Զերծ մնացեք «fast food»-ներից ու ֆիզիկական պասիվ ապրելակերպ  վարելուց
Որոշակի վիրուսներով վարակվելը կարող է հավելյալ քաշի ձեռք բերման պատճառ հանդիսանալ՝ հավաստիացնում են Սան-Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները: Իսկ հայաստանցի մասնագետները վկայում են, որ ազգաբնակչությունը՝ մեծամասամբ գեղեցիկ սեռը, տառապում է գիրության բարդույթով: «Ակտիվ բժշկական համալիր» կենտրոնի հնգամյա հետազոտության արդյունքներով, որին մասնակցել են մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի 4300 դեռահասներ, հարցվածների մեկ վեցերորդը՝ գերակշռությամբ աղջիկներ, համարում է, որ իր մարմինն ավելորդ զանգված ունի. հետազոտության այս արդյունքներն օրերս ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի՝ Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը, ընդգծելով, որ աղջիկների շրջանում տարածված գիրության բարդույթը վերջիններիս սխալ առօրյայի հետեւանքն է: Պարզվում է, կազմվածքի հետ կապված բարդույթներ ունեն նաեւ տղաները, սակայն, ի տարբերություն աղջիկների, պատանիները տառապում են նիհար լինելու բարդույթով:
«Առավոտի» հետ զրույցում դիետոլոգ Մարիետա Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին կազմվածքի հետ կապված խնդիրներից սկսել են շատ բողոքել դեռահասները, երիտասարդ աղջիկները: Մ. Հովհաննիսյանը համոզված է, որ պատճառը ընդունած սխալ սնունդն է ու սխալ կազմակերպված առօրյան: «Դեռահասները, ուսանողները հիմնականում սնվում են «fast food»-ներով, ու ժամերով նստում դասերի, պարապմունքների, համակարգչի առջեւ. այս ամենը լիովին բավարար է, որպեսզի նույնիսկ ամենանիհար մարդը արագ ավելորդ կիլոգրամներ հավաքի: Մեր երիտասարդները օրվա ընթացքում շատ քիչ են քայլում, անգամ կես կանգառի համար տաքսի են պատվիրում, դա շատ վատ է, չնայած նրանք էլ մեղավոր չեն, ժամանակի խնդիր են ունենում, չեն հասցնում: Դպրոցից՝ պարապմունքի, պարապմունքից մեկ այլ պարապմունքի են վազում, օրվա վերջում էլ հոգնած գնում տուն՝ մայրիկների պատրաստած բարձր կալորիականությամբ սնունդն ընդունում ու նստում են համակարգչի առջեւ՝ պարապելու. զբոսնելու, մաքուր օդ շնչելու ժամանակ չեն ունենում, ինչը շատ կարեւոր է օրգանիզմի համար: Ստացվում է այնպես, որ ամբողջ օրը սենյակային ջերմաստիճանի մեջ են լինում»,- ասաց Մ. Հովհաննիսյանը, հավելելով, որ ամբողջ աշխարհում ընդհանրապես վերջին 30 տարիներին ճարպակալումը երեխաների շրջանում եռակի աճել է: 
Դիետոլոգի փոխանցմամբ՝ հավելյալ քաշ չհավաքելու եւ չճարպակալելու համար չպետք է ֆիզիկական պասիվ ապրելակերպ վարել, բարձր կալորիականությամբ սնունդ ընդունել (այդ թվում՝ «fast food»), պետք է զերծ մնալ զովացուցիչ ըմպելիքների կանոնավոր օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:
«Աշխատեք սննդի կալորիականությունը պակասեցնել 30-40%-ով, հասցնել այն 1800 կկալ-ի, զգալի չափով սահմանափակել հացի, խմորեղենի, քաղցրավենիքի ընդունումը: Սննդում սահմանափակեք ածխաջրատների քանակությունը, կերակրի աղի օգտագործումը: Ձեր սննդակարգում ավելացրեք ցածր կալորիականությամբ սննդամթերքների՝ բանջարեղենի, մրգերի քանակությունը: Երեկոյան ժամը 19-ից հետո բացարձակապես հեռու մնացեք սննդի ընդունումից»,- հավելեց Մ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ավելորդ քաշ չհավաքելու, ճարպակալումից խուսափելու եւ գիրության բարդույթով չտառապելու համար անհրաժեշտ է, որ ծնողները երեխայի սննդակարգին հետեւեն մանկուց: