понедельник, 8 ноября 2010 г.

ՆՐԱՆՔ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հերթական «երկնագույն» կայքը


«Ես գեյ եմ». նորաստեղծ arm.gaystory.info կայքի այս բաժնում կարող է տեղ գտնել «ձեր» պատմությունը: Սա հայտարարություն չէ, պարզապես կայքի այս բաժինը դեռեւս դատարկ է: Պատճառը հավանաբար այն է, որ Հայաստանի գեյերը կամ տեղյակ չեն կայքի գոյության մասին, կամ էլ վախենում են հրապարակավ հանդես գալ: «Բացահայտվել» բաժինը եւս դատարկ է: Սա էլ իր բացատրությունն ունի՝ միասեռականներն առանձնապես չեն ուզում բացահայտվել, քանի որ նրանց մեջ կան մարդիկ, որոնք հասարակությունում լուրջ դիրք են զբաղեցնում, կան այնպիսիք էլ, որոնք զուտ ընտանիքի անդամներին, հարազատներին «չխայտառակելու», ցավ չպատճառելու համար գերադասում են երկակի կյանք վարել:
«Առաջին սեքս» բաժնում եւս դեռ ոչ ոք չի կիսվել իր տպավորություններով. դարձյա՞լ կոմպլեքսներն են «խոսում»:



Կայքի «Գեյ սեր» բաժնում մի ռոմանտիկ պատմություն կա չկայացած լեսբուհիների մասին, որոնք թեեւ վաղուց ընտանիք են կազմել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, սակայն իրենց ուզածը դա չի եղել: Ընդ որում, այս կանայք տարբեր քաղաքներում են ապրում, սակայն ասում են, որ իրենց սերը չի մոռացվել: Պակաս ուշագրավ չէ այս պատմությանն արված comment-ը՝ «ինչքան ահավոր է լինել տղամարդու կողքին, ապրել նրա հետ, անցկացնել ամեն օրդ, ողջ կյանքդ եւ լինել դժբախտ, քանի որ ուրիշ կյանք ես ուզում, կյանք, որով չես կարող ապրել... Ամենացավալին հենց այդ է, որ Հայաստանում շատ աղջիկներ ու տղաներ ուղղակի ուրիշ ճար չտեսնելով՝ ամուսնանում են հակառակ սեռի հետ եւ տառապում իրենց ողջ կյանքում: Խնդրում եմ՝ մարդիկ, ուժեղ եղեք, մի կործանեք ձեր իսկ կյանքը»:

«Հոմոֆոբիա» բաժնում, որտեղ բնականաբար պետք է լինեին ամենաշատ նյութերն ու comment-ները, կայք այցելողի ուշադրությունը կգրավի հասարակության անհանդուրժողական վերաբերմունքից կործանված գեյի մի պատմություն, որը, ի դեպ, շրջանառվում է նաեւ Facebook սոցիալական ցանցում. «Մոտավորապես երկու տարի առաջ էր: Կանգած էի անցումի մոտ, մի տղա մոտեցավ, կանգնեց կողքիս, միանգամից գրավեց ուշադրությունս, մի տեսակ բարի ու տխուր աչքեր ուներ: Միասին սպասում էինք՝ մինչեւ կանաչ լույսը կվառվի, իսկ դիմացի մայթին կանգնած էին 3 երիտասարդներ՝ «ծիծակ» կոշիկներով: Փողոցն անցնելուց, երբ այդ երեքը նկատեցին տղային, սկսեցին հայհոյել, վիրավորել, ծաղրել, իսկ ինքը լուռ մնաց, կարծես սովոր լիներ: Ես չդիմացա, այդ անբարո երեւույթներին ուղղեցի իմ իմացած վատ բառերի ողջ շտեմարանը: Ծանոթացանք... Շատ անմիջական էինք ու ազատ, նույնիսկ համարներով փոխանակվեցինք: Այդ օրը ծանոթացա իմ կյանքի ամենահետաքրքիր մարդկանցից մեկի՝ 21-ամյա հիանալի անձ ու լավ ընկերոջ Հայկի հետ: Սկսեցինք շփվել իրար հետ: Հայկը երբեք չէր խոսում ընտանիքից, ընկերներից ու իր կյանքից: Ամեն անգամ ուզում էի հարցնել, թե գե՞յ է, բայց վախենում էի՝ մտածելով, որ կնեղանա: Մի օր գնացել էինք զբոսնելու, չդիմացա, սկսեցի խոսել իմ մասին, որ ուզում եմ հեռանալ Հայաստանից՝ պատճառաբանելով հասարակության վարքն ու սկզբունքները, տիրող բռնությունն ու ատելությունը միմյանց նկատմամբ: Նաեւ նշեցի այն փաստը, որ հասարակությունը անհանդուրժող է գեյերի նկատմամբ: Երբ ես խոսում էի՝ Հայկը տխուր էր, բայց այդ պահին աչքերը պայծառացան: Արդեն պետք է գնայի տուն, չդիմացա ու հարցրի՝ գե՞յ ես: Նա նայեց ինձ ու ամուր գրկեց: Այնքան ցավ ու թախիծ կար նրա սրտում: Այլեւս ոչ մի բառ չփոխանակեցինք այդ մասին: Մեր ծանոթությունից մի քանի ամիս էր անցել, լավ եմ հիշում, 2009թ. փետրվարն էր, հերթական անգամ զանգեցի Հայկին, որ հանդիպենք: Նրա հեռախոսը վերցրեց մի աղջիկ: Զարմացա, խնդրեցի Հայկին փոխանցել: Նա մի պահ լռեց, հետո հարցրեց, թե ես ով եմ: Մի պահ դադարից հետո էլ պատասխանեց՝ Հայկն այլեւս չկա, նա ինքնասպան է եղել»: Թե որքանով է այս պատմությունը իրական՝ գիտի միայն այն տեղադրողը:

«Լինենք միացյալ, լսենք եւ աջակցենք միմյանց» խորագիրը կրող կայքում տեղադրված են նաեւ գեյերին պատկերող լուսանկարներ՝ հետեւյալ մակագրություններով. հանդուրժողականություն, միասնականություն, արժանապատվություն, սեր, արդարություն եւ այլն:
Ըստ նորաստեղծ կայքի տվյալների՝ Facebook սոցիալական ցանցում արդեն 55 մարդ իր հավանությանն է արժանացրել հայ գեյերին ներկայացնող ինտերնետային էջը:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/85333/view

Комментариев нет:

Отправить комментарий