среда, 24 февраля 2010 г.

ԻՆՉՈՒ ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հարցին պատասխանում է տնտեսագետը


Ազգի վերարտադրության խնդիրը

«Ուսումնասիրելով Հայաստանի ծնելիության ցածր մակարդակի խնդիրները, վերլուծել եմ վիճակագրությունը, որն արված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական խնդիր ասելով՝ առաջին հերթին հասկացվում է առավելապես արտագաղթ եւ ծնելիության անկում: Շատ է խոսվում նաեւ կին-տղամարդ համամասնության եւ ազգի ծերացման խնդիրների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հրանտ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ, 2001թ. կայացած ՀՀ վերջին մարդահամարի արդյունքներով, Հայաստանում մշտական բնակչության 28%-ն ունի 50 եւ ավելի տարիք. «Հաշվի առնելով ծնելիության անբավարար մակարդակը Հայաստանում՝ դժվար չէ նկատել, որ ժամանակի ընթացքում տարեց մարդկանց թվաքանակն անհամեմատ կաճի, քանի որ ներկայումս 50 եւ ավելի տարիքային խումբ են 1950-60-ական թվականներին ծնվածները, երբ Հայաստանն ուներ ծնելիության ընդհանուր գործակցի բարձր ցուցանիշ: Մինչդեռ, դրան զուգահեռ, 1990-ականներից ի վեր զգալիորեն ընկել է ՀՀ ծնելիության մակարդակը: Առաջին հայացքից ծնելիության անբավարար մակարդակի ակնհայտ պատճառների թվին են պատկանում սոցիալ-տնտեսական պայմանները: Վերջինները ունեն իրենց բացասական ազդեցությունը, բայց չպետք է մոռանալ, որ աշխարհի մի շարք զարգացած երկրներում ծնելիությունը ցածր է, մինչդեռ կան մի շարք բարձր ծնելիությամբ երկրներ, որտեղ սոցիալ-տնտեսական պայմանները հեռու են բավարար լինելուց: Հայաստանի համար եւս կարելի է ասել, որ վերջին տարիների տնտեսական «աղմկոտ» զարգացումները, ցավոք, չկարողացան հանգեցնել նորմալ՝ մեր ազգի գոյատեւման համար բավարար ծնելիության մակարդակի»:

Ովքե՞ր են շատ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք ...

Հ. Հարությունյանի հետազոտությունները փաստում են, որ, տնտեսական զարգացումներին զուգընթաց, աճել է առաջին ամուսնությունների միջին տարիքը եւ ամուսնալուծությունների տոկոսը. «Եթե 90-ականների սկզբին տղամարդիկ՝ միջինը 26, իսկ կանայք՝ 23 տարեկանում ունենում էին իրենց կյանքի առաջին ամուսնությունը, ապա 2008թ. այդ ցուցանիշն ինչ-ինչ պատճառներով դարձել է՝ տղաներինը՝ 29, աղջիկներինը՝ 25»: Ըստ մեր զրուցակցի, ցավալի փաստ է նկատվում. մեր հասարակությունում տարածված է, թե կանայք էապես գերազանցում են տղամարդկանց. «Վիճակագրորեն այդպես է: Սակայն եթե վերլուծություն ենք կատարում ըստ տարիքային խմբերի եւ ամուսնական կատեգորիաների, ապա պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ ճիշտ է՝ կանայք գերազանցում են (ոչ այնքան, ինչքան հակված է մեր ժողովուրդն ասել՝ 1 տղամարդուն մինչեւ 12 կին): Իրականում տարբերությունը շատ քիչ է: Ընդհանուր ազգաբնակչության մեջ, եթե վերցնենք վիճակագրորեն, 100 տղամարդուն բաժին է ընկնում 114 կին, այսինքն՝ այս խնդիրն իրականում այնքան էլ սուր չէ: Բացի այդ, եթե դիտարկենք մինչեւ 35 եւ 35-ից բարձր տարիքային խմբերը, ապա կտեսնենք, որ մինչեւ 35 տարեկանների խմբում (զտելով ամուսնացածներին ու չդիտարկելով այս վիճակագրության մեջ) տվյալները ցույց են տալիս, որ տղամարդիկ գերազանցում են կանանց: Մեր հասարակությունում ձեւավորված այն կարծրատիպը, ըստ որի՝ երիտասարդ կանայք ունեն ամուսնության խնդիր՝ կապված տղամարդկանց քիչ քանակի հետ, կարելի է հերքել»:

Առջեւում ուժե՞ղ, թե՞ թույլ սեռն է...

Ըստ Հ. Հարությունյանի, ամուսնության տեսակետից դիտարկելով սեռային անհամապատասխանությունը, պետք է հաշվի առնել, որ մեզանում տղամարդիկ հակված են իրենցից 5-10 տարի փոքր զուգընկերուհի ընտրել. «Եթե այս մոտեցմամբ ենք դիտարկում տարիքային խմբերի սեռային անհամամասնությունը, ապա տղաների ավելցուկի խնդիրն այդքան էլ սուր չի դառնում: Քանի որ ավելի փոքր տարիքի աղջիկներն ավելի շատ են, քան ավելի մեծ տարիքային խմբի տղաների ավելցուկն է. այս համադրությամբ էլ կարելի է ասել, որ տղաները չեն գերազանցում աղջիկներին: Բայց եթե տարեցտարի խմբերը փոքրացնենք ու ավելի ետ գնանք, ապա որեւէ տարիքային խմբում արդեն տղաների ավելցուկը չի բավարարվի»: Տնտեսագետի խոսքերով, հաշվի առնելով այն, որ մեզանում այժմ տղաների ծնունդն ավելին է, քան աղջիկներինը (միջին վիճակագրությունը փաստում է, որ 54 տղային բաժին է ընկնում 46 աղջիկ, այսինքն՝ ծնելիությունը հօգուտ տղաների է, ինչը մեր ազգային մենտալիտետից է գալիս եւ այն հանգամանքից, որ այժմ շատերը կարողանում են ստուգել պտղի սեռը), պարզ է դառնում, որ եթե ոչ հիմա, ապա որոշակի ժամանակ անց տղաների քանակի ավելցուկն էլ չի բավարարվի իրենցից տարիքով փոքր աղջիկների քանակով: «Քանակական վերլուծության առաջնային եզրահանգումն այն է, որ այն խնդիրը, թե կանայք գերազանցում են տղամարդկանց՝ մեզանում ամուսնական տեսակետից կարող ենք համարել՝ որ չկա»,- հավելեց Հ. Հարությունյանը:

Ամուսնություններին խոչընդոտող գործոններ

Խոսելով ամուսնության խնդրից, մեր զրուցակիցն ասաց. «Նշեմ, որ 20-34 տարեկանների տարիքային խմբում, մոտավորապես 20 հազար կին եւ 20 հազար տղամարդ չեն ամուսնանում, կամ բաժանվել-ամուսնացել են երկրորդ անգամ, համենայնդեպս՝ մարդահամարի պահին (2001թ.) ամուսնացած չեն եղել»: Ըստ նրա, ձեռնպահ մնալով միջժամանակային համեմատություններից, կարելի է ասել, որ այդ թիվը բավականին մեծ է ու նշանակում է, որ մեր երկրում ամուսնություններին խոչընդոտող բավականին մեծ գործոններ կան, այլապես նման ցուցանիշ չէինք ունենա. «Այդ ցուցանիշը նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ կին եւ հինգերորդ տղամարդ 30-34 տարեկանների տարիքային խմբում չի ունեցել ընտանիք (կին կամ ամուսին): Կա եւս մեկ խնդիր. աճել է ամուսնությունների միջին տարիքը: Ամուսնության միջին տարիքի՝ կին կամ ամուսին չունեցողների բավական բարձր ցուցանիշի այս հանգամանքներով կարող ենք ամրագրել, որ առկա է ամուսնության խնդիրը: Ժողովրդի մեջ ընդունված կարծրատիպ կա, որ պարզապես սոցիալ-տնտեսական պայմաններն են ծանր. մարդիկ ուշ են կայանում, ուշ ամուսնանում, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան... Միգուցե տնտեսական գործոնն ունի իր ազդեցությունը, սակայն չպետք է մոռանալ վերջին տարիների մեր տնտեսական աճը, որն անտեսելն անհնար է»,-ասաց տնտեսագետը:

Հարված՝ ավանդականին

Տնտեսագետի խոսքերով, ժողովրդագրական այս վիճակը հարված է հասցնում «հայ ընտանիքի» ավանդական մոդելին: Եվ նպաստավոր իրավիճակ է ստեղծվում կին-տղամարդ տարիքային անհամապատասխանությամբ ամուսնությունների համար, քանի որ 20-34 տարիքային խմբի տղամարդկանց ավելցուկին զուգահեռ՝ 35-ից բարձր տարիքում էլ կանայք ունեն հասակակից տղամարդկանց թվաքանակի պակաս. «Այս պարագայում որոշ կանայք խուսափում են տարիքային անհամապատասխանության խնդրից՝ դառնալով միայնակ մայր (պարզապես երեխա ունենում առանց ամուսնանալու), որը եւս հակասում է «հայկական ավանդույթներին»: Հ. Հարությունյանը համոզված է, որ վերջին տասնամյակում փոխվել է մեր կենսաձեւը: Այժմ երիտասարդները կյանքի պայքարի մրցավազքի մեջ են, աշխատում են, կայանում, իսկ դա իր ազդեցությունն է թողնում անձնականի վրա. «Մեր առօրյայում իրականին փոխարինելու են եկել online շփումները, ինչը, իմ համոզմամբ, չի կարող փոխարինել անմիջական մարդկային առողջ շփմանը: Կա եւս մի գործոն, որը բացասական ազդեցություն ունի ամուսնության հարցում. դա մեր քաղաքացիների մտածելակերպն է: Մեզանում մի արտահայտություն կա՝ «ամոթ ա, ի՞նչ կմտածեն»: Այս մտածելակերպն է, որ մեզ ուղղորդում, իշխում է ամբողջ կյանքում: Այդ մտածելակերպով մենք դրսեւորում ենք մեր վարքը ե՛ւ ամուսնության ընթացքում, ե՛ւ նոր տարուն, ե՛ւ հարսանիքներ անելիս... Այսինքն՝ ելնում ենք ոչ թե նպատակահարմարությունից ու ռացիոնալությունից, այլ ընդունված, երբեմն նույնիսկ ոչ հարմարավետ ձեւավորված կարծրատիպերից, որոնք մեզ խանգարում են, բայց մենք ենթարկվում ենք դրանց»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий