среда, 24 февраля 2010 г.

ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահը քարոզում է չկորցնել հայկականությունը

Պահպանելով հայի դեմքը...

«Նուարդ» միությունը ստեղծվել է 2000թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Միության նպատակն էր համախմբել հայերի ուժերը, որը սկզբում միայն մշակութային ուղղվածություն ուներ: Հետագայում ուղղվածությունը փոքր-ինչ վերափոխվեց, ու միությունը ստանձնեց նաեւ հասարակական-քաղաքական գործառույթներ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Բելգիայում գործող «Նուարդ» հայկական մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Նա ասաց, որ միության ստեղծած պարի խումբը գործում է 2001 թ. եւ կոչվում է «Բարեկամություն» հայկական ժողովրդական պարերի անսամբլ, ինչն էլ անցյալ տարի ճանաչվել է Բելգիայի լավագույն երիտասարդական պարի խումբ: Գ. Մինասյանի ձեւակերպմամբ. «Ունենք նաեւ ամսաթերթ, որը կոչվում է «Լրագիր»: Շուտով լրանալու է ամսաթերթի 7 տարին: Այն 30 էջանոց հայերեն պարբերաթերթ է, բայց ունի նաեւ էջեր նիդերլանդերենով, որտեղ ներկայացվում է հայոց պատմությունը, կան նաեւ թեմաներ՝ նվիրված գենոցիդին: «Լրագրում» տպագրում ենք նաեւ բելգիացի հեղինակների, որոնք մեր աջակցությամբ սկսել են զբաղվել եղեռնի հարցերով: Նրանց նյութերը նախ տպագրվում են բելգիական թերթերում, ապա մենք տպագրում ենք «Լրագրում»: Վերջինս Հոլանդիայի, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի միակ հայկական թերթն է ու դժբախտաբար քիչ ընթերցողներ ունի»:

Ինչպես պրոպագանդել Հայաստանը, եթե...

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ Բելգիայի Անտվերպեն քաղաքում միության կողմից բացված շաբաթօրյա դպրոցի մասին. «Երեխաների թիվը ժամանակ առ ժամանակ քչանում կամ շատանում է, երբեմն ծնողները ծուլանում են նրանց դպրոց բերել: Այս տարվա սեպտեմբերից բացվելու է նաեւ երկրորդ դպրոցը, բայց ոչ թե Անտվերպենում, այլ մեկ այլ հայաշատ քաղաքում, հետագայում կստեղծվի նաեւ երրորդը: Գրքերը, մեթոդական ուղեցույցները, տառադարաններն ամբողջովին անվճար, մեր միության կողմից է հատկացվում: Դրանք մեզ հատկացնում է ԿԳ նախարարության սփյուռքի բաժինը: Ի դեպ, ասեմ, որ վերջիններս հրաշալի համագործակցում են մեզ հետ եւ երբեք չի եղել, որ մեր որեւէ առաջարկ մերժվի: Այլ նախարարությունների հետ այժմ չի ստացվել որեւէ համագործակցություն եւ խոսքից այն կողմ չի անցել ոչ մի բան: Օրինակ, անցյալ տարի նոյեմբերին նախատեսել էինք Անտվերպենի ժամանակակից արվեստների թանգարանում իրենց առաջարկով ցուցադրել Փարաջանովի երկու ֆիլմեր: Ես մեր մշակույթի նախարարին նամակ գրեցի, այնուհետեւ դա գնաց ազգային արխիվ, որտեղ կա ֆիլմային արխիվ, որի տնօրենի հետ էլ խոսեցի, ապա տասնյակ թղթեր, պայմանագրեր պահանջեցին, բոլորն անմիջապես ես ուղարկեցի, բայց վերջում զարմանալի պատճառաբանություններով մերժեցին, ասելով՝ եթե մենք բերենք՝ 2 օրում կհասցնենք, եթե դուք եք ուզում բերել՝ հաստատ չենք նայի ֆիլմերը: Շատ վիրավորական էր, ու մենք վատ կացության մեջ հայտնվեցինք, հետո էլ ասում են՝ պրոպագանդեք հայերին ու Հայաստանը... Լավ համագործակցություն է ստացվել Գրահրատարակչության գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի հետ. Անտվերպենում երկու անգամ հայ գրքի ցուցահանդես է կազմակերպվել, ցուցադրվել են բելգիացի 16 գրողների հայերեն թարգմանված գրքեր: Ցուցահանդեսներին հիմնականում մասնակցել են բելգիացիները, հազիվ 3-4 հայ է ներկա եղել: Հայերը չգիտենք ինչասեր են, բայց հաստատ գրքասեր չեն, ինչը շատ տխուր փաստ է»:

Աղանդավորական խմբերը համալրվում են Բելգիայի հայերով...

«Նուարդ» հայկական մշակութային միության նախագահը նաեւ նշեց, որ միության կողմից Անտվերպենի կենտրոնական եկեղեցիներից մեկի ներսում տեղադրված խաչքարը դարձել է աղոթատեղի. «Եզակի դեպք է, որ խաչքարը տեղադրվում է եկեղեցու ներսում: Վերջինիս համար տեղը հատկացված էր դրսում, բայց քանի որ թուրքերն այնտեղ շատ են՝ պղծումներից խուսափելու համար խաչքարը տեղադրեցինք եկեղեցու ներսում: Այնտեղ հաճախակի պատարագ է կազմակերպվում, Բրյուսելից հոգեւոր հովիվ կա ժամանակավորապես նշանակված: Ես տարիներ առաջ մեր կաթողիկոսին նամակ էի գրել այն մասին, որ Բելգիայում հոգեւոր հովիվ չունենք, եւ հայերի մեծամասնությունն արդեն ընդգրկված է աղանդների մեջ՝ հատկապես Եհովայի վկաների, ինչն էլ շատ կործանարար է: Ինչ-ինչ պատճառներով նամակս կորավ, հետո գտնվեց որոշ պատգամավորների ուժերով, ապա կաթողիկոսից ես պատասխան ստացա, որ լավ կլինի իրենց դիմի պելճիկահայ գաղութային վարչությունը, այսինքն 20-րդ դարի սկզբին հիմնված, մեր լեզվով ասած՝ սփյուռքահայերը, որոնք ընդամենը 700 հոգի են: Այժմ Բելգիայում ոչ պաշտոնական տվյալներով 10-12 000 հայ է ապրում, նույնիսկ շոշափվում է 20 000-ը, այսինքն՝ այս 20 000 հոգին հեչ, կարեւորն այն 700 հոգի՞ն են, որ պիտի դիմեն»:

Տոն՝ ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ավանդաբար կազմակերպվող փառատոնի մասին. «Մենք ավանդաբար անց ենք կացնում Ազգային փոքրամասնությունների փառատոնը: Անտվերպենը Եվրոպայում ազգային փոքրամասնությունների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում. 167 000 ազգային փոքրամասնություն կա: Եվ, բնականաբար, այս 167 000-ից յուրաքանչյուրն իր հետ բերել է իր սովորույթը, ավանդույթը, լեզուն, նիստ ու կացը, թալանչիությունը, փնթիությունը եւ այլն: Փառատոնը տեւում է մեկ ամիս, որի ընթացքում կազմակերպվում են նկարիչների ստեղծագործությունների, ձեռքի աշխատանքների ցուցահանդես, երաժշտական համարներ, պարային անսամբլների համերգներ»:

Հայկական խնդիրներ...

Գ. Մինասյանն անդրադարձավ նաեւ խնդիրներին. «Ունենք մի շարք խնդիրներ, օրինակ՝ հայերի ընդգրկվածության, մասնակցության խնդիրը: Բելգիայում հայերը եռաշերտ են, նրանք, ովքեր հին հայերն են, ունեն իրենց գործը, երկրի քաղաքացի են, խնդիր չունեն, երկրորդ շերտը Հայաստանից 15-20 տարի առաջ գնացածներն են, որոնք ունեն Բելգիայի քաղաքացիություն, իրենց համարում են մաքուր բելգիացի ու իրենց հեռու են պահում հայկական անցուդարձից: Եվ երրորդ շերտը, որը ունի նաեւ իր ենթաշերտը՝ նրանք են, ովքեր ունեն կեցության եւ աշխատանքի իրավունք, փնտրում են իրենց հարմար աշխատանք, բայց լեզվական խնդիրներ են առաջանում, եւ այս ենթաշերտը այն մարդիկ են, որ 10 տարի է՝ ոչ կեցության, ոչ էլ աշխատանքի իրավունք ունեն, բայց ապրում են սեւ, ոչ լեգալ աշխատանքներ կատարելով, որ կարողանան ապրել: Եվ ինչքան էլ տարօրինակ է, հիմնականում հենց այս երրորդ ենթաշերտի ներկայացուցիչներն էլ մասնակցում են մեր միջոցառումներին»:

Դեսպանը մեզ դե՞մ է...

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ իրենք Բելգիայում հայկական գրադարան բացելու փորձեր են արել, բայց տեղի ղեկավարությունն իրենց մերժել է, պատճառաբանելով, եթե ձեզ թույլատրենք, բա ինչ կասեն թուրքերն ու մարոկացիները. «Կարծես թե քաղաքը ղեկավարում են թուրքերն ու մարոկացիները, որոնք ամենաչնչին առիթի դեպքում կարող են ավերածություն անել, ջարդել, փշրել: Այս հարցում մեզ կարող էր օգնել նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը, բայց գուցե հենց նա է այնպես արել, որ այդ գրադարանը չլինի: Մենք չենք տեսել, որ մեր դեսպանությունն այդ երկրում իբրեւ հայկական մի մասնիկ կանգնած լինի մեր թիկունքում: Նույնիսկ ապրիլի 24-ին (2003թ.), երբ նախարար, քաղաքապետ, մշակութաբաններ էին եկել, որոնք խոսում էին հայոց գենոցիդի մասին, ելույթներ ունենում՝ մեր դեսպանը չկար, իսկ երբ հարցրին՝ ձեր դեսպանն ո՞ւր է, ասացինք՝ չի եկել: Նա 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չհանդիպեց Անտվերպենի հայերի հետ, որը Բելգիայի երկրորդ մեծ քաղաքն է ու հայերն ամենից շատ այնտեղ են»:


Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий