Աշտարակցի Հասոն ամեն տարի ամռանը «խոպան» է գնում, այդկերպ պահելով իր ընտանիքը՝ փոքրիկ աղջկան ու թոշակառու ծնողներին. «Առավոտի» հետ զրույցում իրեն այսպես արդարացրեց Հասոն՝ Քոբուլեթիում մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Երիտասարդ կինը անբարո կյանք վարելու համար իր պատճառներն ունի. «Ես հենց այնպես փողոց չեմ ընկել, ամեն ինչ շատ լուրջ է եղել: 16 տարեկանում ամուսնացա, ավելի ճիշտ՝ զոռով ամուսնացրին: Մեկ տարի անց բալիկ ունեցա, լիքը հոգսեր, զզվելի, պլանքաշ ամուսին, անհաջող ամուսնու անհաջող ծնողներ, տանը մնացած երկու տալ, մի հոգեկան հիվանդ տեգր եւ այլն: 6 տարվա համատեղ կյանքս այդ տղամարդու հետ շատ վատ է անցել, ինձ ամբողջ ընտանիքով ծեծում էին, ես ձայնազուրկ էի, անտերի պես: 6 տարի խոշտանգվել եմ, տառապել, վանդակի մեջ փակված ծիտիկի պես ապրել, բայց մի օր էլ ծիտիկը չդիմացավ, հարմար պահ գտավ ու վանդակից դուրս թռավ»,- նշում է մեր զրուցակիցը, որն արդեն հինգ ամառ իր հայ «կլիենտների» հետ Քոբուլեթի է մեկնում: Ասում է՝ այդպես բավականին լավ գումար է վաստակում, բացի այդ, իրեն լավ են վերաբերվում, օգտակարը համատեղում է հաճելիի հետ. հանգստանում է ու փող աշխատում:
Հասոյի մատուցած ծառայությունները բավականին թանկ արժեն. «Ամեն մեկն իրեն չի կարող թույլ տալ ինձ հետ հանգստանալ: Օրավարձով եմ աշխատում ու ընդհանրապես ինձ թանկ եմ գնահատում: Կլիենտներս էլ փողատեր ձյաձկաներ են: Այդպիսիներին իմ պես մաքուր, սիրուն աղջիկ է պետք, ինձ էլ՝ նրանց փողերը: Ճիշտն ասած՝ առաջարկում են իրենց հետ ավելի լավ տեղեր գնամ, Անթալիա, Դուբայ, բայց ես մի քիչ վախենում եմ, ի վերջո՝ երեխու տեր եմ, չեմ ուզում ռիսկի դիմել: Բացի այդ, Քոբուլեթին արդեն հարազատ է դարձել, սիրում եմ այդտեղի արեւը»,- հավելեց նա:
Մեր զրուցակիցն ասում է, որ Հայաստանում երբեք փողոցում չի կանգնում, իսկ նա՝ ով իր կարիքն է զգում, իրեն հեշտությամբ գտնում է հեռախոսազանգի միջոցով. «Դիշովի տեղեր չեմ գնում, դիշովի կայֆեր չեմ անում, անտակտ մարդկանց հետ գործ չեմ բռնում: Ու ընդհանրապես մի հատ իմ ֆիգուրային նայեք, ես ինձ շատ եմ սիրում ու համարում, որ արժանի եմ լավ ապրելու: 16 տարեկանում երիտասարդությունս կարծես մեկ օրում ավարտվեց, առաջ ես նույնիսկ մազերս չէի սանրում, իսկ հիմա ինձ շատ եմ խնամում, ես ինձ երես եմ տալիս, որովհետեւ այս կյանքում պետք է միշտ ազատ լինես, ապրես ու թույլ չտաս, որ քեզ նվաստացնեն»,- պնդում է Հասոն՝ ասելով, որ իր «արտագնա աշխատանքը» սկսել է շատ միամիտ: «Մի օր անփող, տխուր՝ կաֆեում նստած ծխում էի, ինձ մի տղամարդ մոտեցավ, առաջարկեց միասին խմել: Ես հոգեկան անհավասարակշիռ վիճակում էի, աշխատանք չունեի, երեխես հիվանդ էր, սոված, ծնողներս պարտքերի մեջ էին, խելագարվում էի: Սկսեցի ինձնից անկախ կյանքս պատմել այդ տղամարդուն, նա ինձ լուռ լսեց ու առաջարկեց օգնել: Ես գիտեի, որ անշահախնդիր ոչինչ չի լինում ու համաձայնեցի նրա հետ մեկնել հանգստանալու: Գնացինք, բայց այնտեղ պարոնն իրեն նորմալ չպահեց, ու ծիտիկը կրկին գերադասեց ազատությունը, թռավ...»:
Հասոն մեզ պատմեց նաեւ իր երազանքների մասին. նա երազում է աղջկան՝ Էլենին տալ այն ամենը, ինչ իր ծնողները չեն տվել իրեն, այսինքն՝ ազատություն, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն, ընտրության իրավունք, անհոգ մանկությունից դեպի թիթիզ պատանեկություն, եւ այլն: «Երբ փոքր էի՝ երազում էի դերասանուհի կամ մոդել դառնալու մասին, բայց երազանքս չկատարվեց, չնայած հուսով եմ, որ այն կիրականանա Էլենիս միջոցով, որովհետեւ նա էլ իմ պես գեղեցիկ է ու բարեկազմ»,- ավելացրեց նախկին աշտարակցի, այժմ՝ կվարտալցի Հասոն: