Հակառակ դեպքում՝ ձեզ այցի կգան էրոտիկ երազները
Ասում են՝ էրոտիկ ֆանտազիաներ ունենում են բոլորը, եւ սեքսուալ բնույթի երազներ տեսնում են նույնիսկ երեխաները: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր երեւույթներով է պայմանավորված: Էրոտիկ երազներ տեսնելը կարող է կապված լինել անձի այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք հասարակության մեջ համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որ էրոտիկ երազներն են տրամադրում մարդուն, երեւակայությանը մեծ թափ է տալիս: Հոգեբաններն ասում են, քանի որ որոշ ֆանտազիաներ հնարավոր չէ իրականացնել, այդ պատճառով էլ մարդը երազում բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ կարող է անել սրտի ուզածը:
«Ես մի հիվանդ ունեմ, ընդամենը 14 տարեկան աղջնակ է, որը տառապում էր անքնությամբ: Դպրոցում բացարձակ գերազանցիկ այդ աղջնակը 3 ամսվա ընթացքում կորցրել էր ինքնատիրապետումը, ցրված էր, նյարդային, գնահատականները շատ ցածր էին, չէր կարողանում կենտրոնանալ դասերի վրա: Երեխան վախենում էր քնել, ասում էր՝ «զզվում եմ երազներից, ամաչում եմ»: Պարզվեց, որ աղջնակը սիրահարված է իր մաթեմատիկայի երիտասարդ ուսուցչին: 14-ամյա Ալինան սեքսուալ երազներ էր տեսնում: Նա նկարագրում է, թե ոնց է կրքոտ համբուրում ուսուցչին, եւ ինչպես է վերջինը իրեն անկողնում կրքոտ գուրգուրում: Նա ե՛ւ պատմում, ե՛ւ ամաչում է իր տեսած երազների համար, ասում է՝ ախր մտքովս չի էլ անցել ընկեր Ստեփանյանի հետ սեռական հարաբերություն ունենալ...: Հիմա նրա վիճակը համեմատաբար կայուն է: 1 ամիս առաջ նույնիսկ ինձ չէր վստահում, չէր ուզում խոսել: Զոռով էի նրանից ինչ-որ բան կորզում: Պատճառն այն էր, որ ամաչում էր ծնողներից: Մտածում էր՝ եթե ծնողներն իմանան իր անքնության, երազների պատճառը, հաստատ կսկսեն կասկածել, մտածելով, որ իրենց աղջկա ու ուսուցչի միջեւ ինչ-որ բան է տեղի ունեցել, հետո կգնան դպրոց՝ պարզաբանումների ետեւից...: Բայց երազատեսությունը անբուժելի չէ ու կոնկրետ Ալինայի դեպքում՝ անցողիկ»,- «Առավոտի» հետ զրույցում էրոտիկ երազներ տեսնելու թեմայի վերաբերյալ պատմեց հոգեբան Նաիրա Այվազյանը: Նա հավելեց, որ ընդհանրապես հորինվածքը, որն արտահայտվում է հատկապես երազում, մարդուն պատասխանատվությունից ազատում է, ապահովում պաշտպանվածության զգացողություն:
Առհասարակ ֆանտազիաներին հագուրդ տալը բոլորի մոտ էլ ստացվում է: Կան նաեւ այնպիսի մարդիկ, որ հաճախ ֆանտազիաների գիրկն են ընկնում սեքսուալ գրգռվածությունն ուժեղացնելու նպատակով. դե, իսկ ֆանտազիաների համար մարդկանց չեն դատապարտում:
Բրիտանացի սեքսոլոգների հետազոտության օբյեկտ հանդիսացած մի խումբ առողջ տղամարդիկ փաստել են, որ եթե որեւէ անօրինական, անթույլատրելի սեքսուալ երեւույթի նկատմամբ ձգտումը չես կարողանում բավարարել կամ հաղթահարել, ուրեմն պետք է շատ վառ ձեւով երեւակայել եւ ինքնաբավարարվել, հակառակ դեպքում՝ լուրջ հոգեբանական խնդիրներ կառաջանան. էրոտիկ երազները պարբերաբար «այցի կգան», ինչն էլ կազդի նյարդային բջիջների վրա: Այս հետազոտությունը հավանաբար անցկացվել է Հայաստանի նման ավանդապահ երկրների բնակիչների համար: Ու քանի որ հայերը տղա-աղջիկ հարաբերությունում բացառում կամ ցավագին են վերաբերվում մինչամուսնական սեռական հարաբերություններին, ապա մնում է միայն երեւակայել, «յոլա գնալ» էրոտիկ ֆանտազիաներով...
Բրիտանացի մարդաբանները եկել են այն եզրակացության, որ հաճախ երեւակայած էրոտիկան իրականում կայանալիք իրադարձությունների համար փորձ է հանդիսանում: Իսկ ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, որ սեքսուալ ֆանտազիաներին ամենից շատ տղամարդիկ են տուրք տալիս, էրոտիկ երազներում հաճախ նրանք են «ճախրում»՝ այդպես չէ: Բանն այն է, որ կանայք այդ ամենը պատկերացնում, տեսնում են համեմված «ռոմանտիկայով», տղամարդիկ՝ պոռնոգրաֆիայով:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий