ Եվ որպեսզի չլինի այս ամենը, մասնագետը ամռան ամիսներին արձակուրդը պարտադիր է համարում. «Մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ եթե մարդ չի աշխատում, ամբողջ օրը տանն է, ուրեմն հանգստի կարիք չունի, որոշ ժամանակով ինչ-որ տեղ մեկնելն էլ պարտադիր չէ: Կամ շատերը մտածում են, որ արձակուրդային շրջանը կարելի է անցկացնել նաեւ տանը, թեկուզ ոչինչ չանելով, առավոտից երեկո հանգիստ պառկելով ու հեռուստացույց դիտելով: Այս տեսակետները սխալ են: Անկախ նրանից՝ աշխատում եք, թե ոչ, ամռան ամիսներին գոնե մեկ շաբաթով անհրաժեշտ է փոխել ապրելակերպը, բնակության վայրը: Ամառային դեպրեսիա ասվածը դրսեւորվում է անգամ տանը՝ պարապ, հանգիստ վիճակում մնալով»,- բացատրեց Ս. Առուստամյանը: Ըստ նրա, երեւանցիների մեծամասնությունը տառապում է ամառային դեպրեսիայով, քանի որ մինչեւ կողմնորոշվում են, թե ուր մեկնել հանգստանալու կամ ինչպես հարմարեցնել, որպեսզի մեկնել, արդեն ուժասպառ վիճակում են լինում, նյարդային ու դեպրեսիվ:
«Շատերը դեպրեսիան շփոթում են հոգնածության հետ. կարծում են՝ շոգին շատ աշխատելուց հոգնել են, մի քանի օր մնան տանը՝ կանցնի: Բայց դեպրեսիան այլ է ու որպեսզի այն անցնի, անպայման պետք է միջավայրի փոփոխություն լինի»,- ավելացրեց հոգեթերապեւտը՝ հավելելով, որ ի տարբերություն աշնանային դեպրեսիայի, որից մեծամասամբ տառապում են կանայք, ամառայինի ժամանակ հիմնական տուժողները տղամարդիկ են: Առաջարկելով դեպրեսիայի դեմ պայքարի միջոցներ, մեր զրուցակիցն ասաց, որ ամռանը չպետք է կրել մուգ ու մռայլ գույն ունեցող հագուստներ, որովհետեւ, բացի այն, որ դրանցով շատ շոգ է լինում, նաեւ տրամադրության արգելափակում է առաջացնում: Կարելի է փոխել նաեւ սանրվածքը, իմիջը:
«Ամռանը դեպրեսիա առաջանում է նաեւ երեխաների մոտ: Նրանց առավել շատ ուշադրություն է անհրաժեշտ: Եթե մեծահասակների դեպքում ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում կազմակերպել ամառային արձակուրդները, ապա երեխաների դեպքում պարտադիր է նրանց ճամբարներ ուղարկել կամ գոնե ինչ-որ գյուղ: Երեխայի միջավայրի փոփոխությունը պարտադիր է. երբ վերջանում են դպրոցական արձակուրդները, երեխաները սեպտեմբերին հաճախում են դպրոց, այդ ժամանակ նկատելի է լինում նրանց անցկացրած ամռան արդյունքները: Նորմալ արձակուրդ ունեցած երեխան հանգստացած, առույգ տեսք է ունենում, իսկ արձակուրդները տանն անցկացրածը՝ հոգնած, անհավես ու թույլ է լինում, ինչն էլ ազդում է նրանց ուսման վրա»,- ասաց Ս. Առուստամյանը՝ հավելելով, որ ամռանը լիարժեք հանգիստ անցկացրած մարդը տարվա մնացած ամիսներին հաճախ պաշտպանված է սթրեսներից, հյուծվածությունից:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ